Գլխավոր տեղեկություն
Номер
N 1565-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.10.2002-16.01.2003)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.10.23/45(220) Հոդ.1044
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.09.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.09.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.10.2002
Дата вступления в силу
24.10.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2002 թվականի N 1565-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԻ ԲԱԶԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՕԴԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

բ) տեղագրագեոդեզիական գաղտնի նյութերի և փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի (գաղտնի).

գ) օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանքը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սահմանել, որ օդալուսանկարահանման աշխատանքների արդյունքում ստացված նյութերը և տվյալները համարվում են Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի մաս:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` օդալուսանկարահանման աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքում ռազմաօդային ուժերի ու հակաօդային պաշտպանության ծառայությունների հետ համաձայնեցնել օդալուսանկարահանվող տարածքները և թռիչքների իրականացման ժամանակացույցը:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարին` օդալուսանկարահանման աշխատանքների կազմակերպման ու իրականացման գործում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն և օժանդակություն, ինչպես նաև ապահովել նշված աշխատանքների իրականացման հետ կապված անվտանգության խնդիրները:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` օդալուսանկարահանման ընթացքում սահմանված կարգով ապահովել թռիչքների կազմակերպումը, իրականացումը և անհրաժեշտ տվյալների տեղադրումը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրամաշնորհների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների շրջանակներում ծրագրի իրականացման հետագա ֆինանսավորման վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության նախարարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնել տեղագրագեոդեզիական գաղտնի նյութերի և փաստաթղթերի ցանկում ընդգրկված բոլոր նյութերը` բացառությամբ ցանկի 3-րդ կետում նշված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության համակարգերում գտնվող տեղագրագեոդեզիական գաղտնի նյութերի:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`

ա) հանձնված նյութերի հետագա օգտագործումը կանոնակարգելու նպատակով համապատասխան նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել համապատասխան պայմանագրեր` 3 տարի ժամկետով:

բ) երկամսյա ժամկետում` մշակել Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման, տեղեկատվության տրամադրման կարգը և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

գ) հաստատել էլեկտրոնային (թվային) տեղագրական քարտեզների ու հատակագծերի վրա առանձին շերտերով պահպանվող գաղտնի տեղեկատվության ցանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարի հետ:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. սեպտեմբերի 30
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1565-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԻ ԲԱԶԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՕԴԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը ծածկված է 1:25000 - 1:1000000 մասշտաբի տեղագրական քարտեզներով, որոնք հրատարակվել են ԽՍՀՄ Գեոդեզիայի և քարտեզագրության գլխավոր վարչության կողմից 1948-1978 թթ. ընթացքում: Նշված մասշտաբային շարքի տեղագրական քարտեզները 1984 թվականից չեն թարմացվել (աղյուսակ N 1):

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԻ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՎ

 

աղյուսակ N 1

 

N Մասշտաբ Հրատարակման
տարեթիվը
Ապահովվածությունը
(տոկոսներով)
Թարմացման տարեթիվը
1 1:1000000 1965-72 100 -
2 1:500000 1965-72 100 -
3 1:200000 1950-56 100 1981-84
4 1:100000 1972-78 100 1980
5 1:50000 1972-75 100 1979-83
(12 թերթ)
6 1:25000 1948-58 95 1981-84
(35 թերթ)

 

Վերը նշված մասշտաբների քարտեզների լիարժեք օգտագործումը սահմանափակվում է հետևյալ հիմնական պատճառներով`

- քարտեզների հրատարակման վաղեմությունը կազմում է 15-50 տարի,

- բոլոր քարտեզները առկա են միայն ավանդական (թղթային) տեսքով, թվային և էլեկտրոնային քարտեզներ գոյություն չունեն,

- բացակայում են տեղագրական քարտեզների մշտական պահպանության դիապոզիտիվները,

- առանձին քարտեզների թերթեր առկա են ընդամենը մեկական օրինակով, իսկ մի քանի թերթեր իսպառ բացակայում են,

- քարտեզների լեզուն ռուսերենն է, որը աղավաղումներով է փոխանցում հայեցի աշխարհագրական անվանումները,

- տեղանունների մեծ մասը (մոտ 70%) օտարալեզու է,

- քարտեզները հիմնականում նախատեսված են եղել պաշտպանական նպատակներով օգտագործման համար, որի հետևանքով տեղանքի տարրերի մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը դասվում է «գաղտնիների» շարքին,

- 1:25000 - 1:1000000 մասշտաբների քարտեզների հիմքերը (մշտական պահպանության դիապոզիտիվները) գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի Հանրապետությունում առկա են միայն 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների կազմողական օրինակները:

Քանի որ 1:25000 - 1:1000000 մասշտաբների քարտեզները օգտագործման մեծ պահանջարկ ունեն, ապա առաջնահերթ պետք է թարմացվեն դրանց համար բազային հիմք հանդիսացող 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները:

1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզներով ՀՀ տարածքը ծածկված է մոտավորապես 93%-ի չափով, որի վերաբերյալ տեղեկատվությունը ըստ տարածքների (օբյեկտների), թերթերի քանակի, թարմության աստիճանի և անհրաժեշտ կատարվելիք աշխատանքների տրված են աղյուսակ N 2-ում:

 

ՀՀ 1:10000 ՄԱՍՇՏԱԲԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԸՍՏ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

աղյուսակ N 2

 

N Օբյեկտի անվանումը Նոմենկլատուրա Քանակը (թերթ) Ծանոթագրություն
1 Ամասիա K-38- 9,100,112,113 70 Թարմացվել է 1979-83 թթ. Անհրաժեշտ է կրկնակի թարմացում
2 Թումանյան K-38-100,101,102,
103,113,114,115,
116,125,126,127
396 317 թերի կամերալ աշխատանքներն ավարտված են 1990-95 թ.
3 Արթիկ K-38-112,124,136 71 Թարմացվել է 1986-88 թթ.
4 Արարատյան դաշտ (արևմտյան մաս) K-38-136,137 67 Թարմացվել է 1980-85 թթ.
5 Արարատյան դաշտ (արևելյան մաս) K-38-136,137
J-38-5,6
54 Թարմացվել է 1980-84 թթ.
6 Սևան K-38-126,127,128,
138,139,140
177 Աշխատանքները ավարտված են 1995 թ.
7 Եղեգնաձոր J-38-7,8,9,20,21 177 Անհրաժեշտ է կամերալ մշակում 1998 թ.
8 Զանգեզուր J-38-21,33 104 Աշխատանքները ավարտված են 1995 թ.
9 Մեղրի J-38-45 15 Աշխատանքները ավարտված են 1989 թ.
10 Երևան K-38-137,138 26 Աշխատանքները ավարտված են 1989-90 թ.
11 Գառնի K-38-137,138
J-38-6
87 Անհրաժեշտ է թարմացում 1985 թ.
12 ՀՀ տարածքի 1:10000 մասշտաբի չհանութագրված տարածքները հիմնականում սահմանամերձ գոտի 97 անհրաժեշտ է
հանութագրում

Ընդամենը

1341  

 

Վերլուծելով աղյուսակ N 2-ի տվյալները, պարզվում է, որ Սևան, Զանգեզուր օբյեկտներում 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների թարմացման դաշտային աշխատանքներն իրականացվել են 1995-98 թթ., որը համարվում է համեմատաբար թարմ նյութ և կարելի է այդ օբյեկտների 281 թերթերը թվայնացնել և պատրաստել հրատարակման, իսկ Եղեգնաձոր օբյեկտի 177 թերթերը, որը կազմում է 4.3 հազ. քառ. կմ, անհրաժեշտ է կամերալ մշակել և այնուհետև թվայնացնել: Նշված օբյեկտներում ընդգրկված տարածքները կազմում են մոտ 11 հազ. քառ. կմ կամ ՀՀ տարածքի 37%: ՀՀ մնացած 18.8 հազ. քառ. կմ տարածքի կամ 63%-ի 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները օգտագործելու համար կորցրել են իրենց բովանդակության արդիականությունը: Այդ քարտեզների թարմացման դաշտային աշխատանքները պետք է իրականացնել օդա- և տիեզերահանութագրման կամ վերգետնյա եղանակներով, կախված տարածքի առանձնահատկություններից և ֆինանսատնտեսական հնարավորություններից:

Նկատի ունենալով, որ ՀՀ տարածքի համար ամենախոշորը 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզն է, որն ամբողջությամբ ծածկում է երկրի տարածքը և այն հանդիսանում է բազային ՀՀ պետական մասշտաբային շարքի փոքր մասշտաբի տեղագրական քարտեզների համար, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է առաջնահերթ թվային եղանակով ստեղծել 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզները, ինչը հնարավորություն կտա ընդհանրացման (գեներալիզացիայի) եղանակով կամերալ պայմաններում ստեղծել 1:25000 մինչև 1:1000000 մասշտաբի տեղագրական քարտեզները:

1:5000 մասշտաբի տեղագրական հանույթները կատարված են ՀՀ բնակավայրերի շուրջ 90%-ի չափով, որը կազմում է 10547 քառ. կմ կամ ՀՀ տարածքի մոտ 30%-ը:

1990 թ. նշված քարտեզները չեն թարմացվել:

1:2000 մասշտաբի տեղագրական հանույթները կատարվել են հիմնականում ՀՀ բնակավայրերի տարածքներում «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» ՓԲԸ-ի կողմից: Կատարված աշխատանքների բնօրինակների մի մասը («ԾՕՀ» նշագրով) փոխանցվել է «Հայինժնախագիծ» ԲԲԸ, իսկ մնացածը գտնվում է «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» ՓԲԸ-ում:

ՀՀ բնակավայրերի 1:2000 մասշտաբի տեղագրական հանույթների ծավալը կազմում է 2844ք. կմ, որը իր հերթին կազմում է հանրապետության տարածքի մոտ 10%-ը:

1985-91 թթ. հիմնականում պետական բյուջեի միջոցների հաշվին և ՀՀ էներգետիկայի նախարարության համակարգի պատվերներով կատարվել է ՀՀ տարածքի բոլոր քաղաքների և շրջկենտրոնների 1:500 մասշտաբի տեղագրական հանույթային աշխատանքներ` տեղական կոորդինատային համակարգում, որը թարմացման խիստ անհրաժեշտություն ունի:

1998 թվականից առ այսօր ՀՀ տարածքի առավել խիտ բնակեցված տարածքների շուրջ 600 համայնքներում իրականացվել են կադաստրային քարտեզագրման հանույթային աշխատանքներ` բնակավայրերի տարածքում 1:500, 1:1000 մասշտաբներով, իսկ համայնքի վարչական սահմանների ներսում սեփականաշնորհված տարածքները 1:2000 և 1:5000 մասշտաբներով: Ստացված կադաստրային քարտեզների վրա տեղանքի ռելիեֆը արտահայտված չէ:

 

2. ԲԱԶԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ՄԱՍՇՏԱԲԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

Յուրաքանչյուր պետություն ելնելով իր տարածքի չափերից և առանձնահատկություններից, տնտեսության զարգացման վիճակից և հեռանկարներից, սահմանում է բազային քարտեզի (քարտեզների) մասշտաբը (մասշտաբները): Բազային մասշտաբի քարտեզը (այսուհետ` բազային քարտեզ) պետական մասշտաբային շարքի այն ամենախոշոր մասշտաբի քարտեզն է, որն ամբողջությամբ ծածկում է տվյալ երկրի տարածքը: ՀՀ-ում այդպիսի մասշտաբ կարող է հանդիսանալ 1:10000, իսկ բնակավայրերի համար` 1:2000 մասշտաբի տեղագրական քարտեզը: Պետական մասշտաբային շարքը կազմող մնացած քարտեզները` 1:25000 - 1:1000000, հանդիսանում են ածանցյալ և կազմվում են բազային քարտեզի հիման վրա: Բազային քարտեզների ստեղծումը դասվում է պետական նշանակության աշխատանքների թվին, մնացած մասշտաբների հատակագծերի (1:500, 1:1000 և 1:5000) ստեղծումը դասվում է տեղական նշանակության աշխատանքների թվին և իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների միջոցների հաշվին:

 

3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Բազային քարտեզների ստեղծման նպատակն է ՀՀ տարածքը պետական մասշտաբային շարքի քարտեզներով ապահովելը, որի իրականացման համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները`

- բազային տեղագրական քարտեզների և հատակագծերի մասշտաբների սահմանումը, թարմացումն ու հրատարակումը,

- բազային քարտեզագրական նյութեր ստանալու համար օդատիեզերահանութագրման աշխատանքների իրականացումը,

- թեմատիկ, այդ թվում` կադաստրային քարտեզների ստեղծումը,

- տեղագրական ու թեմատիկ քարտեզների և հատակագծային նյութերի ՀՀ պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծումը և կառավարումը,

- բազային քարտեզների գաղտնիության ռեժիմի և բաց հրատարակման ենթակա բազային քարտեզների տեղեկատվության պարունակության սահմանումը,

- աշխարհագրական անվանումների կանոնակարգումը,

- նոր թվային տեխնոլոգիաների ներդրումը, թվային ֆոտոգրամետրիական սարքավորումների և դրանց ծրագրային ապահովվածության փաթեթների ձեռքբերումը, թվային տեխնոլոգիաների մասնագետների պատրաստումը,

- պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզների ստանդարտների և պայմանական նշանների մշակումը և սահմանումը,

- երկրատեղեկատվական համակարգի ներդրումը,

- իրավական և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումը և սահմանումը:

Բազային քարտեզները նախատեսված են երկրի առջև ծառացած տարաբնույթ խնդիրների լուծման համար, որոնք ստեղծվում են միասնական կոորդինատային և բարձունքային համակարգերում և կազմվում են տեխնիկական պահանջների և սահմանված տեղեկատվության հիման վրա, որոնք արտացոլում են տեղանքի պատկերը տվյալ ժամանակահատվածում:

Բազային քարտեզը ներկայացվում է թվային և ավանդական (անալոգային) ձևերով:

Թվային քարտեզների վրա բոլոր օբյեկտները և տարրերը պատկերվելու են վեկտորային ֆորմատով: Դա թույլ կտա անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն տրամադրել ոչ միայն ողջ քարտեզի ծավալով, այլև առանձին շերտերի ձևով, որով վերջնականապես կկարգավորվի «գաղտնի» և «հատուկ նշանակության օբյեկտների» վերաբերյալ տեղեկատվության տրամադրման սահմանափակման խնդիրը և քաղաքացիական օգտագործման նպատակներով քարտեզների և հատակագծերի հրատարակումը:

Ստեղծվող թվային բազային քարտեզները հիմք են հանդիսանալու տարբեր գերատեսչական (քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերության, կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտիավորման սխեմաների կազմման, գույքահարկի և գնահատման բազաների ճշգրտման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառտնտեսության և այլն) խնդիրների լուծման նպատակով թեմատիկ քարտեզների ստեղծմանը:

 

4. ԲԱԶԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ տարածքի բազային քարտեզների կազմման համար հիմք են հանդիսանալու ՀՀ քարտեզագրագեոդեզիական ֆոնդում առկա 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների կազմողական և (կամ) հրատարակչական օրինակները, կամ այդ նպատակի համար իրականացվող օդալուսանկարահանման և տիեզերական հանութագրման նյութերը:

Ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքի ռելիեֆի և աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից Հայաստանի Հանրապետության տարածքի բազային տեղագրական քարտեզների ստեղծման համար կարող են կիրառվել հետևյալ հիմնական եղանակները`

- օդալուսահանութագրման,

- տիեզերական հանութագրման,

- վերգետնյա (ավանդական)

- համակցման (կոմբինացված):

 

4.1. ՕԴԱԼՈՒՍԱՀԱՆՈՒԹԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Օդալուսանկարահանումը բազային տեղագրական և կադաստրային քարտեզների ստեղծման (թարմացման) ամենաարդյունավետ եղանակն է, որը հանութագրման մյուս եղանակների համեմատ ունի մի շարք առավելություններ` ճշտության, հավաստիության, տեղանքի պատկերման մանրամասնության, օպերատիվության և էժանության առումով:

Հայաստանի Հանրապետությունը լեռնային երկիր է բարձրությունների մեծ անկումներով, ընդ որում առավել խիտ բնակեցված տարածքները գտնվում են հովիտներում և ձորերում ծովի մակերևույթից 800-2000մ բարձրության վրա, իսկ նրանց անմիջապես մոտ գտնվող համեմատաբար սակավ բնակեցված լեռնաշղթաների և առանձին սարահարթերի հատվածները` 2200-3000մ բարձրության վրա:

Հայաստանի Հանրապետության տարածքում օդահանութագրման աշխատանքները նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի մոտ 8.0 հազ քառ. կմ տարածքում, բացառությամբ այդ մարզերի սահմանամերձ գոտու 5-6 կմ շերտով ընդգրկված տարածքների (սխեմա 2): Վերը նշված մարզերի ընտրությունը պայմանավորված է տվյալ գոտում բնակչության խիտ բնակեցմամբ, գույքային միավորների մեծ քանակությամբ, անշարժ գույքի շուկայի ակտիվությամբ, աղետի գոտու ինտենսիվ շինարարության և տարաբնակեցման խնդիրների առկայությամբ:

Օդահանութագրման աշխատանքներն իրենց մեջ ընդգրկում են` օդալուսանկարահանման տարածքի պլանաբարձունքային հիմքի պատրաստումը, թռիչքների իրականացումը, ստացված պատկերների մուտքագրումը, դաշտային և կամերալ վերծանումը (դեշիֆրովկա), թվային քարտեզների պատրաստումը հրատարակման:

Օդահանութագրման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ նախապատրաստական աշխատանքները.

ա) կազմել տեխնիկական նախագիծ, որտեղ պետք է նախատեսվի հետևյալ աշխատանքները`

ՕԼՆ-ի կատարման թույլտվությունը,

ՕԼՆ-ին ենթակա տարածքների տեղադիրքը և չափերը,

ՕԼՆ-ի կազմվող քարտեզների և հատակագծերի մասշտաբը,

ֆոկուսային հեռավորությունը,

երթուղիների հանձնարարվող ուղղությունը և շեղումը նրանից,

պլանային և բարձունքային հիմքի ապահովվածությունը,

բ) տեխնիկական նախագիծը համաձայնեցնել շահագրգիռ նախարարությունների և գերատեսչություններ հետ:

Օդալուսանկարահանման աշխատանքները նախատեսվում է իրականացնել Շվեյցարական կառավարության անշարժ գույքի կադաստրի համակարգին աջակցության նպատակով ֆինանսական և տեխնիկական համագործակցության ծրագրով նախատեսված դրամաշնորհի միջոցների հաշվին` Շվեյցարական կազմակերպությունների կողմից:

Օդալուսանկարահանման հանույթային աշխատանքները Երևան քաղաքի մոտ 220 քառ. կմ տարածքում կիրականացվի 1:7000 մասշտաբով, որը հնարավորություն է տալիս ստանալու 1:2000, 1:5000 և 1:10000 մասշտաբի տեղագրական, կադաստրային և օրթոֆոտո հատակագծեր և քարտեզներ: Մասշտաբի նման ընտրությունը պայմանավորված է Երևան քաղաքում խիտ կառուցապատված տարածքների համար բարձր ճշտությամբ հատակագծեր ստանալու անհրաժեշտությամբ, որով հնարավոր կլինի լուծել անշարժ գույքի կադաստրի վարման, հողի հարկի գույքահարկի բազայի ճշգրտման, գոտիավորման, հողերի պլանավորման, սահմանների ճշգրտման, քաղաքի գլխավոր հատակագծի մշակման, բարեկարգման, տարածքային կառավարման, տրանսպորտի, կապի և այլ հաղորդակցուղիների շահագործման և այլ խնդիրների:

Օդալուսահանութագրման ենթակա մնացած մոտ 7,8 հազ. քառ. կմ տարածքի օդալուսանկարահանման աշխատանքները իրականացվելու են 1:17000 մասշտաբով, որը հնարավորություն է տալիս ստանալու 1:5000 և 1:10000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծեր ու քարտեզներ: Մասշտաբի ընտրությունը պայմանավորված է Արարատյան հարթավայրի խիտ բնակեցված և վերջին տարիներին աղետի գոտու բնակավայրերի ընդլայնման, տարաբնակեցման և ինտենսիվ շինարարության տարածքներում թարմ տեղագրական և կադաստրային հատակագծերի և քարտեզների ստացման նպատակով:

Ստացված օդալուսանկարների մուտքագրման և մշակման համար անհրաժեշտություն է առաջանում ձեռք բերել մուտքագրող սարք (սկաներ) և թվայնացնող աշխատանքային կայաններ, որոնք հնարավորություն կընձեռնեն ստեղծելու հանրապետության ամբողջ տարածքի տեղագրական, կադաստրային, երկրատեղեկատվական և այդ հիմքերի վրա տարբեր նշանակության թեմատիկ քարտեզներ:

Մուտքագրված օդալուսանկարների թվայնացման և մշակման համար անհրաժեշտ է առնվազն ֆոտոգրամետրիական երկու աշխատանքային կայան:

Աշխատանքային կայաններից մեկը ձեռք կբերվի համաշխարհային բանկի «Անշարժ գույքի գրանցում» վարկային ծրագրի շրջանակներում, իսկ երկրորդը կտրամադրի շվեյցարական կողմը` Շվեյցարական կառավարության «Անշարժ գույքի կադաստրի համակարգին աջակցության նպատակով ֆինանսական և տեխնիկական համագործակցության ծրագրով» նախատեսված դրամաշնորհի միջոցների հաշվին: Սկաների ձեռքբերման համար հարկ կլինի գտնել լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ:

Մուտքագրված մոտ 7.8 հազ. քառ. կմ տարածքի նյութերի թվայնացման և քարտեզների ստեղծման աշխատանքները պետք է իրականացվեն կադաստրի պետական կոմիտեի կողմից:

Օդալուսանկարների թվայնացման և մշակման արտադրողականությունը ֆոտոգրամետրիական երկու աշխատանքային կայանների միջոցով հաշվարկվում է հետևյալ սկզբունքով`

- 7.8 հազ. քառ. կմ տարածքը 1:10000 մասշտաբով կազմում է մոտ 325 թերթ

(պլանշետ).

- 1 թերթի թվայնացումը կտևի 5 աշխատանքային օր (1 շաբաթ).

- երկու աշխատանքային կայանը երկու հերթափոխով 1 շաբաթում - 4 թերթ.

- 325 թերթը կթվայնացվի 81 շաբաթում կամ 1.7 տարում:

1:5000 մասշտաբի թվայնացման ժամկետը հաշվելու համար այս թիվը անհրաժեշտ է բազմապատկել 4 անգամ, այսինքն 6.8 տարի, որն իհարկե ընդունելի չէ և անհրաժեշտ է ավելացնել աշխատանքային կայանների քանակը:

Օդալուսանկարահնման աշխատանքները ավարտելուց հետո կադաստրի պետական կոմիտեի կողմից կիրականացվեն դաշտային վերծանման (դեշիֆրովկա) և թվայնացման կամերալ աշխատանքները:

 

4.2. ՕԴԱՏԻԵԶԵՐԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՀԻՄՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Օդատիեզերալուսանկարահանվող տարածքները գեոդեզիական հիմքով ապահովելու համար կիրականացվեն հետևյալ աշխատանքները`

- կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ս/թ հուլիս-օգոստոս ամիսներին կիրականացվի ՀՀ տարածքում գոյություն ունեցող պետական գեոդեզիական ցանցի 1754 կետերի ճշտության աստիճանի որոշման աշխատանքները, որտեղ արբանյակային դիրքորոշման GPS ընդունիչներով կչափագրվեն 137 կետեր,

- չափագրման արդյունքների մշակումից և հավասարակշռումից հետո կորոշվի գոյություն ունեցող ցանցի կետերի ճշտության աստիճանը,

- նկատի ունենալով, որ չափագրված արդյունքները մշակելուց կստանանք 137 կետերի կոորդինատները WGS-84 Համաշխարհային գեոդեզիական կոորդինատային և ՍԿ-42 կոորդինատային համակարգերում, հնարավորություն կունենանք վերահաշվարկման միջոցով ստանալու ՀՀ տարածքի գոյություն ունեցող 1754 կետերի կոորդինատները WGS-84 կոորդինատային համակարգում,

- Ունենալով ՀՀ տարածքի պետական գեոդեզիական 2, 3, 4 դասի ցանցի կետերի կոորդինատները WGS-84 կոորդինատային համակարգում, հնարավորություն կընձեռնվի գեոդեզիական հիմքով ապահովելու օդատիեզերալուսանկարահանվող տարածքները օգտագործելով GPS նոր տեխնոլոգիաները:

 

4.3. ՀՀ ՏԱՐԱԾՔԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԱՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետությունում օդային հանութագրման եղանակի կիրառումը որոշ տեղերում բարդություններ է առաջացնում, քանի որ ՀՀ 29.8 հազ. քառ. կմ ընդհանուր տարածքից մոտ 6.4 հազ. քառ. կմ հանդիսանում է սահմանամերձ գոտի:

Սահմանամերձ պետությունների հետ պետական սահմանի երկայնքով օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ժամանակ, միջազգային նորմերին համապատասխան, անհրաժեշտություն է առաջանում ապահովել նվազագույնը 5-6 կմ ոչ թռիչքային գոտի` համապատասխան սահմանների երկայնքով:

ՀՀ տարածքի բարձր լեռնային շրջաններում և համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` ելնելով զուտ տնտեսական տեսանկյունից, աննպատակահարմար է վերգետնյա կամ օդահանութագրման եղանակներով աշխատանքների իրականացումը:

Ելնելով վերը նշվածից և ՀՀ տարածքի ամբողջական հանույթ ունենալու պահանջից` անհրաժեշտություն է առաջանում ՀՀ տարածքի սահմանամերձ, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում և բարձր լեռնային շրջաններում, մոտ 4.4 հազ. քառ. կմ տարածքում, իրականացնել տիեզերական հանութագրման աշխատանքներ` 1:250000 մասշտաբի տեղագրական քարտեզների թարմացման, իսկ բնակավայրերի և գյուղնշանակության հողատարածքների մոտ 6.2 հազ. քառ. կմ տարածքում` 1մ ռեզոլյուցիայով տիեզերական հանութագրում 1:10000 մասշտաբի կադաստրային և տեղագրական քարտեզներ ստանալու նպատակով:

Տիեզերական հանութագրման աշխատանքները իրենց մեջ ընդգրկում են` տիեզերահանութագրման պատկերների ստացումը, մուտքագրումը, դրանց հիման վրա գոյություն ունեցող քարտեզների թարմացումը և պատրաստումը հրատարակման:

Տիեզերական հանութագրումը տվյալ տարածության սահմաններում որպես տեղանքի մասին տեղեկատվության ներկայացման միջոց, ունի մի շարք առավելություններ.

 տիեզերալուսանկարը հանդիսանում է մետրիկ ինքնուրույն հիմք բազային տեղագրական քարտեզագրման և երկրատեղեկատվական համակարգի համար,

 տիեզերալուսանկարը, բացի տիեզերական պատկերից, իր մեջ ներառում է տվյալ տարածքի համար համատեղ մոնտաժված մի քանի ստանդարտ բազային տեղագրական և կադաստրային քարտեզների թերթեր,

 տիեզերալուսանկարը իր մեջ պարունակում է 2-10 անգամ ավելի տեղեկատվություն կախված տեղանքի ֆիզիկաաշխարհագրական պայմաններից և քարտեզագրման մասշտաբից, քան ավանդական վերգետնյա եղանակով ստեղծված տեղագրական քարտեզները,

 տիեզերալուսանկարը արժեքավոր է այն սպառողների և օգտագործողների համար, որոնց խնդիրն է հանդիսանում տարածքի իրավիճակի վերլուծությունը, կառավարումը և պլանավորումը.

 ժամանակակից աերոլուսանկարահանման և արբանյակային լուսանկարահանման նյութերի մշակման և թվայնացման սարքավորումները կազմում են այն հիմքը, որի վրա կարելի է մշակել և ստեղծել տեղագրական և կադաստրային քարտեզագրման, ինչպես նաև երկրատեղեկատվական համակարգի ցանկացած նյութեր:

 

4.4. ՎԵՐԳԵՏՆՅԱ ԵՂԱՆԱԿՈՎ 1:10000 ՄԱՍՇՏԱԲԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԵՎ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Վերգետնյա եղանակով նախատեսվում է իրականացնել ՀՀ չհանութագրված 1.2 հազ. քառ. կմ տարածքների 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների նոր հանութագրում, թվայնացում և պատրաստում է հրատարակման աշխատանքներ:

1.2 հազ. քառ. կմ տարածքի հանութագրման աշխատանքները նախատեսվում է իրականացնել 5 աշխատանքային խմբերով, որը հնարավոր է իրականացնել մոտ 1.5 տարում:

ՀՀ տարածքի 1:10000 մասշտաբի բազային տեղագրական քարտեզների 1016 թերթերը, որը կազմում է 21.8 հազ. քառ. կմ, պետք է թվայնացվեն, որից 458 թերթերի դաշտային թարմացման աշխատանքները ավարտված են, իսկ 558 թերթերը ենթակա են թարմացման, որը կազմում է մոտ 10.8 հազ. քառ. կմ:

1016 թերթերի թվայնացման աշխատանքները կիրականացվեն հետևյալ հաշվարկով`

- 1 թերթի թվայնացումը 5 շերտերով կտևի 15 աշխատանքային օր (3 շաբաթ).

- տասնհինգ աշխատանքային տեղերը երկու հերթափոխով 3 շաբաթում - 30 թերթ.

- 1016 թերթը կթվայնացվի 102 շաբաթում կամ 2.1 տարում, այդ թվում` 458 թերթը մոտ 1 տարում:

Ընդհանուր աշխատանքները կավարտվեն 3.5 - 4 տարում:

Դաշտային քարտեզագրական նյութերի հանութագրման և թարմացման, օդալուսանկարահանման, պլանաբարձունքային հիմքի պատրաստման, դաշտային վերծանման աշխատանքները նախատեսվում է իրականացնել մասնավոր լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց միջոցով:

Քարտեզների թվայնացման և հրատարակման աշխատանքները հանդիսանալով պետական նշանակության աշխատանքներ պետք է իրականացվեն «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» ՓԲԸ-ի կողմից:

 

5. ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԲԱԶԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Տեղագրական քարտեզների թարմացումը կադաստրային քարտեզների հետ իրականացվում է համադրման եղանակով: Կադաստրային քարտեզներում պատկերված տեղեկատվությունը օգտագործվելու է համայնքների վարչական սահմաններում պատկերված տարածքների և հատկապես բնակավայրերի հատակագծերի թարմացման համար: Կադաստրային քարտեզները ստեղծված են լուծելու հետևյալ խնդիրները`

- անշարժ գույքի կադաստրի վարում,

- անշարժ գույքի հաշվառում,

- անշարժ գույքի գնահատում,

- վարչատարածքային միավորների սահմանների նկարագրում և ամրացում,

- հողերի օգտագործման սխեմաների կազմում,

- հողային հաշվեկշռի կազմում,

- տարածքային պլանավորում և այլն:

Միաժամանակ, առկա ավելի քան 600 համայնքների կադաստրային քարտեզագրման նյութերն ունեն առավելագույնը 3-4 տարվա վաղեմություն և կարող են հիմք հանդիսանալ բազային քարտեզների թարմացման համար:

 

6. ԲԱԶԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Բազային քարտեզագրման աշխատանքներն իրականացվելու են դրամաշնորհների և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Մոտավոր գնահատումներով ՀՀ տարածքը բազային քարտեզներով ծածկելու համար անհրաժեշտ կլինի մոտ 1500 մլն դրամ (աղյուսակ N 3):

Աշխատանքների մեծ ծավալների և բարդության պատճառով բազային քարտեզագրման աշխատանքները նախատեսվում է իրականացնել մոտ 4 տարվա ընթացքում (աղյուսակ N 4):

 

7. ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

Համակարգում թվային ֆոտոգրամետրիական տեխնոլոգիաներով աշխատող մասնագետների ուսուցման և պատրաստման գործընթացը կիրականացվի շվեյցարական և շվեդական մասնագետների աջակցությամբ, ինչպես նաև ՀԲ ծրագրի շրջանակներում: Առաջնահերթ անհրաժեշտ է կազմակերպել ուսուցում ժամանակակից թվային պատկերների` օդալուսանկարների, արբանյակային պատկերների մշակման, ներառյալ օրթոֆոտոների և թվային քարտեզների ստեղծման, բարձունքային տվյալների ստացման, բազային քարտեզների թարմացման և ստեղծման ուղղությամբ: Նախատեսվում է նաև թվային տեխնոլոգիաներով քարտեզագրության փորձի փոխանակման նպատակով գործուղումներ ԱՊՀ երկրներ, մասնավորապես, ՌԴ և ՈՒկրաինա:

 

8. ԲԱԶԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Բազային քարտեզները կազմում են ՀՀ պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի մասը: Նյութերը արխիվներում պահպանվելու են թվային և ավանդական (թղթային) ձևերով, ընդ որում ավանդական (թղթային) ձևով առկա նյութերի հետագա կարգավիճակի և պահպանման նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան դիրքորոշման անհրաժեշտություն կլինի:

 

9. ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

Բազային քարտեզներում պետական գաղտնիք հանդիսացող տվյալները պահպանվում են առանձին շերտի (շերտերի) տեսքով: Դա հնարավորություն է տալիս տեղագրական ողջ տեղեկատվությունը, բացառությամբ «գաղտնի» դրոշմագիր ունեցողների, տրամադրել քաղաքացիական նպատակով օգտագործողներին:

 

10. ՀՀ ՏԱՐԱԾՔԻ ԲԱԶԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ տարածքի օդալուսանկարահանման իրականացման համար անհրաժեշտ են հետևյալ միջոցառումները`

ՀՀ տարածքում օդալուսանկարահանման աշխատանքների կազմակերպման միջոցառումների մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ,

ՀՀ տարածքում օդալուսանկարահանման իրականացման կարգի նախագծի մշակում:

 

11. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

 

Տվյալ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ հետևյալ ձեռքբերումները`

 ՀՀ ողջ տարածքի 1:10000 մասշտաբի բազային տեղագրական քարտեզներ (թվային և ավանդական), Երևան քաղաքի 1:2000 մասշտաբի օրթոֆոտո քարտեզներ, Արարատյան հարթավայրի և աղետի գոտու մոտ 8000 քառ. կմ տարածքի 1:5000 մասշտաբի տեղագրական և կադաստրային թվային քարտեզներ, ՀՀ տարածքի նոր աերոլուսանկարներ և բարձր թույլատրելիությամբ (ռեզոլյուցիայով) տիեզերալուսանկարներ սահմանամերձ գոտու և բարձրլեռնային տարածքների համար. 

 ՀՀ պետական մասշտաբային շարքի 1:25000-ից մինչև 1:1000000 մասշտաբի տեղագրական քարտեզներ, որոնք կստեղծվեն 1:10000 մասշտաբի տեղագրական թվային քարտեզների ընդհանրացման (գեներալիզացիայի) եղանակով կամերալ պայմաններում.

 բոլոր ստեղծված քարտեզագրական նյութերը կհամալրեն ՀՀ պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդը.

 տեխնոլոգիաներ և մասնագետներ, որոնք անհրաժեշտ են տվյալներ մշակելու, թվայնացված աերոտիեզերալուսանկարներից բազային քարտեզների ստեղծման և պահպանման, օրթոքարտեզների ստեղծման նպատակով,

 գիտելիքներ և մասնագետներ, որոնք անհրաժեշտ են աերոտիեզերալուսանկարահանման նյութերի օգտագործման միջոցով կադաստրային տվյալների թարմացման և պահպանման, ինչպես նաև հողօգտագործման պլանավորման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և այլ կարևոր նպատակներով կիրառման դեպքերում:

Ծրագրի իրականացման արդյունքում ստացված բազային քարտեզագրական նյութերի հիման վրա հնարավոր կլինի իրականացնելու հետևյալ աշխատանքները`

1. Անշարժ գույքի կադաստրի վարումը.

2. Հողի հարկի և գույքահարկի բազայի տվյալների ճշգրտումը.

3. ՀՀ պետական, վարչատարածքային միավորների (մարզերի, համայնքների) սահմանների նկարագրման և ամրացման աշխատանքները.

4. ՀՀ հողային հաշվեկշռի կազմումը` ըստ վարչատարածքային միավորների.

5. Համայնքների հողերի օգտագործման սխեմաների կազմումը.

6. Գյուղատնտեսական հողատեսքերի գնահատման և մոնիտորինգի անցկացումը.

7. ՀՀ տարածքի հերթապահ քարտեզի վարումը.

8. Քաղաքաշինական, բնապահպանական և տարածքային կառավարման խնդիրների ծրագրավորումը և լուծումը.

9. ՀՀ պետական և տնտեսության այլ խնդիրների լուծումը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԻ ԲԱԶԱՅԻՆ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

աղյուսակ 3

 

NN ը/կ  Աշխատանքի անվանումը Չափ-
ման միա-
վորը
Ծա-
վալ-
ները
Միա-
վորի արժեքը (դրամ)
Գումարը
(հազ.
դրամ)
Ծանոթագրություն
 1 օդալուսանկարահանում 1:7000 մասշտաբով կմ2  220  59000  12980.0 իրականացվում է շվեյցարական
դրամաշնորհի հաշվին
 2 օդալուսանկարահանում 1:17000 մասշտաբով կմ2  7800  21000  163800.0 իրականացվում է շվեյցարական դրամաշնորհի հաշվին
 3 դաշտային վերծանում և պլանաբարձունքային հիմքի ապահովում կմ2  8000  7000  56000.0 իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին
 4 1:7000 մասշտաբի օդալուսանկարներից 1:2000 մասշտաբի օրթոֆոտոհատակագծերի պատրաստում կմ2  220  280000  61600.0 իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին
 5 օդալուսանկարներից 1:10000 տեղագրական քարտեզների մշակում և թվայնացում թերթ  325  75000  24375.0 իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին
 6 տիեզերալուսանկարահանում 1:10000 մասշտաբի կմ2  6200  40500  251100.0 2400 քառ. կմ իրականացվում է ՀԲ վարկային ծրագրով, 3800 քառ. կմ-ը` բյուջեով
 7 տիեզերալուսանկարահանում 1:25000 մասշտաբի կմ2  4400  2900  12760.0 իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին
 8 տիեզերալուսանկարահանման նյութերի մշակման ծրագրային փաթեթների ձեռքբերում փաթեթ  2  8700000  17400.0 իրականացվում է ՀԲ վարկային ծրագրով
 9 տիեզերալուսանկարահանման նյութերի մշակման համար համակարգիչների ձեռքբերում հատ  2  1740000  3480.0 իրականացվում է ՀԲ վարկային ծրագրով
10 տիեզերալուսանկարահանման նյութերի մշակման ուսուցում        58000.0 իրականացվում է ՀԲ վարկային ծրագրով
11 տիեզերալուսանկարահանման նյութերի դաշտային վերծանում և պլանաբարձունքային հիմքի ապահովում կմ2 10600  7000  74200.0 իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին
12 տիեզերալուսանկարներից 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների մշակում և թվայնացում թերթ  255  75000  19125.0 իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին
13 1:10000 տեղագրական քարտեզների թվայնացում թերթ  761  100000  76100.0 իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին
14 1:25000 մինչև 1:1000000 մասշտաբի տեղագրական թվային քարտեզների ստացում ընդհանրացման եղանակով թերթ  526  61000  32086.0 իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին
15 դաշտային հանութագրում կմ2  1200  75000  90000.0 իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին
16 գրասենյակային մշակում թերթ  230  39000  8970.0 իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին
17 թվային ֆոտոգրամետրիկ կայան հատ  2  98600000  197200.0 իրականացվում է ՀԲ վարկային ծրագրի և շվեյցարական դրամաշնորհի միջոցներով
18 սկաներ հատ  1 140000000  140000.0 իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին
19 քարտեզների հրատարակում (5 օրինակ) թերթ  1870  10000.0  93500.0 իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին
  ԸՆԴԱՄԵՆԸ       1392676.0  

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԻ ԲԱԶԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

աղյուսակ 4

 

NN ը/կ  Աշխատանքի անվանումը  Գումարը (հազ. դրամ)  2002  2003  2004 2005  2006 Ֆինանսավորման աղբյուրը
 1 օդալուսանկարահանում 1:7000 մասշտաբով  12980.0  12980.0         շվեյցարական դրամաշնորհ
 2 օդալուսանկարահանում 1:17000 մասշտաբով  163800.0 163800.0         շվեյցարական դրամաշնորհ
 3 դաշտային վերծանում և պլանաբարձունքային հիմքի ապահովում  56000.0    36000.0  20000.0     ՀՀ պետական բյուջե
 4 1:7000 մասշտաբի օդալուսանկարներից 1:2000 մասշտաբի օրթոֆոտոհատակագծերի պատրաստում  61600.0    30000.0  31600.0     ՀՀ պետական բյուջե
 5 օդալուսանկարներից 1:10000 տեղագրական քարտեզների մշակում և թվայնացում  24375.0    12750.0  11625.0     ՀՀ պետական բյուջե
 6 տիեզերալուսանկարահանում 1:10000 մասշտաբի  251100.0  97200.0 153900.0       ՀԲ վարկային ծրագիր և ՀՀ պետական բյուջե
 7 տիեզերալուսանկարահանում 1:25000 մասշտաբի  12760.0    6000.0  6760.0     ՀՀ պետական բյուջե
 8 տիեզերալուսանկարահանման նյութերի մշակման ծրագրային փաթեթների ձեռքբերում  17400.0  17400.0         ՀԲ վարկային ծրագիր
 9 տիեզերալուսանկարահանման նյութերի մշակման համար համակարգիչների ձեռքբերում  3480.0  3480.0         ՀԲ վարկային ծրագիր
10 տիեզերալուսանկարահանման նյութերի մշակման ուսուցում  58000.0  58000.0         ՀԲ վարկային ծրագիր
11 տիեզերալուսանկարահանման նյութերի դաշտային վերծանում և պլանաբարձունքային հիմքի ապահովում  74200.0    37000.0  37200.0     ՀՀ պետական բյուջե
12 տիեզերալուսանկարներից 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների մշակում և թվայնացում  19125.0    9000.0  10125.0     ՀՀ պետական բյուջե
13 1:10000 տեղագրական քարտեզների թվայնացում  76100.0  10000.0  18000.0  18000.0 16000.0 14100.0 ՀՀ պետական բյուջե
14 1:25000 մինչև 1:1000000 մասշտաբի տեղագրական թվային քարտեզների ստացում ընդհանրացման եղանակով  32086.0      6417.0  9626.0 16043.0 ՀՀ պետական բյուջե
15 դաշտային հանութագրում  90000.0    45000.0  45000.0     ՀՀ պետական բյուջե
16 գրասենյակային մշակում  8970.0      4000.0  4970.0   պետբյուջե
17 թվային ֆոտոգրամետրիկ կայան  197200.0  97200.0         ՀԲ վարկային ծրագիր և շվեյցարական դրամաշնորհ
18 տեսաներածիչ  140000.0  40000.0         պետբյուջե
19 քարտեզների հրատարակում (5 օրինակ)  93500.0      20000.0 30000.0 43500.0 ՀՀ պետական բյուջե
  ԸՆԴԱՄԵՆԸ  1392676.0 700060.0 347650.0 210727.0 60596.0 73643.0  

 

Ս Խ Ե Մ Ա  1

 

1942 թ. կոորդինատային համակարգում ՀՀ տարածքում ըստ օբյեկտների իրականացված 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների

 

Ս Խ Ե Մ Ա  2

 

ՀՀ տարածքի բազային տեղագրական քարտեզների ստեղծման

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1565-Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Ա Ռ Ա Ջ Ա Դ Ր Ա Ն Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՕԴԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Հիմք` Հայաստանի Հանրապետության տարածքի օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանքի կազմման համար հիմք է հանդիսանում «Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի բազային քարտեզների ստեղծման և օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման ծրագիրը».

2. Պատվիրատու` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե.

3. Կատարող` Շվեյցարիայի տոպոգրաֆիայի դաշնային գրասենյակ.

4. Աշխատանքների նպատակը` Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու մարզերի որոշ տարածաշրջանների մոտ 8 հազ. քառ. կմ տարածքի օդալուսանկարահանման աշխատանքների իրականացումը և դրանց հիման վրա Երևան քաղաքում 1:2000 և 1:5000 մասշտաբների, իսկ մյուս տարածքներում 1:5000 և 1:10000 մասշտաբների տեղագրական բազային քարտեզների ստեղծումը:

5. Նախատեսվող աշխատանքներ` Օդալուսանկարահանման իրականացման տեխնիկական պահանջներից ելնելով աշխատանքները բաժանվում են երկու մասի` Երևան քաղաք և ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզեր.

ա) Երևան քաղաքի տարածքը կազմում է մոտ 220 քառ. կմ: Օդալուսանկարահանումը պետք է ապահովի 1:2000 մասշտաբի` 1մ ռելիեֆի կտրվածքով և 1:5000 մասշտաբի` 1մ և 2մ ռելիեֆի կտրվածքով տեղագրական հատակագծերի ստեղծումը: Այդ նպատակով օդալուսանկարահանումը անհրաժեշտ է կատարել 305մմ ֆոկուսային հեռավորությամբ, 1:7000 թռիչքային մասշտաբով, երկայնական և լայնական վերածածկման տոկոսի մեծությունը պետք է կազմի մոտ 70%: Տարածքը սահմանափակվում է հետևյալ աշխարհագրական կոորդինատներով` 400 06`,4 և 400 14`,8 հյուսիսային լայնության և 440 26`,8 և 440 35`,5 րոպե արևելյան երկայնության:

Տեղանքի ռելիեֆը նախալեռնային է, միջին կտրտվածությամբ, բարձրությունների անկումը կազմում է 850 մ մինչև 1400 մ:

բ) ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերի օդալուսանկարահանման համար անհրաժեշտ տարածքը կազմում է մոտ 7800 քառ. կմ: Այն բաղկացած է լինելու երկու հատվածից, որոնց աշխարհագրական կոորդինատներն են`

1) Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի տարածքներում` 390 49`,1 - 400 26`,6 րոպե հյուսիսային լայնության և 430 49`,7 - 440 49`,8 րոպե արևելյան երկայնության:

2) Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերի տարածքներում` 400 32`,7 - 410 03`,5 հյուսիսային լայնության և 430 37`,8 - 440 33`,7 արևելյան երկայնության:

Երկու հատվածներում էլ օդալուսանկարահանումը պետք է ապահովի 1:5000 մասշտաբի` 2 մ ռելիեֆի կտրվածքով և 1:10000 մասշտաբի` 2 մ և 5 մ ռելիեֆի կտրվածքով տեղագրական քարտեզների ստեղծումը: Այդ նպատակով օդալուսանկարահանումը անհրաժեշտ է կատարել 153 մմ ֆոկուսային հեռավորությամբ, 1:17000 թռիչքային մասշտաբով, երկայնական և լայնական վերածածկման տոկոսի մեծությունը պետք է կազմի մոտ 70%: Տեղանքի ռելիեֆը նախալեռնային և լեռնային է, միջին և բարդ կտրտվածությամբ, բարձրությունների անկումը կազմում է 800մ մինչև 2200մ:

Թռիչքների իրականացման ժամկետը` սեպտեմբեր-հոկտեմբեր:

Օդալուսանկարահանման թռիչքի ճշգրիտ ժամը կախված պետք է լինի արևի դիրքից (35-400) և եղանակային պայմաններից (ամպերի և փոշու բացակայությամբ):

Օդալուսանկարահանման ընթացքը յուրաքանչյուր տարածքում պետք է վերահսկվի երկուական մշտապես գործող GPS կայանների միջոցով:

Երևան քաղաքի տարածքում օդալուսանկարահանման աշխատանքները իրականացնելու նպատակով ստեղծել 100-110 մականշման (ճանաչման) կետեր և դրանք տեղանքին կապակցելու համար իրականացնել անհրաժեշտ գեոդեզիական չափագրման աշխատանքներ:

6. Սարքավորումներ`

ա) Օդալուսանկարահանման խցիկներ - Leika RC30-2

բ) թվային ստաբիլիզատոր - Leika PAV30-2

գ) GPS ընդունիչ - Trimble 4000 ssi.

դ) Օդալուսանկարահանման նյութեր - «AGFA PAN 80» և «AGFA PAN 200»

7. Աշխատանքների ավարտից հետո պատվիրատուին պետք է հանձնվեն օդալուսանկարների ժապավենները (աէրոֆիլմերը):

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.02.2005, N 85-Ն 24.02.2005, N 1565-Ն
19.12.2002, N 1967-Ն 16.01.2003, N 1565-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան