Գլխավոր տեղեկություն
Номер
N 1885-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.12.2002-03.07.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.12.18/56(231) Հոդ.1321
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.09.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.12.2002
Дата вступления в силу
19.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.07.2008

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2002 թվականի N 1885-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարանի) վերակազմակերպման մասին» N 205 որոշման 6-րդ կետը և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 1
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 12-ի N 1885-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության` «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ինստիտուտ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության համաձայն:

2. Ինստիտուտի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Ինստիտուտն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան:

3. Ինստիտուտն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք, պաշտոնաթերթ, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

4. Ինստիտուտը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Ինստիտուտը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Ինստիտուտի սեփականությունը ձևավորվում է ինստիտուտի հիմնադրման` պետական հիմնարկից պետական կազմակերպության վերակազմակերպման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև ինստիտուտի գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից:

6. Ինստիտուտն իրավունք ունի օրենքի հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

7. Հիմնադիրը ինստիտուտին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ իրավունքներ չունի` բացառությամբ ինստիտուտի լուծարումից հետո մնացած գույքի:

8. Ինստիտուտի սեփականության պահպանման հոգսը կրում է ինստիտուտը:

9. Ինստիտուտի սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:

10. Ինստիտուտն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:

11. Ինստիտուտի անվանումն է`

հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

հայերեն կրճատ` «Մատենադարան»

ռուսերեն լրիվ` Государственная некоммерческая организация научно-исследовательский институт древних рукописей Матенадаран” им. Месропа Маштоца, Министерства науки и образования Республики Армения.

ռուսերեն կրճատ` Матенадаран.

անգլերեն լրիվ` The Ministry of Science and Education of RA "Matenadaran" Mashtots Institute of Ancient Manuscripts State Non- commercial Organization.

անգլերեն կրճատ` "Matenadaran":

12. Ինստիտուտի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մաշտոցի 53:

 

II. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

 

13. Ինստիտուտի գործունեության առարկան և նպատակը հին ձեռագրերի, արխիվային վավերագրերի, հայագիտական գրականության ու մամուլի հետազոտումն ու պահպանումն է, ինչպես նաև դրանց պատճենահանումը միկրոժապավենների և թվային (էլեկտրոնային) կրիչների վրա, վերականգնումը, ձեռագրացուցակների, մատենագիտական ուղեցույցների, բնագրերի և ուսումնասիրությունների պատրաստումը:

14. Ինստիտուտն իր առջև դրված խնդիրների իրագործման նպատակով`

ա) կազմակերպում է ուսումնամեթոդական և գիտամանկավարժական խորհրդակցություններ, սեմինարներ և համաժողովներ.

բ) համագործակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա համանման կազմակերպությունների հետ.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ կնքում է պայմանագրեր:

15. Ինստիտուտը, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ, կարող է զբաղվել ցուցահանդեսների կազմակերպումով, ձեռագրերի, արխիվային վավերագրերի և հայագիտական գրականության ու մամուլի թարգմանությամբ` օտար լեզուներով, և հրատարակությամբ:

16. Ինստիտուտը ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է իր կանոնադրությամբ նախատեսված խնդիրների իրականացման համար: Շահույթի 50-70 տոկոսը նպատակաուղղվում է ինստիտուտի տեխնիկական վերազինմանը, մնացած մասը` ինստիտուտի այլ կարիքները հոգալուն, այդ թվում` շինարարական և վերակառուցման աշխատանքների իրականացմանը, անհրաժեշտ գույքի ու կահույքի ձեռքբերմանը, սեմինարների և համաժողովների կազմակերպմանը:

17. Ինստիտուտի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ուղղակիորեն նախատեսված միջոցների սահմաններում ինստիտուտի կողմից պետությանը մատուցվող ծառայությունների աշխատանքների և ապրանքների գնումն իրականացվում է մեկ աղբյուրից` գնումների կատարման ձևով:

 

III. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

18. Ինստիտուտի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նախարարությունը, գործադիր մարմինը և կոլեգիալ կառավարման մարմինը:

19. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

ա) ինստիտուտի հիմնադրումը.

բ) ինստիտուտի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

գ) ինստիտուտի կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխություն կատարելը.

դ) ինստիտուտի վերակազմակերպումը և լուծարումը:

20. Նախարարությունը`

ա) իրականացնում է ինստիտուտի կանոնադրությամբ սահմանված կարգով նրա կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

բ) իրականացնում է ինստիտուտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

գ) լսում և քննարկում է ինստիտուտի գործունեության մասին հաշվետվությունները.

դ) վերահսկողություն է իրականացնում ինստիտուտի սեփականության պահպանության նկատմամբ.

ե) հաստատում է ինստիտուտին սեփականության իրավունքով հանձնվող` պետությանը պատկանող գույքի կազմը.

զ) սահմանում է ինստիտուտի կառավարման համակարգը.

է) հաստատում է ինստիտուտի տարեկան ծախսերի նախահաշիվը.

ը) իրականացնում է հիմնադրի որոշմամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

21. Ինստիտուտի ընթացիկ գործունեության անմիջական ղեկավարումը կատարվում է գործադիր մարմնի` ինստիտուտի տնօրենի (այսուհետ` տնօրեն) կողմից:

22. Նախարարությունը տնօրենի հետ կնքում է պայմանագիր, որտեղ սահմանվում են տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունը նախարարության հետ, աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի դադարման` օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ:

23. Տնօրենը`

ա) ընտրվում է ինստիտուտի գիտական խորհրդի և գիտական անձնակազմի համատեղ ընդլայնված ժողովում, ձայների պարզ մեծամասնությամբ, հինգ տարի ժամկետով.

բ) իրականացնում է կազմակերպության ընթացիկ և ամենօրյա գործունեության ղեկավարումը.

գ) առանց լիազորագրի հանդես է գալիս ինստիտուտի անունից, ներկայացնում նրա շահերը, կնքում պայմանագրեր և գործարքներ.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և նախարարության որոշումներով ու սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է ինստիտուտի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

ե) տալիս է ինստիտուտի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

զ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է ինստիտուտի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ ու կարգապահական տույժեր.

է) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

ը) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

թ) սահմանում է ինստիտուտի կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ժ) հաստատում է ինստիտուտի գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, ինչպես նաև ստորաբաժանումների կանոնակարգերը.

ժա) օրենքով և ինստիտուտի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ և հրահանգներ.

ժբ) լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով ինստիտուտին և (կամ) պետությանը պատճառված վնասի համար.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

24. Ինստիտուտի կոլեգիալ կառավարման մարմինը ինստիտուտի գիտական խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ):

25. Խորհրդի անդամներն են` գիտական քարտուղարը, գիտական խմբերի ղեկավարները և հրավիրյալ անդամները:

26. Խորհրդի հերթական նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ: Արտահերթ նիստեր գումարվում են խորհրդի անդամների առնվազն 1/3-ի պահանջով կամ խորհրդի նախագահի որոշմամբ:

27. Խորհուրդը կարող է որոշումներ ընդունել, եթե նրա նիստերին մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

28. Խորհրդի որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:

29. Խորհուրդը`

ա) մասնակցում է ինստիտուտի տնօրենի ընտրությանը,

բ) քննարկում է ինստիտուտի գիտական գործունեության հիմնական ուղղությունները, գիտահետազոտական աշխատանքների, գիտական կադրերի պատրաստման, գիտական աշխատությունների հրատարակման նախագծերը.

գ) քննարկում է ինստիտուտի գիտական և գիտակազմակերպչական գործունեության մասին հաշվետվությունները.

դ) հաստատում է ինստիտուտի տարեկան ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, ինչպես նաև քննարկում է ինստիտուտի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի (վերստուգման) արդյունքները, ներառյալ` տարեկան ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության աուդիտի (վերստուգման) արդյունքները:

 

IV. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

30. Ինստիտուտի գույքը բաղկացած է սեփականության իրավունքով իրեն հանձնված գույքից և անհատույց օգտագործման իրավունքով նրան ամրացված գույքից:

31. Ինստիտուտի ֆինանսական միջոցները ձևավորվում են`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված միջոցներից.

բ) ձեռնարկատիրական գործունեության իրականացումից.

գ) միջազգային ծրագրերի կատարումից.

դ) բարեգործական ներդրումներից, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց նվիրատվություններից.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

32. Ինստիտուտի ֆինանսական գործունեությունը ենթակա է աուդիտի (վերստուգման) հիմնադրի, լիազորված պետական մարմնի, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական մարմինների կողմից:

 

V. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

33. Ինստիտուտը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Ինստիտուտը կարող է վերակազմակերպվել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի:

34. Ինստիտուտը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

35. Ինստիտուտը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Ինստիտուտը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

36. Ինստիտուտը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

37. Ինստիտուտի լուծարման դեպքում ինստիտուտի պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

38. Ինստիտուտի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում `է առանց իրավունքներն ու պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.05.2008, N 705-Ն 17.07.2008, N 1885-Ն
21.06.2007, N 705-Ն 03.07.2007, N 1885-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան