Գլխավոր տեղեկություն
Номер
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (24.10.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.10.17-2022.10.30 Պաշտոնական հրապարակման օրը 25.10.2022
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
24.10.2022
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
24.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

24 հոկտեմբերի 2022 թ.
Երևան

N 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 5.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀՀ ֆինանսների նախարարությունը «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թվականի մայիսի 25-ի ՀՕ-139-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վիճակախաղի կազմակերպիչների կողմից պարբերաբար ստանում է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5.2-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթի կիրառման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տրամադրելու մասին դիմումներ՝ Օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասի ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաև դրա կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտությունից ելնելով: Դիմումատուների համաձայն՝ նշված նորմի տառացի մեկնաբանման դեպքում տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցների մուտքագրումն ու ելքագրումը կատարվում է միայն անկանխիկ եղանակով, ընդ որում՝ անմիջականորեն խաղասրահի միջոցով խաղացողների շահումները տրամադրվում են «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված գործարքների սահմանաչափերի պահպանմամբ, այսինքն՝ մինչև 300,000.00 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով գումարի տրամադրումը կարող է կատարվել կանխիկ եղանակով, իսկ գերազանցելու դեպքում՝ անկանխիկ եղանակով:

Միաժամանակ Օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է «կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտեր» հասկացություն, սակայն Օրենքը չի բացահայտում «անհատական խաղային քարտեր» հասկացությունը, որն իրավակիրառ պրակտիկայում տարաբնույթ ընկալումների տեղիք է տալիս և առկա է դրա կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտություն:

1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թվականի մայիսի 25-ի ՀՕ-139-Ն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով: Նշված հաշիվները համալրվում են, և հաշիվներից գումարը ելքագրվում է միայն անկանխիկ եղանակով: Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղացողների կողմից կատարվող խաղադրույքների կատարումը կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է անկանխիկ եղանակով:»։

««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ այս նախաձեռնության միջոցով հնարավոր կլինի նաև բացահայտել ոլորտի իրական շրջանառությունը և անհրաժեշտության պարագայում հիմնավորված կերպով անցնել ավելի արդար հարկման համակարգի: Հատկանշական է, որ զուգահեռ ՀՀ-ում զարգանում է անկանխիկ վճարումների մշակույթը և անկանխիկ գործառնությունների անխափան, պարզ եւ արագ իրականացման համար պետությունը իրականացնում է անհրաժեշտ օրենսդրական, ենթակառուցվածքային եւ կրթական գործողությունները, հետևաբար որևէ կերպ չի սահմանափակվում մարդու՝ ֆինանսական միջոցները տնօրինելու հնարավորությունը:

Ուստի այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում ևս մեկ սահմանափակող և թափանցիկությունը բարձրացնող կարգավորման հնարավորություն ունենալը: Կարևոր փոփոխություն է նաև այն, որ քաղաքացիները իրենց շահումները կարող են ստանալ բացառապես միայն անկանխիկ եղանակով, ինչը ևս կնպաստի հասարակության տարբեր շերտերի մոտ անկանխիկ գործառնությունների մշակույթի ձևակերպման:

Առաջարկվող կարգավորմամբ արգելվում է տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով, իսկ 6 ամիս հետո ուժի մեջ մտնող կարգավորմամբ բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր է լինելու բացառապես բանկային հաշիվների միջոցով: Ընդ որում անկանխիկ մուտքագրում է համարվում այն դեպքը, երբ փողը մուտքագրվում է վիճակախաղի կամ շահումով խաղի կազմակերպչի բանկային հաշվին: Նշենք նաև, որ շահումը պետք է փոխանցվի այն հաշվին, որից կատարվել է գումարի մուտքագրումը՝ խաղալու նպատակով: Կարգավորումը բխում է պետության կողմից իրականացվող անկանխիկ դրամաշրջանառության զարգացման եւ խաղամոլության դեմ պայքարի քաղաքականություններից:»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Օրենքի 2-րդ հոդվածը մեկնաբանելով նորմատիվ իրավական ակտի նորմի մեկնաբանման կանոններով՝ հայտնում ենք, որ տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցները կարող են մուտքագրվել և ելքագրվել միայն անկանխիկ եղանակով, ինչպես նաև շահումները կարող են տրամադրվել միայն անկանխիկ եղանակով:

2. Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) «կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտեր» հասկացությանը՝ Օրենքով կատարված փոփոխությունը պայմանավորված է կազմակերպիչների կողմից կանխիկ եղանակով խաղի մասնակիցներից խաղադրույքների ընդունումը բացառելու հանգամանքով, միևնույն ժամանակ հնարավորություն տալով խաղի մասնակիցներին խաղադրույքներ կատարել անհատական խաղային քարտերի միջոցով, որը հնարավորություն է տալիս մասնակցին բանկային հաշվից և (կամ) վճարային քարտից և (կամ) էլեկտրոնային փողի հաշվից համալրել այն և կատարել խաղադրույք:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է.

1. կազմակերպիչների կողմից խաղացողներին (այդ թվում` անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղացողներին) շահումները (բացառությամբ՝ իրային շահումների) տրամադրվում են միայն անկանխիկ եղանակով:

 2. «անհատական խաղային քարտ»՝ կազմակերպչի կողմից խաղի մասնակցին տրամադրված քարտ, որը հնարավորություն է տալիս մասնակցին բանկային հաշվից և (կամ) վճարային քարտից և (կամ) էլեկտրոնային փողի հաշվից համալրել այն և կատարել խաղադրույք:

 

 

Տ. Խաչատրյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հոկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան