Գլխավոր տեղեկություն
Номер
N 1766-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.12.2002-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.12.04/53(228) Հոդ.1238
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.11.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.11.2002
Дата вступления в силу
05.12.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2002 թվականի N 1766-Ն

 

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության «Պարենային արտադրության աճ» 2KR ծրագրի շրջանակներում իրականացվելիք դրամաշնորհային ծրագիրը բարեգործական որակելու մասին» N 1262-Ա որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2002 թվականի մարտի 6-ին փոխանակված հայտագրի համաձայն տրամադրված դրամաշնորհի հաշվին Հայաստանի Հանրապետություն ներկրված «SAMPO SR-2035» մակնիշի 7 հացահատիկահավաք կոմբայնը, «BICCHI 3690-S» մակնիշի 7 հավաքիչ-մամլիչը, «NEW HOLLAND 55-56 DT» մակնիշի 28 տրակտորը՝ համապատասխան գյուղատնտեսական գործիքներով ու պահեստամասերով, իրացնել բաց աճուրդով։

2. Սահմանել, որ՝

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից 2000 թվականի օգոստոսի 2-ին կնքված պահառության պայմանագրի համաձայն «Նուռնուս» բաց բաժնետիրական ընկերության կողմից իրականացված ծախսերը (ապրանքի ստացման, մաքսային ձևակերպման, բեռնաթափման, ապակոնսերվացման, հավաքման, կարգաբերման և պահպանման համար) հատուցվում են գյուղատնտեսական տեխնիկայի իրացումից գոյացած միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված նախահաշվի.

բ) աճուրդի կազմակերպիչն ընտրվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.

գ) աճուրդն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով.

դ) գյուղատնտեսական տեխնիկայի աճուրդով վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.

ե) աճուրդով վաճառվող գյուղատնտեսական տեխնիկայի իրացումից գոյացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին՝ Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար.

զ) առաջիկա 5 տարվա ընթացքում աճուրդով գնված՝ նշված գյուղատնտեսական տեխնիկայի արտահանման դեպքում սեփականատերը պարտավոր է վճարել դրա իրական (ինվոյսային) և աճուրդային վաճառքի գների տարբերությունը՝ հանած շահագործման յուրաքանչյուր տարվա մաշվածության գումարը՝ սահմանված նորմատիվային չափին համապատասխան։

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել ստացված գյուղատնտեսական տեխնիկայի բեռնաթափումը, ապակոնսերվացումը, հավաքումը, կարգաբերումը և պահպանումը։

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրել աճուրդն իրականացնող գործակալ՝ կնքելով գործակալության պայմանագիր.

բ) գործակալի կողմից կատարված ծախսերը փոխհատուցել սույն որոշման 2-րդ կետի «ե» ենթակետում նշված հատուկ հաշվից.

գ) 10-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկան աճուրդով իրացնելու կարգը։

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսական տեխնիկան 3 ամսվա ընթացքում չիրացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրանց հետագա տնօրինման վերաբերյալ։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 15
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան