ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
30 մայիսի 2016 թ. |
N 1 |
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 128-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 4-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԵՐՈՎ ԵՎ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 29-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է սահմանում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու, իսկ նույն հոդվածի 4-րդ մասը, ի թիվս այլ իրավախախտումների, պատասխանատվություն է սահմանում նաև ուժը կորցրած վարորդական վկայականով տրանսպորտային միջոցներ վարելու համար:
Նույն հոդվածի 7-րդ մասով մասով սահմանված է, որ «Սույն օրենսգրքի իմաստով անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի:»:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ անձի վարորդական վկայականը համարվում է ուժը կորցրած, եթե լրացել է վարորդական իրավունքի գործողության ժամկետը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «է» կետի համաձայն՝ գրավոր վարչական ակտը պետք է պարունակի ակտի գործողության ժամկետը, եթե ակտն ընդունվում է որոշակի ժամկետով: Նույն օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Որոշակի ժամկետով ընդունված գրավոր վարչական ակտը գործում է մինչև տվյալ ակտով նախատեսված ժամկետի լրանալը:»:
Այսինքն, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանում է միայն վարորդական վկայականն ուժը կորցնելու, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ միայն վարչական ակտի գործողության ժամկետը լրանալու վերաբերյալ դրույթներ, և դրանցից ոչ մեկը չեն տալիս «տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձ» սահմանումը:
Վերոգրյալից հետևում է, որ վարորդական վկայականի գործողության ժամկետը լրացած վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար վարչական պատասխանատվությունը սահմանված է ոչ թե Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին, այլ 4-րդ մասով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 7-րդ մասերով, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով ու 61-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթների տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պաշտոնապես պարզաբանում է.
1. Անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից և զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի:
2. Վարորդական վկայականի գործողության ժամկետը լրանալու դեպքում անձը չի համարվում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող:
Գեներալ-լեյտենանտ |
Վ. Գասպարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|