Գլխավոր տեղեկություն
Номер
N 32-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.02.2003-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.02.26/12(247) Հոդ.191
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.01.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.01.2003
Дата вступления в силу
27.02.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

31 հունվարի 2003 թ.

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
  

16 հունվարի 2003 թվականի N 32-Ն 
 

 ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 
  

Պետական դրամաշնորհների հաշվառման և հաշվետվությունների կազմման ու հրապարակման գործընթացը կանոնակարգելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական դրամաշնորհների հաշվառման և հաշվետվությունների կազմման ու հրապարակման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. հունվարի 24

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունվարի 16-ի N 32-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ 
 

ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ 
 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից տրամադրված դրամաշնորհների հաշվառման և հաշվետվությունների կազմման ու հրապարակման հետ կապված հիմնական հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով դրամաշնորհ են համարվում Հայաստանի Հանրապետությանը (ի դեմս Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և դրանց ենթակա հիմնարկների), օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից համապատասխան պայմանագրերի (այսուհետ՝ պայմանագիր) տրամադրվող անժամկետ, անհատույց և անվերադարձ հատկացումները:

3. Ելնելով տրամադրման ձևից և պայմաններից՝ դրամաշնորհները կարող են լինել ապրանքային, ոչ ապրանքային, պայմանական և ոչ պայմանական:

4. Սույն կարգի իմաստով՝

ա) ապրանքային դրամաշնորհ է համարվում ոչ դրամային (նյութական կամ ոչ նյութական ակտիվներ) ձևով տրամադրված դրամաշնորհը.

բ) ոչ ապրանքային դրամաշնորհ է համարվում դրամային ձևով տրամադրված դրամաշնորհը.

գ) պայմանական դրամաշնորհ է համարվում այն դրամաշնորհը, որի տրամադրման և հետագա օգտագործման համար պայմանագրերով սահմանվում են որոշակի պայմաններ.

դ) առանց պայմանի դրամաշնորհ է համարվում այն դրամաշնորհը, որի տրամադրման և օգտագործման համար պայմանագրով չեն սահմանվում որոշակի նախապայմաններ:

5. Ապրանքային դրամաշնորհների հաշվառումը, իրավաբանական ու ֆիզիկական անձանց ապրանքային վարկերի ձևակերպումը և ապրանքային դրամաշնորհների հետ կապված այլ գործառույթների համակարգումն ու դրանց նկատմամբ հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի, ինչպես նաև սույն կարգի պահանջներին համապատասխան:

6. Ոչ ապրանքային դրամաշնորհների հաշվառումը և դրանց հետ կապված այլ գործառույթների համակարգումն ու դրանց նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):

7. Սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված գործառույթների շրջանակներում՝

ա) սույն կարգի 4-րդ կետով սահմանված բոլոր դրամաշնորհների տրամադրման նպատակով կնքված պայմանագրերը հաշվառվում են նաև նախարարությունում.

բ) պայմանագրերի հաշվառումն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ պայմանագրերում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնող մարմինները (այսուհետ՝ պատասխանատու պետական մարմիններ) նախարարությանն են տրամադրում պայմանագրի պատճենը.

գ) պայմանագրերը նախարարության կողմից հաշվառվում են այդ նպատակով վարվող գրանցամատյանում.

դ) պայմանական դրամաշնորհների տրամադրման հետ կապված պայմանագրերի շրջանակներում որևէ պայմանի փոփոխության դեպքում պատասխանատու պետական մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է նախարարությանը՝ վերջինիս տրամադրելով կատարված փոփոխությունը պարունակող փաստաթղթերի պատճենները.

ե) պատասխանատու պետական մարմինները եռամսյա և տարեկան պարբերականությամբ նախարարություն են ներկայացնում հաշվետվություններ՝ համապատասխան պայմանագրերի շրջանակներում փաստացի ստացված դրամաշնորհների և դրանց հետագա օգտագործման մասին.

զ) եթե պայմանական դրամաշնորհների շրջանակներում կնքված պայմանագրերում նշված պայմանների կատարման համար սահմանված են ժամկետներ, ապա տվյալ ժամկետները լրանալուց հետո պատասխանատու պետական մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում դրանց կատարման և ընթացքի մասին հաշվետվություններ է ներկայացնում նախարարություն:

8. Սույն կարգի 7-րդ կետի «գ» ենթակետում նշված գրանցամատյանի վարման կարգը, ինչպես նաև «ե» և «զ» ենթակետերում նշված հաշվետվությունների ձևերը, դրանք ներկայացնելու ժամկետներն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը:

9. Եթե դրամաշնորհների պայմանագրերում ամրագրված չեն դրամաշնորհների օգտագործման ուղղություններն ու պայմանները, ապա դրամաշնորհների հետագա օգտագործման ուղղություններն ու պայմանները որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ պատասխանատու պետական մարմինների ներկայացմամբ:

10. Նախարարությունը եռամսյակային պարբերականությամբ, մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփելով սույն կարգի 7-րդ կետի «ե» և «զ» ենթակետերի համաձայն նախարարություն ներկայացված հաշվետվությունները՝ համադրված տեսքով դրանք հրապարակում է նախարարության ինտերնետային էջում (տարեկան կտրվածքով, նաև առանձին տեղեկագրում):

11. Նախարարությունն ապահովում է դրամաշնորհների օգտագործման նկատմամբ ֆինանսական վերահսկողությունը, ինչպես նաև այդ դրամաշնորհների ու դրանց օգտագործման ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության արտացոլումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության առանձին հավելվածում: 
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան