«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2002 թվականի N 242
քաղ. Երևան
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կանոնադրությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 14-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության
I. Ընդհանուր դրույթներ
1. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը (այսուհետև՝ դեսպանություն) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետև՝ նախարարություն) համակարգի մեջ մտնող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին է` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն, որն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պաշտոնական հարաբերություններ է իրականացնում համապատասխան օտարերկրյա պետության հետ:
2. Դեսպանությունը նախարարության կառուցվածքային ստորաբաժանում է և իր գործունեությամբ ենթակա ու հաշվետու է նրան:
3. Իր գործունեության ընթացքում դեսպանությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Դիվանագիտական ծառայության մասին» ու «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության ու սույն կանոնադրություններով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայով ու միջազգային իրավունքի այլ նորմերով:
4. Օտարերկրյա պետություններում գտնվող այլ ներկայացուցչությունները, պատվիրակությունները և մասնագետների խմբերն օժանդակում են դեսպանության գործունեության իրականացմանը, դեսպանությանը սահմանված կարգով տեղեկացնում են իրենց գործունեության մասին:
5. Դեսպանության ծառայողական շենքերի վրա կամ դրանց տարածքում բարձրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը և ամրացվում Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ «Հայաստանի Հանրապետության դեսպանություն» վերտառությամբ՝ հայերենով, ինչպես նաև՝ դեսպանընկալ պետության պետական լեզվով կամ լեզուներով: Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներն օգտագործվում են՝ հաշվի առնելով դեսպանընկալ պետության արարողակարգային պրակտիկան:
6. Դեսպանությունը, նրա աշխատողները և նրանց ընտանիքների անդամները դեսպանընկալ պետությունում օգտվում են միջազգային իրավունքի նորմերով ու դեսպանընկալ պետության օրենսդրությամբ սահմանված անձեռնմխելիությունից և արտոնություններից:
II. Դեսպանության հիմնական խնդիրները ԵՎ գործառույթները
7. Դեսպանության հիմնական խնդիրներն են՝
ա) Հայաստանի Հանրապետությունը համապատասխան դեսպանընկալ պետությունում ներկայացնելը և այդ պետության հետ պաշտոնական հարաբերություններն ապահովելը.
բ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության միջև բարեկամական հարաբերությունները խրախուսելն ու ամրապնդելը՝ ներառյալ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում, փոխշահավետ կապերի զարգացմանը նպաստելը.
գ) դեսպանընկալ պետությունում Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև նրա քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելը.
դ) Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության պարզաբանումը.
ե) օտարերկրյա պետության հետ կնքված միջազգային պայմանագրերի կատարմանը նպաստելը.
զ) օտարերկրյա պետության իշխանությունների և այդ պետությունում հավատարմագրված դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների վարումը.
է) միջազգային իրավունքի նորմերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հյուպատոսական գործողությունների իրականացումը.
ը) օրինական միջոցներով օտարերկրյա պետությունում տեղի ունեցող իրադարձությունների, քաղաքական և տնտեսական իրավիճակի մասին տեղեկությունների հավաքումը, մշակումն ու Հայաստանի Հանրապետության իշխանություններին տրամադրումը.
թ) Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ պետության հայ համայնքի համակողմանի կապերի ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելը:
8. Դեսպանության հիմնական գործառույթներն են`
ա) դիվանագիտական միջոցներով դեսպանընկալ պետության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ապահովումը քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, հասարակական միավորումներին և գործարար ոլորտի ներկայացուցիչներին օժանդակելը՝ դեսպանընկալ պետության պետական մարմինների, հասարակական միավորումների և գործարար շրջանակի ներկայացուցիչների հետ շփումներ հաստատելու գործընթացում.
բ) դեսպանընկալ պետության պետական մարմինների, արտաքին քաղաքական և այլ գերատեսչությունների, հասարակական միավորումների, գործարար, գիտական ու մշակութային շրջանակների, զանգվածային լրատվության միջոցների, դեսպանընկալ պետությունում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ կապերի հաստատումը.
գ) օտարերկրյա պետության հետ կնքված միջազգային պայմանագրերի կատարմանը նպաստելը, դեսպանընկալ պետության հետ Հայաստանի Հանրապետության կողմից կնքվող միջազգային պայմանագրերի նախագծերի նախապատրաստմանը մասնակցելը.
դ) նախարարության հանձնարարությամբ դեսպանընկալ պետություն գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունների, ներկայացուցիչների գործունեության արդյունավետ իրականացմանն օժանդակելը.
ե) նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կազմակերպություններից և հաստատություններից փաստաթղթեր, տեղեկանքներ և այլ նյութեր պահանջելն ու ստանալը, որոնք անհրաժեշտ են դեսպանության իրավասության մեջ մտնող հարցերի լուծման համար, և նշված մարմիններին, կազմակերպություններին ու հաստատություններին տեղեկության փոխանցումը.
զ) անհրաժեշտ միջոցառումների իրականացումը՝ դեսպանընկալ պետության իշխանությունների օգնությամբ դեսպանության ծառայողական և բնակելի տարածքների պաշտպանության համար, ինչպես նաև միջոցառումների իրականացումը՝ դեսպանության աշխատողների և նրանց ընտանիքների անդամների անվտանգության ապահովման համար, տվյալ պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության այլ պաշտոնական ներկայացուցչություններում և հիմնարկներում նմանատիպ միջոցառումների իրականացմանն աջակցելը.
է) դեսպանընկալ պետության հետ պայմանավորվածության հիման վրա դեսպանընկալ պետությունում երրորդ պետությունների և դրանց քաղաքացիների (վերջիններիս խնդրանքի դեպքում) շահերի ներկայացուցչություն իրականացնելը և պաշտպանությունը.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, դեսպանընկալ պետության օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան այլ գործառույթների իրականացումը:
Դեսպանությունն ապահովում է դեսպանընկալ պետության հետ Հայաստանի Հանրապետության միասնական արտաքին քաղաքականության իրականացումը և այդ նպատակով համակարգում է սահմանված կարգով դեսպանընկալ պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության այլ ներկայացուցչությունների, Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկների, հաստատությունների, կազմակերպությունների, պատվիրակությունների ու մասնագետների խմբերի գործունեությունը դեսպանընկալ պետությունում և աջակցում է նրանց:
III. Դեսպանության ստեղծումը, կառուցվածքը ԵՎ նրա գործունեության ղեկավարումը
9. Դեսպանությունն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
10. Դեսպանության անձնակազմի թիվը և հաստիքացուցակը սահմանում է նախարարությունը՝ ղեկավարվելով դեսպանընկալ պետության հետ ձեռք բերված համաձայնությամբ:
11. Դեսպանության դիվանագիտական ծառայության մարմնի պաշտոններում նշանակումները, ինչպես նաև աշխատողների ռոտացիան իրականացվում են «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
12. Դեսպանության կառուցվածքը հաստատում է նախարարությունը:
13. Դեսպանությունում կարող են ստեղծվել արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության, երկկողմ հարաբերությունների, տնտեսական աշխատանքների, գիտության և տեխնիկայի, մամուլի և տեղեկատվության, մշակույթի, հումանիտար կապերի, հյուպատոսական, ֆինանսատնտեսական, արարողակարգային, սփյուռքի հետ կապերի հարցերով և այլ բաժիններ (խմբեր):
14. Դեսպանության տրամադրության տակ գտնվում են կապի փակ և բաց միջոցներ, որոնցով հաղորդակցվում է նախարարության հետ: Կապի այդ միջոցների օգտագործման կարգը սահմանում է նախարարությունը:
15. Դեսպանության բաժինների (խմբերի) խնդիրները, այդ թվում՝ աշխատողների ծառայողական հրահանգները սահմանում է դեսպանը:
16. Դեսպանության հյուպատոսական բաժնի գործունեությունը կարգավորվում է միջազգային իրավունքի նորմերով, «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և նախարարության հրահանգներով ու ցուցումներով:
17. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան դեսպանությանը կից կարող են գործել նաև այլ ներկայացուցչություններ կամ հաստատություններ:
18. Դեսպանընկալ պետության հետ պայմանավորվածության համաձայն դեսպանությանը կից կարող են հիմնվել զինվորական կցորդություններ, որոնք ղեկավարվում են պաշտպանության հարցերով կամ ռազմական կցորդի կողմից: Դեսպանընկալ պետությունում նշված պաշտոններն զբաղեցնող անձանց տրվում է դիվանագիտական կարգավիճակ:
19. Դեսպանությունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից: Դեսպանն անմիջականորեն ղեկավարում է դեսպանության աշխատանքները, անձնական պատասխանատվություն է կրում դեսպանության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար, դեսպանության աշխատողների միջև բաշխում է պաշտոնական պարտականությունները:
20. Դեսպանն ապահովում է դեսպանությանն ամրակցված պետական միջոցների ռացիոնալ օգտագործումը և հետևում ֆինանսական կարգապահությանը, ինչպես նաև ապահովում է անհրաժեշտ պայմաններ՝ դեսպանության անձնակազմի կանոնավոր աշխատանքների համար, սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ նրա գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ:
21. Դեսպանի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականություններն ամբողջությամբ կատարում է գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին նշանակում է դեսպանը՝ ավագ դիվանագիտական աշխատողներից՝ նախարարի համաձայնությամբ:
IV. Եզրափակիչ դրույթներ
22. Դեսպանությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կլոր կնիք, դրոշմ ու ձևաթուղթ, կարող է բանկերում ունենալ հաշիվներ:
23. Դեսպանության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողամասերը, շենքերը, շինությունները և այլ գույքն ամրակցվում են իրեն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Դեսպանությունն իրեն ամրակցված գույքը սահմանված կարգով տիրապետում, օգտագործում և տնօրինում է՝ հաշվի առնելով դեսպանընկալ պետության օրենսդրությունը:
24. Դեսպանությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև այլ աղբյուրներից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
25. Դեսպանությունը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ տվյալ օտարերկրյա պետության հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու, դեսպանության պահպանումը որևէ պատճառով նպատակահարմար չլինելու, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերով սահմանված այլ դեպքերում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|