Գլխավոր տեղեկություն
Номер
N 1923-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.06.2003-05.02.2004)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.12.26/58(233) Հոդ.1352
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.11.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.12.2002
Дата вступления в силу
27.06.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 նոյեմբերի 2002 թվականի N 1923-Ն

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՍՊԱՌՈՂԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունն սպառողին հասցնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝

ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների համար՝ հրապարակման պահից 6 ամիս հետո.

բ) օտարերկրյա պետություններում արտադրվող ապրանքների համար՝ 2004 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 3
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 7-ի N 1923-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՍՊԱՌՈՂԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ

 

I. ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍՊԱՌՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Արտադրողը կամ վաճառողը պարտավոր է սպառողին ժամանակին տրամադրել անհրաժեշտ և ստույգ տեղեկատվություն իրացման համար առաջարկվող ոչ պարենային ապրանքների (այսուհետ՝ ապրանք) մասին, ինչը կապահովի դրանց նպատակային ընտրության հնարավորությունը:

2. Պայմանավորված ապրանքի տեսակով և տեխնիկական բարդությամբ՝ տեղեկատվությունը պետք է սպառողին տրամադրվի անմիջապես կոնկրետ ապրանքին կցվող տեքստային փաստաթղթի (տեղեկաթերթիկ, տեղեկամատյան, շահագործման մասին հրահանգ և այլն) և (կամ) մակնշվածքի տեսքով:

3. Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում արտադրվող ապրանքների հետ սպառողին տրամադրվող տեղեկատվությունը կազմվում է հայերեն և, պատվիրատուի պահանջով, նաև այլ լեզուներով:

4. Տեղեկատվությունն սպառողի համար պետք է լինի միանշանակ, հասկանալի, ամբողջական և հավաստի:

5. Կոնկրետ ապրանքի մասին սպառողին տրամադրվող տեղեկատվությունը պետք է պարտադիր պարունակի հետևյալ տվյալները՝

ա) ապրանքի անվանումը.

բ) արտադրող երկրի անվանումը.

գ) արտադրող կազմակերպության (ֆիրմայի) անվանումը.

դ) ապրանքի հիմնական (կամ գործառնական) նշանակությունը կամ դրա կիրառման բնագավառը.

ե) անվտանգ պահման, փոխադրման, անվտանգ և արդյունավետ օգտագործման, անհրաժեշտության դեպքում նորոգման, վերականգնման, վնասազերծման ու ոչնչացման կարգը և պայմանները.

զ) հիմնական սպառողական հատկությունները և բնութագրերը.

է) տեղեկատվություն համապատասխանության հավաստման մասին.

ը) արտադրողի գտնվելու վայրը.

թ) ապրանքի գինը և ձեռքբերման պայմանները.

ժ) երաշխիքային ժամկետը (եթե այդպիսին նախատեսված է օրենքով սահմանված կարգով).

ժա) այն նորմատիվ փաստաթղթերի նշագրերը, որոնց պարտադիր պահանջներին պետք է համապատասխանի ապրանքը.

ժբ) ապրանքների սահմանված ծառայության կամ պիտանիության ժամկետը, ինչպես նաև նշված ժամկետների ավարտից հետո սպառողի անհրաժեշտ գործողությունների և այդպիսի գործողությունների չկատարման դեպքում՝ հնարավոր հետևանքների մասին տեղեկությունները, եթե ապրանքները նշված ժամկետների ավարտից հետո վտանգ են ներկայացնում սպառողի կյանքին, առողջությանը և գույքին կամ իրենց նշանակությամբ օգտագործման համար դառնում են ոչ պիտանի.

ժգ) տեղեկատվություն ապրանքի առուվաճառքի կանոնների մասին:

Պայմանավորված ապրանքի տեսակով՝ արտադրողը (կամ վաճառողը) կարող է սպառողին տրամադրել այլ տեղեկատվություն:

 

II. ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍՊԱՌՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Օծանելիքակոսմետիկական արտադրատեսակների ճիշտ ընտրությունն ապահովելու համար դրանց մասին անհրաժեշտ ու հավաստի տեղեկատվությունն արտադրողի (կամ վաճառողի) կողմից ակնառու և մատչելի ձևով սպառողին պետք է տրամադրվի իրացման ժամանակ:

7. Տեղեկատվությունն սպառողին պետք է ներկայացվի անմիջապես օծանելիքակոսմետիկական արտադրատեսակի հետ միասին՝ տեքստով և (կամ) փաթեթավորված ապրանքի (սպառողական տարայի) պիտակի, կրկնապիտակի, բացիկի, ներդիրի վրա մակնշվածքով՝ արտադրողի կողմից ընդունված եղանակով:

8. Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում արտադրվող, վերամշակվող կամ փաթեթավորվող օծանելիքակոսմետիկական արտադրատեսակների մակնշվածքում տեղեկատվության տեքստը կազմվում է հայերեն և, պատվիրատուի պահանջով, նաև այլ լեզուներով:

9. Փաթեթավորված ապրանքի (սպառողական տարայի) պիտակի, կրկնապիտակի, բացիկի, ներդիրի վրա տպագրված տեքստում տեղեկատվությունը պետք է լինի միա-նշանակ, հասկանալի, լրիվ և հավաստի, որպեսզի կանխարգելվեն (բացառվեն) սպառողին թյուրիմացության մեջ գցող գործոնները:

10. Օծանելիքակոսմետիկական արտադրատեսակների մասին տեղեկատվությունը պետք է պարտադիր պարունակի հետևյալ տվյալները՝

ա) արտադրատեսակի անվանումը և նշանակությունը.

օծանելիքակոսմետիկական արտադրատեսակի նպատակը չի նշվում այն դեպքում, եթե դա ակնհայտ է (օրինակ, ձեռքի օճառ, ատամի մածուկ):

Նշված պահանջներին համապատասխան ձևավորված արտադրատեսակի անվանումը կարող է լրացվել լատինատառ անվանմամբ և (կամ) ֆիրմային անվանմամբ.

բ) արտադրողի անվանումը, գտնվելու վայրը (ներառյալ երկիրը) և արտադրողի կողմից սպառողի բողոքների ընդունման համար լիազորված կազմակերպության գտնվելու վայրը.

եթե մի կազմակերպությունում արտադրված արտադրանքը պատրաստի արտադրատեսակի վերածվելու համար տեխնոլոգիական մշակման է ենթարկվում մեկ այլ կազմակերպությունում, ապա տեղեկատվության մեջ որպես արտադրող նշվում է վերջինս: Եթե արտադրողն ինքն է ընդունում բողոքները, ապա նշվում է միայն արտադրողի գտնվելու վայրը.

գ) արտադրողի գրանցված ապրանքային նշանը.

դ) զտաքաշը, ծավալը, քանակը.

նշվում է փաթեթավորման ժամանակ սպառողական տարայում օծանելիքակոսմետիկական արտադրատեսակի անվանական պարունակության զտաքաշը (գ, կգ) կամ ծավալը (մլ, լ, խոր. սմ) և (կամ) քանակը (հատ):

Արտադրողը կարող է 5 գրամից ոչ ավելի զանգվածով կամ 5 միլիլիտրից ոչ ավելի ծավալով օծանելիքակոսմետիկական արտադրատեսակների և դրանց անվճար նմուշների վրա զանգվածը կամ ծավալը չնշել.

ե) գինը և ձեռքբերման պայմանները.

զ) օծանելիքակոսմետիկական արտադրատեսակի բաղադրությունը.

բաղադրամասերի և օծանելիքային (բուրավետ) բաղադրանյութերի ցանկը պետք է ներկայացվի «Բաղադրություն» վերնագրից հետո: Ցանկում պետք է ներկայացնել բոլոր տեսակի բաղադրամասերը, ինչպես նաև օծանելիքային (բուրավետ) բաղադրանյութերը՝ ըստ արտադրատեսակի բաղադրության մեջ դրանց զանգվածային մասի նվազեցման հաջորդականության: Ընդ որում, օծանելիքային (բուրավետ) բաղադրանյութը նշում են իբրև միասնական բաղադրամաս՝ առանց վերծանելու բաղադրությունը:

Մեկ տոկոսից ոչ ավելի զանգվածային մաս ունեցող բաղադրամասերը կարող են թվարկվել ցանկացած հաջորդականությամբ՝ այն բաղադրիչներից հետո, որոնց զանգվածային մասը մեկ տոկոսից ավելի է:

Ներկանյութերը կարող են թվարկվել ցանկացած հաջորդականությամբ՝ մնացած բաղադրամասերից հետո՝ գույնի ցուցչին կամ կոնկրետ ապրանքի նորմատիվ փաստաթղթով սահմանված նշագրերին համապատասխան:

Բաղադրամասերի ցանկն արտադրողի հայեցողությամբ կարող է կազմվել կոսմետիկական բաղադրամասերի միջազգային անվանացանկին համապատասխան՝ օգտագործելով լատինական տառերը:

Գեղազարդ կոսմետիկայի արտադրատեսակների համար, որոնք թողարկվում են տարբեր երանգների խմբաքանակներով, կարող են թվարկվել խմբաքանակում օգտագործված բոլոր ներկանյութերը՝ կիրառելով «Կարող է պարունակել» տերմինը կամ (+/-) նշանը.

է) պահելու պայմանները.

պահելու պայմանները նշվում են պահելու հատուկ պայմաններ (ցածր ջերմաստիճան, օդի որոշակի խոնավություն և այլն) պահանջող օծանելիքակոսմետիկական արտադրատեսակների համար.

ը) պիտանիության ժամկետը.

օծանելիքակոսմետիկական արտադրատեսակների պիտանիության ժամկետը հաշվվում է արտադրման պահից:

Պիտանիության ժամկետը կարող է նշվել հետևյալ կերպ՝ «Պիտանի է (Օգտագործել) մինչև (տարեթիվը, ամիսը)» կամ «Պիտանիության ժամկետը (տարեթիվ, ամիս)»՝ երկրորդ դեպքում պարտադիր նշելով՝ «Արտադրման տարեթիվը, ամիսը»:

Կոնկրետ անվանմամբ օծանելիքակոսմետիկական արտադրատեսակի պիտանիության ժամկետը սահմանում է արտադրողը՝ ելնելով դրա մեջ օգտագործված բաղադրանյութերի պիտանիության ժամկետներից.

թ) նորմատիվ փաստաթղթի նշագիրը.

նշում են այն նորմատիվ փաստաթղթի նշագիրը, որին համապատասխան օծանելիքակոսմետիկական արտադրատեսակն արտադրված է և կարող է նույնականացվել:

Ներմուծվող օծանելիքակոսմետիկական արտադրատեսակների համար նորմատիվ փաստաթղթի նշագրի առկայությունն անհրաժեշտ պայման չէ.

ժ) տեղեկատվություն նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխանության հավաստման մասին.

համապատասխանության հավաստման մասին տեղեկատվությունն արտադրողի (վաճառողի) կողմից պետք է ներկայացվի օծանելիքակոսմետիկական արտադրանքի և բերանի խոռոչի հիգիենայի միջոցների համապատասխանության հավաստման կանոններին համապատասխան.

ժա) տեղեկատվություն ճիշտ կիրառման մասին.

ճիշտ կիրառման մասին տեղեկատվությունը պարտադիր պետք է ներկայացվի այն օծանելիքակոսմետիկական արտադրատեսակների համար, որոնց ճիշտ օգտագործումն առանց այդ տեղեկատվության կդժվարանա.

ժբ) նախազգուշացումներ.

նախազգուշացումները պարտադիր պետք է սպառողին ներկայացվեն, եթե արտադրանքի օգտագործումը դրանց բացակայության դեպքում կարող է վնաս հասցնել սպառողի կյանքին, առողջությանը կամ գույքին:

Պայմանավորված ապրանքի տեսակով՝ արտադրողը (կամ վաճառողը) կարող է սպառողին տրամադրել նաև այլ տեղեկատվություն:

 

III. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՍՊԱՌՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

11. Արտադրողը (կամ վաճառողը) պարտավոր է սպառողին ժամանակին ներկայացնել սննդամթերքի ճիշտ ընտրության հնարավորությունն ապահովող անհրաժեշտ և հավաստի տեղեկատվություն:

12. Տեղեկատվությունն սպառողին պետք է ներկայացվի անմիջապես սննդամթերքի հետ՝ փաթեթավորված ապրանքի (սպառողական տարայի), պիտակի, կրկնապիտակի, ներդիրի վրա՝ սննդամթերքի առանձին տեսակների համար ընդունված տեքստային և կամ մակնշման եղանակով:

13. Փաթեթավորման, պիտակի, կրկնապիտակի, ներդիրի վրա տեքստի և մակնշվածքի գրառումները կատարվում են հայերեն և, պատվիրատուի պահանջով, նաև այլ լեզուներով:

14. Փաթեթավորված ապրանքի (սպառողական տարայի), պիտակի, կրկնապիտակի կամ ներդիրի վրա տպագրված տեքստում ներկայացված տեղեկատվությունը պետք է լինի միանշանակ, հասկանալի, ամբողջական և հավաստի, որպեսզի սպառողը թյուրիմացության կամ մոլորության մեջ չընկնի սննդամթերքի բաղադրության, հատկությունների, սննդի արժեքավորության, բնույթի, ծագման երկրի, պատրաստման և օգտագործման հարցերում, ինչպես նաև սննդամթերքի որակն ու անվտանգությունն ուղղակի կամ անուղղակի բնութագրող այլ տեղեկատվություն, որը կբացառի սպառողի կողմից սխալմամբ տվյալ սննդամթերքն իր արտաքին տեսքով կամ զգայորոշման ցուցանիշներով դրան մոտ այլ ապրանքի տեղ ընդունելը:

15. Սննդամթերքի մասին տեղեկատվությունը պետք է պարտադիր պարունակի հետևյալ տվյալները՝

ա) սննդամթերքի անվանումը.

անվանումը պետք է ստույգ և հավաստիորեն բնութագրի սննդամթերքը, թույլ տա տվյալ սննդամթերքը տարբերել մյուսներից: Անվանումը, որպես կանոն, պետք է կազմված լինի մի քանի բառից և ընդգրկի տվյալ ապրանքային խմբի անվանումը, ենթախումբը, սննդամթերքի տեսակը՝ ներկայացված ցանկացած հաջորդականությամբ, համապատասխանեցնելով հայերեն և (կամ) այն լեզվի կանոններին, որով տրվում է սննդա-մթերքի մասին տեղեկատվությունը: Անհրաժեշտության դեպքում պետք է նշված լինեն սննդամթերքի տարբերակիչ հատկությունները (խտացված, վերականգնված, սուբլիմացված, մանրէազերծված, սառեցված, խիստ սառեցված և այլն), որոնք պետք է մտցվեն հիմնական անվանման մեջ կամ զետեղվեն պիտակի վրա՝ անվանման անմիջական հարևանությամբ:

Սննդամթերքի անվանումը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվային փաստաթղթերով սահմանված անվանումներին:

Սննդամթերքը պետք է ունենա նաև դրա արտադրման վայրի մասին տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության համար ոչ ավանդական, դրսից ստացվող սննդամթերքը (ջին, վիսկի, լեչո և այլն) պետք է ունենա օտարերկրյա միջազգային տարածաշրջանային և այլ պետությունների ազգային ստանդարտներին ու կանոնակարգերին համապատասխան անվանում: Դրա մասին տեղեկատվությունը պետք է նշված լինի պայմանագրում: Հաշվի առնելով օգտագործվող հումքի, դրա պատրաստման ընթացակարգի, բաղադրության (ներառյալ օգտագործվող սննդային հավելանյութերը), զգայորոշման բնութագրերի առանձնահատկությունները՝ սննդամթերքը պատրաստողների կողմից կարող է դասվել սննդամթերքի որոշակի խմբի և ունենալ համապատասխան տեղեկատվություն:

Նշված պահանջներին համապատասխան ձևակերպված սննդամթերքի անվանումը կարելի է լրացնել ֆիրմային անվանմամբ, այդ թվում՝ գրված լատինական տառերով, նշելով ֆիրմային անվանումը և (կամ) ապրանքային նշանը:

Պայմանավորված ապրանքի տեսակով՝ արտադրողը (կամ վաճառողը) կարող է սպառողին տրամադրել այլ տեղեկատվություն.

բ) ապրանքի գինը և ձեռքբերման պայմանները.

գ) պիտանիության ժամկետը.

դ) պահպանման պայմանները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան