Գլխավոր տեղեկություն
Номер
N 347
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.05.2001-19.03.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2001.05.18/14(146) Հոդ. 354
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.04.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.04.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.04.2001
Дата вступления в силу
01.05.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.03.2019

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 25 ապրիլի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2001 թվականի N 347
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԵՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան



Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
ապրիլի 25-ի N 347 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը, «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան, սահմանում է դեղերի գրանցման, գրանցման մերժման և գրանցումն անվավեր ճանաչելու հիմքերը և կարգը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է արտադրել, ներմուծել, պահպանել, բաշխել, իրացնել և կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում:

3. Դեղերը գրանցման ենթակա չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

4. Դեղերի գրանցումը, գրանցման մերժումը և անվավեր ճանաչումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետև` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, իսկ անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների համար` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը):

5. Դեղերի պետական յուրաքանչյուր գրանցում կատարվում է ըստ առանձին արտադրողների (ֆիրմաների) և երկրների, միևնույն կազմակերպության կողմից նույն դեղը տարբեր երկրներում արտադրելու դեպքում` նաև ըստ յուրաքանչյուր արտադրող երկրի:

6. Հայաստանի Հանրապետությունում գրանցվող դեղերի որակի տեխնիկական պայմանները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետությունում գործող դեղագրքերի պահանջներին: Հայաստանի Հանրապետությունում գործող դեղագրքերն են` նախկին ԽՍՀՄ պետական XI դեղագիրքը, եվրոպական դեղագիրքը, միջազգային դեղագիրքը, ամերիկյան դեղագիրքը, անգլիական դեղագիրքը, գերմանական դեղագիրքը, գերմանական հոմեոպաթային դեղագիրքը, ֆրանսիական դեղագիրքը և առանձին դեպքերում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատվող ժամանակավոր դեղագրքային հոդվածները:

 

II. Դեղերի պետական գրանցումը

 

7. Դեղերի պետական գրանցումը կատարվում է դեղերի որակի, արդյունավետության ու անվտանգության գիտականորեն հիմնավորված չափանիշների, փորձագիտական հետազոտությունների արդյունքների հիման վրա: Գրանցման նպատակով դեղերի փորձաքննությունն իրականացնում է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետև` դեղգործակալություն):

8. Դեղերը գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած կարգով կատարված փորձաքննության եզրակացության հիման վրա:

9. Արտադրող կազմակերպությունը կամ վերջինիս լիազոր ներկայացուցիչը (այսուհետև` դիմորդ) դեղերի պետական գրանցման նպատակով հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն: Հայտի հետ միասին ներկայացվում են դեղերի նմուշներն ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված ցանկի փաստաթղթերի փաթեթը:

10. Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման նպատակով կատարվող փորձաքննության վարձը մուտքագրվում է դեղգործակալության հաշվին: Փորձաքննության վարձը գանձվում է դեղի պետական գրանցման համար ներկայացված փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունից և փորձաքննության գործընթացն սկսելու մասին դիմորդին համապատասխան ծանուցում ուղարկելուց հետո:

11. Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման նպատակով կատարվող փորձաքննության առավելագույն տևողությունը 180 օր է:

12. Դեղգործակալությունը փորձաքննության ավարտից հետո, 15 օրվա ընթացքում, եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղաբանական խորհուրդ (այսուհետև` դեղաբանական խորհուրդ):

Դեղաբանական խորհրդի կազմը և լիազորությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

13. Դեղաբանական խորհուրդը, փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, տալիս է եզրակացություն Հայաստանի Հանրապետությունում դեղը գրանցելու կամ գրանցումը մերժելու, ինչպես նաև դեղերը Հայաստանի Հանրապետությունում ընդունված ցանկերում (հսկվող դեղերի ցանկ, առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկ, հիմնական դեղերի ցանկ) ընդգրկելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը դեղաբանական խորհրդի եզրակացության հիման վրա որոշում է ընդունում դեղը գրանցելու մասին:

14. Դիմորդը դեղի գրանցման մասին որոշումն ընդունելուց հետո վճարում է պետական տուրք` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

15. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դեղը գրանցվելու մասին որոշման և պետական տուրքի վճարման անդորրագրի հիման վրա 10 օրվա ընթացքում դիմորդին տրվում է դեղի գրանցման հավաստագիր:

Գրանցման հավաստագրի ձևը և նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

16. Դեղի պետական գրանցման մասին որոշումն ընդունվելուց հետո Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղը ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում:

17. Առանձին դեպքերում (կապված արտադրանքի, արտադրող գործարանի անվանման, փաթեթավորման և արտադրանքի անվտանգության, արդյունավետության ու որակի վրա չազդող այլ փոփոխությունների հետ) դեղը գրանցման ներկայացրած կազմակերպության պահանջով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարումից հետո, կարող է կատարվել Հայաստանի Հանրապետությունում արդեն գրանցված դեղի հավաստագրի վերաձևակերպում:

18. Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման ժամկետը 5 տարի է, որի ավարտից հետո դեղը կարող է նորից գրանցվել սույն կարգի համաձայն:

19. Պետական գրանցում անցած դեղերի բաղադրության, արտադրության տեխնոլոգիայի, միջազգային չպատենտավորված անվանումների փոփոխությունների, ինչպես նաև նոր հատկությունների, օգտագործման նոր ցուցումների հայտնաբերման դեպքում կատարվում է դրանց պետական նոր գրանցում:

20. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաստատում է գրանցված դեղերի նոր գրանցում չպահանջող փոփոխությունների ցանկը:

21. Ցածր պահանջարկ ունեցող, սակայն կենսականորեն անհրաժեշտ դեղերի պետական գրանցման նպատակով դեղգործակալությունը կարող է փորձաքննություն անցկացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրվող պետական պատվերի սահմաններում: Այդ դեղերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

22. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն ապահովում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի, ինչպես նաև դրանց գրանցումն անվավեր ճանաչելու մասին տեղեկատվությունը: Գրանցված դեղերի մասին տեղեկությունները ընդգրկվում են դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստրում) և պարբերաբար հրատարակվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

23. Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած դեղերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը դեղերի շրջանառության բոլոր օղակներում իրականացնում է պետական վերահսկողություն` գրանցման ժամանակ ընդունված որակի, անվտանգության և արդյունավետության չափանիշներին համապատասխանության ուղղությամբ:

24. Արտադրողը պարտավոր է գրանցված դեղերի պիտակավորման և այլ ցանկացած նոր փոփոխության մասին մեկ ամսվա ընթացքում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

III. Դեղերի գրանցման մերժումը

25. Դեղերի գրանցման մերժման մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած կարգով կատարված փորձաքննության եզրակացության հիման վրա: Դեղերի պետական գրանցումը մերժվում է, եթե`

ա) առկա է դեղգործակալության փորձաքննության բացասական եզրակացությունը.

բ) դեղի մասին միջազգային մասնագիտական աղբյուրներից ստացվում են հիմնավորված և հավաստի բացասական տվյալներ:

26. Դեղերի պետական գրանցումը մերժվելու դեպքում դիմորդը 10 օրվա ընթացքում ծանուցվում է ընդունված որոշման մասին:

27. Դեղերի պետական գրանցումը մերժվելու դեպքում գրանցման նպատակով ներկայացված փաստաթղթերը, դեղերի նմուշները, ինչպես նաև փորձաքննության վարձը չեն վերադարձվում:

28. Դեղերի պետական գրանցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IV. Դեղերի գրանցումն անվավեր ճանաչելը

 

29. Դեղերի գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած կարգով կատարված փորձաքննության և (կամ) դեղաբանական խորհրդի եզրակացության հիման վրա:

30. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչել և դադարեցնել դրա շրջանառությունը`

ա) եթե դիմում է ստացել արտադրող կազմակերպությունից.

բ) դեղի որակի, անվտանգության և արդյունավետության ընդունված չափանիշներին պետական վերահսկողության շրջանակներում հայտնաբերված անհամապատասխանության, այդ թվում` դեղերի նոր բացասական ազդեցության հայտնաբերման դեպքերում.

գ) դեղի մասին միջազգային մասնագիտական աղբյուրներից հիմնավորված և հավաստի բացասական տվյալներ ստանալու դեպքում:

31. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը դեղերի պետական գրանցումն անվավեր ճանաչելուց հետո 10 օրվա ընթացքում պարտավոր է դրա մասին հաղորդում հրապարակել մասնագիտական և պաշտոնական զանգվածային լրատվության միջոցներով:

32. Պետական գրանցումն անվավեր ճանաչելուց հետո դեղը հանվում է դեղերի պետական գրանցամատյանից:

33. Պետական գրանցումն անվավեր ճանաչված դեղերը Հայաստանի Հանրապետության դեղագործական շուկայից հետո կանչելու ծախսերը կատարում է արտադրող կազմակերպությունը:

34. Դեղերի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
ապրիլի 25-ի N 347 որոշմամբ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԻ ՉԱՓԵՐԸ

 

NN
ը/կ

 Պետական գրանցման դեպքերը

 Փորձաքննության վարձի չափը, ներառյալ ԱԱՀ
(ԱՄՆ-ի դոլար)

 Հայաստանի Հանրապետությունում գրանցված արտադրողների համար

Այլ երկրների արտադրողների համար 

 1.

 Վերարտադրված (ջեներիկ) դեղերի առաջին դեղաձև, դեղաչափ

 400

1500 

 յուրաքանչյուր հաջորդ դեղաձև

 200

 750

 յուրաքանչյուր հաջորդ դեղաչափ

 100

 400

 յուրաքանչյուր նոր ցուցում

 200

 750

 2.

 Հայտնի դեղերի նոր զուգորդումներ

 500

 2000

 3.

 Նոր դեղանյութեր (նոր ակտիվ նյութեր) պարունակող դեղերի առաջին դեղաձև, դեղաչափ

 900

 3750

 յուրաքանչյուր հաջորդ դեղաձև, դեղաչափ

 500

 2000

 4.

 Հոմեոպաթային դեղերի առաջին դեղաձև, դեղաչափ

 100

 400

 յուրաքանչյուր հաջորդ դեղաձև, դեղաչափ և նոր ցուցում

 25

 100

 5.

 Բուսապատրաստուկներ, այլ բնական ծագում ունեցող պատրաստուկներ և կենսաբանական ակտիվ նյութեր պարունակող սննդային հավելումներ

 100

 400

 6.

 Պետական գրանցման հավաստագրի վերաձևակերպում` կապված արտադրանքի, արտադրող ֆիրմայի անվանման, փաթեթավորման և արտադրանքի անվտանգության, արդյունավետության ու որակի վրա չազդող այլ փոփոխությունների հետ

 10

 40

 

Ծանոթագրություն: Հայաստանի Հանրապետությունում արտադրվող դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձը գանձվում է Հայաստանի Հանրապետության դրամով` վճարման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքով:

Եթե միևնույն արտադրողի` Հայաստանի Հանրապետությունում արդեն պետական գրանցում ստացած նույն դեղը արտադրվում է նաև այլ երկրներում, ապա յուրաքանչյուր հաջորդ երկրի արտադրության դեղի պետական գրանցման ժամանակ փորձաքննության վարձը գանձվում է սույն աղյուսակում հաստատված վարձի կեսի չափով: