«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2003 թվականի N 123-Ն
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼԻՍ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել առաջին անգամ հարկային ծառայության պաշտոնում նշանակվելիս փորձաշրջանի անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման կիրառման նպատակով գերատեսչական-նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼԻՍ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է առաջին անգամ հարկային ծառայության պաշտոնում նշանակվելիս հարկային ծառայողի փորձաշրջանի (այսուհետ՝ փորձաշրջան) անցկացման կարգը։
2. Յուրաքանչյուր պաշտոնի համար փորձաշրջանի ժամկետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարի հրամանով և չի կարող լինել ավելի, քան 6 ամիս։
3. Անձին հարկային ծառայության պաշտոնում փորձաշրջանով նշանակելուց հետո երկօրյա ժամկետում հարկային ծառայության մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից նշանակվում է փորձաշրջանի ղեկավար՝ նույն ստորաբաժանման փորձառու հարկային ծառայողներից։
4. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը փորձաշրջանն անցնող անձին, հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրին համապատասխան, իր գործառույթներն իրականացնելու նպատակով ապահովում է աշխատանքային պայմաններով և տեղեկություններով, որոնք անմիջապես առնչվում են մասնագիտական հմտությունների ձեռքբերման հետ։
5. Փորձաշրջանի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում փորձաշրջանի ղեկավարը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում գրավոր զեկուցագիր փորձաշրջանն անցած անձի կատարած աշխատանքների վերաբերյալ՝ վերջինիս արդյունքները գնահատելով բավարար կամ անբավարար։
6. Փորձաշրջանի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում փորձաշրջանն անցած անձը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին ներկայացնում է հաշվետվություն կատարած աշխատանքների մասին։
7. Փորձաշրջանի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարին ներկայացնում է գրավոր եզրակացություն փորձաշրջանի արդյունքների մասին՝ կցելով սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերը։
8. Փորձաշրջանի ավարտից հետո մեկշաբաթյա ժամկետում՝ փորձաշրջանի անբավարար արդյունքի դեպքում Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի ղեկավարը դրա մասին գրավոր հայտնում է փորձաշրջան անցնող անձին և նրան հրամանով ազատում աշխատանքից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |