Գլխավոր տեղեկություն
Номер
N 54
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (05.09.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.09.15/19(562)
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
05.09.2016
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
05.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

5 սեպտեմբերի 2016 թ.
ք. Երևան

N 54

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 34-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 6-ՐԴ ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ուսումնասիրելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության 01.09.2016թ. դիմումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության կողմից ներկայացված դիմումում նշվում է.

«ՀՀ ընտրական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն. «1. Վստահված անձն իրավունք ունի` (...)

3) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, ծանոթանալու տեղամասային ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին (բացառությամբ քվեարկության ընթացքում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների), դատարանի համապատասխան վճիռներին, ընտրողին տրամադրած լիազոր մարմնի համապատասխան տեղեկանքին, իսկ քվեարկության արդյունքների ամփոփման նիստի ժամանակ սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով` քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներին, ինչպես նաև քվեարկված քվեաթերթիկներին և դրանցում կատարված նշումներին: (...)»:

Վերոնշյալ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով հստակ սահմանվում է, որ քվեարկության ընթացքում վստահված անձը քվեարկության ընթացքում չունի իրավունք ծանոթանալու քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներին:

Նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն. «6) չմիջամտելով հանձնաժողովի անդամի և տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի (այսուհետ` մասնագետ) աշխատանքներին` ներկա գտնվելու հանձնաժողովի` ընտրողների նույնականացումն իրականացնող, քվեաթերթիկ և քվեարկության ծրար հատկացնող անդամների և մասնագետի, քվեատուփը հսկող անդամի կողքին և հետևելու նրանց աշխատանքներին.»: Սույն կետով, առանց բառացի նշելու, ակնհայտ է, որ վստահված անձը ունենալով հնարավորություն կանգնելու և հետևելու հանձնաժողովի համապատասխան աշխատակիցների աշխատանքին` ունի հնարավորություն նաև ծանոթանալու քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը: Նման պայմաններում հակասություն է առաջանում ՀՀ ընտրական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 3-րդ կետի միջև և պրակտիկորեն ստեղծվում է այնպիսի իրավիճակ, երբ վստահված անձը 6-րդ կետով նախատեսված իր իրավունքներն իրականացնելիս զրկված չէ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները դիտարկելու հնարավորությունից, ինչը քվեարկության ընթացքում արգելված է կատարել` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուժով:

Վերոգրյալը նկատի ունենալով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածը, խնդրում եմ տալ պաշտոնական պարզաբանում, թե արդյո՞ք վստահված անձը ՀՀ ընտրական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված իր իրավունքներն իրականացնելիս իրավունք ունի ծանոթանալու կամ դիտարկելու քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները, թե վերջինս, 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուժով, պարտավոր է ձեռնպահ մնալ քվեարկության ընթացքում վերոնշյալ ցուցակները դիտելուց:

Ուսումնասիրելով ներկայացված դիմումը և դրա հիմնավորումները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է`

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն.

«Իրավական ակտի դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման, իրավական ակտն ավելի բարձր կամ նույն իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին կամ նույն իրավական ակտի տարբեր դրույթների հակասության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում, իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետի որոշման, իրավաբանական ուժ ունենալու հարցերի պարզաբանման, ինչպես նաև իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած այլ հարցերի ճշտման նպատակով տրվում է իրավական ակտի պարզաբանում»:

Նույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն. «Իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով»:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:

Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը»:

ՀՀ ընտրական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 6-րդ կետերով սահմանված է.

«1. Վստահված անձն իրավունք ունի`

(...)

3) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, ծանոթանալու տեղամասային ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին (բացառությամբ քվեարկության ընթացքում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների), դատարանի համապատասխան վճիռներին, ընտրողին տրամադրած լիազոր մարմնի համապատասխան տեղեկանքին, իսկ քվեարկության արդյունքների ամփոփման նիստի ժամանակ սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով` քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներին, ինչպես նաև քվեարկված քվեաթերթիկներին և դրանցում կատարված նշումներին:

(...)

6) չմիջամտելով հանձնաժողովի անդամի և տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի (այսուհետ` մասնագետ) աշխատանքներին` ներկա գտնվելու հանձնաժողովի` ընտրողների նույնականացումն իրականացնող, քվեաթերթիկ և քվեարկության ծրար հատկացնող անդամների և մասնագետի, քվեատուփը հսկող անդամի կողքին և հետևելու նրանց աշխատանքներին.»:

ՀՀ ընտրական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում և նույն հոդվածի նույն մասի 6-րդ կետում օրենսդրի կողմից ամրագրվել են տարբեր եզրույթներ: Մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում գործածված է «ծանոթանալ» եզրույթը, իսկ 6-րդ կետում` «հետևել» եզրույթը: Իրավանորմում կիրառված են երկու տարբեր եզրույթներ, որոնք բովանդակային առումով չեն կրկնում մեկը մյուսին: «Ծանոթանալ» եզրույթը նշանակում է «տեղեկություն ձեռք բերել, իրազեկ դառնալ, իմանալ»1, նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում գործածված «հետևել» եզրույթը նշանակում է «դիտել, ուշադրությամբ նայել մի բանի ընթացքին»2:

ՀՀ ընտրական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում գործածվող` «ծանոթանալ» եզրույթը նշանակում է, որ կոնկրետ գործընթացի ընթացքում` այն է քվեարկության, կարելի է ծանոթանալ տեղամասային ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող բոլոր ընտրական փաստաթղթերին, բացառությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների: Ինչը նշանակում է, որ քվեարկության ընթացքում չի կարող պահանջվել քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները` ծանոթանալու նպատակով:

Նշված հոդվածով հստակ ձևակերպված և տարանջատված են վստահված անձի կողմից քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներին «ծանոթանալու» իրավունքը, որը 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն կարող է իրացվել քվեարկության արդյունքների ամփոփման նիստի ժամանակ ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով, և քվեարկության ընթացքում հանձնաժողովի անդամի և տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի աշխատանքներին «հետևելու» իրավունքը: Օրենսդիրը կիրառելով «ծանոթանալ» և «հետևել» եզրույթները` տարանջատել և հստակ սահմանել է վստահված անձանց վերապահված իրավունքները, ուստի դրանցից բխող գործողությունները չեն կարող նույնական լինել:

Վերոգրյալով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 3-րդ կետերը, որպես նույն իրավական ակտի տարբեր դրույթներ, հստակ են և չեն հանգեցնում տարաբնույթ ընկալման, հակասություն չեն պարունակում և ավելին` կիրառված երկու եզրույթներն ունեն բովանդակային միմյանց չկրկնող ծանրաբեռնում:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը`

 

Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ  Է.

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 3-րդ կետերը, որպես նույն իրավական ակտի տարբեր դրույթներ, հակասություն չեն պարունակում: Նշված դրույթները հստակ են և չեն հանգեցնում տարաբնույթ ընկալման:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

_________________________

1. Արդի հայերենի բացատրական բառարան: Էդուարդ Բագրատի Աղայան: «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976, էջ 634:

2. Նույն տեղում, էջ 864: