Գլխավոր տեղեկություն
Номер
N 316
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.04.2002-22.01.2004)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.04.26/13(188) Հոդ.284
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.04.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.04.2002
Дата вступления в силу
01.04.2002

040.0316.01.04.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 ապրիլի 2002 թվականի N 316
քաղ. Երևան

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական ծրագիրը (կցվում է).

բ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական միջգերատեսչական խորհրդի կազմը (կցվում է)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 1-ի N 316 որոշմամբ

 

Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման

 

Ներածություն

 

Այսօր ՁԻԱՀ-ը լուրջ սպառնալիք է աշխարհի ամբողջ բնակչության համար, սպառնալիք՝ նրա համընդհանուր սոցիալական, տնտեսական և քաղաքական բարեկեցության ու միլիոնավոր մարդկանց առողջության նկատմամբ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտի խնդիրները հայտարարել է գերակայող և իրականացվող ծրագրերի ու միջոցառումների ցանկում առաջնությունը տվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման դեմ իրականացվող միջոցառումներին:

Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումն սկսվել է 1988 թվականից:

1988 թվականից մինչև 2001 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 161 ՄԻԱՎ-ի վարակակիր: ՄԻԱՎ-ի վարակակիրների մեծամասնությունը (78,9 տոկոս) ընդգրկված է 20-39 տարեկանների տարիքային խմբում: Վարակակիրներից 28-ը ախտորոշվել է որպես ՁԻԱՀ-ով հիվանդ, ընդ որում, 8-ը (29 տոկոս)՝ 1999 թվականից: Մինչև այժմ գրանցվել է 18 ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդի մահվան դեպք, որից 5-ը՝ 2000, իսկ 3-ը՝ 2001 թվականին:

Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակի փոխանցման հիմնական ուղիներն են ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործելու միջոցով (45,3 տոկոս) և հետերոսեքսուալ ճանապարհով վարակումը (41,6 տոկոս):

Ի դեպ, վերջին տարիներին ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործելու ճանապարհով վարակման դեպքերի զգալի աճ է նկատվում:

Իրավիճակի վերլուծության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում ապրող ՄԻԱՎ-ի վարակակիրների իրական թիվն զգալիորեն գերազանցում է պաշտոնական վիճակագրության տվյալները:

Թմրամոլության և ՄԻԱՎ-ի տարածվածության վիճակի արագ գնահատման տվյալներով ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործողների շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը 9-19 տոկոսի սահմաններում է:

Ընտրանքային համաճարակաբանական հսկման տվյալներով ՄԻԱՎ-ի տարածվածությունը մարմնավաճառների շրջանում 0,5-6 տոկոսի սահմաններում է:

ՄԻԱՎ-ի վարակի դեպքեր են արձանագրվում նաև ազատազրկման վայրերում:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշումն ու կանխարգելումն իրականացնելու նպատակով 1989 թվականի նոյեմբերին ստեղծվել է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկը:

Հանրապետության դպրոցներում առողջապահական կրթության ոլորտին վերաբերող գիտելիքների դասավանդումը (այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների (սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ) և թմրանյութերի օգտագործման մասին տեղեկատվությունը) ուսումնական ծրագրում ընդգրկված չէ:

Թմրամոլության, մարմնավաճառության և այլ սոցիալական դրսևորումների գոյություն ունեցող մակարդակը, բնակչության՝ ընդհանրապես, և երիտասարդության՝ մասնավորապես, իրազեկության ցածր մակարդակը, պետական մակարդակով կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական համագործակցության և համակարգման բացակայությունը, մասնագիտացված ծառայությունների փոքր հնարավորությունները պարարտ հող են ստեղծում հանրապետությունում ՄԻԱՎ-ի վարակի ինտենսիվ տարածման համար:

Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման միջոցառումների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք չեն համապատասխանում առկա իրավիճակին:

Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի վարակի տարածման նվազեցումն է։

Ծրագրի խնդիրներն են՝

ա) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ու բուժմանն ուղղված ազգային քաղաքականության զարգացումը և իրականացումը.

բ) ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը.

գ) անվտանգ սեռական վարքագծի ձևավորումը.

դ) մորից նորածնին ՄԻԱՎ-ի վարակի փոխանցման կանխարգելումը.

ե) դոնորական արյան անվտանգության ապահովումը.

զ) դեռահասների և երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների կանխարգելումը.

է) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող մարդկանց նկատմամբ հոգածությունը։

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական ծրագրով (այսուհետև՝ հանրապետական ծրագիր) նախատեսվում է համապատասխան միջոցառումներ իրականացնել 2002-2006 թվականներն ընկած ժամանակահատվածում:

Հանրապետական ծրագրի իրականացման աշխատանքները համակարգելու է ստեղծվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական միջգերատեսչական խորհուրդը:

Նախատեսվում է հանրապետական ծրագրի իրագործման ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև միջազգային և այլ կազմակերպությունների միջոցներով:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման բնագավառում 2002-2006 թվականներին իրականացվելու են առաջնահերթ միջոցառումներ՝ համաձայն ժամանակացույցի (կցվում է)։

 

1. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի հակազդման ազգային ռազմավարությունը

 

  Ռազմավարության նպատակը՝ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի տարածման տեմպերի իջեցում։

 

1.1. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի հակազդման ոլորտում ազգային քաղաքականության զարգացումը

 

  Նպատակը՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պետական մակարդակով միջգերատեսչական հակազդեցության ձևավորում:

  Ռազմավարություն 1. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցառումների իրականացման աշխատանքների ղեկավարման միասնական համակարգի ստեղծում

 

Միջոցառումները՝

 

ա) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական միջգերատեսչական խորհրդի ստեղծում.

բ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման տարածքային միջգերատեսչական խորհուրդների ստեղծում մարզերում և Երևան քաղաքում.

գ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցառումների իրականացման ընթացիկ աշխատանքների հսկում և համակարգում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

 

  Ռազմավարություն 2. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործում

 

Միջոցառումները՝

 

ա) «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների և լրացումների կատարում.

բ) «Մամուլի և զանգվածային լրատվության միջոցների մասին» ու «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխությունների և լրացումների կատարում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման սոցիալական գովազդի անվճար տեղադրման համար:

 

  Ռազմավարություն 3. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտի մասնագիտացված ծառայությունների զարգացում

 

Միջոցառումները՝

 

ա) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելմանը, ախտորոշմանն ու բուժմանը վերաբերող միասնական տեղեկատվական համակարգի ստեղծում.

բ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտում փորձարկված առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման հարցերով զբաղվող մասնագետների պատրաստում.

գ) ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և ՄԻԱՎ-ի հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների համար անհրաժեշտ թեստ-համակարգերի գնման ֆինանսավորման տրամադրում՝ այնպիսի ծավալներով, որը հնարավորություն կտա ապահովելու ՄԻԱՎ-ի հետազոտությունների իրականացումը բնակչության խոցելի խմբերում, այդ թվում՝ հղիների շրջանում, ՄԻԱՎ-ի ախտորոշումը և բնակչության գաղտնի, անանուն հետազոտման պահանջարկը.

դ) բուժհաստատություններում և այլ կազմակերպություններում բնակչության, այդ թվում՝ բարձր ռիսկի խմբերի համար խորհրդատվության համակարգի ներդրում.

ե) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հարցերով զբաղվող բժշկական կադրերի պլանային վերապատրաստման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի կողմից կրթական ծրագրի իրականացում:

 

  Ռազմավարություն 4. Ուսումնական հաստատություններում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման նպատակով համապատասխան կրթական ծրագրերի իրականացում

 

Միջոցառումները՝

 

Դպրոցականների և ուսանողների (սովորողների) համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների ու թմրամոլության կանխարգելմանը վերաբերող ուսումնական ծրագրերի մշակում և ներդրում:

 

1.2. Ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը

 

  Նպատակը` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման տեմպերի իջեցում ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործողների և, դրա շնորհիվ, բնակչության շրջանում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման խնդիրների զուգակցում թմրամոլության առաջնային կանխարգելման խնդիրներին:

 

  Ռազմավարություն 1. Թմրանյութերի մատակարարման նվազեցում

 

Միջոցառումները՝

 

Թմրանյութերի անօրինական արտադրության, տեղափոխման, պահման և իրացման ոլորտների նկատմամբ համապատասխան պետական մարմինների կողմից վերահսկողության ուժեղացում:

 

  Ռազմավարություն 2. Թմրանյութերի ոչ բժշկական օգտագործումից առաջացած վնասի նվազեցում

 

Միջոցառումները՝

 

ա) բնակչության խոցելի խմբերի ներկայացուցիչների իրազեկության մակարդակի բարձրացում, անվտանգ վարքի հմտությունների ձևավորում, այդ թվում՝ «Հավասարը՝ հավասարին» մեթոդով: Փոխօգնության խմբերի ստեղծում.

բ) ներարկիչների փոխանակում նախատեսող փորձնական ծրագրերի մշակում և ներդրում.

գ) ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործողների խոցելի խմբում ՄԻԱՎ-ի տարածման նկատմամբ ընտրանքային համաճարակաբանական հսկման համակարգի ներդրում և զարգացում:

 

  Ռազմավարություն 3. Թմրամոլության առաջնային և երկրորդային կանխարգելում

 

Միջոցառումները՝

 

ա) բնակչության շրջանում թմրամոլության կանխարգելման բնագավառի մասին իրազեկության մակարդակի բարձրացում՝ զանգվածային լրատվության միջոցներով.

բ) ուսումնական ծրագրերում թմրամոլության կանխարգելմանը վերաբերող հարցերի մշակում և ներդրում: «Հավասարը՝ հավասարին» մեթոդի իրագործում.

գ) թմրամոլների համար վերականգնողական համակարգի ստեղծում:

 

1.3. Անվտանգ սեռական վարքագիծ

 

  Նպատակը` սեռական ճանապարհով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների տարածման իջեցում:

 

  Ռազմավարություն 1. Բնակչության անվտանգ սեռական վարքագծին վերաբերող հարցերի մասին իրազեկության մակարդակի բարձրացում

 

Միջոցառումները՝

 

ա) բնակչության տարբեր խմբերի համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների կանխարգելման տեղեկատվական-կրթական ծրագրերի մշակում.

բ) բուժաշխատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը վերաբերող գիտելիքների մակարդակի բարձրացում.

գ) բնակչության խոցելի խմբերի համար զանգվածային միջոցառումների իրականացում, տեղեկատվական-կրթական նյութերի հրատարակում:

 

  Ռազմավարություն 2. Պահպանակների մասսայականացում և մատչելիություն

 

Միջոցառումները՝

 

ա) միգրանտների, զինծառայողների, կալանավայրերում և ազատազրկման վայրերում գտնվողների շրջանում պահպանակների տարածման ծրագրերի իրականացում.

բ) առևտրի, ժամանցի և հանգստի վայրերում որակյալ պահպանակների իրացման ապահովում.

գ) պահպանակների՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող որակի հսկողության ապահովում.

դ) զանգվածային լրատվության միջոցներով՝ ՄԻԱՎ-ի վարակից պաշտպանվելու միջոցների մասսայականացում.

ե) ցուցադրական քարոզչությանը վերաբերող նյութերի հրատարակում և տարածում:

 

  Ռազմավարություն 3. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների տարածման տեմպերի իջեցում մարմնավաճառների շրջանում

 

Միջոցառումները՝

 

ա) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների կանխարգելման հատուկ միջոցառումների մշակում և ներդրում, այդ թվում՝ «Հավասարը՝ հավասարին» մեթոդով.

բ) մարմնավաճառների շրջանում ՄԻԱՎ-ի տարածման նկատմամբ համաճարակաբանական հսկման համակարգի զարգացում:

 

  Ռազմավարություն 4. ՍՃՓՀ-ների ախտորոշման և բուժման մատչելիության ապահովում

 

Միջոցառումները՝

 

ա) բնակչության բոլոր խմբերի համար ՍՃՓՀ-ների բուժման անանուն հաճախման կաբինետների ցանցի ընդլայնում.

բ) ախտորոշման և բուժման ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների ներդրում.

գ) բնակչության խոցելի խմբերի համար բժշկական օգնության մատչելիության և գաղտնիության ապահովում:

 

1.4. Մորից նորածնին ՄԻԱՎ-ի վարակի փոխանցման կանխարգելում

 

  Նպատակը՝ հղիության ընթացքում ՄԻԱՎ-ի վարակակիր մորից պտղին ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում:

 

  Ռազմավարություն 1. ՄԻԱՎ-ի հետազոտությունների իրականացում հղի կանանց շրջանում

 

Միջոցառումները՝

 

ա) հղի կանանց շրջանում ՄԻԱՎ-ի հետազոտությունների իրականացում՝ ունիվերսալ թեստավորման սկզբունքով.

բ) հղի կանանց ՄԻԱՎ-ի հետազոտության զուգակցում նախաթեստային և հետթեստային խորհրդատվության իրականացմանը և այդ նպատակով բուժանձնակազմի համապատասխան ուսուցում.

գ) պտղաբեր տարիքի կանանց շրջանում ՄԻԱՎ-ի մասին իրազեկության մակարդակի բարձրացում:

 

  Ռազմավարություն 2. ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ բուժման կազմակերպում

 

Միջոցառումները՝

 

ա) ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց հղիության և ծննդաբերության ընթացքի վարման ուղեցույցների մշակում և ներդրում.

բ) ՄԻԱՎ-ի վարակակիր մայրերից ծնված նորածինների կերակրման ուղեցույցների մշակում և ներդրում.

գ) ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ բուժման չափորոշիչների մշակում, ներդրում և բուժանձնակազմի համապատասխան ուսուցում.

դ) ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ հակավիրուսային բուժում և բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերում.

ե) սնուցման համար անհրաժեշտ արհեստական կաթնախառնուրդների տրամադրում ՄԻԱՎ-ի վարակակիր մայրերից ծնված նորածիններին:

 

1.5. Դոնորական արյան անվտանգության ապահովում

 

  Նպատակը՝ դոնորական արյան և արյան բաղադրիչների փոխներարկման միջոցով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման կանխում:

 

  Ռազմավարություն. Դոնորական արյան և արյան բաղադրիչների որակի նկատմամբ հուսալի լաբորատոր հսկողության ապահովում

 

Միջոցառումները՝

 

ա) որակյալ թեստ-համակարգերի ձեռքբերում.

բ) թեստ-համակարգերի որակի նկատմամբ հսկողության կարգի մշակում և ներդրում:

 

1.6.  Անչափահասների և երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը

 

  Նպատակը՝

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության տարածման իջեցում երիտասարդության շրջանում:

 

  Ռազմավարություն. Անչափահասների և երիտասարդների իրազեկության մակարդակի բարձրացում

 

Միջոցառումները՝

 

ա) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման կրթական ծրագրերի մշակում ու ներդրում ուսումնական հաստատություններում և դրա համար անհրաժեշտ մեթոդական ու դիդակտիկ նյութերի մշակում և հրատարակում.

բ) դասավանդման մեթոդաբանության հարցերով զբաղվող մանկավարժական կադրերի պատրաստում.

գ) զինծառայողների, կալանավայրերում և ազատազրկման վայրերում գտնվող անձանց համար տեղեկատվական-կրթական ծրագրերի մշակում ու ներդրում.

դ) չկազմակերպված երիտասարդության (ուսումնական հաստատություններ չհաճախող և չաշխատող) խնդիրների լուծմանը նպատակաուղղված ծրագրերի մշակում և իրականացում.

ե) երիտասարդության համար տեղեկատվական-կրթական նպատակային ծրագրերի ստեղծում:

 

1.7. Հոգածություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող մարդկանց նկատմամբ

 

  Ռազմավարություն. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների բուժման կազմակերպումը

 

Միջոցառումները՝

 

ա) ՄԻԱՎ-ի վարակակիր և ՁԻԱՀ-ով հիվանդ մեծահասակների ու երեխաների բուժման ուղեցույցների մշակում և ներդրում.

բ) դեղամիջոցների ձեռքբերում և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների բուժում:

 

2. Հանրապետական ծրագրի իրականացման շարունակական հսկողությունը

 

Նպատակը՝ ընթացիկ իրավիճակի որոշում: Փոփոխությունների գնահատում և միջոցառումների ճշգրտում:

 

Միջոցառումները՝

 

ա) բնակչության տարբեր խմբերում ՄԻԱՎ-ի տարածման նկատմամբ ընտրանքային համաճարակաբանական հսկման համակարգի զարգացում.

բ) պաշտոնական տվյալների, վարքային հետազոտությունների, ընտրանքային համաճարակաբանական հսկման, գաղտնի, անանուն թեստավորման, նախաթեստային և հետթեստային խորհրդատվության հիման վրա իրավիճակի արագ գնահատում.

գ) չափանիշների հիման վրա (բաժին 4) հանրապետական ծրագրի զարգացման գնահատում:

 

3. Հանրապետական ծրագրի ֆինանսավորումը

 

Նախատեսվում է հանրապետական ծրագրի ֆինանսավորումն իրականացնել հետևյալ աղբյուրներից՝

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից առողջապահության նպատակային ծրագրերի համար հատկացված գումարներ.

բ) միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից նպատակային ֆինանսավորում.

գ) հասարակական կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում.

դ) օրենքով չարգելված այլ աղբյուրներ:

 

4. Հանրապետական ծրագրի արդյունքների գնահատման չափանիշները

 

4.1. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի հակազդման ոլորտում ազգային քաղաքականության զարգացումը

 

  Ռազմավարություն 1. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցառումների իրականացման աշխատանքների ղեկավարման միասնական համակարգի ստեղծում

 

Նախատեսվող արդյունքը՝

 

ա) ստեղծվելու է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական միջգերատեսչական խորհուրդ (2002 թ.).

բ) ստեղծվելու են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման տարածքային միջգերատեսչական խորհուրդներ՝ մարզերում և Երևան քաղաքում (2002 թ.):

 

  Ռազմավարություն 2. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործում

 

Նախատեսվող արդյունքը՝

 

փոփոխություններ են կատարվելու «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում (2003 թ.):

 

  Ռազմավարություն 3. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտի մասնագիտացված ծառայությունների զարգացում

 

Նախատեսվող արդյունքը՝

 

ա) կստեղծվի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելմանը, ախտորոշմանը և բուժմանը վերաբերող միասնական տեղեկատվական համակարգ (2002-2006 թթ.).

բ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտում փորձարկված առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման համար կպատրաստվեն համապատասխան մասնագետներ (2002-2004 թթ.).

գ) ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և ՄԻԱՎ-ի հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների համար անհրաժեշտ թեստ-համակարգերի գնման ֆինանսավորում կտրամադրվի այնպիսի ծավալներով, որը հնարավորություն կտա ապահովելու ՄԻԱՎ-ի հետազոտությունների իրականացումը բնակչության խոցելի խմբերում, այդ թվում՝ հղի կանանց շրջանում, ՄԻԱՎ-ի ախտորոշումը և բնակչության գաղտնի, անանուն հետազոտման պահանջարկը (2002-2006 թթ.).

դ) բուժհիմնարկներում կներդրվի բնակչության տարբեր խմբերի (այդ թվում՝ բարձր ռիսկի խմբերի) խորհրդատվության համակարգ (2002-2006 թթ.).

ե) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի հիմքի վրա մշակված և ներդրված կլինեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը վերաբերող հարցերով զբաղվող բժշկական կադրերի պլանային վերապատրաստման կրթական ծրագրեր (2002-2006 թթ.):

 

  Ռազմավարություն 4. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման կրթական կառույցների զարգացում

 

Նախատեսվող արդյունքը՝

 

կմշակվի դպրոցականների և ուսանողների (սովորողների) համար ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման հարցերին վերաբերող ուսումնական պլան (2002-2003 թթ.):

 

4.2. Ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը

 

  Ռազմավարություն 1. Թմրանյութերի ոչ բժշկական օգտագործումից առաջացած վնասի նվազեցում

 

Նախատեսվող արդյունքը՝

 

ա) մշակվելու և ներդրվելու են ներարկիչների փոխանակում նախատեսող փորձնական ծրագրեր (2002 թ.).

բ) թմրանյութեր օգտագործողների 25 տոկոսը կունենա տեղեկատվություն ստանալու հնարավորություն և անվտանգ վարքի ձևավորված հմտություններ, այդ թվում՝ «Հավասարը՝ հավասարին» մեթոդով (2002-2003 թթ.).

գ) թմրանյութեր օգտագործողների 80 տոկոսը կունենա տեղեկատվություն ստանալու հնարավորություն և անվտանգ վարքի ձևավորված հմտություններ, այդ թվում՝ «Հավասարը՝ հավասարին» մեթոդով: Ստեղծվելու են փոխօգնության խմբեր (2004-2006 թթ.).

դ) ընտրանքային համաճարակաբանական հսկման համակարգում 1000 ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործողների շրջանում կիրականացվի ՄԻԱՎ-ի տարածման նկատմամբ հսկողություն (2002-2003 թթ.):

 

  Ռազմավարություն 2. Թմրամոլության առաջնային և երկրորդային կանխարգելում

 

Նախատեսվող արդյունքը՝

 

ա) թմրամոլության նկատմամբ բնակչության խոցելի խմբերի 25 տոկոսը կունենա թմրամոլության կանխարգելման հարցերի մասին տեղեկատվություն ստանալու հնարավորություն (2002-2003թթ.).

բ) թմրամոլության նկատմամբ բնակչության խոցելի խմբերի 80 տոկոսը կունենա թմրամոլության կանխարգելման հարցերի մասին տեղեկատվություն ստանալու հնարավորություն (2004-2006 թթ.).

գ) ուսումնական հաստատություններում կիրականացվեն կանխարգելման աշխատանքներ՝ «Հավասարը՝ հավասարին» մեթոդով (2003-2006 թթ.).

դ) թմրամոլների առողջության վերականգնման համար կիրականացվեն փորձնական ծրագրեր (2004-2006 թթ.):

 

4.3. Անվտանգ սեռական վարքագիծ

 

  Ռազմավարություն 1. Անվտանգ սեռական վարքագծին վերաբերող հարցերի մասին բնակչության իրազեկության մակարդակի բարձրացում

 

Նախատեսվող արդյունքը՝

 

ա) նվազելու է ՍՃՓՀ-ների տարածվածության մակարդակը (2003-2006 թթ.).

բ) գործելու է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների կանխարգելման տեղեկատվական-կրթական համակարգ՝ բնակչության տարբեր խմբերի համար (2002-2006 թթ.):

 

  Ռազմավարություն 2. Պահպանակների մասսայականացում և մատչելիություն

 

Նախատեսվող արդյունքը՝

 

ա) միգրանտների, զինծառայողների, կալանավայրերում և ազատազրկման վայրերում գտնվողների շրջանում իրականացվելու են պահպանակների տարածման ծրագրեր (2002-2006 թթ.).

բ) կապահովվի պահպանակների մատչելիությունը և որակի նկատմամբ հսկողությունը (2002-2006 թթ.):

 

  Ռազմավարություն 3. Մարմնավաճառների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների տարածման տեմպերի իջեցում

 

Նախատեսվող արդյունքը՝

 

ա) կմշակվեն և մարմնավաճառների շրջանում կիրականացվեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ու ՍՃՓՀ-ների կանխարգելման հատուկ ծրագրեր, այդ թվում՝ «Հավասարը՝ հավասարին» մեթոդով (2002-2003 թթ.).

բ) համաճարակաբանական հսկման համակարգում 500 մարմնավաճառի շրջանում կիրականացվի ՄԻԱՎ-ի տարածման նկատմամբ հսկողություն (2002-2003 թթ.):

 

  Ռազմավարություն 4. ՍՃՓՀ-ների ախտորոշման և բուժման մատչելիության ապահովում

 

Նախատեսվող արդյունքը՝

 

բնակչության բոլոր խմբերի համար զարգանալու է ՍՃՓՀ-ների բուժման անանուն հաճախման կաբինետների ցանցը (2002-2006 թթ.):

 

4.4. Մորից նորածնին ՄԻԱՎ-ի վարակի փոխանցման կանխարգելում

 

  Ռազմավարություն 1. ՄԻԱՎ-ի հետազոտությունների իրականացում հղի կանանց շրջանում

 

Նախատեսվող արդյունքը՝

 

ա) բոլոր հղի կանանց շրջանում կիրականացվեն ՄԻԱՎ-ի հետազոտություններ՝ ունիվերսալ թեստավորման սկզբունքով (2002-2006 թթ.).

բ) հղի կանանց շրջանում ՄԻԱՎ-ի հետազոտությունների իրականացումը կզուգակցվի նախաթեստային և հետթեստային խորհրդատվությանը (2002-2006 թթ.).

գ) պտղաբեր տարիքի կանանց շրջանում կբարձրանա ՄԻԱՎ-ի մասին իրազեկության մակարդակը (2002- 2006 թթ.).

դ) կպատրաստվեն համապատասխան կադրեր՝ հղի կանանց նախաթեստային և հետթեստային խորհրդատվությունն իրականացնելու համար (2002-2003 թթ.):

 

  Ռազմավարություն 2. ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ բուժման կազմակերպում

 

Նախատեսվող արդյունքը՝

 

ա) կմշակվեն և կներդրվեն ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց հղիության և ծննդաբերության ընթացքի վարման ուղեցույցները (2002 թ.).

բ) կմշակվեն և կներդրվեն ՄԻԱՎ-ի վարակակիր մայրերից ծնված նորածինների կերակրման չափորոշիչները (2002 թ.).

գ) կմշակվեն և կներդրվեն ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ բուժման ուղեցույցները (2002 թ.).

դ) կպատրաստվեն ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ բուժումն իրականացնող համապատասխան բուժաշխատողներ (2002-2003 թթ.).

ե) ձեռք կբերվեն ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ հակավիրուսային բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցներ (2002-2006 թթ.).

զ) կիրականացվի բոլոր ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ հակավիրուսային բուժում (2002-2006 թթ.).

է) ՄԻԱՎ-ի վարակակիր մայրերից ծնված բոլոր նորածինները կապահովվեն կերակրման համար անհրաժեշտ արհեստական կաթնախառնուրդներով (2002-2006 թթ.):

 

4.5. Դոնորական արյան անվտանգության ապահովում

 

  Ռազմավարություն. Դոնորական արյան և արյան բաղադրիչների որակի նկատմամբ հուսալի լաբորատոր հսկողության ապահովում

 

Նախատեսվող արդյունքը՝

 

ա) կապահովվի ՄԻԱՎ-ի նկատմամբ դոնորական արյան որակյալ թեստավորում (2002-2006 թթ.).

բ) կմշակվի և կներդրվի թեստ-համակարգերի որակի նկատմամբ հսկողության կարգը (2002 թ.):

 

4.6. Անչափահասների և երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը

 

  Ռազմավարություն. Անչափահասների և երիտասարդների իրազեկության մակարդակի բարձրացում

 

Նախատեսվող արդյունքը՝

 

ա) մշակվելու և հրատարակվելու են ուսումնական հաստատություններում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների ու թմրամոլության կանխարգելման կրթական ծրագրերի համար անհրաժեշտ մեթոդական և դիդակտիկ նյութեր (2002-2005 թթ.).

բ) ուսումնական հաստատությունների բարձր դասարանցիների 30 տոկոսն ընդգրկվելու է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման կրթական ծրագրերում (2002-2003 թթ.).

գ) ուսումնական հաստատությունների բոլոր բարձր դասարանցիներն ընդգրկվելու են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման կրթական ծրագրերում (2004-2006 թթ.).

դ) զինծառայողների համար կմշակվեն և կներդրվեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման կրթական ծրագրեր (2002-2006 թթ.).

ե) չկազմակերպված երիտասարդության համար կմշակվեն և կներդրվեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների ու թմրամոլության կանխարգելման ծրագրեր (2002-2006 թթ.).

զ) պատրաստվելու են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելմանը վերաբերող հարցերի գծով դասավանդման մեթոդաբանության մանկավարժական կադրեր (2002-2004 թթ.).

է) բուհերում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ներդրվելու են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման կրթական ծրագրեր (2005-2006 թթ.):

 

4.7. Հոգածություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող մարդկանց նկատմամբ

 

  Ռազմավարություն. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների բուժման կազմակերպումը

 

Նախատեսվող արդյունքը՝

 

ա) մշակվելու և ընդունվելու են ՄԻԱՎ-ի վարակակիր ու ՁԻԱՀ-ով հիվանդ մեծահասակների և երեխաների բուժման չափանիշները (2002 թ.).

բ) բուժման կարիք ունեցող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների 100 տոկոսն ստանալու է համարժեք, այդ թվում՝ հակավիրուսային բուժում (2002-2006 թթ.):

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման բնագավառում առաջնահերթ միջոցառումների իրականացման

 

NN
ը/կ

Առաջնահերթ միջոցառումների անվանումները

Կատարող նախարարությունը,
գերատեսչությունը

Կատարման
ժամկետը

1

2

3

4

1.

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի հակազդման ոլորտում ազգային քաղաքականության զարգացումը

 

 

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական միջգերատեսչական խորհրդի ստեղծում

ՀՀ կառավարություն

2002 թ.

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման տարածքային խորհուրդների ստեղծում Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում

ՀՀ տարածքային կառավարման մարմիններ

2002 թ.

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցառումների իրականացման ընթացիկ աշխատանքների հսկում և համակարգում

ՀՀ առողջապահության նախարարություն

2002 թ.

 

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում
փոփոխությունների կատարում

ՀՀ առողջապահության նախարարություն

2003 թ.

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների ու թմրամոլության կանխարգելմանը, բուժմանը և ախտորոշմանը վերաբերող միասնական տեղեկատվական համակարգի ստեղծում

ՀՀ առողջապահության նախարարություն

 2002-2006 թթ. 

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման բնագավառում փորձարկված առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման հարցերով զբաղվող մասնագետների պատրաստում

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
հասարակական կազմակերպություններ

2002-2004 թթ.

 

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և ՄԻԱՎ-ի հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների համար անհրաժեշտ թեստ-համակարգերի գնման ֆինանսավորման տրամադրում՝ այնպիսի ծավալներով, որը հնարավորություն կտա ապահովելու ՄԻԱՎ-ի հետազոտությունների իրականացումը բնակչության խոցելի խմբերում, այդ թվում՝ հղի կանանց շրջանում, ՄԻԱՎ-ի ախտորոշումը և բնակչության գաղտնի, անանուն հետազոտման պահանջարկը

ՀՀ առողջապահության նախարարություն

2002-2006 թթ.

 

Բնակչության, այդ թվում՝ բարձր ռիսկի խմբերի համար խորհրդատվության համակարգի ներդրում

ՀՀ առողջապահության նախարարություն

2002-2006 թթ.

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հարցերով զբաղվող բժշկական կադրերի պլանային վերապատրաստման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի կողմից կրթական ծրագրի իրականացում

ՀՀ առողջապահության նախարարություն

2002-2006 թթ.

 

Դպրոցականների և ուսանողների (սովորողների) համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման հարցերին վերաբերող ուսումնական պլանի մշակում

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2002-2003 թթ.

2.

Ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը

 

 

 

Պետության համապատասխան կառույցների կողմից՝ թմրանյութերի անօրինական արտադրության, տեղափոխման, պահման և իրացման ոլորտներում ազդեցության ուժեղացում

ՀՀ ներքին գործերի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե

2002-2006 թթ.

 

Բնակչության խոցելի խմբերի ներկայացուցիչների իրազեկության մակարդակի բարձրացում, անվտանգ վարքի հմտությունների ձևավորում, այդ թվում՝ «Հավասարը՝ հավասարին» մեթոդով: Փոխօգնության խմբերի ստեղծում

ՀՀ առողջապահության նախարարություն

2002-2006 թթ.

 

Ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործողների խոցելի խմբում ՄԻԱՎ-ի տարածման նկատմամբ համաճարակաբանական հսկման համակարգի ներդրում և զարգացում

ՀՀ առողջապահության նախարարություն

2002-2003 թթ.

 

Բնակչության շրջանում թմրամոլության կանխարգելման բնագավառի մասին իրազեկության մակարդակի բարձրացում՝ զանգվածային լրատվության միջոցներով

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության գրահրատարակչական գործակալություն

2002-2006 թթ.

 

Ուսումնական ծրագրերում թմրամոլության կանխարգելմանը վերաբերող հարցերի մշակում և ներդրում: «Հավասարը՝ հավասարին» մեթոդի կիրառում

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
հասարակական կազմակերպություններ

2003-2006 թթ.

 

Թմրամոլների համար վերականգնողական համակարգի ստեղծում

ՀՀ առողջապահության նախարարություն

2004-2006 թթ.

3.

Անվտանգ սեռական վարքագիծ

 

 

 

Բնակչության տարբեր խմբերի համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների կանխարգելման տեղեկատվական-կրթական ծրագրերի մշակում

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2002-2004 թթ.

 

Բուժաշխատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման
վերաբերող գիտելիքների մակարդակի բարձրացում

ՀՀ առողջապահության նախարարություն

2002-2006 թթ.

 

Բնակչության խոցելի խմբերի համար զանգվածային միջոցառումների իրականացում, տեղեկատվական-կրթական նյութերի հրատարակում

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն
հասարակական կազմակերպություններ

2002-2006 թթ.

 

Միգրանտների, զինծառայողների և ազատազրկման վայրերում գտնվողների շրջանում պահպանակների տարածման ծրագրերի իրականացում

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ ներքին գործերի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն

2002-2006 թթ.

 

Առևտրի, ժամանցի և հանգստի վայրերում որակյալ պահպանակների իրացման ապահովում

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն

2002-2006 թթ.

 

Պահպանակների միջազգային ստանդարտներին համապատասխանող որակի հսկողության ապահովում

ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն

2002-2006 թթ.

 

Զանգվածային լրատվության միջոցներով՝ ՄԻԱՎ-ի վարակից պաշտպանվելու միջոցների մասսայականացում

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն

2002-2006 թթ.

 

Ցուցադրական քարոզչությանը վերաբերող նյութերի հրատարակում և տարածում

ՀՀ առողջապահության նախարարություն

2002-2006 թթ.

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների կանխարգելման հատուկ միջոցառումների մշակում և ներդրում, այդ թվում՝ «Հավասարը՝ հավասարին» մեթոդով

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն

2002-2006 թթ.

 

Մարմնավաճառների շրջանում ՄԻԱՎ-ի տարածման նկատմամբ համաճարակաբանական հսկման համակարգի զարգացում

ՀՀ առողջապահության նախարարություն
հասարակական կազմակերպություններ

2002-2003 թթ.

 

Բնակչության բոլոր խմբերի համար ՍՃՓՀ-ների բուժման անանուն հաճախման կաբինետների ցանցի ընդլայնում

ՀՀ առողջապահության նախարարություն

2002-2006 թթ.

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման և բուժման ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների ներդրում

ՀՀ առողջապահության նախարարություն

2002-2006 թթ.

 

Բնակչության խոցելի խմբերի համար բժշկական օգնության մատչելիության և գաղտնապահության ապահովում

ՀՀ առողջապահության նախարարություն

2002-2006 թթ.

4.

Մորից նորածնին ՄԻԱՎ-ի վարակի փոխանցման կանխարգելում

 

 

 

Հղի կանանց շրջանում ՄԻԱՎ-ի հետազոտությունների իրականացում՝ ունիվերսալ թեստավորման սկզբունքով

ՀՀ առողջապահության նախարարություն

2002-2006 թթ.

 

Հղի կանանց ՄԻԱՎ-ի հետազոտության զուգակցում նախաթեստային և հետթեստային խորհրդատվությանը

ՀՀ առողջապահության նախարարություն

2002-2006 թթ.

 

Հղի կանանց ՄԻԱՎ-ին վերաբերող նախաթեստային և հետթեստային խորհրդատվության անցկացման համար համապատասխան կադրերի ուսուցում

ՀՀ առողջապահության նախարարություն

2002-2006 թթ.

 

Պտղաբեր տարիքի կանանց շրջանում ՄԻԱՎ-ի մասին իրազեկության մակարդակի բարձրացում

ՀՀ առողջապահության նախարարություն

2002-2003 թթ.

 

ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց հղիության և ծննդաբերության ընթացքի վարման ուղեցույցների մշակում և ներդրում

ՀՀ առողջապահության նախարարություն

2002 թ.

 

ՄԻԱՎ-ի վարակակիր մայրերից ծնված նորածինների կերակրման չափորոշիչների մշակում և ներդրում

ՀՀ առողջապահության նախարարություն

2002 թ.

 

ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ հակավիրուսային բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերում

ՀՀ առողջապահության նախարարություն

2002-2006 թթ.

 

ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ հակավիրուսային բուժում

ՀՀ առողջապահության նախարարություն

2002-2006 թթ.

 

ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ բուժման ուղեցույցների մշակում և ներդրում

ՀՀ առողջապահության նախարարություն

2002 թ.

 

ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ բուժումն իրականացնող բժշկական կադրերի պատրաստում

ՀՀ առողջապահության նախարարություն

2002-2003 թթ.

 

Կերակրման համար անհրաժեշտ արհեստական կաթնախառնուրդների տրամադրում ՄԻԱՎ-ի վարակակիր մայրերից ծնված նորածիններին

ՀՀ առողջապահության նախարարություն

2002-2006 թթ.

5.

Դոնորական արյան անվտանգության ապահովում

 

 

 

Որակյալ թեստ-համակարգերի ձեռքբերում

ՀՀ առողջապահության նախարարություն

2002-2006 թթ.

 

Թեստ-համակարգերի որակի նկատմամբ հսկողության կարգի մշակում և ներդրում

ՀՀ առողջապահության նախարարություն

2002 թ.

6.

Անչափահասների և երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը

 

 

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման կրթական ծրագրերի մշակում և ներդրում ուսումնական հաստատություններում

ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն

2002-2006 թթ.

 

Ուսումնական հաստատությունների համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման կրթական ծրագրերի իրականացումն ապահովող անհրաժեշտ մեթոդական և դիդակտիկ նյութերի մշակում ու հրատարակում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն

2002-2005 թթ.

 

Դասավանդման մեթոդաբանության հարցերով զբաղվող
մանկավարժական կադրերի պատրաստում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն

 

2002-2004 թթ.

 

Զինծառայողների, կալանավորների և ազատազրկման վայրերում գտնվողների համար տեղեկատվական-կրթական ծրագրերի մշակում և ներդրում

ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն

2002-2006 թթ.

 

Չկազմակերպված երիտասարդության (ուսումնական հաստատություններ չհաճախող և չաշխատող) խնդիրների լուծմանը նպատակաուղղված ծրագրերի մշակում և իրականացում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն

2002-2006 թթ.

 

Երիտասարդության համար տեղեկատվական-կրթական նպատակային ծրագրերի ստեղծում

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության գրահրատարակչական գործակալություն

2002-2006 թթ.

7.

Հոգածություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող մարդկանց նկատմամբ

 

 

 

ՄԻԱՎ-ի վարակակիր և ՁԻԱՀ-ով հիվանդ մեծահասակների ու երեխաների բուժման ուղեցույցների մշակում և ընդունում

ՀՀ առողջապահության նախարարություն

2002 թ.

 

Դեղամիջոցների ձեռքբերում և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների բուժում

ՀՀ առողջապահության նախարարություն

2002-2006 թթ.

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 1-ի N 316 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական միջգերատեսչական խորհրդի

 

ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)

 

ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ (խորհրդի նախագահի տեղակալ)

 

ՀՀ ազգային անվտանգության նախարարի տեղակալ

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

 

ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ

 

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

 

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

 

ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

Երևանի քաղաքապետի տեղակալ

 

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ

 

ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետի տեղակալ

 

ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետի տեղակալ

 

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն (խորհրդի քարտուղար)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.12.2003, N 1680-Ն 22.01.2004, N 316
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան