Գլխավոր տեղեկություն
Номер
N 1544-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.10.2002-13.02.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.10.23/45(220) Հոդ.1040
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.09.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.10.2002
Дата вступления в силу
24.10.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2002 թվականի N 1544-Ն

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջարկվող բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 4
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 26-ի N 1544-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` համայնք) կողմից առաջարկվող բնապահպանական ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնություններն ու դրանց ֆինանսավորման համամասնությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` լիազորված մարմիններ) հետ համաձայնեցնելու կարգը:

2. Համայնքի ղեկավարն առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերում ներառելու նպատակով ծրագրի ամբողջական փաթեթի հետ միասին 2-ական օրինակից միաժամանակ լիազորված մարմիններ է ներկայացնում «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի համաձայն կազմված ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները` ծրագրի հավելվածի տեսքով (այսուհետ` ծրագրի հավելված)` մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը համաձայնեցման համար:

3. Ներկայացվող ծրագիրը պետք է կազմված լինի տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմման մեթոդական ցուցումներին համապատասխան և ներառի նաև իրականացման ենթակա միջոցառումների`

ա) խնդիրները, նպատակները և կենսագործման անհրաժեշտությունը,

բ) իրագործման փուլերը (ժամանակացույցը),

գ) իրականացման համար անհրաժեշտ ծախսերը և ակնկալվող արդյունքները:

4. Լիազորված մարմինները ծրագիրը քննարկում են ներկայացվելու օրվանից` տասնօրյա ժամկետում: Լիազորված մարմինների ղեկավարները (կամ նրանց փոխարինող տեղակալները) համաձայնություն տալու դեպքում ներկայացված ծրագրի հավելվածի բոլոր օրինակները` ծրագրի հավելվածի 1-ին էջի վերևի ձախ մասում համաձայնեցման համար նախատեսված տեղում ստորագրում են և կնքում լիազորված մարմինների կնիքներով: Համաձայնեցված ծրագրի հավելվածի մեկական օրինակները պահվում են լիազորված մարմիններում, մյուս օրինակները վերադարձվում են այն ներկայացրած համայնքի ղեկավարին:

5. Համաձայնություն չտալու դեպքում լիազորված մարմիններն օրենքի 3-րդ հոդվածի վեցերորդ մասով սահմանված ժամկետում և կարգով վերադարձնում են ծրագրի հավելվածը:

Համայնքի ղեկավարը, ծրագրի հավելվածին համաձայնություն չտալու համար պատճառ հանդիսացած` լիազորված մարմինների կողմից կատարված դիտողություններին և առաջարկություններին համաձայնելու դեպքում, համայնքի ավագանու կողմից օրենքի 3-րդ հոդվածի յոթերորդ մասի համաձայն սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հուլիսի 25-ը լրամշակում է ծրագրի հավելվածը և այն ներկայացնում լիազորված մարմիններ:

Լիազորված մարմինները ներկայացված ծրագրի լրամշակված հավելվածը քննարկում են ներկայացվելու օրվանից եռօրյա ժամկետում, և`

ա) եթե ծրագրի հավելվածում ամբողջապես հաշվի առնված են լինում դրան համաձայնություն չտալու համար պատճառ հանդիսացած` լիազորված մարմինների կողմից կատարված բոլոր դիտողությունները և առաջարկությունները, ապա սույն կարգի 4-րդ կետում նշված կարգով համաձայնություն են տալիս`

բ) եթե սույն կետի «ա» ենթակետում նշված բոլոր դիտողություններն ու առաջարկություններն ամբողջապես հաշվի առնված չեն լինում, ապա օրենքի 3-րդ հոդվածի վեցերորդ մասով սահմանված ժամկետում և կարգով վերադարձնում են լրամշակված ծրագրի հավելվածը:

6. Սույն կարգին համապատասխան` համաձայնություն չի տրվում, եթե`

ա) ծրագրի համաձայն իրականացման ենթակա բնապահպանական միջոցառումները հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային բնապահպանական ու առողջապահական կոնվենցիաներին և այլ իրավական ակտերին,

բ) ծրագրի փաթեթում բացակայում են սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերը (տեղեկանքներ, հաշվարկներ), կամ դրանցում ներկայացված տեղեկությունները (հաշվարկները) չեն համապատասխանում իրականությանը:

7. Սույն կարգին համապատասխան համաձայնություն տալու ժամկետը խախտելը, ինչպես նաև համաձայնություն տալը մերժելը կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան