Գլխավոր տեղեկություն
Номер
N 1931-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.01.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.01.08/2(237) Հոդ.19
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.12.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.12.2002
Дата вступления в силу
09.01.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

19 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2002 թվականի N 1931-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐՔՈ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՀԵՏԱԳԱ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում պետական նպատակային ծրագրերի հետագա բարելավման անհրաժեշտությունը` գերակայությունների հստակեցման և համավճարների ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում պետական նպատակային ծրագրերի ներքո հիմնական ծառայությունների փաթեթի հետագա բարելավման ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 


2002 թ. դեկտեմբերի 14
 Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1931-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐՔՈ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՀԵՏԱԳԱ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ

 

Առողջապահության բնագավառում հիմնական ծառայությունների փաթեթը (այսուհետ` ծառայությունների փաթեթ) ներառում է սոցիալական նշանակություն ունեցող մի շարք հիվանդությունների բուժական և անվճարունակ (անապահով) խավերի առողջապահական խնդիրների լուծման միջոցառումներ: Պետական պատվերի շրջանակներից դուրս բուժման փոխհատուցումն իրականացվում է բնակչության կողմից:

Վերջին տարիներին ծառայությունների փաթեթն անհրաժեշտաբար մշտապես փոփոխության է ենթարկվել, ինչն անորոշություն է առաջացրել ինչպես բնակչության, այնպես էլ բուժօգնություն իրականացնողների շրջանում: Սա վերաբերում է հատկապես այն փոփոխություններին, որոնք արմատապես փոխում են մոտեցումները: Այսպես, 1997-1998 թվականների մասնագիտացված ամբուլատոր բուժօգնությունը (բացի սոցիալապես անապահով խմբերից) կատարվում էր ամբողջությամբ վճարովի հիմունքներով, 1999-2000 թվականներին այն ամբողջ ծավալով հայտարարվեց անվճար: 1997-1998 թվականներին երեխաների հիվանդանոցային բուժօգնությունը անվճար էր` 0-8 տարեկան երեխաների, 1999-2000 թվականներին` 0-15, 2001 թվականին` 0-3, իսկ 2002 թվականին մինչև 7 տարեկան երեխաների համար:

Տարիներ շարունակ, ելնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սղությունից, կարծես թե փորձ է արվել կրճատել առողջապահական պետական նպատակային ծրագրերը, և ավելի իրատեսական խնդիրներ են առաջադրվել, սակայն, ըստ էության, պարզապես ծրագրերի մեջ մասնակի վերադասավորում է տեղի ունեցել և անապահով խավերի մեջ հստակ չէ գերակայությունը իրական կարիքավորների ընտրության առումով: Բյուջեի սղության պայմաններում ծառայությունների փաթեթում ընդգրկված են այնպիսի թանկ արժեք ունեցող ծրագրեր, ինչպիսիք են`

քրոնիկ հոգեկան հիվանդների խնամքը, որն ավելի շատ խնամք է պահանջում, քան բուժում,

զորակոչային տարիքի անձանց կրկնակի կամ եռակի փորձաքննությունը,

ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության աշխատանքային ժամերին շտապ բժշկական օգնության կանչերը,

երկարատև հիվանդանոցային բուժօգնություն պահանջող դեպքերը, որոնք կարող են հետևել անհետաձգելի բուժօգնության վիճակներին և այլն:

Առողջապահության ընդհանուր ծախսերում ցածր է վճարովի ծառայություններից առաջացող պաշտոնական եկամուտների դերը, իսկ ոչ պաշտոնական վճարումները` ըստ որոշ գնահատականների, դեռևս համատարած բնույթ են կրում:

Ծառայությունների փաթեթի ֆինանսավորման մեխանիզմների ներդրման և իրականացման 4 տարվա փորձը ցույց է տվել, որ այն կատարյալ չէ, իրականում չի երաշխավորում անվճար բուժօգնությունը, չի նպաստում առողջապահության զարգացմանը, բնակչության և բուժաշխատողների շրջանում վստահություն չի ներշնչում: Այսպիսի եզրահանգումների հիմնական պատճառներն են`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների տրամադրման պարտավորությունների ոչ հստակ սահմանումը և շարունակական բնույթ կրող եռամսյակային անհամամասնություններն ու թերֆինանսավորումը,

պետական նպատակային ծրագրերի ծավալների չարդարացված ռեսուրսային ապահովվածությունը,

միջոցների ոչ արդյունավետ օգտագործումը և որակի վերահսկման համակարգի անկատարությունը,

կանխարգելիչ և բուժական միջոցառումների արդյունավետության գնահատման ու փոխհատուցման օբյեկտիվ չափանիշների բացակայությունը:

Հետևաբար, ծառայությունների փաթեթի հետագա բարեփոխումների հիմնական ուղղություններն են`

հիվանդությունների ծավալների հստակեցումը և համավճարների ներդրումը,

կանխարգելիչ և բուժական միջոցառումների հասցեականությունը բնակչության անվճարունակ խմբերի առողջության պահպանման խնդիրներին,

կլինիկական ուղեցույցների և բուժման ստանդարտների մշակումն ու ներդրումը,

կլինիկատնտեսագիտական ստանդարտների և ծառայությունների դիմաց փոխհատուցման օբյեկտիվ չափանիշների մշակումն ու ներդրումը,

բժշկական ապահովագրական մեխանիզմների ներդրումը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն առաջարկում է ծառայությունների փաթեթի հետագա բարեփոխումների և ձևավորման հետևյալ նպատակները`

պահպանել սոցիալական օպտիմալ ուղղվածություն,

ծառայությունների փաթեթն առավել համապատասխանեցնել գերակայություններին, առկա ռեսուրսներին և բարելավել բուժօգնության մատչելիությունը,

սահմանել պետական պատվերի ծրագրերը` ելնելով իրական գներից և բնակչության կողմից ուղղակի վճարումների փաստից,

սահմանել առողջապահական ռեսուրսների նպատակային համավճարներ` առավել արդյունավետ օգտագործումը, պետության բեռը թեթևացնելու և լրացուցիչ պաշտոնական ռեսուրսներ ներգրավելու համար:

 

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Առողջության առաջնային պահպանման ոլորտ
 

Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի հետագա զարգացումը համարվում է կարևորագույն գերակայություն: Այն նպատակաուղղված է լինելու բուժօգնության առաջնային օղակը բնակչությանը մոտեցնելուն և մատչելի դարձնելուն, հիմնական միջոցառումները հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ ախտորոշմանը բևեռելուն, հիվանդանոցային համակարգի բեռը թեթևացնելուն: Հետագա տարիների ընթացքում ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի ֆինանսավորման տեսակարար կշիռը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բուժօգնության ընդհանուր ֆինանսավորման ծավալում պետք է աստիճանաբար աճի և կազմի ոչ պակաս, քան դրա 40 տոկոսը:

Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի զարգացման հիմնական ուղղությունը ընտանեկան բժշկության համակարգի ներդրումն է, որն աստիճանաբար` մոտ 15 տարվա ընթացքում, փոխարինելու է ներկայիս` համեմատաբար ուռճացված ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգին: Ընտանեկան բժիշկն իր գիտելիքներով փոխարինելու է ոչ միայն տեղամասային բժշկին, այլև մասամբ ներկայիս պոլիկլինիկական նեղ մասնագետներին: Նա պետք է իրականացնի մեծ ծավալի կանխարգելիչ և բուժական միջոցառումներ, որն իրապես նվազեցնելու է ավելորդ թանկ արժեք ունեցող հետազոտությունների, կոնսուլտացիաների ու հիվանդանոցային դեպքերի տեսակարար կշիռը: Հետևաբար, ելնելով ընտանեկան բժշկի ավելի լայն գործառույթներից, և այն փաստից, որ նա սպասարկելու է երեխաներին ու մեծերին, առաջարկվում է նրա կողմից սպասարկվող բնակչության համար տրվող` ըստ մարդաշնչի (per capita), ֆինանսավորման ծավալը միջինացվի ու ավելացվի, որպեսզի այդ գումարը փոխհատուցի առաջնային բուժօգնության և կանխարգելիչ միջոցառումների ծառայությունների հիմնական փաթեթը, իսկ այդ փաթեթից դուրս ծառայությունների դիմաց առաջարկվում է ներդնել համավճարներ:

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ

 

Իրավիճակը շատ ավելի բարդ է սոցիալապես անապահով խավերի հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման խնդրում: 1999-2000 թվականներին բացառապես անվճար հիվանդանոցների փորձարարական մոդելը չնայած ապահովում էր բավարար մատչելիություն, սակայն անկատար էր հոսպիտալացվող դեպքերի նպատակահարմարության և գերբեռնվածության զսպող մեխանիզմների առումով: Այս ոլորտում բարեփոխումները դժվար են ընթանում համարյա բոլոր նախկին խորհրդային երկրներում, և պարզ լուծումներ չեն ակնկալվում: Այս ոլորտում բարեփոխումների համար անհրաժեշտ են հետևյալ միջոցառումները`

Գերակայությունների արժևորում և ծրագրերի մշակման իրատեսական մոտեցումներ: Ծառայությունների փաթեթում հիվանդությունները և սոցիալապես անապահով խմբերը ընդգրկելիս, պետք է հաշվի առնել իրական ռեսուրսային ապահովվածությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 30-ի «2001 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 255 որոշմամբ հաստատվել է երաշխավորված անվճար բժշկական օգնության կազմակերպման և սպասարկման կարգ, որով սահմանվել են պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն ու սպասարկում ստանալու իրավունք ունեցող առանձին (հատուկ) խմբերը և որտեղ ամրագրված է, որ սոցիալապես անապահով, այսինքն աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված, ինչպես նաև առանձին (հատուկ) խմբերի պատկանող անձինք` 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամներ, միայնակ մայրեր և ծնողազուրկ երեխաներ, զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամներ և այլն, իրավունք ունեն ստանալու պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում: 2001 թվականին առաջին անգամ ծառայությունների փաթեթում ընդգրկվեցին նաև աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ներառված անձինք (ընդգրկման բալային սահմանը որոշում է ՀՀ ԱՆ-ը ՀՀ ՍԱՆ-ի հետ համատեղ): Արդյունքում, ֆինանսավորման միևնույն մակարդակի պարագայում պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն ստացող սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված բնակիչների թիվը 200.000-ից դարձավ մոտավորապես 600.000: Հնարավոր են նաև միևնույն անձանց տարբեր խմբերում ընդգրկվելու դեպքերը: Հետևաբար, ընտանեկան նպաստների համակարգի հետագա բարեփոխումները և քաղաքացիների անհատական ծածկանիշերի ներդրման հետ մեկտեղ կարիք կառաջանա պետական աջակցությունը առավել հասցեականացնել իրական կարիքավոր խավերին:

Հիվանդությունների հնարավոր դեպքերի ծավալների հստակեցում և մրցութային եղանակով պետական պատվերի տեղադրում սահմանափակ թվով հիվանդանոցներում:

Այս միջոցառումը հնարավորություն կընձեռի ապահովել վերահսկողությունը ծառայությունների նկատմամբ և բարձրացնել դրա արդյունավետությունը:

Հաշվի առնելով առողջապահական ծախսերի մեջ բնակչության մասնակցության մեծ ծավալները և ոչ պաշտոնական վճարումների տարածվածության մակարդակը, առաջարկվում է 2003 թվականի երկրորդ եռամսյակից տեղադրել համավճարների ներդրման փորձնական մեխանիզմներ:

Համավճարներ կկիրառվեն պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացվող բուժօգնության ծախսերը բնակչության կողմից մասնակի փոխհատուցմամբ, որի ծավալը որոշվում է բժշկական օգնության համար անհրաժեշտ իրական ծախսերի ու պետության կողմից նախատեսվող ծախսերի տարբերությամբ (դեֆիցիտ): Առաջարկվում է 2003 թվականի երկրորդ եռամսյակում փորձնական կարգով համավճարներ ներդնել և կիրառել հիվանդանոցային բուժօգնության ծառայություններում տարափոխիկ, սեռական, մաշկային, մանկաբարձագինեկոլոգիական, այդ թվում` ծննդօգնության և նարկոլոգիական հիվանդությունների բուժման ուղղություններում, ինչպես նաև հաճախումների հետ կապված համավճարներ: Համավճարները նպատակ ունեն նաև ծածկելու դեղորայքային իրական ծախսերի դեֆիցիտը: Նպատակահարմար է համավճարները սահմանել հաստատագրված գումարների տեսքով, ինչը ենթակա է փոփոխման` ելնելով պետության կողմից իրականացվող իրական ֆինանսավորման մակարդակից (համավճարի ավելացման միտումով): Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, տնտեսագիտական հաշվարկների հիման վրա, մինչև 2003 թվականի ապրիլ ամիսը Հայաստանի Հանրապետության կառավարություն կներկայացնի կոնկրետ առաջարկություններ համավճարների չափերի վերաբերյալ:

Երաշխավորելով պետության որոշակի մասնակցությունը համավճարի ներդրումը պետական նպատակային ծրագրերում որպես բաղկացուցիչ մաս, կնպաստի պետության բեռի թեթևացմանը, հետևաբար, առողջապահական ծրագրերի ընդլայնմանը` պետական նպատակային ծրագրերում: Ոչ պաշտոնական վճարները կրճատելու և բուժօգնության որակը բարձրացնելու նպատակով համավճարից ստացվող եկամուտները նպատակահարմար է ուղղել բուժանձնակազմի վարձատրմանն ու դեղորայքի ձեռքբերման համար կատարվող ծախսերին:

Համավճարի և վճարովի բուժօգնության կարևոր պայմաններից է նաև բուժօգնության պահանջարկի կարգավորումը բուժօգնության տարբեր մակարդակներում: Համավճարների ներդրումը կնպաստի հիվանդանոցային բուժօգնության պահանջարկի իջեցմանը, և դեպքերի որոշ մասը կտեղափոխվի ամբուլատոր-պոլիկլինիկական օղակ: Համավճարների կիրառումը նպաստավոր պայմաններ կստեղծի նաև առողջապահության ոլորտում` իրատեսական բյուջետային քաղաքականության ձևավորման և իրականացման ուղղությամբ:

Ծառայությունների փաթեթի հետագա բարելավման և համավճարների ներդրման միջոցառումների ժամանակացույց

 

NN ը/կ Գործողությունը Կատարման ժամկետը Պատասխանատուն
1. Անհատական ծածկանիշերի համակարգի ներդրման հետ մեկտեղ` առողջապահական պետական նպատակային ծրագրերում ընդգրկվող սոցիալապես անապահով խմբերի հստակեցում և սահմանում 2003 թվականի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ սոցիալական  ապահովության  նախարարություն
2. Իրական ծախսերի վրա հիմնված առողջապահական պետական նպատակային ծրագրերում ընդգրկվող հիվանդությունների խմբերի հստակեցում 2003 թվականի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարություն
 3. Համավճարների փորձնական ներդրում 2003 թվականի մայիսից ՀՀ առողջապահության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան