Գլխավոր տեղեկություն
Номер
N 2177-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.02.2003-29.07.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.02.20/10(245) Հոդ.169
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.12.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.01.2003
Дата вступления в силу
21.02.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.03.2019

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2002 թվականի N 2177-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժգ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության ագրարային պետական տեսչությունների կանոնադրությունները հաստատելու մասին» N 250 որոշման «դ» կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունվարի 15
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 19-ի N 2177-Ն որոշման

 

 

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ տրակտորների, գյուղատնտեսական մեքենաների և գործիքների շահագործման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն ու ռուսերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Տեսչության նպատակներն ու խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում տրակտորների, ինքնագնաց շասսիների և տրակտորային կցանքների պետական հաշվառումն ու միասնական համարանիշերի ապահովումը.

բ) տրակտորների, ինքնագնաց այլ գյուղատնտեսական մեքենաների վարման իրավունքի փաստաթղթերի ապահովումը.

գ) գյուղատնտեսական մեքենաների, տրակտորների և գործիքների տեխնիկական վիճակի ու անվտանգ շահագործման կանոնների վերահսկումը:

 

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Տեսչությունն իր նպատակների ու խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

ա) իրականացնում է`

պետհամարանիշերի և տեխնիկական վկայագրերի, ինչպես նաև տրակտորների վարման իրավունքի վկայականների պատվիրում ու ձեռքբերում.

գյուղատնտեսական տեխնիկայի առկա քանակի և սարքինության հաշվառում.

գյուղատնտեսական տեխնիկայի տարեկան տեխնիկական զննություն.

մարզերում պետական տեսուչների աշխատանքների ղեկավարում.

բ) վերահսկում է`

գյուղատնտեսական գործունեության բնագավառում տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների կողմից ագրարային կանոնների կատարումը.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվելու դեպքում համապատասխան մարմիններ տեղեկատվություն ներկայացնելը:

 

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Տեսչությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը (այսուհետ` նախարար): Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

Տեսչության պետն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի գլխավոր պետական տեսուչն է:

Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Տեսչության պետը պատասխանատու է գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման ու պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, նախարարի` տեսչության գործունեությունը համակարգող տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Տեսչության պետը`

ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարականներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնում է նրանց ծառայողական բնութագրերը.

ե) ապահովում է նախարարի, նրա տեղակալի ցուցումների և հանձնարարականների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նրանց.

զ) սահմանում է աշխատանքի բաշխումը մասնագետների միջև.

է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան` սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային տեսուչների իրավասությունները.

ը) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության պետական տեսուչների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, որոշումներն ու ցուցումները.

թ) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային տեսուչների գործունեության մասին հաշվետվությունները.

ժ) վերահսկողություն է իրականացնում տեսուչների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժա) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժբ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժգ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.

ժդ) նախարարին կամ նրա տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին:

13. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

 

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով նախարարության և սույն կանոնադրություններով տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

16. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Տեսչության վերակազմակերպման ու դրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 19-ի N 2177-Ն որոշման

 

 

 

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

Գյուղատնտեսական տեխնիկայի հանրապետական տեսչական բաժին

 

Գյուղատնտեսական տեխնիկայի տարածքային տեսչական բաժին

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.03.2019, N 236-Ն 28.03.2019, N 2177-Ն
05.05.2011, N 539-Ն 19.05.2011, N 2177-Ն
01.07.2010, N 875-Ն 29.07.2010, N 2177-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան