Գլխավոր տեղեկություն
Номер
N 26
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.01.2002-31.10.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.02.05/6(181) Հոդ.83
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.01.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.01.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.01.2002
Дата вступления в силу
14.01.2002

040.0026.14.01.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունվարի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունվարի 2002 թվականի N 26
քաղ. Երևան

ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմիններ սահմանել՝

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը՝ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված գյուղատնտեսական նշանակության, 13-րդ հոդվածով սահմանված գյուղատնտեսական արտադրական (իր իրավասության սահմաններում) հողերի օգտագործման արդյունավետության, գյուղատնտեսական սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը՝ հողային օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված բնակավայրերի հողերի օգտագործման, կառուցապատման համար նախատեսված այլ հողերի քաղաքաշինական սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով.

գ) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը՝ հողային օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրական (իր իրավասության սահմաններում), պահեստարանների համար նախատեսված օբյեկտների հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով.

դ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը՝ հողերի պահպանության, հողային օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանված ընդերքի օգտագործման համար տրամադրված կամ նախատեսված հողերի, 20-րդ հոդվածով սահմանված բնապահպանական հողերի, 25-րդ հոդվածով սահմանված անտառային հողերի օգտագործման բնապահպանական սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության, իր իրավասության սահմաններում հողերի պահպանության պետական վերահսկողության մասով.

ե) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը՝ հողային օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված էներգետիկայի օբյեկտների և դրանց անվտանգության գոտիների հողերի օգտագործման սահմանափակումների ու նորմերի սահմանման քաղաքականության մասով.

զ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը՝ հողային օրենսգրքի 16-րդ ու 17-րդ հոդվածներով սահմանված կապի և տրանսպորտի օբյեկտների ու դրանց պաշտպանական գոտիների հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով.

է) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը՝ հողային օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված առողջարարական նպատակներով նախատեսված հողերի և սանիտարական (լեռնային սանիտարական) պահպանության գոտիների օգտագործման սանիտարական սահմանափակումների ու նորմերի սահմանման քաղաքականության մասով.

ը) Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը՝ հողային օրենսգրքի 22-րդ հոդվածով սահմանված հանգստի համար նախատեսված հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով.

թ) Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունը՝ հողային օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված պատմական և մշակութային հողերի ու դրանց պահպանական գոտիների հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով.

ժ) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը՝ հողային օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված հատուկ նշանակության հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով.

ժա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն՝ հողային օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված ջրային հողերի ու դրանց պահպանական գոտիների օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանման քաղաքականության մասով.

ժբ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն՝ հողային օրենսգրքի 31-35-րդ հոդվածներին համապատասխան հողային հարաբերությունների կարգավորման, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների, օգտագործման ու գնի վերաբերյալ տեղեկատվության կառավարման, ինչպես նաև իր իրավասության սահմաններում պետական վերահսկողության իրականացման մասով.

ժգ) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը՝ հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման) դեպքում պետության սեփականություն համարվող հողամասերի օտարման մասով։

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝

ա) երկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ իրենց կանոնադրություններում սույն որոշման առաջին կետին համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

բ) օրենսգրքի 118-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան՝ մինչև 2002 թվականի հունիսի 1-ը ապահովել հողային օրենսգրքի կիրարկումն ապահովող համապատասխան գերատեսչական նորմատիվային ակտերի սահմանված կարգով ընդունումը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 7-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան հողային օրենսգրքի 3-9-րդ գլուխներով սահմանված հողատեսքերի և գործառական նշանակության հողամասերի դասակարգումը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ:

3. Հողային պաշարների կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության մարզպետների իրավասությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 14-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան