Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (22.02.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.02.21-2022.03.06 Պաշտոնական հրապարակման օրը 28.02.2022
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
22.02.2022
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
25.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 փետրվարի 2022 թվականի

թիվ 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ նաև` Կենտրոնական բանկ) բազմիցս և տարբեր համատեքստերում հարցադրումներ է ստացել այն մասին, թե որ դեպքերում է օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների կողմից ներդրումային ծառայությունների մատուցումը ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կամ կազմակերպություններին համարվում ներդրումային ծառայությունների մատուցում Հայաստանի Հանրապետության տարածքում, և համապատասխանաբար, որ դեպքերում են դրանց նկատմամբ տարածվում «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) դրույթները:

 Հաշվի առնելով, որ արժեթղթերի շուկայի բնականոն գործունեության և զարգացման համար կարևոր է, որ շուկայի մասնակիցների նկատմամբ կիրառելի կանոնները լինեն հնարավորինս հստակ և կանխատեսելի՝ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է իր նախաձեռնությամբ պարզաբանում տալ վերոգրյալ հարցի վերաբերյալ` անդրադառնալով Օրենք 1-ին, 25-րդ, 26-րդ և 27-րդ հոդվածների դրույթներին:

 Օրենքի 25-րդ և 26-րդ հոդվածները թվարկում են ներդրումային և ոչ հիմնական ծառայությունները, իսկ 27-րդ հոդվածը սահմանում է, որ բացառությամբ Օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, ներդրումային ծառայությունները և 26-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ մասով սահմանված ոչ հիմնական ծառայությունները կարող են մատուցել միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձինք, այն է` ՀՀ-ում լիցենզավորված կամ գրանցված ներդրումային ընկերությունները, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղերը, ներդրումային ֆոնդի կառավարիչները, ներդրումային ֆոնդի օտարերկրյա կառավարչի մասնաճյուղերը և բանկերը:

 Միևնույն ժամանակ, Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայում գործունեության իրականացման կապակցությամբ ծագող հարաբերությունները: Այս դրույթից հետևում է, որ եթե որևէ գործարք կամ գործունեություն իրականացվում է ՀՀ արժեթղթերի շուկայից դուրս, ապա դրա նկատմամբ Օրենքի դրույթները չեն տարածվում: Խնդիրն այն է, որ պարզ չէ, թե որ դեպքերում է օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների կողմից ներդրումային ծառայությունների մատուցումը ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կամ կազմակերպություններին հանդիսանում գործունեություն ՀՀ արժեթղթերի շուկայում: Որպեսզի որևէ գործարք կամ գործունեություն համարվի իրականացված ՀՀ արժեթղթերի շուկայում, պետք է լինի բավարար կապ գործարքի կամ գործունեության` մի կողմից և ՀՀ արժեթղթերի շուկայի միջև` մյուս կողմից: Մեր պատկերացմամբ, ինքնին այն հանգամանքը, որ ներդրումային ծառայությունը մատուցվում է ՀՀ ռեզիդենտ անձին, դեռևս բավարար հիմք չէ պնդելու համար, որ առկա է բավարար կապ ծառայության կամ գործարքի և ՀՀ արժեթղթերի շուկայի միջև. այդպիսի եզրահանգման համար անհրաժեշտ է որոշակի լրացուցիչ տարրերի առկայություն: Մասնավորապես, օտարերկրյա ֆինանսական կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցումը ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը չի հանդիսանում գործունեություն ՀՀ արժեթղթերի շուկայում, եթե

1) օտարերկրյա ֆինանսական կազմակերպության կողմից ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մատուցած ներդրումային ծառայությունների նկատմամբ չեն տարածվում «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի դրույթները, եթե օտարերկրյա ֆինանսական կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների առաջարկը չի ներկայացվում հրապարակային առաջարկի (այդ թվում՝ տարբեր տեղեկատվական և հեռահաղորդակցության միջոցներով, այն է՝ հեռուստատեսությամբ, ռադիոյով, ինտերնետով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև ցանկացած այլ եղանակով իրականացվող գովազդի) միջոցով, որի բովանդակությունից ակնհայտ է, որ այն թիրախավորում է ՀՀ ռեզիդենտներին,

2) օտարերկրյա ֆինանսական կազմակերպության կողմից ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մատուցած ներդրումային ծառայությունների նկատմամբ չեն տարածվում «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի դրույթները, եթե օտարերկրյա ֆինանսական կազմակերպության կողմից ՀՀ ռեզիդենտներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ անհատական (կամ որոշակի խմբին) ներկայացվող առաջարկներից չի բխում, որ անձը նպատակ ունի իր ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը աստիճանաբար տարածել ՀՀ ռեզիդենտների լայն շրջանակներում և պարբերաբար ծառայություններ մատուցել ՀՀ բազմաթիվ ռեզիդենտներին,

3) օտարերկրյա ֆինանսական կազմակերպության կողմից ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մատուցած ներդրումային ծառայությունների նկատմամբ չեն տարածվում «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի դրույթները, եթե օտարերկրյա ֆինանսական կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների առաջարկը ներկայացվել է կամ ծառայությունները մատուցվել են ՀՀ ռեզիդենտ անձի նախաձեռնությամբ՝ անկախ դրանից հետո մատուցվող ծառայության տեսակից և մատուցման պարբերականությունից:

 Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասը՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը պաշտոնապես պարզաբանում է.

1. Օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մատուցած ներդրումային ծառայությունների նկատմամբ չեն տարածվում «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի դրույթները, եթե դրանք իրականացվել են հետևյալ պայմանների պահպանմամբ.

1) օտարերկրյա ֆինանսական կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների առաջարկը չի ներկայացվում հրապարակային առաջարկի (այդ թվում՝ տարբեր տեղեկատվական և հեռահաղորդակցության միջոցներով, այն է՝ հեռուստատեսությամբ, ռադիոյով, ինտերնետով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև ցանկացած այլ եղանակով իրականացվող գովազդի) միջոցով, որի բովանդակությունից ակնհայտ է, որ այն թիրախավորում է ՀՀ ռեզիդենտներին,

2) օտարերկրյա ֆինանսական կազմակերպության կողմից ՀՀ ռեզիդենտներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ անհատական (կամ որոշակի խմբին) ներկայացվող առաջարկներից չի բխում, որ այն նպատակ ունի իր ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը աստիճանաբար տարածել ՀՀ ռեզիդենտների լայն շրջանակներում և պարբերաբար ծառայություններ մատուցել ՀՀ բազմաթիվ ռեզիդենտներին:

2. Օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մատուցած ներդրումային ծառայությունների նկատմամբ չեն տարածվում «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի դրույթները նաև այն դեպքում, երբ անձի կողմից ներդրումային ծառայությունների առաջարկը ներկայացվել է կամ ծառայությունները մատուցվել են ՀՀ ռեզիդենտ անձի նախաձեռնությամբ՝ անկախ դրանից հետո մատուցվող ծառայության տեսակից և մատուցման պարբերականությունից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2022 թ. փետրվարի 25

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 փետրվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան