Գլխավոր տեղեկություն
Номер
N 1149-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.08.2002-08.04.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2001.09.28/31(163) Հոդ.841
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.07.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.08.2002
Дата вступления в силу
29.08.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.08.2017

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

14 օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2002 թվականի N 1149-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի 4-րդ կետը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգի բարեփոխումների և մի շարք պետական մարմինների վերակազմակերպման մասին» N 199 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 7
Երևան

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2002 թվականի

հուլիսի 25-ի N 1149-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում, նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների օգտագործման, վերարտադրության ոլորտում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և տեսչության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

 II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Տեսչության նպատակները և խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանությանը և բնական ռեսուրսների բանական օգտագործմանն ու դրանց վերարտադրությանը նպաստելը.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ տեսչական վերահսկողության իրականացման ապահովումը.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների համապատասխան աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացման ապահովումը:

 

 III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում`

ա) մթնոլորտային օդի պահպանության բնագավառում`

ամրակայված և շարժական աղբյուրներից մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների (բացառությամբ` ռադիոակտիվ) համար սահմանված բնապահպանական նորմերի ու պահանջների կատարման նկատմամբ.

բ) ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության բնագավառում`

ջրօգտագործողների կողմից ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման նորմերի ու պահանջների կատարման նկատմամբ,

ջրային օբյեկտներից իրականացվող ջրառի թույլատրված ծավալների պահպանման նկատմամբ,

ուղղակի կամ կենտրոնացված կոյուղու միջոցով ջրային օբյեկտներ թափվող կեղտաջրերի ծավալների և դրանցում պարունակվող վնասակար նյութերի (բացառությամբ` ռադիոակտիվ) թույլատրված չափաքանակների պահպանման նկատմամբ,

ջրի ազգային ծրագրով հաստատված բնապահպանական համապատասխան միջոցառումների կատարման նկատմամբ.

գ) ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում`

երկրաբանահետախուզական աշխատանքների համար սահմանված պահանջների կատարման նկատմամբ,

հանքավայրերի ռացիոնալ շահագործման, օգտակար հանածոների արդյունահանման, տեղափոխման, հարստացման և մշակման ընթացքում գերնորմատիվային կորուստների ու աղքատացման կանխարգելման նպատակով սահմանված նորմերի և պահանջների ապահովման նկատմամբ,

հանքավայրերի շահագործման ժամանակ օգտակար հանածոների պաշարների շարժի նկատմամբ,

ջրօգտագործման թույլտվություններով սահմանված նորմատիվների պահպանման և ստորերկրյա ջրերի հանքավայրերում իրականացվող հիդրոերկրաբանական ռեժիմային դիտարկումների նկատմամբ,

օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ընդերքի օգտագործման համար սահմանված բնապահպանական նորմերի ու կանոնների պահանջների կատարման նկատմամբ,

ընդերքի ուսումնասիրության և օգտակար հանածոների, այդ թվում` ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի արդյունահանման, օգտագործման, պահպանության պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ,

ընդերքի ուսումնասիրության, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ստորերկրյա կառույցների շինարարության ու շահագործման ընթացքում ընդերքի պահպանության համար սահմանված նորմերի և կանոնների պահանջների կատարման նկատմամբ.

դ) կենսառեսուրսների օգտագործման և պահպանության բնագավառում`

Հայաստանի Հանրապետության կենդանական և բուսական աշխարհի, այդ թվում` անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, օգտագործման ու վերարտադրության համար սահմանված նորմերի և պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ,

վայրի բուսական ու կենդանական աշխարհի օբյեկտների Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար սահմանված պահանջների կատարման նկատմամբ,

Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների պահպանության համար սահմանված կանոնների պահանջների կատարման նկատմամբ.

ե) վտանգավոր նյութերի և արտադրության ու սպառման թափոնների գործածության բնագավառում`

թափոնների (բացառությամբ` ռադիոակտիվ) պահման, վնասազերծման, վերամշակման, տեղափոխման և շրջակա միջավայրում դրանց տեղադրման սահմանված բնապահպանական նորմերի և պահանջների կատարման նկատմամբ,

օգտագործման համար ոչ պիտանի դեղերի ոչնչացման և շրջակա միջավայրում սահմանված կարգով դրանց տեղադրման նկատմամբ,

իր իրավասության սահմաններում վտանգավոր նյութերի օգտագործման, տեղափոխման և պահման համար սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

զ) հողերի պահպանության բնագավառում`

բոլոր տեսակի հողերի պահպանության համար սահմանված սահմանափակումների կիրառման ապահովման նկատմամբ,

բնապահպանական նշանակության, անտառային և ջրային ֆոնդի, ինչպես նաև ընդերքի օգտագործման համար տրամադրված կամ նախատեսված հողերի օգտագործման համար սահմանված բնապահպանական նորմերի, կանոնների և պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ.

է) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության բնագավառում`

նախատեսվող գործունեությունների` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ապահովման և փորձաքննական եզրակացությամբ նախատեսված պահանջների կատարման նկատմամբ.

ը) բնապահպանական և բնօգտագործման վճարների բնագավառում`

բնապահպանական և բնօգտագործման վճար վճարողների հաշվառման, հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնելու նկատմամբ.

թ) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների և սահմանափակումների նկատմամբ.

ժ) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից բնապահպանության ոլորտի վարչական (պետական վիճակագրական) հաշվետվություններ ներկայացնելու, դրանցում առկա տվյալների և սահմանված չափաքանակների համապատասխանության նկատմամբ:

9. Տեսչությունը սահմանված կարգով մասնակցում է տեսչական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ մեթոդական հրահանգների, ցուցումների մշակմանը, բնօգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման պետական հաշվառման գործընթացին, բնապահպանական տեսչական աշխատանքների ոլորտում միջազգային պայմանագրերից բխող` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարմանը:

 

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Տեսչությունը կառավարում է նախարարը, որը միաժամանակ Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչն է: Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որը Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչի տեղակալն է, որին, մինչև քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործածության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

Իր գործունեության ընթացքում տեսչության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

11. Տեսչության պետը պատասխանատու է բնապահպանական տեսչական բնագավառում վերահսկողական գործառույթների և պատասխանատվության միջոցների իրականացման ու կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

12. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին և նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին: Տեսչության գործունեությունը համակարգում է նախարարը:

13. Տեսչության պետը`

ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ, տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) պարբերաբար նախարարին ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների, ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումն ու արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

է) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների իրավասությունները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխումը տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմին ստեղծելու վերաբերյալ.

ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

14. Տեսչության պետի բացակայության դեպքում, տեսչության պետի ներկայացմամբ և (կամ) նախարարի հանձնարարությամբ, տեսչության պետի պարտականությունները կատարում է տեսչության պետի տեղակալներից մեկը:

 

 V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

15. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին դրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

16. Հայաստանի Հանրապետության բնապահպանական տեսչության աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով թույլատրվում է պահել, կրել և օգտագործել քաղաքացիական և ծառայողական զենք, որի տեսակը, ձևը, մոդելն ու քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

17. Հայաստանի Հանրապետության բնապահպանական տեսչության աշխատողներն իրենց կանոնադրական գործառույթներն իրականացնելիս իրավունք ունեն կրելու համազգեստ, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

18. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Իր խնդիրների ու գործառույթների ապահովման նպատակով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են տեսչության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

19. Տեսչության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

20. Տեսչության վերակազմակերպման և դրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2002 թվականի

հուլիսի 25-ի N 1149-Ն որոշման

 

 Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Հաշվառման և վերլուծության բաժին

Ընդերքի երկրաբանական և մարկշեյդերական վերահսկողության բաժին

Ջրերի վերահսկողության բաժին

Մթնոլորտի վերահսկողության բաժին

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժին

Կենտրոնական լաբորատորիա

 

II. Տարածքային ստորաբաժանումներ

 

Երևանի տարածքային բաժին

Սյունիքի տարածքային բաժին

Արարատի տարածքային բաժին

Արմավիրի տարածքային բաժին

Արագածոտնի տարածքային բաժին

Գեղարքունիքի տարածքային բաժին

Կոտայքի տարածքային բաժին

Տավուշի տարածքային բաժին

Լոռու տարածքային բաժին

Շիրակի տարածքային բաժին

Վայոց ձորի տարածքային բաժին

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան