Գլխավոր տեղեկություն
Номер
N 1-ՊՊ
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.01.26/3(515)
Принят
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Дата принятия
14.01.2015
Подписан
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Дата подписания
14.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

14 հունվարի 2015 թ.
ք. Երևան

N 1-ՊՊ

 

ԵՐԵԽԱՅԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԾԱԳԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով նույն օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասը, երեխայի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու բնագավառում ծագած հարցերի հստակեցման նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե ծնողներից մեկը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, իսկ մյուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ապա նրանց երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե առկա է ծնողների համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով չեն կանոնակարգվում երեխայի քաղաքացիության դադարեցման այն դեպքերը, երբ երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերել նույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի կամ 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հարցի քննարկման պահի դրությամբ ծնողներից մեկը համարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իսկ մյուսը օտարերկրյա քաղաքացի:

Համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 15-րդ հոդվածի 2-րդ մասի` ոչ ոք չպետք է կամայականորեն զրկվի իր քաղաքացիությունից կամ իր քաղաքացիությունը փոխելու իրավունքից:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30.1 հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ինչպես նաև քաղաքացիությունը փոխելու իրավունքից:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի համաձայն` անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետևանքով: Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից կամ այն փոխելու իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա` իրավական տեսանկյունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավասարությունն ապահովելու նպատակով երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու համար կարող է դիմում ներկայացվել նաև այն դեպքում, երբ երեխայի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու պահի դրությամբ ծնողներից մեկը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի: Տվյալ դեպքում երեխայի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար պարտադիր պայման չի համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող ծնողի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը: Ծնողի կողմից երեխայի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացվելուց հետո այն քննարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով:

 

Գեներալ-լեյտենանտ

Վ. Գասպարյան