Գլխավոր տեղեկություն
Номер
N 83-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.02.2003-27.06.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.02.26/12(247) Հոդ.205
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.01.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.02.2003
Дата вступления в силу
27.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.06.2005

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

8 փետրվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2003 թվականի N 83-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրի 2-րդ կետի, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի N 915-Ն որոշման 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ. հունվարի 27

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունվարի 16-ի N 83-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության (այսուհետ` ՀՀ ԱԻՎ) կազմում հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով գործող՝ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ սեյսմիկ պաշտպանության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ՀՀ ԱԻՎ-ի պետի ներկայացմամբ:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. Գործակալության հիմնական խնդիրներն ու նպատակներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ վտանգի մոնիտորինգի ապահովումը.

բ) տարածքների սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատումը.

գ) սեյսմիկ ռիսկի նվազեցումը.

դ) հարուցված սեյսմիկության մակարդակի գնահատումը.

ե) սեյսմիկ վտանգի հետ կապված այլ երկրորդային վտանգների գնահատումը:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր խնդիրների ու նպատակների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) մասնակցում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակման աշխատանքներին.

բ) իր իրավասության սահմաններում պատասխանատվություն է կրում սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման, սեյսմիկ ռիսկի նվազեցման համար.

գ) մասնակցում է սեյսմիկ պաշտպանության բնագավառի իրավական կարգավորման և զարգացման աշխատանքներին.

դ) իր գործունեության ոլորտում զարգացնում է համագործակցությունն օտարերկրյա պետությունների համապատասխան ծառայությունների և միջազգային կազմակերպությունների հետ.

ե) լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմաշրջանացման, նրա խիտ բնակեցված շրջանների, հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների տարբեր մասշտաբների սեյսմամիկրոշրջանացման և սեյսմիկ ռիսկի քարտեզները.

զ) իր իրավասության սահմաններում մասնակցում է սեյսմակայուն շինարարության նորմերի մշակմանը.

է) մասնակցում է շենքերի և շինությունների սեյսմակայունության որակավորման աշխատանքներին և սեյսմակայունության բարձրացման մեթոդների մշակմանը.

ը) սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով իր իրավասության սահմաններում մասնակցում է քաղաքաշինության, բնակչության տարաբնակեցման, հանրապետության տնտեսության ճյուղերի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրերի մշակմանը.

թ) ուժեղ երկրաշարժի դեպքում մասնակցում է հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների աշխատանքների անվտանգ դադարեցման տեխնիկական ու կազմակերպչական լուծումների մշակմանն ու ներդրմանը.

ժ) սպասվող կամ տեղի ունեցած երկրաշարժի գոտում կազմակերպում է մասնագիտացված հետազոտությունների իրականացումը.

ժա) սահմանված կարգով ՀՀ ԱԻՎ-ի պետին հաղորդում է ընթացիկ տեղեկություն Հայաստանի Հանրապետության և սահմանակից պետությունների տարածքներում երկրաշարժերի ու սեյսմիկ վտանգի մասին.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ու նրանից վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ երկրաշարժի կանխատեսումը և հաղորդում ՀՀ ԱԻՎ-ի պետին.

ժգ) սահմանված կարգով մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով բնակչությանը պարբերաբար տեղեկացնում է ընթացիկ սեյսմիկ իրավիճակի և բնակչության վարքի կանոնների մասին.

ժդ) մասնակցում է սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրերի միջազգայնացմանը.

ժե) մասնակցում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում գիտահետազոտական ծրագրերի մշակման և դրանց արդյունքների ներդրման գործընթացին.

ժզ) մասնակցում է սեյսմիկ պաշտպանության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը.

ժէ) մասնակցում է շրջակա միջավայրի վրա երկրաշարժերի հնարավոր ազդեցության գնահատման ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքներին.

ժը) ապահովում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում գիտական հիմնավորված մեթոդների մշակումն ու կիրառումը.

ժթ) ապահովում է սեյսմիկ դիտարկումների ազգային ցանցի զարգացման և կատարելագործման աշխատանքները.

ի) իրականացնում է սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման, սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով տվյալների բազայի ստեղծման ու դրա զարգացման աշխատանքները.

իա) մասնակցում է երկրաշարժերին բնակչությանը նախապատրաստելու աշխատանքներին.

իբ) մասնակցում է հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների խոցելիության գնահատմանը և ապահովում ուժեղ երկրաշարժի դեպքում նրանց վարքի կանխատեսումը.

իգ) մասնակցում է վաղ ահազանգման համակարգի ստեղծմանը:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է ՀՀ ԱԻՎ-ը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով:

Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Գործակալության պետը պատասխանատու է սեյսմիկ պաշտպանության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, ՀՀ ԱԻՎ-ի պետին:

12. Գործակալության պետը`

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) ՀՀ ԱԻՎ-ի պետին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում ՀՀ ԱԻՎ-ի պետին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) ՀՀ ԱԻՎ-ի պետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է ՀՀ ԱԻՎ-ի պետի հրամանների, ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում ՀՀ ԱԻՎ-ի պետին.

է) ՀՀ ԱԻՎ-ի և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, վերահսկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) ՀՀ ԱԻՎ-ի պետին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ.

ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, ՀՀ ԱԻՎ-ի և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է ՀՀ ԱԻՎ-ը:

15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:

Գործակալության խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

16. Գործակալության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով ու այլ իրավական ակտերով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունվարի 16-ի N 83-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Տեղեկատվության վերլուծության վարչություն

2. Սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման բաժին

3. Շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժին

4. Դիտացանցերի բաժին

5. Գիտատեխնիկական հետազոտությունների բաժին

6. Հասարակության հետ կապերի և միջազգային համագործակցության բաժին

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.05.2005, N 633-Ն 27.06.2005, N 83-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան