«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2002 թվականի N 1465-Ա
«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 317003 բաժնետոմսը` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Ռոբերտո» բելգիական կազմակերպությանը (այսուհետ` գնորդ):
2. Սահմանել մասնավորեցվող բաժնետոմսերի գինը` 200 հազ. ԱՄՆ-ի դոլար, որը գնորդի կողմից ենթակա է վճարման մասնավորեցման հատուկ հաշվին` մասնավորեցման պայմանագրի ստորագրման օրվանից 3 բանկային օրվա ընթացքում:
3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` հետևյալ էական պայմաններով`
ա) գնորդը պարտավոր է առաջիկա 3 տարվա ընթացքում ապահովել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ցեմենտի արտադրության ծավալները, բայց ոչ պակաս, քան 2001 թվականի ցեմենտի արտադրության ծավալները.
բ) գնորդը պարտավոր է մասնավորեցման պայմանագրի ստորագրման օրվանից 3 օրվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից մատակարարված բնական գազի դիմաց ապրանքային վճարումների գծով առաջացած պարտքերից` 6,866 մլն ԱՄՆ-ի դոլարի արտարժութային վճարման չափով (9,7 մլն ԱՄՆ-ի դոլարի ապրանքային մատակարարմանը համարժեք)՝ կնքելով պարտքից ազատման համապատասխան գործարք.
գ) «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի ռեեստրում գնորդի սեփականության իրավունքը գրանցվում է բաժնետոմսերի գնի վճարումից և սույն կետի «բ» ենթակետի պահանջը կատարելուց հետո:
4. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝ 10-օրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող 457,5 հեկտար հողատարածքի վարձակալության պայմանագրի կնքումը՝ 49 տարի ժամկետով։
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության՝ վարձակալված հողատարածքների նկատմամբ վարձակալության իրավունքի, ինչպես նաև շենքերի և շինությունների սեփականության իրավունքի պետական գրանցումը։
6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ քննարկել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության ջրօգտագործման, ջրահեռացման, արտանետումների սահմանաքանակները և նրա հետ կնքել համապատասխան պայմանագիր։
7. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը պարտքից ազատելու դիմաց ապահովել հետևյալ հատուցման մեխանիզմով համապատասխան գործարքների կնքումը, հաշվապահական հաշվառման մեջ դրա արտացոլումը և հաշվետվություններ ներկայացնելը՝
ա) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել մատակարարված գազի դիմաց 6077023 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտավորությունից և Հայաստանի Հանրապետությանը՝ առանձին սպառողների համար օրենքներով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված 50 տոկոս զեղչ սակագներով 1999 թվականի հուլիսի 1-ից մինչև 2001 թվականի դեկտեմբերի 31-ը մատակարարված բնական գազի դիմաց առաջացած վնասների փոխհատուցման գծով 788.977 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի պարտավորությունից.
բ) «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել իր և «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց 6077023 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտքերից՝ «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության մասով՝ փոխադարձ հաշիվներով ձևակերպելով որպես դեբիտորական պարտք.
գ) «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց 6077023 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտավորությունից.
դ) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է Հայաստանի Հանրապետությանն ազատել հանրապետական ենթակայության բյուջետային հիմնարկների կողմից մինչև 2002 թվականի հունվարի 1-ը սպառած էլեկտրական էներգիայի գծով՝ երկկողմանի հաստատված ակտերով մինչև 2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտքերից, «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց 300,22 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտքից և «Երևանի ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 6077023 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի փաստացի մնացորդի չափով պարտքից.
ե) «Երևանի ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է Հայաստանի Հանրապետությանն ազատել հանրապետական ենթակայության բյուջետային հիմնարկների կողմից մինչև 2002 թվականի հունվարի 1-ը ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների գծով՝ երկկողմանի ակտերով հաստատված 229,3 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտքերից, առանձին սպառողների համար օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված զեղչ սակագներով 1998-2001 թվականների ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վնասների փոխհատուցման գծով 151 մլն դրամ պարտավորությունից.
զ) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է Հայաստանի Հանրապետությանն ազատել հանրապետական ենթակայության բյուջետային հիմնարկների կողմից մինչև 2002 թվականի հունվարի 1-ը ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների գծով՝ երկկողմանի ակտերով հաստատված 102,3 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտքերից և առանձին սպառողների համար օրենքներով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված զեղչ սակագներով 1998-2001 թվականների ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վնասների փոխհատուցման գծով 197,92 մլն դրամ պարտավորությունից.
է) սույն կետի «դ» ենթակետով «Երևանի ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը պարտքից ազատման գումարի և սույն կետի «ե» ենթակետում նշված փոխհատուցման գումարի տարբերությունը համարվում է բնակչության պարտքերի դիմաց պետության կողմից տրվող փոխհատուցում։
8. Հայաստանի Հանրապետության նախարարներին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր գերատեսչությունների ղեկավարներին՝ ապահովել իրենց համակարգի բյուջետային հիմնարկների կողմից սույն որոշման 7-րդ կետի «դ», «ե» և «զ» ենթակետերում նշված համապատասխան պարտքերի մարման մասին ակտերի ստորագրումը և իրենց սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքներ հաշվետվություններ ներկայացնելը։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2002 թ. սեպտեմբերի 20 Երևան
Ա. Մարգարյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.03.2003, N 288-Ա | 04.04.2003, N 1465-Ա | |
19.12.2002, N 1957-Ա | 26.12.2002, N 1465-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|