Գլխավոր տեղեկություն
Номер
N 615
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.08.2001-07.03.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.08.01/24(156) Հոդ.558
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.07.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.07.2001
Дата вступления в силу
11.08.2001

040.0615.09.07.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 2001 թվականի N 615
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻՆ ՊՐՈՖԵՍՈՐԻ ԵՎ ԴՈՑԵՆՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը (կցվում է):

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հուլիսի 9-ի N 615 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻՆ ՊՐՈՖԵՍՈՐԻ ԵՎ ԴՈՑԵՆՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը:

2. Գիտական կոչում կարող է շնորհվել այն անձանց, ովքեր ունեն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում, որպես կանոն, համապատասխան գիտական աստիճան, որոշակի ավանդ` գիտության տվյալ բնագավառում և զբաղվում են գիտամանկավարժական (գիտամեթոդական) գործունեությամբ:

3. Պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումները շնորհվում են պետական և ոչ պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետև` բուհ) և գիտական կազմակերպությունների (այսուհետև` կազմակերպություն) գիտական (գիտատեխնիկական) խորհուրդների որոշմամբ` առաջնորդվելով սույն կարգով և Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի (այսուհետև` ԲՈՀ) հաստատած գիտական աստիճանաշնորհման անվանացանկով:

4. Գիտական կոչումներ շնորհելու մասին որոշումը հաստատում է համապատասխան դիպլոմներով (վկայագրերով) ամրագրում է ԲՈՀ-ը:

 

II. ԴՈՑԵՆՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ

 

5. Դոցենտի գիտական կոչում կարող է շնորհվել`

ա) գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 3 տարվա ստաժ և վերջին 3 տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն.

բ) գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր գիտական կոչում շնորհող բուհում ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 3 տարվա ստաժ, վերջին 3 տարվա ընթացքում այդ բուհում իրականացրել են մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո տվյալ բնագավառում ունեն առնվազն 3 հրատարակված գիտական (գիտամեթոդական) և ուսումնամեթոդական աշխատանք.

գ) դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձանց, ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 20 տարվա ստաժ, այդ թվում` գիտական կոչում շնորհող բուհում` առնվազն 3 տարվա, վերջին 3 տարվա ընթացքում այդ բուհում իրականացրել են մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և ունեն մենագրություն կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև` նախարարություն) կողմից երաշխավորված` հրատարակված դասագիրք` առանց համահեղինակների, և (կամ) դասագրքեր` համահեղինակներով, ու տվյալ բնագավառում` առնվազն 15 գիտական (գիտամեթոդական) և ուսումնամեթոդական աշխատանք, որոնցից առնվազն 2-ը հրատարակվել են վերջին 3 տարվա ընթացքում.

դ) մշակույթի և սպորտի ասպարեզում դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձանց հետևյալ կարգով`

արվեստագիտության բնագավառում` համաձայն սույն կարգի 5-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի,

ստեղծագործական և կատարողական արվեստի ու ճարտարապետության բնագավառներում` անձանց, ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 10 տարվա ստաժ, վերջին 3 տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և (կամ)`

ունեն Հայաստանի Հանրապետության և այլ երկրների (համապատասխան պայմանագրի կամ համաձայնագրի առկայության դեպքում) պատվավոր կոչումներ,

հանրապետական կամ միջազգային ցուցահանդեսների մասնակիցներ են,

հանրապետական փառատոների, մրցույթների հաղթողներ, պետական մրցանակակիրներ են,

հեղինակ են առնվազն 5 բեմադրության, ստեղծագործական աշխատանքի, տեսագրության, կառույցի, նախագծի, հանրապետական կամ միջազգային մրցույթներում մրցանակ ստացած առնվազն մեկ ստեղծագործության,

ղեկավարել են հանրապետական կամ միջազգային փառատոների, մրցույթների դափնեկիրների (գեղարվեստական խմբեր, համույթներ),

ունեն հրատարակված գիտական (գիտամեթոդական) և ուսումնամեթոդական աշխատանքներ (այդ թվում` առանց համահեղինակների), ընդ որում, առնվազն 3 աշխատանք` վերջին 3 տարվա ընթացքում,

սպորտի բնագավառում` ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 15 տարվա ստաժ, վերջին 3 տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և (կամ)`

ունեն Հայաստանի Հանրապետության և այլ երկրների (համապատասխան պայմանագրի կամ համաձայնագրի առկայության դեպքում) պատվավոր կոչումներ,

հանրապետական կամ միջազգային մրցումների մրցանակակիրներ են,

պատրաստել են սաներ, ովքեր մասնակցել են օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների,

ունեն հրատարակված կամ համապատասխան բուհի գիտական խորհրդի կողմից երաշխավորված գիտական (գիտամեթոդական) և ուսումնամեթոդական աշխատանքներ (այդ թվում` առանց համահեղինակների), ընդ որում, առնվազն 3 աշխատանք` վերջին 3 տարվա ընթացքում:

 

III. ՊՐՈՖԵՍՈՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ

 

6. Պրոֆեսորի գիտական կոչում շնորհվում է`

ա) գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր`

ունեն գիտական կոչում շնորհող բուհում առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ, վերջին 5 տարվա ընթացքում այդ բուհում իրականացրել են մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն և դոկտորական ատենախոսություն պաշտպանելուց հետո ունեն տվյալ բնագավառում 5-ից ավելի հրատարակված գիտական (գիտամեթոդական) և ուսումնամեթոդական աշխատանքներ (այդ թվում` միջազգային գիտական ամսագրում` տպագրված հոդված` բացառությամբ հայագիտական բնույթի աշխատանքների), ղեկավարել են պաշտպանած ատենախոսություն կամ նախարարության կողմից երաշխավորված դասագրքի` առանց համահեղինակների, կամ առնվազն 3 դասագրքի` համահեղինակներով, հեղինակ են,

առնվազն վերջին մեկ տարին աշխատում են գիտական կոչում շնորհող բուհում կամ կազմակերպությունում և 5 պաշտպանած ատենախոսության գիտական ղեկավար են, այդ թվում` առնվազն 3-ի` միանձնյա.

բ) գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր`

ունեն դոցենտի կոչում և գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 30 տարվա ստաժ, վերջին 5 տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում իրականացրել են մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն, ունեն բուհի կամ կազմակերպության գիտական խորհուրդների կողմից երաշխավորված` հրատարակված մենագրություն կամ նախարարության կողմից երաշխավորված` հրատարակված դասագիրք` առանց համահեղինակների, կամ 3 դասագիրք` համահեղինակներով, և առնվազն 30 գիտական (գիտամեթոդական) և ուսումնամեթոդական աշխատանք տվյալ բնագավառում, այդ թվում` վերջին 5 տարվա ընթացքում` 3 աշխատանք և 3 պաշտպանած ատենախոսության ղեկավար են,

առնվազն վերջին մեկ տարին աշխատում են գիտական կոչում շնորհող բուհում կամ կազմակերպությունում, առնվազն 5 պաշտպանած ատենախոսության գիտական ղեկավար են, ունեն մենագրություն կամ նախարարության կողմից երաշխավորված` հրատարակված դասագիրք` առանց համահեղինակների, կամ 3 դասագիրք` համահեղինակներով, և տվյալ բնագավառում առնվազն 20 գիտական (գիտամեթոդական) և ուսումնամեթոդական աշխատանք, այդ թվում` վերջին 5 տարվա ընթացքում` 3 աշխատանք, որոնցից առնվազն մեկը` միջազգային գիտական ամսագրում (բացառությամբ հայագիտական բնույթի աշխատանքների).

գ) մշակույթի և սպորտի բնագավառի դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձանց, ովքեր ունեն դոցենտի կոչում`

արվեստագիտության բնագավառում` համաձայն սույն կարգի 6-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի,

ստեղծագործական և կատարողական արվեստի ու ճարտարապետության բնագավառներում` անձանց, ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 15 տարվա ստաժ, վերջին 5 տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում զբաղվել են մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեությամբ և (կամ)` ունեն Հայաստանի Հանրապետության և այլ երկրների (համապատասխան պայմանագրի կամ համաձայնագրի առկայության դեպքում) պատվավոր կոչումներ,

միջազգային ցուցահանդեսների մասնակիցներ են և ունեցել են անհատական ցուցահանդեսներ,

միջազգային մրցույթների մասնակիցներ են և ունեցել են տարբեր ծրագրերով մենահամերգներ կամ մասնակցել բեմադրությունների,

հանրապետական և միջազգային փառատոների, մրցույթների հաղթողներ, պետական մրցանակակիրներ են,

հեղինակ են միջազգային մրցույթներում հաղթած ստեղծագործությունների, նախագծերի, կառույցների,

ղեկավարել են միջազգային փառատոների մրցույթների հաղթողների (գեղարվեստական խմբեր, համույթներ),

ունեն հրատարակված կամ համապատասխան բուհի գիտական խորհրդի կողմից երաշխավորված գիտական (գիտամեթոդական) և ուսումնամեթոդական աշխատանքներ (այդ թվում` առանց համահեղինակների), ընդ որում, առնվազն 5 աշխատանք` վերջին 5 տարվա ընթացքում,

սպորտի բնագավառում` անձանց, ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 20 տարվա ստաժ, վերջին 5 տարվա ընթացքում գիտական կոչում շնորհող բուհում զբաղվել են մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեությամբ և (կամ)`

ունեն Հայաստանի Հանրապետության և այլ երկրների (տվյալ երկրի հետ համապատասխան պայմանագրի կամ համաձայնագրի առկայության դեպքում) պատվավոր կոչումներ,

միջազգային մրցույթների հաղթողներ են կամ պատրաստել են սաներ, ովքեր օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մեդալակիրներ են,

ունեն հրատարակված գիտական (գիտամեթոդական) և ուսումնամեթոդական աշխատանքներ (այդ թվում` առանց համահեղինակների), ընդ որում, առնվազն 5 աշխատանք` վերջին 5 տարվա ընթացքում:

 

IV. ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ

 

7. Գիտական կոչում ստանալու համար անձը դիմում է ներկայացնում բուհի ռեկտորի կամ կազմակերպության տնօրենի անունով, որտեղ հիմնական կամ համատեղությամբ աշխատող է: Դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը (եթե գիտական աստիճան չկա),

բ) գիտական աստիճանի վկայագրի պատճենը,

գ) գիտական կոչման վկայականի պատճենը,

դ) հրատարակված աշխատանքների ցուցակը,

ե) քաղվածք աշխատանքային գրքույկից,

զ) գիտության, մանկավարժության, մշակույթի, սպորտի բնագավառներում նվաճումները հաստատող փաստաթղթերի պատճենները:

8. Բուհերի գիտական կամ կազմակերպությունների գիտական (գիտատեխնիկական) խորհրդում գիտական կոչում շնորհելու մասին դիմումը քննարկվում է երկու ամսվա ընթացքում:

9. Գիտական կոչում շնորհելու մասին որոշումն ընդունվում է փակ գաղտնի քվեարկությամբ:

Խորհուրդն իրավասու է գիտական կոչում շնորհելու հարցը քննարկելու խորհրդի անդամների 2/3-ի մասնակցությամբ: Գիտական կոչում շնորհելու մասին որոշումն ընդունվում է նիստին մասնակից անդամների ձայների կեսից ավելին ստանալու դեպքում:

10. Գիտական խորհրդի կողմից բացասական որոշում ընդունվելու դեպքում հավակնորդն իրավունք ունի մեկ տարի անց կրկին դիմելու գիտական խորհուրդ` ներկայացնելով այդ ընթացքում հրատարակված իր նոր գիտական աշխատանքները կամ սույն կարգի 2-րդ և 3-րդ բաժինների պահանջներին համապատասխան այլ տվյալներ:

11. Գիտական խորհրդի նիստի արձանագրությունից քաղվածքը և սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը 15 օրվա ընթացքում համապատասխան տեղեկանքի հետ միասին ներկայացվում են ԲՈՀ:

 

V. ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԲՈՀ-ՈՒՄ

 

12. Գիտական կոչումների շնորհման մասին գիտական և գիտատեխնիկական խորհուրդների որոշումը հաստատում ու համապատասխան գիտական կոչման դիպլոմ (վկայագիր) տալիս է ԲՈՀ-ը:

13. ԲՈՀ-ը գիտական կոչում շնորհելու հարցը քննարկում է համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում:

14. Այլ երկրներում ստացած գիտական կոչման փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից, եթե գոյություն ունեն համապատասխան միջպետական պայմանագրեր և համաձայնագրեր: Փաստաթղթերը համապատասխանեցվում են ԲՈՀ-ի կողմից սահմանված կարգով:

15. Գիտական կոչումների շնորհման մասին տեղեկատվությունը հրապարակվում է ԲՈՀ-ի տեղեկագրում:

16. Գիտական կոչման դիպլոմը (վկայագիրը) կորցնելու դեպքում ԲՈՀ-ի կողմից սահմանված կարգով տրվում է կրկնօրինակը:

17. ԲՈՀ-ի կողմից գիտական խորհրդի տվյալ որոշումը չհաստատվելու դեպքում այն մեկամսյա ժամկետում վերադարձվում է տվյալ գիտական խորհրդին:

Հիմք ընդունելով ԲՈՀ-ի դիտողությունները` խորհուրդը`

ա) լրամշակված գործը երկամսյա ժամկետում կրկին ներկայացնում է ԲՈՀ.

բ) չեղյալ է համարում գիտական կոչում շնորհելու մասին իր որոշումը:

18. Գիտական կոչում շնորհելու մասին խորհրդի որոշումը ԲՈՀ-ի կողմից չհաստատվելը կարող է բողոքարկվել դատական կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.11.2023, N 1901-Ն 04.11.2023, N 615
17.02.2022, N 177-Ն 18.02.2022, N 615
21.02.2019, N 119-Ն 07.03.2019, N 615
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան