Գլխավոր տեղեկություն
Номер
N 1888-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2002-12.03.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.12.25/57(232) Հոդ.1332
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.11.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.12.2002
Дата вступления в силу
26.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.01.2011

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2002 թվականի N 1888-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կազմում գործող բույսերի կարանտինի պետական տեսչություն` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բույսերի կարանտինի պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բույսերի կարանտինի պետական տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման N 2 հավելվածի երկրորդ բաժինը լրացնել «Բույսերի կարանտինի պետական տեսչություն» տողով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2002 թ. դեկտեմբերի 3
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 21-ի N 1888-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բույսերի կարանտինի պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ բույսերի կարանտինի բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի ներկայացմամբ:

3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Տեսչության նպատակները և խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերել և վերացնել բույսերի կարանտին ու կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմները, հիվանդությունները և մոլախոտերը.

բ) կանխարգելել բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների, հիվանդությունների և մոլախոտերի ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք.

գ) ապահովել բուսասանիտարական կանոնների պահպանումը բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների ներմուծման ու արտահանման գործառնությունների ժամանակ:

 

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` բույսերի կարանտինի ծրագրեր.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայող կամ սահմանափակ տարածում ունեցող կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ցանկի կազմումն ու լիազորված մարմին ներկայացնելը.

գ) բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցումը կանխարգելելու նպատակով` Հայաստանի Հանրապետության տարածք բույսերի և բուսական արտադրանքի ներմուծման նկատմամբ հսկողության իրականացում.

դ) Հայաստանի Հանրապետությունից արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների բուսասանիտարական նորմերին համապատասխանության նկատմամբ հսկողության իրականացում.

ե) բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորվող այլ առարկաների ներմուծման և արտահանման դեպքերում իրավաբանական ու ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգին համապատասխան տալիս է բուսասանիտարական նորմերին համապատասխանության մասին հավաստագիր:

 

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Տեսչությունը կառավարում է գյուղատնտեսության նախարարը (այսուհետ` նախարար): Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որին, մինչև քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

10. Տեսչության պետն ի պաշտոնե տեսչության պետական գլխավոր տեսուչն է (այսուհետ` պետական գլխավոր տեսուչ) և իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Պետական գլխավոր տեսուչի իրավունքները և պարտականությունները սահմանված են «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

11. Տեսչության պետը պատասխանատու է բույսերի կարանտինի բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին ու այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

12. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, տեսչության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

13. Տեսչության պետը`

ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) իրականացնում է վերահսկողություն տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

14. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

 

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

15. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

16. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

17. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները կրում են համազգեստ:

Տարածքային մարմինների պետերն ի պաշտոնե համապատասխան տարածքի պետական տեսուչներ են, որոնց իրավունքները և պարտականությունները սահմանված են «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

18. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 21-ի N 1888-Ն որոշման


Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Բույսերի կարանտինի տեսչական բաժին

 

II. Տարածքային մարմիններ

 

Բույսերի կարանտինի լաբորատորիա (քաղ. Երևան)

Բույսերի կարանտինի Երևանի ստորաբաժանում

Բույսերի կարանտինի Արագածոտնի մարզային ստորաբաժանում

Բույսերի կարանտինի Արարատի մարզային ստորաբաժանում

Բույսերի կարանտինի Արմավիրի մարզային ստորաբաժանում

Բույսերի կարանտինի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում

Բույսերի կարանտինի Լոռու մարզային ստորաբաժանում

Բույսերի կարանտինի Կոտայքի մարզային ստորաբաժանում

Բույսերի կարանտինի Շիրակի մարզային ստորաբաժանում

Բույսերի կարանտինի Սյունիքի մարզային ստորաբաժանում

Բույսերի կարանտինի Վայոց ձորի մարզային ստորաբաժանում

Բույսերի կարանտինի Տավուշի մարզային ստորաբաժանում

Բույսերի կարանտինի Գյումրու օդանավակայանի, երկաթգծի կայարանի սահմանային կետ

Բույսերի կարանտինի Մեղրու սահմանային կետ

Բույսերի կարանտինի Բավրայի սահմանային կետ

Բույսերի կարանտինի Գոգավանի, Ջիլիզայի, Ստեփանավանի օդանավակայանի և Պրիվոլնոյեի սահմանային կետ

Բույսերի կարանտինի Այրումի սահմանային կետ

Բույսերի կարանտինի Բագրատաշենի սահմանային կետ

Բույսերի կարանտինի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային կետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան