Գլխավոր տեղեկություն
Номер
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (07.05.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.05.15/14(617)
Принят
Պաշտպանության նախարար
Дата принятия
07.05.2018
Подписан
Պաշտոնակատար
Дата подписания
07.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

7 մայիսի 2018 թվականի N 1

 

«ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ներածական մաս

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում ստացվել է փաստաբան Սլավիկ Պողոսյանի (փաստաբանական գործունեության թիվ 1833 արտոնագիր) 20.04.2018 թ. N ԿԴ/01 դիմումը՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերությամբ նշված դրույթի մասով պաշտոնական պարզաբանում տրամադրելու վերաբերյալ: Դիմումատուն խնդրում է պաշտոնապես պարզաբանել՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը տարածվում է արդյոք 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) այն քաղաքացիների վրա, ում 27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացել է 2017 թվականի դեկտեմբերի 1-ից հետո:

Համաձայն դիմումատուի՝ պարզաբանման ենթակա դրույթի ոչ հստակությունը և տարաբնույթ ընկալումն առաջացրել է այդ նորմում կիրառված «այդ ընթացքում» բառակապակցությունը. պարզ չէ այն վերաբերում է միայն ««Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած)» պայմանին, թե նաև «27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացած» պայմանին: Դիմումատուն գտնում է, որ պարզաբանման ենթակա դրույթում կիրառված «այդ ընթացքում» բառակապակցությունը վերաբերում է միայն ««Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած)» պայմանին, քանի որ հակառակ մեկնաբանությունը չի բխի օրենքի նպատակներից և անհարկի կսահմանափակի այդ օրենքի գործողության տակ ընկնող անձանց շրջանակը:

 

Նկարագրական մաս

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերության համաձայն. «Սույն օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած այն քաղաքացիների վրա, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում:»:

 

Պատճառաբանական մաս

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում`

1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, կամ

2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, կամ

3) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով և «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով։»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից։»:

Տվյալ պարագայում, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերության «…1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում … օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացած …» բառակապակցությունում օգտագործված են «և» և «ու» շաղկապները:

Բացի այդ, 2004 թվականին «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով օրենքի գործողության ժամկետները մի քանի անգամ երկարաձգվել են՝ նպատակ ունենալով օրենքի գործողությունը տարածել 1-ին հոդվածի 1-ին պարբերությունում նշված վերջնաժամկետից հետո 27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացած քաղաքացիների վրա, ինչը մեկնաբանության և կիրառման առումներով հիմնավորում է, որ օրենքի գործողությունը չի տարածվում դրանում նշված վերջնաժամկետից հետո 27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացած քաղաքացիների վրա:

 

Եզրափակիչ մաս

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ պաշտոնապես պարզաբանում ենք՝

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերության հիմքով օրենքը չի տարածվում 2017 թվականի դեկտեմբերի 1-ից հետո 27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացած քաղաքացիների վրա:

Օրենքը տարածվում է հետևյալ երկու կարգավիճակներից որևէ մեկն ունեցող քաղաքացիների վրա՝

1) 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում (այդ ընթացքում) «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացած այն քաղաքացիների վրա, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում, կամ՝

2) 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում (այդ ընթացքում) «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած այն քաղաքացիների վրա, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում:

 

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար

Վ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան