Գլխավոր տեղեկություն
Номер
N 1872-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.12.2002-12.06.2008)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.12.18/56(231) Հոդ.1315
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.11.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.12.2002
Дата вступления в силу
19.12.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2002 թվականի N 1872-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ ու 13-րդ հոդվածներին և «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ ու 12-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության համակարգը և «Հիդրոօդերևութաբանության և էկոլոգիայի գիտակիրառական կենտրոն» պետական հիմնարկը միացման ձևով վերակազմակերպել «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված վերակազմակերպվող կազմակերպությունների տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող արժեքով գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Սույն որոշման 1-ին կետում նշված վերակազմակերպվող կազմակերպությունների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները, դրանց տակ գտնվող և սպասարկման համար հատկացված հողերը, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող արժեքով գույքը «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնել անհատույց և անժամկետ օգտագործման` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

5. Սահմանել, որ`

ա) սույն որոշմամբ՝ հիդրոօդերևութաբանական գործունեությունը «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործունեությունն է՝ ուղղված հիդրոօդերևութաբանական երևույթների և շրջակա միջավայրի մոնիտորինգի մասին տեղեկատվություն ստանալու` հասարակության, պետական իշխանության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը.

բ) «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակը հիդրոօդերևութաբանական գործունեության ու շրջակա միջավայրի մոնիտորինգի իրականացումն է.

գ) «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

հիդրոօդերևութաբանական տեղեկատվության տրամադրում և մասնագիտացված հիդրոօդերևութաբանական ծառայությունների մատուցում,

տեխնիկական հետազոտումներ, հսկիչ-չափիչ սարքերի ստուգաչափում, ստուգաճշտում և տեղադրում,

ծառայության հաշվեկշռում առկա գույքի, հիմնական միջոցների, այդ թվում` տրանսպորտային միջոցների վարձակալության հանձնում,

ոլորտին վերաբերող տեղեկատվական ծառայությունների մատուցում,

հրատարակչական գործունեության իրականացում.

դ) «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կոնվենցիայի և ԱՊՀ անդամ պետությունների միջև 1992 թվականի փետրվարի 8-ին ստորագրված միջպետական համաձայնագրի շրջանակներում համագործակցում է միջազգային կազմակերպությունների և այլ երկրների հիդրոօդերևութաբանական ծառայությունների հետ.

ե) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը.

զ) «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալությանը:

6. «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պետական ռեգիստրում պետական գրանցման, ինչպես նաև կնիքների պատրաստման թույլտվություն տալու նպատակով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին` առանց սահմանափակման` համաձայն «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետի:

7. «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղեր ստեղծելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:

8. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անժամկետ օգտագործման հանձնվող գույքի կազմը.

բ) ապահովել «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

ա) սահմանված կարգով կատարել հոդվածային վերաբաշխումներ` նախատեսելով, որ վերակազմակերպումից հետո «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման մեկ` «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով.

բ) մինչև վերակազմակերպումը՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից վերակազմակերպվող կազմակերպությունների պահպանման համար տրամադրված հատկացումները ներառել վերակազմակերպումից հետո «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ սահմանված կարգով կնքված պայմանագրում:

10. Սահմանել, որ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը համարվում է «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված պետական հիդրոօդերևութաբանական ծառայությունը:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 4
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 1872-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ծառայություն) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և այդ կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1872-Ն որոշման համաձայն:

Ծառայության գործունեությունը նպատակաուղղված է հիդրոօդերևութաբանական երևույթների և շրջակա միջավայրի մոնիտորինգի մասին տեղեկատվություն ստանալու պահանջմունքների բավարարմանը:

2. Ծառայության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

Ծառայության հիմնադիր փաստաթուղթը սույն կանոնադրությունն է, որի հաստատումը և դրա մեջ փոփոխությունների կատարումը հիմնադրի բացառիկ լիազորություններից են:

3. Ծառայությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առևտրային` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և դրանցում նախատեսված կարգով ու սահմանված հիմքերով ձեռք է բերում ու իրականացնում սույն կանոնադրությամբ ամրագրված իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ:

4. Ծառայությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, ծախսերի ու եկամուտների նախահաշիվ, բանկային հաշիվ:

Ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, ինչպես նաև կարող է ունենալ խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

5. Ծառայությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Ծառայությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Ծառայության անվանումն է`

 

 

հայերեն լրիվ`

«Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

     
 

հայերեն կրճատ`

Հայպետհիդրոմետ,

     
 

ռուսերեն լրիվ`

Государственная некоммерческая организация «Государственная служба Армении по гидрометеорологии и мониторингу»,

     
 

ռուսերեն կրճատ`

Армгосгидромет,

     
 

անգլերեն լրիվ`

Armenian State Hydrometerological and Monitoring Service State Non Commercial Organization,

     
 

անգլերեն կրճատ`

Armstatehydromet:

 

7. Ծառայության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Լեոյի 54:

 

II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

8. Ծառայության գործունեության հիմնական նպատակը հիդրոօդերևութաբանական գործունեության իրականացումն է՝ ուղղված հիդրոօդերևութաբանական երևույթների և շրջակա միջավայրի մոնիտորինգի մասին տեղեկատվություն ստանալու` հասարակության, պետական իշխանության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը:

9. Ծառայության գործունեության առարկան և նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթներից բնակչության և տնտեսության պաշտպանությանը, քաղաքացիների կյանքին և սեփականությանն սպառնացող վտանգի նվազեցմանը, շրջակա միջավայրի վիճակի մոնիտորինգի իրականացմանը նպատակաուղղված միասնական պետական ծրագրերի իրագործումը.

բ) հիդրոօդերևութաբանական պայմաններից մեծապես կախվածության մեջ գտնվող տնտեսության ճյուղերի (գյուղատնտեսություն, էներգետիկա, ավիացիա, շինարարություն, տրանսպորտ և այլն) սոցիալ-տնտեսական գործունեությունը և կայուն զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ հիդրոօդերևութաբանական դիտարկումների իրականացումը և կանխատեսումների կազմումը.

գ) հիդրոօդերևութաբանական դիտարկումների և շրջակա միջավայրի մոնիտորինգի միջազգային ստանդարտներին համապատասխան կանոնակարգված գործունեության իրականացումը.

դ) մթնոլորտի, մակերևութային ջրերի, հողի, գյուղատնտեսական մշակաբույսերի, արոտավայրերի, շրջակա միջավայրի, օզոնային շերտի վիճակի, ուլտրամանուշակագույն ճառագայթման, ակտինոմետրիական և աէրոլոգիական դիտարկումների կատարումը, տվյալների հավաքագրումը, մշակումը, պահպանումն ու օգտագործումը, պաշտոնական կանխատեսումների և նախազգուշացումների կազմումը.

ե) Հայաստանի Հանրապետության տարածքում պետական նշանակության հիդրոօդերևութաբանական և շրջակա միջավայրի մոնիտորինգի ծրագրերի իրականացումը.

զ) գետերի, լճերի և ջրամբարների հիդրոլոգիական ռեժիմի տարածաժամանակային օրինաչափությունների ուսումնասիրումը, մակերևութային ջրերի պետական հաշվառումը և պետական կադաստրի վարումը, ջրերի որակի ու աղտոտվածության մոնիտորինգի իրականացումը.

է) բնակչության կյանքի ու առողջության, երկրի տնտեսության և շրջակա միջավայրի համար սպառնալիք հանդիսացող վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների և գործընթացների փաստացի ու կանխատեսվող կտրուկ փոփոխությունների մասին օպերատիվ տեղեկատվության պատրաստումն ու հաղորդումը.

ը) պետական տեղեկատվական ռեսուրսների բազայի ձևավորումը, հիդրոօդերևութաբանական երևույթների և շրջակա միջավայրի մոնիտորինգի տվյալների միասնական ֆոնդի կազմումն ու վարումը.

թ) միջազգային ու տարածաշրջանային նշանակության հիդրոօդերևութաբանական և շրջակա միջավայրի մոնիտորինգի ծրագրերի իրականացմանը, տեղեկատվության փոխանակման համընդգրկուն (գլոբալ) և տարածաշրջանային միասնական միջազգային համակարգերի ձևավորմանն ու զարգացմանը մասնակցությունը.

ժ) օգտագործվող մասնագիտական չափիչ-ստուգիչ սարքերի և այլ չափման միջոցների ստուգաչափման ու չափաբերման ապահովումը.

ժա) Հայաստանի Հանրապետության տարածքում կլիմայի և դրա փոփոխության ուսումնասիրումը, գնահատումը և կանխատեսումը, ինչպես նաև դրա ազդեցության հետևանքով տնտեսության տարբեր ոլորտների խոցելիության վերաբերյալ շահագրգիռ կազմակերպություններ առաջարկություններ ներկայացնելը.

ժբ) հիդրոօդերևութաբանական գործունեությանը և շրջակա միջավայրի մոնիտորինգին վերաբերող, ինչպես նաև ծառայությանն առնչվող այլ օրենքների և ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքներին մասնակցությունը.

ժգ) ավիացիայում թռիչքների անվտանգությունը, անընդհատությունը և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դրանց մասնագիտացված օդերևութաբանական սպասարկումը.

ժդ) հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի բնագավառում կիրառական գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, դիտարկումների և կանխատեսումների մեթոդների մշակումն ու կատարելագործումը:

10. Ծառայության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակներն են`

ա) հիդրոօդերևութաբանական տեղեկատվության տրամադրում և մասնագիտացված հիդրոօդերևութաբանական ծառայությունների մատուցում.

բ) տեխնիկական հետազոտումներ, հսկիչ-չափիչ սարքերի ստուգաչափում, ստուգաճշտում և տեղադրում.

գ) ծառայության հաշվեկշռում առկա գույքի, հիմնական միջոցների, այդ թվում` տրանսպորտային միջոցների վարձակալության հանձնում.

դ) բնագավառին վերաբերող տեղեկատվական ծառայությունների մատուցում.

ե) բնագավառին վերաբերող հրատարակչական գործունեության իրականացում:

 

III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

11. Ծառայության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը և գործադիր մարմինը:

 

Հիմնադրի լիազորությունները

 

12. Հիմնադիրն ունի ծառայության գործունեությանն ու կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

13. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

ա) կազմակերպության հիմնադրումը.

բ) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում՝ նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

գ) կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրա մեջ փոփոխությունների կատարումը.

դ) կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.

ե) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

 

Լիազորված պետական մարմնի լիազորությունները

 

14. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`

ա) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ծառայության կառավարման մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

բ) ծառայության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

գ) ծառայության գործադիր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

դ) ծառայության գործունեության մասին հաշվետվությունների լսումը և դրա գործունեության վերստուգման արդյունքների քննարկումը.

ե) ծառայությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

զ) ծառայության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

է) ծառայության սեփականության պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հիմնադրի որոշումներով սահմանված այլ գործառույթների իրականացումը:

 

IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ

 

15. Ծառայության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող գործադիր մարմինը տնօրենն է, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը:

Ծառայության տնօրենն օրենքով, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է ծառայության գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

16. Ծառայության տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:

17. Ծառայության տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:

18. Ծառայության տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով ծառայությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Ծառայության տնօրենի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու պարտականությունը չկատարելու համար:

19. Ծառայության տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

20. Ծառայության տնօրենի պաշտոնը թափուր լինելու դեպքում՝ նրան նշանակած մարմնի գրավոր որոշմամբ այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:

 

Ծառայության տնօրենի լիազորությունները և իրավասությունները

 

21. Ծառայության տնօրենը`

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս ծառայության անունից, ներկայացնում դրա շահերը և կնքում գործարքներ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է ծառայության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) տալիս է ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է ծառայության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ, այդ թվում` արտարժութային.

զ) կատարում է աշխատանքների բաշխումն իր տեղակալների միջև.

է) սահմանում է ծառայության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) հաստատում է ծառայության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.

թ) նշանակում է ծառայության տնօրենի տեղակալին (տեղակալներին), հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ղեկավարներին, նրանց տալիս համապատասխան լիազորություններ.

ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ժա) կնքված պայմանագրերի ու համաձայնագրերի շրջանակներում իրականացնում է երկկողմ և բազմակողմ ուղղակի կապեր հանրապետության ու օտարերկրյա կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ (կադրերի պատրաստում ու վերապատրաստում, փորձի փոխանակման նպատակով մասնագետների փոխայցելություններ, գիտական խորհրդակցությունների կազմակերպում ու դրանց մասնակցություն և այլն).

ժբ) պետության անունից՝ օրենքով սահմանված կարգով վարձակալության է հանձնում ծառայությանն ամրացված գույքը.

ժգ) հաստատում է դժվարամատչելի և անմարդաբնակ վայրերում տեղաբաշխված կայանների ու արշավախմբային ստորաբաժանումների ցանկը, որոնց աշխատողների անվտանգության ապահովման նպատակով՝ օրենքով սահմանված կարգով կարող են տրամադրվել ողորկափող հրացան և (կամ) ազդանշանային ատրճանակ, ինչպես նաև համապատասխան զինամթերք.

ժդ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կառավարման այլ մարմինների չվերապահված այլ լիազորություններ:

22. Ծառայության տնօրենը գիտության ու տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննարկելու և համակարգում գիտականորեն հիմնավորված միասնական գիտատեխնիկական քաղաքականություն իրականացնելուն վերաբերող հանձնարարականներ մշակելու նպատակով կազմավորում է գիտատեխնիկական խորհուրդ` խորհրդակցական մարմնի կարգավիճակով:

Գիտատեխնիկական խորհրդի կազմում ընդգրկվում են հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի բնագավառում ճանաչում ունեցող գիտնականների ու առաջատար մասնագետների, ինչպես նաև ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների: Գիտատեխնիկական խորհուրդը ղեկավարում է ծառայության տնօրենը:

Գիտատեխնիկական խորհուրդը`

ա) համակարգում է փորձագիտական հանձնաժողովների գործունեությունը.

բ) լսում և քննարկում է հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի բնագավառում գիտահետազոտական, կիրառական, մեթոդական ու օպերատիվ աշխատանքների ընթացքի և արդյունքների մասին զեկույցներ, տալիս դրանց մասին գիտականորեն հիմնավորված կարծիքներ և եզրակացություններ.

գ) լսում և քննարկում է ոլորտին վերաբերող ատենախոսական աշխատանքները, մենագրությունները, տեղեկագրերը և հրատարակված մյուս նյութերը, ինչպես նաև երաշխավորում է դրանց պաշտպանությունը, հրատարակումը և կիրառումը.

դ) քննարկում է ոլորտի զարգացման հեռանկարային ծրագրերը.

ե) հաստատում է իր կազմը և աշխատանքային ծրագրերը:

23. Օպերատիվ արտադրական փորձարկումների և գիտական մշակումների ներդրման արդյունավետության գնահատման նպատակով ծառայությունում ձևավորվում են մասնագիտական փորձագիտական հանձնաժողովներ:

Փորձագիտական հանձնաժողովները`

ա) գնահատում են ծառայության ստորաբաժանումների աշխատանքները.

բ) անցկացնում են օդերևութաբանական, հիդրոլոգիական, ագրոօդերևութաբանական, ռադիոլոգիական ամսագրերի, տարեգրերի և տեղեկագրերի, ձեռնարկների, ինչպես նաև ոլորտին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի փորձաքննություն.

գ) ներկայացնում են առաջարկություններ կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ.

դ) փորձաքննության են ենթարկում մամուլում հրապարակման և ռադիոհեռուստատեսությամբ հաղորդման ենթակա նյութերը, գիտաժողովներում ու խորհրդակցություններում տրվելիք զեկուցումները.

ե) նախապատրաստում են ծառայության տնօրենի և գիտատեխնիկական խորհրդի որոշումների նախագծեր իրենց իրավասությունների մեջ մտնող այլ հարցերի վերաբերյալ:

 

V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Ծառայության սեփականության ձևավորման ու տնօրինման, տիրապետման և օգտագործման կարգը

 

24. Ծառայության գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը սեփականության իրավունքով ծառայությանն է հատկացնում անհրաժեշտ գույք` սարքեր, սարքավորումներ, մեքենաներ, գործիքներ և գույքի այլ տեսակներ:

25. Ծառայության սեփականությունը ձևավորվում է դրա հիմնադրման ժամանակ հիմնադրի կողմից ծառայությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքից, որը հետագայում կարող է համալրվել ծառայության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքով, ինչպես նաև հիմնադրի կողմից սեփականության իրավունքով ծառայությանը հանձնվող գույքով:

26. Ծառայությունն իրավունք ունի, օրենքին, հիմնադրի որոշումներին և իր կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

27. Հիմնադիրը սեփականության իրավունքով ծառայությանը պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ՝ բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

28. Ծառայության սեփականության պահպանման հոգսը կրում է ծառայությունը:

29. Ծառայության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում՝ միայն դատական կարգով:

30. Ծառայության սեփականության ձևավորման աղբյուրներն են`

ա) ծառայությանը սեփականության իրավունքով հանձնված գույքը,

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սահմանված կարգով հատկացվող սուբսիդիաները,

գ) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական ու նպատակային, ինչպես նաև կտակված գույքը,

դ) ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտները:

 

Ծառայությանն ամրացված գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման կարգը

 

31. Հիմնադրի կողմից ծառայությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք:

32. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից ծառայությանը ամրացված գույքը:

33. Ծառայությունն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու: Ծառայությունն իրավունք ունի պետության անունից՝ օրենքով սահմանված կարգով վարձակալության հանձնելու իրեն ամրացված գույքը: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում ծառայության ստացած եկամուտները նրա սեփականությունն են: Ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

34. Հիմնադրի կողմից գույքը ծառայությանն ամրացնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի նկատմամբ հիմնադրի իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

 

Ծառայության ֆինանսավորման աղբյուրները, եկամուտները և ծախսերը

 

35. Ծառայությունը ֆինանսավորվում է`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

բ) միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի միջոցներից.

գ) ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտներից.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներից:

Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորման չափերի նվազեցմանը:

36. Ծառայության սուբսիդավորման համար ուղղակիորեն նախատեսված ֆինանսական միջոցներն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում՝ առանձին տողով:

37. Ծառայության եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:

Ծառայության տարեկան ծախսերը պլանավորվում և իրականացվում են հետևյալ ուղղություններով`

ա) ծառայության ընթացիկ ծախսեր.

բ) ծառայության կապիտալ ծախսեր:

38. Ծառայության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ հիմնադրի կողմից ընտրված անկախ աուդիտորի կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից:

39. Ծառայությունը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար օրենքով նախատեսված կարգով և չափով:

 

Ծառայության շահույթի օգտագործման կարգը

 

40. Ծառայության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է օրենքով նախատեսված և իր կանոնադրական նպատակներին համապատասխան` հետևյալ ուղղություններով`

ա) աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի, սարքավորումների և նյութերի ձեռքբերում.

բ) աշխատողների կենսաապահովման մակարդակի բարձրացում` պարգևատրումների, հավելավճարների և նյութական օգնությունների միջոցով.

գ) ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում` հիմնական միջոցների ձեռքբերում.

դ) հիմնադրի կողմից և օրենքով նախատեսված այլ ուղղություններով:

 

VI. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

41. Ծառայությունը կարող է վերակազմակերպվել (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) հիմնադրի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

42. Ծառայությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել և լուծարվել՝ միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

43. Ծառայության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

44. Ծառայությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Ծառայությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

45. Ծառայության լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

VII. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

46. Լիազորված պետական մարմնի ղեկավարը, ծառայության տնօրենը, նրա տեղակալը (տեղակալները) ծառայության անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ի շահ ծառայության:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան