Գլխավոր տեղեկություն
Номер
N 6
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (02.06.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.06.15/16(528)
Принят
Ֆինանսների նախարար
Дата принятия
02.06.2015
Подписан
Ֆինանսների նախարար
Дата подписания
02.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

2 հունիսի 2015 թ.

N 6

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին անդամակցելու հետ կապված Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման գործարքներից ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման հետ կապված համապատասխան կարգավորումներ սահմանված են պայմանագրի անբաժանելի մաս համարվող՝ «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման և դրանց վճարման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» 18-րդ հավելվածով ներկայացված արձանագրությամբ, «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» (այսուհետ` «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին») և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 6.1-րդ հոդվածի համաձայն` ԱՏԳ ԱԱ դասակարգչի որոշ ծածկագրերին դասվող ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետները հետաձգվում են այդ հոդվածով սահմանված համապատասխան ժամկետներով: Օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված են նաև հետաձգված ԱԱՀ-ի գումարների վճարման, դրանց նկատմամբ հսկողություն իրականացման, տույժերի հաշվարկման և վճարված գումարների հաշվանցմանը վերաբերող համապատասխան դրույթներ:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-րդ հոդվածի դրույթների կիրառման վերաբերյալ` պաշտոնապես պարզաբանում եմ.

1. ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում Օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված ԱԱՀ-ի գումարների վճարման հետաձգման ժամկետը որոշվում է հիմք ընդունելով ներմուծման հարկային հայտարարագրում արտացոլված «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով որոշվող այդ ապրանքների հարկման բազայի մեծությունը: Անկախ «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ծանուցագրի ներկայացման հանգամանքից ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման համար հիմք է ընդունվում հետաձգման ժամկետը կիրառելու օրվա դրությամբ հարկային մարմին ներմուծողի ներկայացրած ներմուծման հարկային հայտարարագրում լրացված հարկման բազայի մեծությունը:

2. Օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման ժամանակաշրջանի սկիզբ է համարվում`

1) ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրի գրանցման ամսաթիվը (օրը),

2) ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում` ներմուծման հարկային հայտարարագրի ներկայացման ամսաթիվը, բայց ոչ ուշ, քան տվյալ ապրանքների ներմուծման օրվան (ապրանքները ՀՀ տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրվան) հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

3. Օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն` հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե`

1) մինչև հետաձգման ժամկետը լրանալու օրը, կամ

2) հետաձգումը դադարեցնելու օրվանից 10-օրյա ժամկետում: Օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգումը դադարեցվում է (ԱԱՀ-ի վճարման պարտավորությունն առաջանում է) հարկ վճարողի կողմից մաքսային մարմիններին, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով՝ հարկային մարմիններին ներկայացված գրավոր հայտարարությամբ` հայտարարությունում նշված ԱԱՀ-ի գումարի չափով: Հետաձգումը դադարեցնելու օր է համարվում հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող օրը:

4. Օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված ժամկետում ԱԱՀ-ի գումարները չվճարվելու դեպքում օրենքով սահմանված տույժերի հաշվարկումը և այդ գումարների նկատմամբ հսկողությունն իրականացնում է մաքսային մարմինը, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով՝ հարկային մարմինը: Հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և սահմանված ժամկետում չվճարված գումարների նկատմամբ հաշվարկված տույժերը վճարվում են որպես մաքսային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրվող գումարներ, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով՝ որպես հարկային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրվող գումարներ:

5. ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում, որոնց մասով հարկային մարմիններին վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված համապատասխան ժամկետներով, հարկային մարմին ներկայացվում է ներմուծման հարկային հայտարարագիր` լրացնելով նաև ԱԱՀ-ի գումարը, ու ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարություն` հայտարարությունում լրացնելով «льгота» բառը (հայտարարությունում այդ ապրանքների մասով ԱԱՀ-ի գումար չի լրացվում):

6. Օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված ապրանքների ներմուծման դեպքում ապրանքների ներմուծման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկում (հաշվարկի 15-րդ կետի [Ա] վանդակում) արտացոլվում է միայն մաքսային արժեքով, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում միայն հարկման բազան, իսկ հետաձգված ԱԱՀ-ի գումարը ԱԱՀ-ի հաշվարկում չի արտացոլվում (օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն վճարումը հետաձգված ԱԱՀ-ի գումարը հաշվարկի 15-րդ կետի [Բ] վանդակում չի ներառվում):

7. Օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ վճարման պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկում` որպես ներմուծված ապրանքների մասով պետական բյուջեի հանդեպ պարտավորության գումարներ, արտացոլվում են պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները (ԱԱՀ-ի հաշվարկի 18-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է ներմուծված ապրանքների մաքսային արժեքը և հարկման բազան, իսկ [Բ] վանդակում` առաջացած ԱԱՀ-ի պարտավորության գումարը): ԱԱՀ-ի հաշվարկի 18-րդ կետում արտացոլված գումարները հաշվետու ժամանակաշրջանի Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացրած ԱԱՀ-ով հարկվող գործարքների համար ԱԱՀ-ի պարտավորության ընդհանուր գումարի հաշվարկմանը չեն մասնակցում:

ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացվում է անկախ օրենքի 6.1-րդ հոդվածին համաձայն պետական բյուջե ԱԱՀ-ի գումարների վճարման պարտավորություն առաջանալու պահին հետաձգման արտոնությունից օգտված անձի ԱԱՀ վճարող համարվելու կամ չհամարվելու հանգամանքից: Տվյալ դեպքում ԱԱՀ վճարող չհամարվող անձինք պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ հաշվարկում լրացնում են հաշվարկի միայն 18-րդ կետի [Ա] և [Բ] վանդակները` առանց 16.2 կետի [Ա] վանդակի լրացման:

8. Օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն պետական բյուջե վճարված, իսկ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների դեպքում` վերադարձի վերաձևակերպված գումարները ԱԱՀ վճարող համարվող անձանց կողմից հաշվանցվում են, դրանց մարման հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով, որպես ներմուծված ապրանքների համար վճարված գումարներ` օրենքով սահմանված դեպքերում, կարգով և չափերով (հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները արտացոլելով ԱԱՀ-ի հաշվարկի 16.2 կետի [Ա] վանդակում` որպես ԱԱՀ-ի դեբետի ավելացում):

9. Մինչև 2015 թվականի հունվարի 1-ը ներմուծված ապրանքների նկատմամբ, որոնց մասով օրենքի 6.1-րդ հոդվածի` մինչև 2015 թվականի հունվարի 1-ը գործող խմբագրության համաձայն հետաձգված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը լրանում է 2015 թ. հունվարի 1-ից (ներառյալ) հետո և ԱԱՀ-ի վճարման հետաձգման ժամկետը չի դադարել օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմքերով մինչև 2014 թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ, սահմանված ժամկետում ԱԱՀ-ի գումարները չվճարելու դեպքում օրենքով սահմանված կարգով տույժերի հաշվարկը և այդ գումարների նկատմամբ հսկողությունն իրականացվում է մաքսային մարմինների կողմից և այդ գումարները վճարվում են որպես մաքսային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրվող գումարներ: Այդ ապրանքների մասով հետաձգված ԱԱՀ-ի գումարները վճարվում են մինչև հետաձգման ժամկետը լրանալու օրը, կամ մաքսային մարմիններին հարկ վճարողի կողմից ներկայացված գրավոր հայտարարության հիման վրա ժամկետի հետաձգումը դադարեցնելու օրվանից 10-օրյա ժամկետում:

10. Մինչև օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված ԱԱՀ-ի գումարների վճարման հետաձգման ժամկետների լրանալը իրավաբանական անձի գործունեության դադարեցման (լուծարման) կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանման դեպքերում հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե մինչև իրավաբանական անձի գործունեության դադարեցումը (լուծարումը) կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանելը:

 

Նախարար`

Գ. Խաչատրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան