Գլխավոր տեղեկություն
Номер
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (02.09.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.09.20/61(1514).1
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
02.09.2019
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
02.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

2 սեպտեմբերի 2019 թ.

N 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, եթե հայտում անհամապատասխանություն է տեղ գտել տառերով և թվերով գրված գումարների միջև, ապա հիմք է ընդունվում տառերով գրված գումարը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թ. մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի (այսուհետ՝ Կարգ) 32-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է արժեք (ինքնարժեքի և կանխատեսվող շահույթի հանրագումար) և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով:

Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն գնումների գործընթացի կարգավորման և համակարգման աշխատանքների կազմակերպման նպատակով լիազորված մարմինը հաստատում է գնումների գործընթացում օգտագործվող փաստաթղթերի, ներառյալ հրավերի և պայմանագրի օրինակելի ձևերը:

Գնումների գործընթացում օգտագործվող հրավերների օրինակելի ձևերը հաստատված են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2019 թ. ապրիլի 3-ի N 371-Ա և 2019 թ. հունիսի 7-ի N 376-Ա հրամաններով:

Հրավերների համապատասխան հավելվածներով սահմանված գնային առաջարկների օրինակելի ձևերով նախատեսված է, որ ինչպես «Արժեքը (ինքնարժեքի և կանխատեսվող շահույթի հանրագումարը)» և «ԱԱՀ» այնպես էլ «Ընդհանուր գինը» սյունակները մասնակիցը լրացնում է թվերով և տառերով:

Գնման գործընթացների կազմակերպման շրջանակում արձանագրվել են դեպքեր, երբ մասնակիցը գնային առաջարկում՝

• տառերով լրացված գումարների մեջ լումաները նշում է թվերով.

• «Ընդհանուր գինը» սյունակում տառերով նշված գումարի մեջ լրացնում է ավելորդ բառեր, ինչի արդյունքում ստացվում է գոյություն չունեցող թիվ:

Արդյունքում նման գնային առաջարկ ներկայացրած մասնակցի հայտը մերժվում է, որը հանգեցնում է պատվիրատուի կարիքների համար տնտեսապես ոչ շահավետ պայմաններով գնումների իրականացմանը: Իսկ միակ մասնակցի պարագայում գնման գործընթացը հայտարարվում է չկայացած, որը հանգեցնում է ինչպես կարիքի բավարարման ժամկետի հետաձգման, այնպես էլ լրացուցիչ ռեսուրսների օգտագործման:

Հաշվի առնելով նշված հանգամանքները, ինչպես նաև ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է՝

• եթե մասնակցի գնային առաջարկում «Արժեք» և «ԱԱՀ» սյունակներում գումարները լրացված են ինչպես թվերով, այնպես էլ տառերով, և դրանք համապատասխանում են միմյանց, իսկ «Ընդհանուր գինը» սյունակում տառերով նշված գումարի մեջ լրացված են ավելորդ բառեր, որի արդյունքում ստացվում է գոյություն չունեցող թիվ, ապա գնահատող հանձնաժողովը հայտը գնահատելիս հիմք է ընդունում «Արժեքը» և «ԱԱՀ» սյունակներում տառերով լրացված գումարների հանրագումարը.

• եթե մասնակցի գնային առաջարկի համապատասխան սյունակներում լրացված տառերով գումարների մեջ լումաները նշված են թվերով, ապա գնահատող հանձնաժողովը այդ հիմքով հայտը չի մերժում:

 

 Ա. Ջանջուղազյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան