Գլխավոր տեղեկություն
Номер
N 249
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.03.2002-30.03.2019)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.04.01/11(186) Հոդ.221
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.03.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.03.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.03.2002
Дата вступления в силу
16.03.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.06.2022

040.0249.16.03.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մարտի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մարտի 2002 թվականի N 249
քաղ. Երևան

ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը (կցվում է)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 16-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մարտի 16-ի N 249 որոշմամբ

Ա Զ Գ Ա Յ Ի Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման

 

I. Ծրագրի նպատակը

 

1. Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի (այսուհետև՝ ընթացակարգեր) պարզեցման ազգային ծրագիրը (այսուհետև՝ ազգային ծրագիր) սահմանում է օդային փոխադրումների ոլորտում ընթացակարգերի պարզեցման Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող քաղաքականության սկզբունքները և նպատակ ունի նպաստելու Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետև` ՔԱՄԿ) անդամ պետությունների միջև օդանավերի երթևեկության ընթացակարգերի պարզեցմանը՝ խուսափելով օդանավերի, ուղևորների, բեռների ուշացումներից։

2. Սույն ազգային ծրագրում հաշվի են առնված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի, ինչպես նաև ՔԱՄԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ստանդարտների պահանջները:

3. Ազգային ծրագրի դրույթները ենթակա են պարտադիր կատարման Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության պետական մարմինների, իրավաբանական անձանց և քաղաքացիների կողմից:

4. Ազգային ծրագրի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում մի շարք միջոցառումներ իրականացնելու մասին» N 459 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օգտագործման ենթակա օդանավակայաններում օդային փոխադրումների կազմակերպման վրա:

 

II. Ընթացակարգերի պարզեցման Հայաստանի Հանրապետության մարմինները եվ դրանց միջեվ պարտականությունների բաշխումը

 

5. Հանրապետական մակարդակով ընթացակարգերի ուսումնասիրման և դրանց պարզեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տվյալ գործընթացին առնչվող նախարարություններ և գերատեսչություններ, իր կանոնադրությամբ սահմանված կարգով, առաջարկություններ ներկայացնող մարմին է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեն (այսուհետև՝ ազգային կոմիտե), իսկ օդանավակայանների մակարդակով՝ օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման օդանավակայանային կոմիտեն:

 

Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե

 

6. Ազգային կոմիտեի կազմը, կանոնադրությունը և փոխադրումների ծրագիրը հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

7. Ազգային կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ՔԱՄԿ-ի փաստաթղթերի, ազգային կոմիտեի կանոնադրության և ազգային ծրագրի համաձայն:

8. Ազգային կոմիտեի խնդիրներն ու գործառույթները սահմանվում են ազգային կոմիտեի կանոնադրությամբ:

 

Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման օդանավակայանային կոմիտե

 

9. Ազգային կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում ստեղծվում են օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման օդանավակայանային կոմիտեներ (այսուհետև՝ օդանավակայանային կոմիտե):

10. Օդանավակայանային կոմիտեների կազմը և ծրագիրը հաստատվում են ազգային կոմիտեի կողմից:

11. Օդանավակայանային կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ՔԱՄԿ-ի փաստաթղթերի, ազգային ծրագրի, ազգային կոմիտեի կողմից հաստատված օդանավակայանային կոմիտեի գործունեության ծրագրի համաձայն:

 

III. Ընթացակարգերի պարզեցման ոլորտում Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականության նպատակները եվ գործառույթները

 

Ընթացակարգերի պարզեցման ոլորտում Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականության նպատակները և դրանց համապատասխանությունը միջազգային չափանիշներին

 

12. Ազգային ծրագրի նպատակն օդային փոխադրումների ընթացակարգերի պարզեցման միջոցառումների ամրագրումն ու դրանց գործնականում իրականացման միջոցով օդային փոխադրումների գործընթացների կատարելագործումն է:

13. Նշված քաղաքականությունը հաշվի է առնում «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածը, նույն հավելվածի 10-րդ լրացումը և ոլորտին վերաբերող հետևյալ փաստաթղթերը՝

ա) Միջազգային օդային տրանսպորտի բնագավառում հարկման մասին ՔԱՄԿ-ի քաղաքականությունը (DOC 8632),

բ) Մեքենայական հաշվառման ճամփորդական փաստաթղթեր (DOC 9303),

գ) Պիկտոգրամաներն օդանավակայաններում (DOC 9430),

դ) Հանրությանը չվերթերի մասին տեղեկացման ավտոմատ ցուցատախտակներ (DOC 9249):

Միաժամանակ հաշվի են առնված ընթացակարգերի պարզեցման մասին ՔԱՄԿ-ի մասնագիտացված խորհրդակցությունների զեկույցները և «Ընթացակարգերի պարզեցման ոլորտում ՔԱՄԿ-ի նպատակները» փաստաթուղթը (DOC 7891-C/906/2):

 

Օդանավակայան հասնելու հաղորդակցության ուղիների հստակությունը և մատչելիությունը

 

14. Օդանավակայանները և օդանավակայան հասնելու հաղորդակցության ուղիներն ապահովող բոլոր կազմակերպություններն ու շահագործողներն ապահովում են հաղորդակցության ուղիների մատչելիությունը և հարմարավետությունը՝ ուղևորներին տրամադրելով անհրաժեշտ տեղեկություններ: Ուղևորները պետք է տեղյակ լինեն մատուցվող ծառայությունների և դրանց գների մասին, ինչպես նաև պետք է պարզեցվեն երթուղային տրանսպորտին առնչվող և տոմսի ձեռքբերման ու վճարման ընթացակարգերը:

 

Հայաստանի Հանրապետության օդային տուրքի և ուղևորների սպասարկման հետ կապված գանձումները

 

15. Օդանավակայաններում օդային տուրքի և ուղևորների սպասարկման հետ կապված գանձումներ իրականացնելու դեպքում անհրաժեշտ է ապահովել դրանց նախօրոք մուծման հնարավորությունը: Ուղևորներից նշված գանձումները պետք է կատարել այնպես, որ դրանք չստեղծեն լրացուցիչ հերթեր:

 

Թռիչքից առաջ ընթացակարգերի ժամանակային նորմատիվները

 

16. Ազգային կոմիտեն ուղևորատոմսերի հաշվառման և ուղեբեռի ձևակերպման ժամանակի ծախսման կրճատումն ապահովելու նպատակով ներկայացնում է առաջարկություններ թռիչքից առաջ ընթացակարգերի անցման ժամանակի վերաբերյալ՝ համաձայնեցնելով տվյալ գործընթացում ներգրավված գերատեսչությունների հետ:

Վերգետնյա սպասարկման համապատասխան կառույցներն ընթացակարգերն իրականացնում են միջազգային չափանիշներին համապատասխան: Ընդ որում, թռիչքների անվտանգության ապահովման միջոցառումները պետք է իրականացվեն ամբողջ ծավալով: Այն դեպքերում, երբ ընթացակարգերի իրականացման փաստացի ժամանակը նշանակալիորեն գերազանցում է միջազգային ստանդարտները, ազգային կոմիտեն առաջարկություններ է ներկայացնում համապատասխան իրավասու մարմիններ, որոնց պահպանումը սահմանված կարգով ընդունումից հետո պարտադիր է տվյալ գործընթացում ներգրավված բոլոր գերատեսչությունների ծառայությունների համար:

 

Ընթացակարգերի պարզեցումն օդանավի ժամանումից հետո

 

17. Օդանավակայաններում, անկախ օդանավի տարողությունից, ժամանումից հետո ընթացակարգերի ժամանակի տևողությունը հասցվում է նվազագույնի՝ չհիմնավորված արգելքների և ուշացումների վերացման միջոցով:

 

Վերգետնյա սպասարկման գործողությունները

 

18. Ավիաընկերություններին իրավունք է վերապահվում, համաձայնեցնելով օդանավակայանների ղեկավարության հետ, ինքնուրույն իրականացնել վերգետնյա սպասարկումը:

19. Ազգային կոմիտեն նախաձեռնում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ընթացակարգերի պարզեցման նպատակով անցկացվեն խորհրդակցություններ, մի կողմից, օդանավակայանների ղեկավարության և, մյուս կողմից, շահագործողների, գործակարգավարական և օդանավակայանի ծառայություններից օգտվող այլ ընկերությունների հետ՝ նախքան նոր ուղևորային համալիրի նախագծումը կամ հնի վերափոխումը, և այն դեպքերում, երբ նոր ընթացակարգը պահանջում է առկա սարքավորումների նախագծային փոփոխություններ:

 

Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների համագործակցությունը վերգետնյա սպասարկման ընթացակարգերի պարզեցման գործում

 

20. Ազգային կոմիտեն իր կանոնադրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ օդանավակայանի վերգետնյա սպասարկման ընթացակարգերն իրականացնող լիազոր մարմինների և գերատեսչությունների (Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն) համապատասխան ծառայությունների փոխհամաձայնեցված գործողությունների և ընթացակարգերի պարզեցման ու հստակեցման վերաբերյալ:

 

Մուտքի, ելքի վիզաներով ուղևորների սպասարկման ընթացակարգերը

 

21. Ազգային կոմիտեն իր կանոնադրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ մուտքի, ելքի վիզա պահանջող ուղղություններով մեկնող ուղևորների անձնագրերի ստուգման և այդ գործընթացի հետ կապված ընթացակարգերի պարզեցման, կանոնակարգերի մշակման և դրանց ներդրման վերաբերյալ։

 

Ուղեբեռի սպասարկման ավտոմատացված համակարգեր

 

22. Օդանավակայաններում պետք է կիրառվեն ուղեբեռի մշակման ժամանակակից ավտոմատացված համակարգեր, որոնց կիրառումը և շահագործումը ֆինանսական տեսանկյունից մատչելի է օդանավակայանի համար:

 

Տեղեկատվություն չվերթերի մասին

 

23. Ազգային կոմիտեի կողմից չվերթերի մասին ուղևորներին տեղեկատվության ապահովման համար առաջարկվում է հետևյալ պրակտիկան՝

ա) պետք է ապահովել, որ տեղեկատվական ցուցատախտակները համապատասխանեն ՔԱՄԿ-ի «Չվերթերի մասին տեղեկատվության ավտոմատ ցուցատախտակներ» (DOC 9249) փաստաթղթի պահանջներին.

բ) օդանավակայանները և շահագործողները պետք է փոխանակեն չվերթերի մասին տեղեկատվությունը, ներառյալ բոլոր փոփոխությունները, և դրանք ներկայացնեն նշված ցուցատախտակների գործառնությունն ապահովող օրգաններ, որոնք պատասխանատու են անհրաժեշտ տեղեկությունների համակարգման և կապի միջոցներով հանրայնացման համար։

 

Մոր և մանկան սենյակ

 

24. Օդանավակայաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխաները, ծերերի և հաշմանդամների հետ միասին, օգնության կարիք ունեցող ուղևորների հատուկ խումբ են, պահանջվում է ուղևորասրահում և տրանզիտ սրահում ստեղծել երեխայի խնամքի սենյակ: Օդանավակայանները և շահագործողները պետք է առանձնացնեն հատուկ գոտի փոքրահասակ երեխաների համար, որոնք ճանապարհորդում են ծնողների ու խնամակալների հետ: Անհրաժեշտ է, որ նման սենյակները նշվեն համապատասխան նշանային համակարգով (պիկտոգրամա)՝ ուղևորների համար հստակ և հասկանալի ձևով:

 

Հանրային առողջություն

 

25. Օդանավակայանների ու օդանավերի շահագործողները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ օդանավակայաններում և օդանավերում օգտագործման նպատակով նախատեսված սննդի ու ջրի գնումը, մշակումը, պահպանումը և վաճառքն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոններին ու հրահանգներին համապատասխան իրականացումն ապահովելու համար։

 

Ընթացակարգերի պարզեցումն օդանավերի անձնակազմերի համար

 

26. Անհրաժեշտ է, որ այն շինությունները, որտեղ օդանավերի անձնակազմերն այցելում են ծառայողական պարտականությունների կատարման համար, լինեն մատչելի և իրար մոտ տեղադրված: Օդանավակայանները պետք է ունենան օդանավերի անձնակազմերի համար նախատեսված քարտեզ, որտեղ պետք է նշված լինեն օդանավակայանային տարբեր շահագործող ծառայությունների գտնվելու վայրերը:

 

Անմաքս առևտուր

 

27. Եթե օդանավակայանների տարածքում իրականացվում է անմաքս առևտուր, ապա պետք է նկատի ունենալ առևտրային սրահների հարմար տեղադրվածությունը, որպեսզի ապահովվեն դյուրին ելումուտը և մատչելիությունը, մեծաթիվ ուղևորների արդյունավետ սպասարկումը և գնորդների համար բավականաչափ տարածքի առկայությունը՝ մեկնող և ժամանող ուղևորների հիմնական հոսքերին չխանգարելու նպատակով:

28. Թռիչքների անվտանգության ապահովման նպատակով վաճառքում չպետք է ներառվեն օդային փոխադրումների համար վտանգ ներկայացնող ապրանքներ, կամ պետք է իրականացվի դրանց հատուկ փաթեթավորում: Տվյալ հարցը կանոնակարգվում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Վտանգավոր բեռների օդային փոխադրումների անվտանգությունը» հավելվածի 18-րդ դրույթին և նույն խնդրին վերաբերող DOC 9284-AN/905 տեխնիկական հրահանգին:

 

Ընթացակարգերի պարզեցումն ավիացիոն պատահարների հետաքննությունների դեպքում

 

29. Ավիացիոն պատահարների կապակցությամբ փորձագետների՝ օդանավակայանի տարածք ընդունումը, որոնք իրականացնում են փրկարարական և ավիացիոն պատահարների հետաքննական աշխատանքներ, ինչպես նաև՝ վնասված օդանավերի վերանորոգում և տարահանում, կատարվում է անհապաղ և առանց արգելքների:

30. Այլ դեպքերում, եթե նման փորձագետներից պահանջվում է մուտքի վիզայի առկայություն, ապա համապատասխան մարմինները պարտավոր են, որպես բացառություն, մուտքի վիզաներ տրամադրել ժամանման պահին կամ այլ կերպ նպաստել նրանց ժամանմանը, եթե նշված անձինք ունեն իրենց պետության լիազոր մարմնի կողմից տրված գործուղման համապատասխան ձևեր:

Համապատասխան լիազոր մարմինները տեղեկացվում են ավիացիոն վթարների ու պատահարների կապակցությամբ ընթացակարգերի պարզեցման նշված պրակտիկայի մասին:

 

Հատուկ օգնության կարիք ունեցող ուղևորները

 

31. Ավիաընկերությունները, օդանավակայանները, փոխադրումների վաճառքի գործակալությունները, վերգետնյա սպասարկման գործում ներգրավված Հայաստանի Հանրապետության գերատեսչությունները պարտավորվում են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ նպատակաուղղված ծերերի ու հաշմանդամների օդային փոխադրումներից օգտվելու դյուրացմանը: Օդանավակայանները պետք է ծերերի ու հաշմանդամների համար լինեն մատչելի: Նրանց համար պետք է իրականացվեն ընթացակարգերի անհրաժեշտ պարզեցում, նման անձանց տեղեկատվության ապահովում, օդանավերի համապատասխան կահավորում: Ընդ որում, պետք է ապահովվի ավիացիոն անվտանգությունն իր ամբողջ ծավալով:

32. Հաշմանդամ ուղևորներն իրավունք ունեն ստանալու մյուս ուղևորներին մատչելի բոլոր սպասարկումներն օդային փոխադրումների հետ կապված հաստատություններում՝ օդանավակայաններում և ճամփորդության ամբողջ ընթացքում: Օդանավակայանների կահավորումը և ծառայությունները պետք է համապատասխանեն հատուկ օգնության կարիք ունեցող ուղևորների սպասարկման պահանջներին: Լսողության և տեսողության խանգարումներ ունեցող ուղևորները պետք է ստանան չվերթերի մասին անհրաժեշտ տեղեկություններ:

 

Հատուկ օգնության կարիք ունեցող ուղևորների ուսուցման ծրագրերը

 

33. Ավիաընկերությունները, օդանավակայանները և վերգետնյա սպասարկման շահագործողները պետք է համագործակցեն հատուկ օգնության կարիք ունեցող ուղևորների սպասարկման համար անհրաժեշտ աշխատողների պատրաստման և նրանց ուսուցման ծրագրերի համակարգման գործում:

34. Անհրաժեշտ է, որ քաղաքացիական ավիացիայի ղեկավարությունը նպաստի ավիաընկերություններում, շահագործողների շրջանում և վերգետնյա սպասարկման աշխատողների միջոցով հատուկ օգնության կարիք ունեցող ուղևորների սպասարկմանն առնչվող տպագիր նյութերի տարածմանը, ներառյալ տեղեկությունները նման անձանց փոխադրման պայմանների ու ցուցաբերվող օգնության, ինչպես նաև այն ընթացակարգերի ու միջոցների մասին, որոնք կարող են անհրաժեշտ լինել սպասարկման համար:

35. Մաքսային համապատասխան ձևերը պետք է լինեն պարզ, դյուրըմբռնելի և խոշոր տպատառերով տպագրված, որպեսզի չառաջանան հարցեր՝ առանձնապես այն ուղևորների շրջանում, ովքեր ունեն տեսողության խանգարումներ։

36. Այն միջոցները, որոնք նախատեսված կամ նախագծված են հաշմանդամների համար, նշվում են համապատասխան նշանային համակարգով (պիկտոգրամա)՝ համաձայն ՔԱՄԿ-ի DOC 9430 փաստաթղթի պահանջների:

 

Ընթացակարգերի պարզեցման մասին տեղեկությունների մասսայականացումը

 

37. Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինները պարտավորվում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ընթացակարգերի պարզեցման մասին տեղեկությունների հրատարակման և տարածման համար՝ «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N 15 հավելվածին («Աերոնավիգացիոն ինֆորմացիայի ծառայության ուղեցույց» DOC 8126) համապատասխան: