Գլխավոր տեղեկություն
Номер
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
05.05.2023
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
05.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«05» մայիսի 2023 թ.
ք. Երևան

N 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը նորմատիվ իրավական ակտի դրույթների իմաստի պարզմանն ուղղված գործընթաց է՝ դրանց ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտության դեպքերում:

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 6-րդ հոդվածով սահմանվում են ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործմանը ներկայացվող արգելքները և սահմանափակումները:

Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով նախատեսված նորմերը խախտող իրավաբանական և ֆիզիկական անձինք ենթարկվում են պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 173.2-րդ հոդվածի համաձայն` օրենքով սահմանված ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ օգտագործման սահմանափակման արգելքը խախտելը, բացառությամբ նույն օրենսգրքի 135.1-ին և 135.2-րդ հոդվածներով սահմանված դեպքերի՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձի նկատմամբ՝ հիսնապատիկի չափով:

Պաշտոնական պարզաբանում տալու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի կողմից 2023 թվականի ապրիլի 21-ին Առողջապահության նախարարին ուղղված թիվ 02/05.31/13710-2023 հանձնարարականով, համաձայն որի` Առողջապահության նախարարությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետք է ներկայացնի Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանության վերաբերյալ պաշտոնական պարզաբանում:

Այսպես` Ներքին գործերի նախարարության կողմից Օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված արգելքի ապահովման նպատակով Օրենսգրքի 173.2-րդ հոդվածի կիրառման շրջանակում խնդիր է առաջանում «պաշտոնատար անձ» և Օրենքի 11-րդ հոդվածով որպես պատասխանատվության սուբյեկտ նախատեսված «իրավաբանական անձ» հասկացությունների փոխկապվածության հարցը որոշելիս` ելնելով նաև «պաշտոնատար անձ» հասկացության վերաբերյալ առկա ոչ միասնական մեկնաբանություններից:

Տվյալ դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածում ամրագրված կարգավորմամբ, մասնավորապես՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Օրենքում և Օրենսգրքում նախատեսված փոփոխությունների նախագծերը շրջանառվել են մեկ փաթեթով, ինչը վառ ապացույցն է այն հանգամանքի, որ Օրենսգրքի 173.2-րդ հոդվածը և դրանում վկայակոչված «պաշտոնատար անձ» հասկացությունը բխում են Օրենքի 11-րդ հոդվածում տեղ գտած կարգավորումներից, քանի որ 173.2-րդ հոդվածը Օրենսգրքում լրացվել է Օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով:

Օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, պետության անվտանգության ապահովման, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան:

Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ: Հետևաբար նշված պաշտոնատար անձինք ենթարկվում են վարչական պատասխանատվության թվարկված ոլորտներից որևէ մեկում կանոնները չպահպանելու համար, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:

Վերոգրյալից հետևում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ անձը, իր զբաղեցրած պաշտոնով պայմանավորված (դա կարող է լինել օրինակ հանրային սննդի օբյեկտի տնօրեն, մենեջեր կամ այլ պատասխանատու անձ), պարտավոր է ապահովել այն կանոնների պահպանման ապահովումը, որոնց չկատարման համար սահմանված է վարչական պատասխանատվություն (տվյալ դեպքում՝ բնակչության առողջության պահպանության ոլորտում), ապա հաշվի առնելով այն, որ վերջինիս վրա է դրված քննարկվող կանոնները պահպանելու պարտականությունը՝ Օրենսգրքի 173.2-րդ հոդվածի իմաստով նշված անձը դիտարկվում է որպես «պաշտոնատար անձ» և իրականացնում է «պաշտոնատար անձի» պաշտոնի հետ բնույթով նույնանման կազմակերպչական ու կառավարչական գործառույթներ:

Վճռաբեկ դատարանի 2007 թվականի մարտի 30-ին թիվ 3-690(ՎԴ) քաղաքացիական գործի շրջանակներում հայտնած դիրքորոշման մեջ նշվում է, որ դատարանը յուրաքանչյուր դեպքում պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելու մասին որոշման իրավաչափությունը ստուգման ենթարկելիս պետք է հաշվի առնի Օրենսգրքի 14-րդ հոդվածի պահանջները, որում ամրագրված պաշտոնեական պարտականություն հասկացությունը գործող ՀՀ օրենսդրության շրջանակներում պետք է մեկնաբանել որպես կազմակերպչական և կառավարչական (ղեկավար) գործառույթներ:

Վճռաբեկ դատարանն իր` 2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ՎԴ/3166/05/17 վարչական գործով կայացված որոշմամբ նշել է, որ իրավաբանական անձին Օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգի բացակայության պատճառով Օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված զանցակազմի սուբյեկտ է համարվում ոչ թե իրավաբանական անձը, այլ դրա համապատասխան պաշտոնատար անձը:

Վերոգրյալի վերլուծության արդյունքում հանգում ենք այն եզրակացության, որ իրավաբանական անձինք չեն հանդիսանում վարչական պատասխանատվության սուբյեկտ, ուստի վարչական պատասխանատվության պետք է ենթարկվի իրավաբանական անձի այն պաշտոնատար անձը, ով իրականացնում է կազմակերպչական և կառավարչական (ղեկավար) գործառույթներ և ում պաշտոնեական պարտականությունների մեջ է մտնում կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնների և մյուս այլ կանոնների պահպանման ապահովումը:

Հարկ է նշել, որ Օրենսգրքի 173.2-րդ հոդվածի՝ «Օրենքով սահմանված ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ օգտագործման սահմանափակման արգելքը խախտելը» ձևակերպման մեջ «Օրենքով» բառը գործածելիս օրենսդիրը նկատի է ունեցել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը (համապատասխան արգելք նախատեսող հոդվածով), իսկ 173.2-րդ հոդվածն Օրենսգրքում լրացվել է ի ապահովումն Օրենքի պահանջների կատարման, որտեղ նշված «պաշտոնատար անձը» կազմակերպչական և կառավարչական (ղեկավար) գործառույթներ իրականացնող անձն է:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի, Կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի թիվ 1159-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջներով՝ պաշտոնապես պարզաբանում եմ.

Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում կիրառվող «իրավաբանական անձ» հասկացության ներքո պետք է նկատի ունենալ իրավաբանական անձի այն պաշտոնատար անձին, ում պաշտոնեական պարտականությունների մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ օգտագործման սահմանափակման արգելքի պահանջների ապահովումը, որն էլ տվյալ իրավաբանական անձի կազմակերպչական և կառավարչական (ղեկավար) գործառույթներ իրականացնող անձն է:

 

Ա. Ավանեսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան