Գլխավոր տեղեկություն
Номер
N 1620-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (07.11.2002-10.07.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.11.06/47(222) Հոդ.1097
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.09.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.10.2002
Дата вступления в силу
07.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.12.2010

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2002 թվականի N 1620-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ ու 11-րդ հոդվածի 1-ին կետերը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 199 որոշման 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության երկրաբանական գործակալության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության երկրաբանական գործակալության կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների վարչություն և երկրաբանության վարչություն ստեղծելու մասին» N 36 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 17
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 26-ի N 1620-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության երկրաբանական գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ հանրապետության տարածքի և դրա ընդերքի երկրաբանական ուսումնասիրության բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակներն ու խնդիրներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում օգտակար հանածոների հայտնաբերման նպատակով երկրաբանական համալիր ուսումնասիրությունների՝ երկրաբանական, հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, երկրաքիմիական, երկրաֆիզիկական հանույթների, դրանց ուղեկցող ընդհանուր որոնումների, ինչպես նաև օգտակար հանածոների հայտնաբերման նպատակ չհետապնդող երկրաբանահետախուզական այլ աշխատանքների ապահովումը.

բ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների համակարգումը.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման մեթոդական ապահովումը.

դ) պետական նշանակության երկրաբանական, տեկտոնական, հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիկական, երկրաքիմիական և այլ քարտեզների կազմման ու դրանց հրատարակման ապահովումը:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում տարածաշրջանային երկրաբանական, երկրաֆիզիկական, երկրաքիմիական, հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական և այլ աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

բ) ընդերքի օգտագործման՝ ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների հանքավայրերի, այդ թվում՝ նաև լքված հանքավայրերի, հանքապոչերի և թափոնների շահագործման, օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված, այլ նպատակներով ընդերքի շահագործման համար սահմանված կարգով ընդերքօգտագործման պայմանագրերի կազմմանը մասնակցելը.

գ) երկրաբանահետախուզական աշխատանքների նախագծերի և կատարված աշխատանքների մասին երկրաբանական հաշվետվությունների քննարկումն ու համապատասխան եզրակացությունների տրամադրումը.

դ) երկրաբանահետախուզական համալիր աշխատանքների նախագծման, իրականացման, ստացված նյութերի ամփոփման և վերջնական հաշվետվությունների կազմման վերաբերյալ մեթոդական ցուցումների, հրահանգների, կարգերի ու առաջադրանքների մշակմանը մասնակցելը.

ե) պետական նշանակության (Մ 1:200000, Մ 1:500000) երկրաբանական, սեյսմատեկտոնական, հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիկական և այլ քարտեզների կազմումն ու դրանք հրատարակության ներկայացնելը.

զ) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման ծրագրերին համապատասխան՝ հանրապետության հանքահումքային հենքի օգտագործման ռազմավարության, ինչպես նաև ընդերքի ուսումնասիրման, արդյունավետ օգտագործման և պահպանության միասնական գիտատեխնիկական քաղաքականության ու դրանք կարգավորող համապատասխան ակտերի մշակմանը մասնակցելը.

է) օգտակար հանածոների հանքավայրերի արդյունավետ շահագործման միջոցառումների իրականացմանը մասնակցելը.

ը) օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ընդերքի օգտագործման նպատակով տրամադրված տարածքների երկրաբանական և ինժեներաերկրաբանական կառուցվածքների, հիդրոերկրաբանական պայմանների, այդ տարածքների ընդերքում օգտակար հանածոների առկայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության տրամադրումն ու երկրաբանական աշխատանքների ոլորտում ընդերքօգտագործողների հետ համագործակցությունը.

թ) մասնագիտական կադրերի պատրաստման, արտադրական պրակտիկայի կազմակերպման և համակարգը երիտասարդ մասնագետներով համալրելու նպատակով հանրապետության համապատասխան բուհերի հետ համագործակցությունը.

ժ) իր իրավասության սահմաններում երկրաբանության բնագավառում միջազգային համագործակցությանը մասնակցելը:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը (այսուհետ՝ նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Գործակալության պետը պատասխանատու է երկրաբանության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև՝ նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Գործակալության պետը՝

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության ու գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է առաջարկություններ այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.

ե) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժգ) իր իրավասության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Գործակալության պետի բացակայության դեպքում այդ պաշտոնը զբաղեցնում է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայողը՝ ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հավասարազոր պաշտոն զբաղեցնող մեկ այլ քաղաքացիական ծառայող՝ 6 ամսվանից ոչ ավելի ժամկետով պարտադիր գործուղմամբ:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Գործակալության վերակազմակերպման և դրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 26-ի N 1620-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Օգտակար հանածոների բաժին

 

Տարածաշրջանային երկրաբանության բաժին

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան