«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2002 թվականի N 633
քաղ. Երևան
ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «գ» ենթակետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 1-ի «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 1192 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության նախարարներին, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին՝
ա) զորահավաքային նախապատրաստության վիճակը գնահատելու, կազմակերպությունների կողմից զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման ընթացքը վերահսկելու և աշխատանքների իրականացման գործընթացն օպերատիվորեն գնահատելու նպատակով ստեղծել զորահավաքային նախապատրաստության մասին տվյալների վարչական ռեգիստր.
բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն ներկայացնել իրենց ոլորտի մասին վիճակագրական տվյալները (զորահավաքային ցուցանիշները):
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը մինչև 2002 թվականի հուլիսի 1-ը` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների կողմից վարչական ռեգիստրների վարման համար ներկայացված անհրաժեշտ ցուցանիշների հիման վրա մշակել դրանց մեթոդաբանությունը և փաստաթղթերի ձևերը՝ այդ աշխատանքներում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 30-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու
1. Սույն կարգը սահմանում է զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը:
2. Զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունները տարեկան մեկ անգամ` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը, զորահավաքային առաջադրանքների (պատվերների) պայմանագրեր կնքած նախարարություններ, պետական կառավարման այլ մարմիններ են ներկայացնում վիճակագրական հաշվետվություն՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից մշակված ձևին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության նախարարությունները և պետական կառավարման մյուս մարմինները մեկամսյա ժամկետում՝ ստացված վիճակագրական տվյալներն ամփոփում են և ներկայացնում Հայաստանի Հանրապետության զորահավաքային նախապատրաստության համապատասխան պետական կառավարման մարմին:
4. Հայաստանի Հանրապետության զորահավաքային նախապատրաստության համապատասխան պետական կառավարման մարմինը մեկամսյա ժամկետում՝ հաշվետու տարվա վերաբերյալ ստացված վիճակագրական հաշվետվություններն ամփոփում և համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ քննարկման: