Գլխավոր տեղեկություն
Номер
N 2-ՊՊ
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (30.08.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.09.15/19(562)
Принят
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Дата принятия
30.08.2016
Подписан
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Дата подписания
30.08.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

30 օգոստոսի 2016 թ.

 N 2-ՊՊ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, ինչպես նաև երեխայի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու բնագավառում ծագած հարցերի հստակեցման նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ 2005 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիության արգելքը վերացել է, որի հետևանքով մինչև 2005 թվականը օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող երեխան իրավունք է ստացել ձեռք բերել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն`

1) եթե նա ծնվել է Հայաստանի Հանրապետությունում կամ,

2) եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ

3) եթե ծնողները մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում:

Օրենքի 11-րդ հոդվածում նշված «համաձայնություն» տերմինը վերաբերում է միայն երեխայի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համաձայնությանը, քանի որ օրենքը կարգավորում է բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հետ կապված հարաբերությունները: Ընդ որում, ծնողների կողմից համաձայնության բացակայություն է համարվում ինչպես ծնողների ունեցած փաստացի անհամաձայնությունը երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ, այնպես էլ ծնողներից մեկի կամարտահայտման բացակայությունն ընդհանրապես:

Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված դեպքերում երեխան կարող է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերել նաև այն դեպքում, երբ ունի այլ պետության քաղաքացիություն: Հետևաբար, նույնիսկ երկու ծնողների համաձայնությամբ երեխայի` այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու հանգամանքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար:

 

Գեներալ-լեյտենանտ

Վ. Գասպարյան