Գլխավոր տեղեկություն
Номер
N 1315-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.09.2002-21.07.2005)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.09.25/41(216) Հոդ.935
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.08.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.09.2002
Дата вступления в силу
26.09.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

5 սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2002 թվականի N 1315-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

4. Սահմանել, որ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը կրթական, գիտական, փորձագիտական, խորհրդատվական, ուսումնագիտաարտադրական, հրատարակչական գործունեության իրականացումն է:

5. Թույլատրել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

ե) ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

զ) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

է) սովորողների հանրային սննդի կազմակերպում.

ը) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

թ) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում.

ժ) սովորողների և աշխատողների հանգստի կազմակերպում.

ժա) մշակութային գործունեության ծավալում:

6. «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տնօրինության շենքերը, շինությունները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն ամրացնել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անհատույց օգտագործման իրավունքով:

7. Սահմանել, որ`

ա) մինչև վերակազմակերպումը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի վերակազմակերպումից հետո ներառվում են «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում.

բ) մինչև վերակազմակերպումը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին թեմատիկ ֆինանսավորման մասով հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված վճարման հանձնարարագրերի ու կանխիկ գումարի ստացման հայտերի հիման վրա` առանց լրացուցիչ հիմնավորող փաստաթղթերի ներկայացման.

գ) Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան ստեղծելու մասին» N 670 որոշման 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության հաստատման մասին» N 545, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի N 670, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 2-ի N 545 որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 338, 1999 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի N 670, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 2-ի N 545 և 1997 թվականի օգոստոսի 14-ի N 338 որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 183 և 2001 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի N 670 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 14-ի N 338 որոշումներում լրացումներ ու փոփոխություն կատարելու մասին» N 746 որոշումները:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 26
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 8-ի N 1315-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` համալսարան) կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է ճարտարագիտական, ճարտարագիտատնտեսագիտական ու բնագիտական, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` միջին, բարձրագույն ու հետբուհական մասնագիտական մակարդակներում` օրենքով նախատեսված կարգով և կրթական ծրագրերին համապատասխան:

2. Համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. Համալսարանը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, պետական ոչ առևտրային, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կրթական ու գիտական կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ իրեն ամրագրված խնդիրներին համապատասխան իրավունքներ ու պարտականություններ:

Համալսարանը կարող է իր գործունեության նպատակներին համապատասխան իրականացնել ուսումնական, հետազոտական, խորհրդատվական, փորձագիտական, գիտաարտադրական վճարովի ծառայություններ և ուսուցում` օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Համալսարանն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների ու ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ:

Համալսարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք և մեդալ:

4. Համալսարանի անվանումն է`

հայերեն լրիվ` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան,

հայերեն կրճատ` ՀՊՃՀ,

ռուսերեն լրիվ` Государственный инженерный университет Армении,

ռուսերեն կրճատ` ГИУА,

անգլերեն լրիվ` State Engineering University of Armenia,

անգլերեն կրճատ` SEUA.

5. Համալսարանի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 375009, Տերյան 105:

Համալսարանն ունի մասնաճյուղեր Գյումրիում, Վանաձորում, Կապանում և Գորիսում:

 

II. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

6. Համալսարանի հիմնական նպատակներն են`

ա) կրթական-հետազոտական ծրագրերի ստեղծումն ու իրականացումը և ծառայությունների մատուցումը` Հայաստանի Հանրապետության տնտեսության և հասարակության կրթական ու տեխնոլոգիական կարիքներն առավելագույնս բավարարելու նպատակով.

բ) ուսանողների կյանքին, կարիերայի ընտրությանը, մասնագիտական առաջընթացին նախապատրաստելը` փոփոխվող սոցիալ-տնտեսական պայմաններում գործելու համար.

գ) նպաստավոր միջավայրի ստեղծումը` անհատի համակողմանի զարգացման, ազգային մտածելակերպով ու նկարագրով օժտված մտավորականի և քաղաքացու ձևավորման համար:

7. Համալսարանի հիմնական խնդիրներն են`

ա) բարձրագույն կրթությամբ որակյալ մասնագետների պատրաստումը ճարտարագիտության, ճարտարագիտատնտեսագիտության և բնագիտության բնագավառներում.

բ) բարձրագույն որակավորմամբ գիտամանկավարժական կադրերի պատրաստումը.

գ) մասնագետների վերապատրաստումը և որակավորման բարձրացումը.

դ) տեխնիկական և այլ գիտությունների բնագավառներում գիտական, գիտամեթոդական, ուսումնամեթոդական հետազոտությունների ու գիտատեխնիկական աշխատանքների իրականացումը.

ե) ուսումնական և գիտատեխնիկական գրականության ստեղծումն ու հրատարակումը, գիտելիքների տարածումը:

8. Առաջադրված խնդիրներին համապատասխան` համալսարանն իրավասու է`

ա) որոշելու իր կառուցվածքը.

բ) սահմանված կարգով, լիազորված պետական մարմնի համաձայնությամբ, ստեղծելու դեպարտամենտներ, բաժանմունքներ և կառուցվածքային այլ ստորաբաժանումներ, իսկ հիմնադրի որոշմամբ` ունենալու նաև հիմնարկներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ.

գ) պետական կրթական չափորոշիչների համաձայն մշակելու ուսումնական պլաններ և առարկայական ծրագրեր.

դ) շնորհելու մասնագիտական կրթության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված որակավորման աստիճաններ, համալսարանի պատվավոր կոչումներ, սահմանելու մրցանակներ, կրթաթոշակներ.

ե) իր կողմից կնքված պայմանագրերի հիման վրա` իրականացնելու երկկողմանի ու բազմակողմանի ուղղակի կապեր Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների համալսարանների, գիտական կազմակերպությունների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ, կատարելու համատեղ աշխատանքներ (կադրերի վերապատրաստում, ուսանողների և ասպիրանտների ուսուցում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային-լուսավորչական և այլ գործունեություն, գիտական խորհրդակցությունների ու արշավախմբերի կազմակերպում, բնակչությանը վճարովի ծառայությունների մատուցում և այլն).

զ) իրականացնելու հրատարակչական գործունեություն, ստեղծելու հրատարակչություն և տպարան.

է) կազմակերպելու մագիստրանտների, ասպիրանտների, դոկտորանտների, հայցորդների ընդունելություն, այլ բուհերի ուսանողների փոխադրում համալսարան, ընդունելություն` երկրորդ մասնագիտությամբ ուսուցման, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրերով.

ը) վարձակալության հանձնելու ամրացված գույքը` օրենքով սահմանված կարգով.

թ) տնօրինելու իր ֆինանսական միջոցները.

ժ) ստեղծելու մարզաառողջարարական բազաներ, մանկապարտեզ, սննդի և այլ սոցիալական օբյեկտներ:

9. Համալսարանն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական կրթության կազմակերպում.

բ) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում.

դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

ե) ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

զ) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

է) սովորողների հանրային սննդի կազմակերպում.

ը) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

թ) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում.

ժ) սովորողների և աշխատողների հանգստի կազմակերպում.

ժա) մշակութային գործունեության ծավալում:

10. Համալսարանում արհեստակցական միության և այլ հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իրենց կանոնադրություններով:

 

III. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

11. Համալսարանի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան: Հիմնադիրն ունի համալսարանի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Համալսարանի ընդհանուր կառավարումն իրականացնում է լիազորված պետական մարմինը:

12. Համալսարանի կառավարումը հիմնված է ինքնավարության, միանձնյա և կոլեգիալ կառավարման զուգակցման, ինչպես նաև կարևորագույն հարցերի լուծմանը համալսարանի կոլեկտիվի մասնակցության սկզբունքների վրա:

13. Համալսարանի հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման հասարակական մարմինն է, որի նպատակը ֆինանսական միջոցների, նյութատեխնիկական բազայի և արտաքին կապերի զարգացմանը նպաստելն է:

14. Հոգաբարձուների խորհուրդը`

ա) լսում է ռեկտորի հաղորդումը տվյալ ուսումնական տարում համալսարանի գործունեության մասին.

բ) քննարկում է համալսարանի զարգացման հիմնախնդիրները և աջակցում դրանց լուծմանը.

գ) իրավասու է համալսարանի ստորաբաժանումներից և պաշտոնատար անձանցից պահանջելու տեղեկատվություն, որն անհրաժեշտ է իր լիազորություններն իրականացնելու համար.

դ) իր իրավասության սահմաններում ներկայացնում է համալսարանն այլ կազմակերպություններում:

15. Հոգաբարձուների խորհուրդը կարող է ունենալ 25-35 անդամ: Խորհրդի անդամներին (հոգաբարձուներին) նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հոգաբարձու կարող է լինել Հայաստանի Հանրապետության` 20 տարին լրացած ցանկացած քաղաքացի կամ օտարերկրյա քաղաքացի:

16. Հոգաբարձուների խորհրդի` ի պաշտոնե անդամներ են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը, Երևանի քաղաքապետը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետն ու համալսարանի ռեկտորը:

17. Հոգաբարձուները նշանակվում են 3-5 տարի ժամկետով, ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ` շրջափոխման սկզբունքով: Հոգաբարձուների խորհրդի անդամների առնվազն 1/5-ը համալսարանի ներկայացուցիչներն են:

18. Հոգաբարձուների խորհրդի նիստը համարվում է իրավազոր` նրա անդամների պարզ մեծամասնության ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների 2/3-ով:

19. Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է` կոլեկտիվի ներկայացուցչական ժողովը, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է` այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի կազմը չի կարող գերազանցել համալսարանի աշխատողների թվի 10 տոկոսը: Խորհրդի անդամների 65 տոկոսը պետք է կազմեն դասախոսները և գիտական աշխատողները, 25 տոկոսը` ուսանողները, մնացածը` այլ աշխատողներ: Խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (խորհրդակցական ձայնի իրավունքով), պրոռեկտորները, մասնաճյուղերի, համալսարանական քոլեջների, ավագ դպրոցների և գրադարանի տնօրենները, դեպարտամենտների վարիչները, գլխավոր հաշվապահը, արհեստակցական միությունների ու ուսանողական խորհրդի նախագահները, համալսարանի կազմում գործող այլ ստորաբաժանումների ղեկավարները և գիտական խորհրդի մյուս անդամները: Խորհրդի մնացած անդամներն ընտրվում են համալսարանի կոլեկտիվի կողմից` ըստ ստորաբաժանումների, ռեկտորատի սահմանած համամասնությամբ:

20. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան 2 անգամ: Դրանք համարվում են իրավազոր` խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում: Խորհրդի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամաններով: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

21. Խորհուրդը`

ա) ընտրում է նախագահ.

բ) հաստատում է իր աշխատակարգը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում ու հաստատում է ռեկտորի ընտրության կանոնակարգը և կազմակերպում ռեկտորի ընտրությունը.

դ) ռեկտորի ներկայացմամբ հաստատում է համալսարանի զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության գլխավոր ուղղությունները.

ե) քննարկում և սահմանված կարգով լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ համալսարանի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ.

զ) սահմանված կարգով լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ համալսարանի տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ.

է) քննարկում է համալսարանի տարեկան գործունեության մասին ռեկտորի հաշվետվությունը և հաստատում այն.

ը) քննարկում ու հաստատում է համալսարանի հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները:

22. Համալսարանի գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող և կարգավորող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

23. Համալսարանի գիտական խորհուրդը`

ա) հաստատում է իր կանոնակարգը.

բ) հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում, ռեկտորի ներկայացմամբ, հաստատում է վճարովի հիմունքներով ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերը.

գ) քննարկում է համալսարանի ուսումնական մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկերը.

դ) հաստատում է ուսումնական պլաններն ըստ մասնագիտությունների` դրանք ներկայացնելով լիազորված մարմին.

ե) որոշում է շրջանավարտների համար ըստ կրթական ծրագրերի ամփոփիչ ատեստավորման պահանջները.

զ) հաստատում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հաստիքացուցակը, կազմակերպում թափուր տեղերի թեկնածուների մրցութային ընտրությունը, քննարկում միջտարակարգային առաջքաշման հարցերը.

է) ներկայացնում է առաջարկություններ հիմնարկներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ ստեղծելու վերաբերյալ, ինչպես նաև ընդունում է որոշումներ բաժանմունքներ, դեպարտամենտներ, ամբիոններ, կառուցվածքային այլ ստորաբաժանումներ ստեղծելու մասին.

ը) սահմանում և շնորհում է համալսարանի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, ներկայացնում թեկնածություններ` գիտական կոչումների, հանրապետական ու միջազգային մրցանակների և պարգևների համար.

թ) քննարկում և ռեկտորի հաստատմանն է ներկայացնում համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնակարգերը.

ժ) քննարկում է համալսարանի մասնաճյուղերի տարեկան գործունեության մասին հաշվետվությունները.

ժա) քննարկում է համալսարանի արտասահմանյան կապերի ուղղությունները, միջազգային համագործակցության ծրագրերը և համալսարանի կողմից կնքվող միջազգային պայմանագրերի նախագծերը.

ժբ) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող և համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպմանն առնչվող այլ լիազորություններ:

24. Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 80-ը:

25. Գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, համալսարանի մասնաճյուղերի տնօրենները, համալսարանի գիտական քարտուղարը, դեպարտամենտների վարիչները, գրադարանի տնօրենը, ուսանողական խորհրդի նախագահը` ի պաշտոնե: Ի պաշտոնե, ինչպես նաև ռեկտորի առաջարկությամբ ընտրված անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի անդամների թվի 50 տոկոսը: Գիտական խորհրդի մնացած անդամներն ընտրվում են համալսարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից` ռեկտորի հաստատած թվաքանակներով և կարգով:

26. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր` նրա անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Որոշումներն ընդունվում են գիտական խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե գիտական խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունել, և կենսագործվում են ռեկտորի հրամաններով:

27. Համալսարանի զարգացման հիմնական ուղղությունները մշակելու և գիտական խորհրդի գործունեության անընդհատությունն ապահովելու նպատակով գիտական խորհրդին կից, նրա որոշմամբ, ստեղծվում են մշտական հանձնաժողովներ, որոնց կազմերը հաստատում է ռեկտորը` 3-5 տարի ժամկետով: Հանձնաժողովների կառուցվածքը և աշխատակարգը սահմանվում են գիտական խորհրդի կանոնակարգով:

28. Ռեկտորատը ռեկտորին կից գործող խորհրդակցական մարմին է, որը համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում իր կանոնակարգի համաձայն և իր լիազորությունների սահմաններում քննարկում է համալսարանի գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը:

29. Ռեկտորատի կազմում ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորները, գիտական քարտուղարը, գլխավոր հաշվապահը, արհեստակցական միության և ուսանողական խորհրդի նախագահները, մասնաճյուղերի տնօրենները, դեպարտամենտների վարիչները և ռեկտորի որոշմամբ` համալսարանի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Ռեկտորատի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամաններով:

30. Համալսարանի ընթացիկ ղեկավարումը, իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրությանը համապատասխան, իրականացնում է ռեկտորը, որն ընտրվում է հինգ տարի ժամկետով:

31. Համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը:

32. Ռեկտորի ընտրությունները կատարվում են խորհրդի կողմից սահմանված կարգով` փակ գաղտնի քվեարկությամբ: Ռեկտորի լիազորությունները դադարեցվում են օրենքով սահմանված կարգով:

33. Համալսարանի ռեկտորը`

ա) ղեկավարում է համալսարանի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեություն, առանց լիազորագրի հանդես է գալիս համալսարանի անունից ու ներկայացնում նրա շահերը.

բ) կազմակերպում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.

գ) հրավիրում է համալսարանի գիտական խորհրդի ու ռեկտորատի նիստեր.

դ) համալսարանի խորհրդի հաստատմանն է ներկայացնում տարեկան հաշվետվություն.

ե) ապահովում է համալսարանի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.

զ) սահմանում է համալսարանի կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

է) սույն կանոնադրությանը համապատասխան կնքում է աշխատանքային պայմանագրեր սահմանված կարգով ընտրված մասնաճյուղերի տնօրենների, դեպարտամենտների, բաժանմունքների, ամբիոնների (սեկտորների) վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի հետ.

ը) արձակում է հրամաններ ուսանողների ընդունելության, նրանց նույն կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու և որակավորման աստիճաններ շնորհելու մասին.

թ) պաշտոնի նշանակում ու պաշտոնից ազատում է համալսարանի պրոռեկտորներին, համալսարանի հիմնարկների, առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտներն ու իրավասությունները.

ժ) պետական լիազորված մարմնի համաձայնությամբ կնքում է խոշոր գործարքներ.

ժա) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

34. Պրոռեկտորներն իրականացնում են համալսարանի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարությունը` ռեկտորի հանձնարարություններին և հրամաններին համապատասխան: Ռեկտորի լիազորությունների ժամկետն ավարտվելու կամ դրանք վաղաժամկետ դադարեցվելու դեպքում պրոռեկտորները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը` մինչև նոր ռեկտորի նշանակումը:

Համալսարանի ռեկտորը և պրոռեկտորներն իրավունք ունեն կատարելու վճարովի գիտամանկավարժական աշխատանք` համատեղության կարգով: Լիազորությունների ժամկետի ավարտից հետո նրանք համալսարանում ապահովվում են իրենց գիտամանկավարժական որակավորմանը համապատասխան պաշտոնով:

35. Համալսարանում բոլոր ընտրովի պաշտոններն զբաղեցվում են պայմանագրային հիմունքներով` պաշտոններում ընտրված թեկնածուների հետ կնքված ժամկետային պայմանագրերի հիման վրա: Համալսարանում չի թույլատրվում նույն անձին միաժամանակ զբաղեցնել երկու ղեկավար պաշտոն:

36. Համալսարանի ռեկտորը գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով համալսարանին պատճառված վնասի համար:

 

IV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

37. Համալսարանը բաղկացած է կենտրոնական և մասնաճյուղային կրթահամալիրներից:

Կրթահամալիրը համալսարանի կամ նրա մասնաճյուղի գտնվելու վայրում տեղաբաշխված` տարբեր կրթական ծրագրեր իրականացնող կրթական միավորում է, որի կազմում գործում են այլ ուսումնական հաստատություններ` դպրոցներ, համալսարանական քոլեջներ և այլն:

Կրթահամալիրի գործունեության սկզբունքները և դրա կազմում գործող ուսումնական հաստատությունների փոխհարաբերությունները կարգավորվում են համալսարանի (մասնաճյուղի) և միավորման մյուս հաստատությունների կանոնադրություններով ու այդ հաստատությունների` համալսարանի (մասնաճյուղի) հետ կնքած պայմանագրերով:

38. Համալսարանի կառուցվածքը սահմանվում է ռեկտորի կողմից` գիտական խորհրդի առաջարկությամբ: Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներ են համարվում` դեպարտամենտները, բաժանմունքները, ամբիոնները (սեկտորները), գրադարանը, հրատարակչությունը, գիտական կենտրոնները և այլ ստորաբաժանումներ: Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և իրենց կանոնակարգերով:

39. Համալսարանի դեպարտամենտը (այսուհետ` դեպարտամենտ) համալսարանի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործընթացը կազմակերպող հիմնական ստորաբաժանումն է, որն իրականացնում է մասնագետների պատրաստումը` մեկ կամ մեկից ավելի հարակից մասնագիտությունների գծով, և (կամ) ընդհանուր ճարտարագիտական կրթության առանձին բաղադրամասերի ուսուցումը:

40. Դեպարտամենտն ստեղծվում, վերակազմակերպվում և վերացվում է ռեկտորի կողմից` գիտական խորհրդի առաջարկությամբ:

41. Դեպարտամենտը կազմված է ամբիոններից (սեկտորներից), լաբորատորիաներից և այլ ուսումնական ու գիտական օղակներից: Դեպարտամենտն ինքնուրույն է տնօրինում իրեն հատկացված ֆինանսական միջոցները:

42. Դեպարտամենտի կառուցվածքը, իրավասությունն ու գործունեության սկզբունքները կարգավորվում են սույն կանոնադրությամբ և համալսարանի դեպարտամենտի օրինակելի կանոնակարգով, որը հաստատում է համալսարանի ռեկտորը գիտական խորհրդի առաջարկությամբ:

43. Դեպարտամենտի կառավարման մարմիններն են դեպարտամենտի ժողովը և դեպարտամենտի վարիչը: Դեպարտամենտի ժողովի անդամներ են դեպարտամենտի հիմնական հաստիքային դասախոսները` պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները, դասախոսները, ինչպես նաև դեպարտամենտի ուսանողական համակազմի ներկայացուցիչներ` ժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 25 տոկոսի չափով: Դեպարտամենտի մյուս աշխատողները կարող են մասնակցել դեպարտամենտի ժողովին` խորհրդակցական ձայնի իրավունքով:

44. Դեպարտամենտի ժողովը`

ա) ընտրում է դեպարտամենտի վարիչին և նրա ամբիոնների (սեկտորների) վարիչներին.

բ) գիտական խորհուրդ ներկայացնում է առաջարկություններ ամբիոններ (սեկտորներ) և այլ ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու և վերացնելու վերաբերյալ.

գ) հաստատում է դեպարտամենտի ֆինանսական միջոցների տարեկան նախահաշիվը, դեպարտամենտի տարեկան աշխատանքային պլանը և տարեկան հաշվետվությունը.

դ) քննարկում և գիտական խորհուրդ է ներկայացնում դեպարտամենտի թափուր պրոֆեսորադասախոսական հաստիքների զբաղեցման համար ներկայացված թեկնածուների մասին երաշխավորությունները.

ե) ընտրում է համալսարանի գիտական խորհրդում դեպարտամենտի ներկայացուցիչներին.

զ) լուծում է սույն կանոնադրությունից բխող` դեպարտամենտի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեությանն առնչվող այլ հարցեր:

45. Դեպարտամենտը ղեկավարում է դեպարտամենտի վարիչը, որի թեկնածությունն առաջադրում է դեպարտամենտի ժողովը` մրցութային ընտրության արդյունքների հիման վրա: Առաջադրված թեկնածուին պաշտոնի է նշանակում համալսարանի ռեկտորը` համալսարանի գիտական խորհրդի առաջարկությամբ, մինչև 5 տարի ժամկետով:

46. Դեպարտամենտի վարիչը ղեկավարում է դեպարտամենտի ուսումնական, գիտաարտադրական, միջազգային և այլ գործունեություն, ապահովում դեպարտամենտի ժողովի որոշումների կատարումը, ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեպարտամենտի վարիչի տեղակալների թեկնածուներին, սահմանված կարգով ռեկտորին է ներկայացնում առաջարկություններ դեպարտամենտի ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:

47. Համալսարանի բաժանմունքը համալսարանի` սեփական գիտամանկավարժական կազմ չունեցող կառուցվածքային ստորաբաժանում է, որն ստեղծվում է ռեկտորի կողմից գիտական խորհրդի առաջարկությամբ` ուսուցման առանձին ձևերի և աստիճանների, ինչպես նաև լրացուցիչ կրթության ծրագրերի կազմակերպման համար: Բաժանմունքի կառուցվածքը, իրավասությունը, գործունեության սկզբունքները կարգավորվում են համալսարանի բաժանմունքի կանոնակարգով, որը հաստատում է համալսարանի ռեկտորը` գիտական խորհրդի առաջարկությամբ:

48. Բաժանմունքի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է բաժանմունքի վարիչը, որին ընտրում է համալսարանի գիտական խորհուրդը և պաշտոնի է նշանակում համալսարանի ռեկտորը` մինչև հինգ տարի ժամկետով:

49. Ամբիոնը (սեկտորը) համալսարանի կամ դեպարտամենտի ուսումնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որը, միավորելով մասնագիտական ընդհանրություն ունեցող գիտամանկավարժական կազմը, իրականացնում է որոշակի ուսումնական մասնագիտության (մասնագիտացման) կամ ուսումնական պլանի որոշակի մասի ուսուցումը և համապատասխան մեթոդական ու հետազոտական գործընթաց:

Ըստ ենթակայության` համալսարանի ամբիոնները կարող են լինել դեպարտամենտային ամբիոններ` սեկտորներ, և համահամալսարանական ամբիոններ: Համալսարանի համահամալսարանական ամբիոններն իրականացնում են դեպարտամենտին համարժեք կազմակերպչական գործառույթներ:

50. Ամբիոնը (սեկտորը) ստեղծվում է ռեկտորի կողմից` գիտական խորհրդի առաջարկությամբ, որին ամբիոնի (սեկտորի) ստեղծման առաջարկություն է ներկայացնում դեպարտամենտը (մասնաճյուղը): Ամբիոնը (սեկտորը) գործում է սույն կանոնադրությանը և համալսարանի ամբիոնի (սեկտորի) կանոնակարգին համապատասխան:

51. Ամբիոնը (սեկտորը) մշակում է իր կողմից իրականացվող մասնագիտության (մասնագիտացման) ուսումնական պլանները և այդ պլաններով նախատեսվող առարկայական ծրագրերը, իրականացնում ուսումնական գործընթաց` մշակված ուսումնական պլաններին ու առարկայական ծրագրերին համապատասխան, պլանավորում և իրականացնում է հետազոտական աշխատանքներ ու մշակումներ, մասնակցում արտադրական և հետազոտական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների հետ պայմանագրային կապեր հաստատելու գործընթացին, առաջադրում թեկնածություններ` ամբիոնի (սեկտորի) վարիչի ու պրոֆեսորադասախոսական կազմի թափուր տեղերի համար, ստեղծում է իր պրոֆիլին բնորոշ դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ և այլ հրատարակություններ:

52. Ամբիոնը (սեկտորը) ղեկավարում է ամբիոնի (սեկտորի) վարիչը, որը մրցութային հիմունքներով ընտրվում է դեպարտամենտի ժողովի կողմից` ամբիոնի (սեկտորի) գիտամանկավարժական կազմի նիստի երաշխավորությամբ: Դեպարտամենտի ժողովի որոշումը փակ գաղտնի քվեարկությամբ հաստատվում է համալսարանի գիտական խորհրդում, որից հետո ընտրված թեկնածուն ռեկտորի կողմից նշանակվում է ամբիոնի (սեկտորի) վարիչի պաշտոնում` մինչև հինգ տարի ժամկետով, և նրա հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր:

Համահամալսարանական ամբիոնների վարիչներին ընտրում է համալսարանի գիտական խորհուրդը` ամբիոնի գիտամանկավարժական կազմի նիստի երաշխավորությամբ:

53. Ամբիոնի (սեկտորի) ուսումնագիտական հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի (սեկտորի) գիտամանկավարժական կազմի նիստերում: Ամբիոնի (սեկտորի) գիտամանկավարժական կազմում ընդգրկվում են ամբիոնի (սեկտորի) հիմնական հաստիքային դասախոսները: Ամբիոնի (սեկտորի) այլ աշխատողներ այդ նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:

 

V. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

54. Համալսարանում ուսուցումն իրականացվում է բարձրագույն կրթության եռաստիճան համակարգով` բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորման աստիճանների, ինչպես նաև` համալսարանի ասպիրանտուրայում հետբուհական մասնագիտական կրթական ծրագրով` հետազոտողի որակավորման աստիճանի շնորհմամբ:

Համալսարանն իրականացնում է նաև միջին մասնագիտական կրթական ծրագրեր` կրտսեր մասնագետի որակավորման աստիճանի շնորհմամբ:

Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

55. Հիմնական կրթական ծրագրերով համալսարանի ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով` քաղաքացիների անձնական դիմումների համաձայն, ընդունելության կանոններին համապատասխան:

56. Համալսարանը բոլոր կրթական ծրագրերի դիմորդներին ծանոթացնում է համալսարանի կանոնադրությանը, ընդունելության կարգին և պահանջներին:

57. Համալսարանում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա և դրսեկության ձևերով:

58. Ուսումնական գործընթացը կազմակերպվում է երկու կիսամյակից բաղկացած ուսումնական տարով. յուրաքանչյուր կիսամյակն ավարտվում է քննաշրջանով: Յուրաքանչյուր կրթական ծրագրի համար ուսումնական գործընթացի նորմատիվային տևողությունը, ուսումնական տարվա սկիզբն ու վերջը որոշվում են համապատասխան պետական կրթական չափորոշիչներով:

59. Համալսարանում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար) ու լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա:

60. Ուսուցման բովանդակությունը և մասնագիտական ուղղվածությունը տարբերակվում են համաձայն ուսումնական մասնագիտությունների, որոնց ցանկը, իրականացվող յուրաքանչյուր հիմնական կրթական ծրագրի համար, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ յուրաքանչյուր մասնագիտության շրջանակներում կարող են ստեղծվել մասնագիտացումներ:

61. Յուրաքանչյուր մասնագիտության համար ուսումնական գործընթացի կազմակերպումը կարգավորվում է մասնագիտության ուսումնական պլանով, որը որոշում է համապատասխան կրթական ծրագրի բովանդակության բաշխումն ըստ ուսուցման տարիների, ուսումնական դասընթացների և առարկաների, ինչպես նաև` տարեկան ուսումնական ժամանակացույցով:

62. Ուսումնական պլանները կազմում են համալսարանի դեպարտամենտներն ու համահամալսարանական ամբիոնները (սեկտորները)` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան, և հաստատվում են համալսարանի գիտական խորհրդի կողմից ու ներկայացվում լիազորված պետական մարմին:

63. Ըստ նշանակության` ուսումնական առարկաները (դասընթացները) դասակարգվում են 2 խմբի` պարտադիր ուսուցման առարկաներ և ընտրովի առարկաներ (էլեկտիվներ):

64. Ուսումնական առարկաների նպատակները, բովանդակությունը, տրամաբանական հաջորդականությունը, փոխադարձ կապը, երաշխավորվող գրականությունը, ուսումնական պլանով հատկացված ժամաքանակի բաշխումն ըստ պարապմունքների ձևերի և քննական պահանջները սահմանվում են համալսարանի համապատասխան ամբիոնների (սեկտորների) կողմից կազմվող առարկայական ծրագրերով, որոնք հաստատում է համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտորը:

65. Թույլատրվում է համալսարանի ուսանողներին, որոնք կատարել են ուսումնական պլանի բոլոր պահանջները, մասնակցել ամփոփիչ պետական ատեստավորմանը, որն իրականացվում է ամփոփիչ պետական քննությունների, դիպլոմային (ավարտական) աշխատանքների պաշտպանության միջոցով: Պետական ամփոփիչ քննությունն իրականացվում է ուսումնական պլանով նախատեսված բոլոր ուսումնական առարկաների ուսումնառությունն ավարտվելուց հետո և նախորդում է դիպլոմային (ավարտական) աշխատանքի պաշտպանությանը:

66. Դիպլոմային (ավարտական) աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանության իրավունք վերապահվում է համապատասխան կրթական ծրագրով սովորող այն անձանց, ովքեր լրիվ ծավալով ուսումնասիրել ու հանձնել են մասնագիտության (մասնագիտացման) ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաները, անցել են պահանջվող ուսումնական և արտադրական բոլոր պրակտիկաներն ու հանձնել պետական ամփոփիչ քննություն:

67. Համալսարանի` ամփոփիչ պետական ատեստավորում անցած շրջանավարտներին սահմանված կարգով շնորհվում է որակավորման համապատասխան աստիճան և հանձնվում որակավորման` շնորհված աստիճանը հաստատագրող ավարտական վկայական` պետական նմուշի դիպլոմ, որի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Ավարտական վկայականում նշվում են ուսումնասիրված դասընթացներն ու մասնագիտությունը (մասնագիտացումը):

Տվյալ աստիճանի կրթությունը չավարտած ուսանողին տրվում է համապատասխան տեղեկանք:

68. Պետական նմուշի դիպլոմի առկայությունը համալսարանում հաջորդ աստիճանի կրթական ծրագրով ընդունելության պարտադիր պայման է:

69. Բարձրագույն մասնագիտական կրթության տարբեր աստիճանների կրթական ծրագրերով առաջին անգամ կրթություն ստանալը չի դիտվում որպես երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթության ստացում:

70. Հետազոտողի հետբուհական կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման արդյունքների հիման վրա հետազոտողի որակավորման աստիճան ստացած համալսարանի ասպիրանտները ասպիրանտուրայի ուսուցման երրորդ տարին շարունակում են համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ` գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսական աշխատանքի ընթացիկ ատեստավորման արդյունքների հիման վրա:

71. Համալսարանում գիտամանկավարժական կադրերի պատրաստումը` ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության ձևերով, իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և համալսարանի գիտական խորհրդի հաստատած կանոնակարգի համաձայն:

72. Գիտական աստիճաններ շնորհում են համալսարանում գործող մասնագիտական խորհուրդները` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Մասնագիտական խորհուրդներն ստեղծվում և գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

73. Համալսարանի գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման աղբյուրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն.

բ) պայմանագրերից գոյացած միջոցները.

գ) հիմնադրամների` ներառյալ արտասահմանյան ու միջազգային կազմակերպությունների հատկացումները, քաղաքացիների ներդրումները և այլն.

դ) դրամաշնորհները.

ե) գիտական, հրատարակչական, խորհրդատվական և օրենքով չարգելված այլ գործունեությունից գոյացած միջոցները.

զ) գիտական արդյունքների ներդրումից և իրացումից գոյացած միջոցները:

74. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող գիտահետազոտական աշխատանքների պլանավորումը, ֆինանսավորումն ու հաշվետվությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

75. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել համալսարանի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները և ուսանողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:

76. Համալսարանը կազմակերպում է գիտական համաժողովներ, խորհրդակցություններ և սեմինարներ:

77. Համալսարանի գործունեության գիտական և գիտատեխնիկական արդյունքների տիրապետման ու օգտագործման պայմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

VI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈԼԵԿՏԻՎԸ

 

78. Համալսարանի կոլեկտիվը կազմում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները, դասախոսները, դոկտորանտները, ասպիրանտները, գիտական, վարչական և այլ աշխատողներ, ուսանողները:

Աշխատողները բաժանվում են գիտամանկավարժական (պրոֆեսորադասախոսական կազմ, գիտական աշխատողներ), ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ տարակարգերի:

Համալսարանի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

79. Համալսարանի կոլեկտիվի անդամներն իրավունք ունեն`

ա) ընտրելու և ընտրվելու համալսարանի (մասնաճյուղի) խորհրդում, գիտական խորհրդում, դեպարտամենտների ժողովներում և համալսարանի ընտրովի այլ մարմիններում.

բ) մասնակցելու համալսարանի գործունեությանն առնչվող բոլոր հարցերի քննարկմանն ու ընտրովի մարմինների աշխատանքներին.

գ) միավորվելու արհեստակցական միություններում և հասարակական այլ կազմակերպություններում.

դ) վիճարկելու ղեկավար մարմինների որոշումները և հրամանները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

ե) օգտվելու համալսարանի ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների, ինչպես նաև գրադարանի ծառայություններից:

Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները, ասպիրանտները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:

80. Համալսարանի կոլեկտիվի անդամները պարտավոր են`

ա) պահպանել և կատարել սույն կանոնադրության դրույթները.

բ) կատարել համալսարանի ղեկավար մարմինների որոշումները.

գ) ապահովել ուսումնական գործընթացի, իրականացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

դ) մշտապես բարձրացնել իրենց որակավորումը.

ե) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել համալսարանի գույքը.

զ) նպաստել համալսարանի հեղինակության բարձրացմանը:

81. Համալսարանի գիտամանկավարժական կազմը ձևավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

82. Համալսարանի գիտամանկավարժական աշխատողներն ունեն`

ա) իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման,

բ) գիտական հետազոտության ակադեմիական ազատության,

գ) սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաներ ընտրելու և մշակելու ազատության,

դ) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան` ուսումնական դասընթացների բովանդակության, ծրագրերի ազատ որոշման,

ե) իրենց անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակ ապահովող ծրագրային նյութի շարադրման, դասավանդման մեթոդների և միջոցների ազատ ընտրության,

զ) համատեղությամբ գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու իրավունքներ:

Գիտության և մանկավարժության բնագավառներում ակնառու նվաճումների համար համալսարանի աշխատողներին շնորհվում են համալսարանի մրցանակներ, որոնց կանոնադրությունները հաստատում է համալսարանի գիտական խորհուրդը: Երիտասարդ գիտնականների համար սահմանվում են հատուկ մրցանակներ:

83. Համալսարանի ուսանողներ են համարվում բակալավրի, մագիստրոսի և դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրերով բարձրագույն մասնագիտական կրթություն, ինչպես նաև կրտսեր մասնագետի կրթական ծրագրով միջին մասնագիտական կրթություն ստանալու համար համալսարան ընդունված և ռեկտորի կողմից հրամանագրված անձինք: Ուսանողների ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

84. Հանրակրթական ուսումնառություն ստացած յուրաքանչյուր ոք կարող է դառնալ համալսարանի ուսանող` վճարովի կամ անվճար հիմունքներով մրցութային ընդունելության քննությունները հաջողությամբ հանձնելու, իսկ առանձին մասնագիտությունների գծով` հարցազրույց անցնելու դեպքում:

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է կնքված պայմանագրի ու կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն:

85. Համալսարանի ուսանողն իրավունք ունի`

ա) ստանալու գիտության, տեխնիկայի ու մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող և մասնագիտական կրթական ծրագրերով նախատեսված գիտելիքներ.

բ) հաճախելու համալսարանում անցկացվող ուսումնական պարապմունքների բոլոր ձևերին.

գ) ըստ նախասիրությունների` մասնակցելու համալսարանում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին.

դ) մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառույթներին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը.

ե) սովորելու անհատական ուսումնական պլաններով, այդ թվում` ուսուցման կրճատված տևողությամբ, սահմանված կարգով յուրացնելու դասընթացներ, որոնք չեն նախատեսված ուսումնական պլանով.

զ) օգտվելու համալսարանի գրադարանից, մարզական ու առողջարանային կառույցներից, մշակութային-լուսավորչական, սննդի և այլ սոցիալական ծառայություններից.

է) համատեղելու հիմնական մասնագիտական ուսուցումը երկրորդ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու 2 որակավորման աստիճան.

ը) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ և (կամ) ընդգրկվելու դրանց կազմում.

թ) սահմանված կարգով ընդգրկվելու համալսարանի և նրա ստորաբաժանումների ընտրովի մարմինների կազմում.

ժ) մեկ ուսումնական տարվա ընթացքում ունենալու երկուսից ոչ պակաս արձակուրդ` առնվազն 7 շաբաթ տևողությամբ:

86. Պետական պատվերով համալսարան ընդունված ուսանողների ուսման վարձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Պետական պատվերից դուրս համալսարան ընդունված ուսանողները, ինչպես նաև այլ բուհերից տեղափոխվածները և երկրորդ մասնագիտությամբ սովորողները սահմանված կարգով վճարում են ուսման վարձ:

87. Պետական պատվերով համալսարան ընդունված ուսանողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են կրթաթոշակ:

88. Համալսարանը նպաստում է սովորողների կենցաղի, սննդի, առողջության պահպանման, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

89. Արգելվում է ուսանողներին ներգրավել արտաուսումնական աշխատանքներում` առանց նրանց և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուների) համաձայնության: Արգելվում է սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման միջոցների կիրառումը:

90. Համալսարանի ուսանողները պարտավոր են`

ա) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական պլանով նախատեսված առաջադրանքների բոլոր տեսակները.

բ) տիրապետել որակավորման պահանջներով սահմանված գիտելիքներին և հմտություններին.

գ) պահպանել համալսարանի կանոնադրության պահանջները.

դ) հաճախել ուսումնական պլանով նախատեսված բոլոր պարապմունքներին.

ե) բարձր պահել համալսարանի պատիվն ու հեղինակությունը:

91. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը: Ուսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում ուսանողները կարող են հեռացվել համալսարանից:

92. Ուսանողները, որոնք չեն կատարում ուսումնական պլաններով և ուսումնական գործընթացի ժամանակացույցով նախատեսված առաջադրանքները, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, համալսարանի ներսում և դրսում խախտում են հասարակական կարգն ու կարգապահական կանոնները, ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև համալսարանից հեռացվելը:

93. Համալսարանի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարման համապատասխան մարմիններում, քննարկման ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր: Ուսանողական խորհրդի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է խորհրդի կանոնակարգով:

 

VII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

94. Համալսարանի սեփականությունը ձևավորվում է հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև համալսարանի գործունեության ընթացքում արտադրված ու ձեռք բերված գույքից:

95. Համալսարանն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին ու իր կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

96. Համալսարանը կարող է անժամկետ և անհատույց օգտագործել հիմնադրի կողմից իրեն ամրացված ցանկացած գույք: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտները համալսարանի սեփականությունն են` բացառությամբ ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարների, որոնք սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

97. Համալսարանի միջոցները գոյանում են հետևյալ աղբյուրներից`

ա) հիմնադրի կողմից համալսարանին սեփականության իրավունքով հատկացված գույք.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցներ.

գ) միջոցներ, որոնք գոյանում են վճարովի ուսումնական, հետազոտական, գիտաարտադրական, խորհրդատվական, հրատարակչական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից.

դ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական ու ֆիզիկական անձանց կատարած նվիրատվություններ, բարեգործական, հովանավորչական, նպատակային մուծումներ և կտակված գույք.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներ:

98. Համալսարանն օրենքով սահմանված կարգով ինքնուրույն է որոշում իրեն ամրացված գույքի, այդ թվում` բյուջետային միջոցների, ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման կարգը:

99. Համալսարանն իրավունք ունի պետական լիազորված մարմնի համաձայնությամբ իրականացնելու ուսանողների ընդունելություն, մասնագետների պատրաստում ու վերապատրաստում` վճարովի պայմանագրային հիմունքներով:

100. Համալսարանի գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է միայն նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

101. Համալսարանի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

 

VIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

102. Համալսարանի վերակազմակերպումը (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) և լուծարումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:

Համալսարանի լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան