«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2003 թվականի N 231-Ն
ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար պետական քննությունների կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար պետական քննություններ հանձնելու ընդհանուր պայմանները:
2. Պետական քննությունների հանձնումը (դիպլոմային նախագծերի պաշտպանությունը) կազմակերպվում է 2003 թվականից մինչև 2005/2006 ուսումնական տարվա ավարտը: Նշված ժամանակահատվածում պետական քննությունները թույլատրվում է հանձնել երկու անգամ: Պետական քննությունների բացասական արդյունքի դեպքում նույն ուսումնական տարվա ընթացքում քննությունների վերահանձնում չի թույլատրվում:
3. Պետական քննություններ հանձնելու նպատակով ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները, մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը, գրավոր դիմում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)՝ ներկայացնելով տվյալ բուհից համապատասխան տեղեկանք և դիպլոմի բնօրինակը միջուկի հետ միասին:
4. Շրջանավարտը պետական քննությունները հանձնում է բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելու տարում՝ նախարարության հաստատած ուսումնական պլանով նախատեսված առարկաներից:
5. Պետական քննական հանձնաժողովները, որպես կանոն, միասնական են: Դրանք յուրաքանչյուր տարի կազմվում են ըստ մասնագիտությունների՝ ոչ ուշ, քան դրանց աշխատանքներն սկսվելուց երկու շաբաթ առաջ և գործում են միայն տվյալ ուսումնական տարվա համար նախատեսվող քննաշրջանի ժամկետներում:
6. Յուրաքանչյուր մասնագիտության գծով պետական քննական հանձնաժողովի նախագահին և անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը՝ գիտական կազմակերպությունների, պետական և ոչ պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական աստիճան ունեցող, հիմնական աշխատող-մասնագետների թվից:
7. Պետական քննություններն անցկացվում են ըստ մասնագիտությունների՝ նախարարության կողմից սահմանված մասնագիտական-առարկայական ծրագրերի համաձայն: Պետական քննություններն անցկացվում են գրավոր (համապատասխան հարցման թերթում շրջանավարտը գրի է առնում իր պատասխանը, լրացուցիչ հարցերը և դրանց պատասխանները):
8. Յուրաքանչյուր առարկայից պետական քննության, ինչպես նաև մեկ դիպլոմային նախագծի պաշտպանության տևողությունը չպետք է գերազանցի 45 րոպեն: Քննությունների արդյունքները գնահատվում (գերազանց, լավ, բավարար, անբավարար) և հայտարարվում են նույն օրը` պետական քննական հանձնաժողովի նիստի արձանագրությունը կազմվելուց հետո:
9. Պետական քննությունները հանձնած (դիպլոմային նախագիծը պաշտպանած) շրջանավարտին քննական հանձնաժողովի որոշմամբ շնորհվում է ստացած մասնագիտությանը համապատասխան որակավորում: Պետական քննական հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո հանձնաժողովի նախագահը մեկ շաբաթվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում նախարարություն՝ վերջինիս կողմից տվյալների ամփոփման և համապատասխան բուհերի պետական նմուշի դիպլոմի շնորհման համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |