Գլխավոր տեղեկություն
Номер
N 532
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.06.2002-09.08.2003)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.06.05/17(192) Հոդ.387
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.05.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.05.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.05.2002
Дата вступления в силу
15.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.06.2011

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 մայիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2002 թվականի N 532

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԵՎ «ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՅՏԱՏՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ», «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԵՎ «ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն  «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածների պահանջների, ինչպես նաև համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 6-րդ կետի «գ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման կարգը (կցվում է):


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 


Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 15-ի N 532 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» ԵՎ «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» (այսուհետև՝ գնահատող) և «Ռիելթորական գործունեություն» (այսուհետև՝ ռիելթոր) գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետությունում գնահատողի և ռիելթորի մասնագիտական որակավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և սույն կարգով:

3. Գնահատողների և ռիելթորների (այսուհետև՝ հայտատուներ) մասնագիտական որակավորումն ստուգում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն (այսուհետև՝ կոմիտե):

4. Հայտատուների մասնագիտական որակավորման ստուգումը կազմակերպում են կոմիտեի նախագահի կողմից ստեղծված՝ ըստ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման առանձին հանձնաժողովները (այսուհետև՝ հանձնաժողովներ):

5. Գնահատողի կամ ռիելթորի մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք՝ ներկայացնելով՝

ա) դիմում-հայտ (ձևը կցվում է).

բ) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

գ) բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմ) պատճենը.

դ) մասնագիտական որակավորում ստանալու համար պետական տուրքի անդորրագիրը՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը կոմիտե ներկայացվելուց ոչ ուշ, քան 15 օր հետո հանձնաժողովներն ստուգում են հայտատուների մասնագիտական որակավորումը: Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը պետք է կոմիտե ներկայացվեն մասնագիտական որակավորման ստուգումից առնվազն 3 օր առաջ:

7. Մասնագիտական որակավորման ստուգման նպատակով հայտատուներին տրվում է 100 հարցաթեստ, որոնք մշակվում և հաստատվում են կոմիտեի կողմից:

8. Մասնագիտական որակավորման ստուգման անհատական հարցաթեստերը բաղկացած են 100 հարցից, որոնցից գնահատողի մասնագիտական որակավորման ստուգման համար՝ 60-ը՝ իրավաբանական (օրենսդրություն, ռիելթորություն, քաղաքաշինություն և այլն), 40-ը՝ տնտեսագիտական (կադաստրային գնահատում, շուկայական գնահատում), իսկ ռիելթորի մասնագիտական որակավորման ստուգման համար՝ 80-ը՝ իրավաբանական (օրենսդրություն, ռիելթորություն, քաղաքաշինություն), 20-ը՝ տնտեսագիտական (շուկայական գնահատում) ոլորտներին վերաբերող հարցեր են:

9. Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է համակարգչային ավտոմատացված ծրագրային համակարգով, որի համար յուրաքանչյուր հայտատուին հատկացվում է 120 րոպե ժամանակ:

Հայտատուները համարվում են մասնագիտական որակավորման ստուգումն անցած, եթե նրանք անհատական հարցաթեստերից առնվազն 75-ին պատասխանել են ճիշտ:

10. Կոմիտեն հայտատուներին նախօրոք ծանոթացնում և տեղեկացնում է մասնագիտական որակավորման ստուգման տեխնիկական, համակարգչային միջոցներից օգտվելու կարգին ու պայմաններին:

11. Մասնագիտական որակավորման ստուգման ժամանակ թույլատրվում է օգտվել ձեռնարկներից, փաստաթղթերից և մասնագիտական գրականությունից:

12. Մասնագիտական որակավորման ստուգման համար հարցերը նախապատրաստվում են լիցենզավորող մարմնի կողմից և ենթակա են պարտադիր հրապարակման «Կադաստրի  տեղեկագիր» ամսագրում՝ ստուգման օրվանից ոչ ուշ,  քան 6 ամիս առաջ:

13. Մասնագիտական որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի փոփոխման դեպքում հայտատուները սահմանված կարգով տեղեկացվում են ստուգման անցկացումից առնվազն 7 աշխատանքային օր առաջ:

14. Մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է դռնբաց, կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել՝ չխոչընդոտելով ստուգման անցկացման բնականոն ընթացքը:

15. Արգելվում է մասնագիտական որակավորում չստացած հայտատուի համար  նույն օրն անցկացնել կրկնակի ստուգում:

Հայտատուները մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են կրկին կոմիտե դիմել ընդհանուր հիմունքներով:

16. Կոմիտեն մասնագիտական որակավորման ստուգում անցած հայտատուներին ստուգման անցկացումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է ըստ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների մասնագիտական որակավորման վկայականներ, որոնց ձևերը հաստատում է կոմիտեի նախագահը:

17. Հայտատուների ներկայացրած հայտերը մերժվում են, եթե՝

ա) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների և սույն կարգի պահանջներին.

բ) հայտում թերությունների (ջնջումներ, սխալներ, վրիպակներ, բացթողումներ) առկայության դեպքում, երբ հայտատուն մասնագիտական որակավորման ստուգման անցկացման  օրվանից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օր առաջ՝ սահմանված կարգով տեղյակ է պահվել և ստուգման անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ չի վերացրել նշված թերությունները:

18. Հայտատուն համարվում է մասնագիտական որակավորման ստուգումը չանցած, եթե՝

ա) մասնագիտական որակավորման ստուգմանը չի ներկայացել սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետում.

բ) մասնագիտական որակավորման  ստուգման արդյունքները չեն բավարարում սույն կարգի 9-րդ կետով սահմանված պայմանը:

19. Կոմիտեն վարում է հայտատուների հայտերի ընդունման և մասնագիտական որակավորման ստուգման կազմակերպման հետ կապված գործավարությունը: Յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի, մասնագիտական որակավորման ստուգմանն առնչվող բոլոր փաստաթղթերի և նյութերի հիման վրա կազմվում է համապատասխան գործ, որը կոմիտեի կողմից պահպանվում է 3 տարի:

20. Սույն կարգի պահանջների խախտմամբ հայտերի մերժումը և անցկացված մասնագիտական որակավորման ստուգման ընթացքում առաջացած վիճելի հարցերը կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

Ձև

 

Հայաստանի  Հանրապետության կառավարությանն
առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի
նախագահի տեղակալ պրն   _____________________ ին
________________________________________
                                                           (անունը, ազգանունը)
________________________________________
                                                          (բնակության վայրը)
________________________________________
                                                             (հեռախոսահամարները)
 
Դ Ի Մ ՈՒ Մ - Հ Ա Յ Տ
 
Խնդրում  եմ Ձեզ թույլատրել մասնակցել
___________________________________________________________
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորման  ստուգմանը:
   Կից ներկայացնում  եմ՝
ա) անձը  հաստատող  փաստաթղթի  պատճենը՝ ______________________________
բ) բարձրագույն  կրթության  վկայագրի (դիպլոմ) պատճենը՝ ______________________
գ) պետական տուրքի  անդորրագիրը՝____________________________________
    Ծանոթացել  եմ՝
    ա) Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման,
անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող
լիցենզավորման և Հայաստանի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական
գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների տեսակների գծով հայտատու
ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման կարգերին.
    բ) ________________________________________________________
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասնագիտական որակավորման ստուգման 
անցկացման համակարգչային միջոցներից օգտվելու կարգին և պայմաններին:
    Տեղեկացված  եմ  այն մասին, որ՝ _____________________________________
լիցենզավորման ենթակա  գործունեության տեսակի  մասնագիտական  որակավորման  ստուգումն
անցկացվելու է 200__ թվականի _____________________ _____-ին, Հայաստանի
Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի
__________________________________ ստորաբաժանումում, ժամը ____-ին:
                 (գտնվելու վայրը, հեռախոսահամարները)
 
ՀԱՅՏԱՏՈՒ                  _____________________________
                                                  (ստորագրությունը)
                                 _____________________________
                                                              (անունը, ազգանունը)
 
                                                                           _____   ____________ 200__թ.

 


Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 15-ի N 532 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական ԵՎ կադաստրային քարտեզագրում», «Անշարժ գույքի գնահատում» ԵՎ «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման

 

I. «Տեղագրական ԵՎ կադաստրային քարտեզագրում» գործունեությունը

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության իրականացման կարգը:

2. «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեությունը ներառում է խտացման ու հանութային ցանցերի ստեղծումը, տեղագրական և կադաստրային քարտեզագրման, հանութային, ինչպես նաև ինժեներագեոդեզիական աշխատանքների իրականացումը:

3. Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեություն կարող են իրականացնել այն ֆիզիկական ու իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 5 որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից (այսուհետև` կոմիտե) ստացել են համապատասխան լիցենզիա:

Ֆիզիկական անձինք ձեռնարկատիրական նպատակներով` նշված գործունեությամբ կարող են զբաղվել միայն որպես անհատ ձեռնարկատեր:

4. «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեություն իրականացնող լիցենզավորված անձը պարտավոր  է`

ա) իր գործունեության ընթացքում ղեկավարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Լիցենզավորման մասին» ու «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով.

բ) տեղագրագեոդեզիական և կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման համար օգտագործվող գեոդեզիական գործիքներն ու սարքավորումները ներկայացնել չափաբանական ապահովման և սերտիֆիկացման.

գ) կազմակերպության (ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու վայրի, ինչպես նաև հիմնադիր փաստաթղթերում (կանոնադրություն) փոփոխությունների կատարման դեպքում 10-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնել կոմիտեին:

5. «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեություն իրականացնող լիցենզավորված անձը կարող է`

ա) օգտվել կոմիտեի տեղեկատվական բանկի ծառայություններից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 155 որոշման պահանջների համաձայն.

բ) գործունեության ընթացքում իր կողմից կատարված աշխատանքների հիման վրա, պատվիրատուի համաձայնությամբ, բացառությամբ պետական մասշտաբային շարքի նյութերի, ստեղծել տեղեկատվական ֆոնդ և դրանից տրամադրել տեղեկատվություն.

գ) մասնակցել իր գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և ծանոթանալ հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերին:

 

II. «Անշարժ գույքի գնահատում» գործունեությունը

 

6. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» գործունեության իրականացման կարգը:

7. Հայաստանի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական ու ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը (այսուհետև՝ գնահատող):

«Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա ստացած ֆիզիկական անձը (այսուհետև՝ գնահատում իրականացնող լիցենզավորված անձ) ձեռնարկատիրական նպատակներով՝ նշված գործունեությունն իրականացնելու իրավունք ունի միայն որպես անհատ ձեռնարկատեր:

8. Շուկայական գնահատման առարկա կարող է հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունում գտնվող ցանկացած անշարժ գույք:

9. Գնահատում իրականացնող լիցենզավորված անձը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով:

10. Գնահատման աշխատանքներն իրականացվում են գնահատման 3 դասական մեթոդով՝

ա) անշարժ գույքի գնահատման համեմատական վաճառքների վերլուծության մեթոդ՝ հիմնված է ազատ շուկայում կատարված նմանատիպ (համեմատելի) օբյեկտների առք ու վաճառքի գործարքներից և վաճառահանված օբյեկտներից ստացված տեղեկատվության վրա.

բ) անշարժ գույքի գնահատման ծախսային մեթոդ՝ հիմքում ընկած է գնահատվող գույքի կամ նույն նպատակաուղղվածության և միևնույն պարամետրերով այլ անշարժ գույքի կառուցման համար անհրաժեշտ ծախսերի հաշվարկը.

գ) անշարժ գույքի գնահատման եկամուտների կապիտալիզացիայի մեթոդ՝ հիմնված է գնահատվող կամ նմանատիպ գույքից ստացվող կամ սպասվող եկամուտների վրա: «Անշարժ գույքից ստացվող եկամուտ» ասելով պետք է հասկանալ եկամտի այն չափը, որն ստացվում է միայն անշարժ գույքից (օրինակ, նրա վարձակալումից), և այն չպետք է շփոթել անշարժ գույքն օգտագործողի գործունեությունից ստացվող եկամտի հետ:

11. Գնահատողի կողմից կազմվում է անշարժ գույքի գնահատման վերաբերյալ ամփոփագիր, որում արտացոլվում են՝

ա) աշխատանքն իրականացնելու հիմքերը.

բ) գնահատման համար հավաքագրված (հիմնավորված) և օգտագործված տեղեկությունները.

գ) գնահատվող անշարժ գույքի մանրակրկիտ նկարագիրը (անհրաժեշտության դեպքում հիմնավորել լուսանկարներով).

դ) գնահատվող անշարժ գույքի շրջակա տարածքի ընդհանուր նկարագիրը.

ե) գնահատվող անշարժ գույքի լավագույն և առավել արդյունավետ օգտագործման հիմնավոր վերլուծությունը.

զ) կիրառվող գնահատման մեթոդիկայի հիմնավորումը.

է) կազմակերպության անվանումը, լիցենզիայի համարը կամ կատարողի անունը, ազգանունը և լիցենզիայի համարը:

12. Գնահատողը պարտավոր է պահպանել գնահատման ժամանակ իրեն հայտնի դարձած առևտրային և պետական գաղտնիքները:

13. Պատվիրատուի պահանջի դեպքում գնահատողը պարտավոր է ներկայացնել լիցենզիայի բնօրինակը:

14. Գնահատողը կարող է՝

ա) օգտվել կոմիտեի տեղեկատվական բանկի ծառայություններից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 155 որոշման պահանջների համաձայն.

բ) պատվիրատուից պահանջել գնահատվող անշարժ գույքին վերաբերող անհրաժեշտ նյութերը.

գ) մասնակցել իր գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և ծանոթանալ հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերին.

դ) լիցենզավորող մարմնի՝ իր գործունեության մասին ընդունած որոշումները բողոքարկել դատական կարգով:

 

III. «Ռիելթորական գործունեություն» գործունեությունը

 

15. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում «Ռիելթորական գործունեություն» գործունեության (այսուհետև` ռիելթորություն) իրականացման կարգը:

16. Ռիելթորությունն անշարժ գույքի շուկայում ռիելթորների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, այլ օրենքների և սույն կարգի, ինչպես նաև այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան՝ առևտրային նպատակով իրականացվող գործունեություն է, որն ընդգրկում է հետևյալ գործառույթների ամբողջությունը`

ա) անշարժ գույքի նկատմամբ գործարքների իրականացումն ապահովող գործառույթների իրականացում, այդ թվում՝ հանձնարարության, միջնորդական, ներկայացուցչական, խորհրդատվական և այլ ծառայությունների մատուցում.

բ) անշարժ գույքի օտարման ու օգտագործման տրամադրման համար մրցույթների, աճուրդների և սակարկությունների կազմակերպում ու անցկացում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) անշարժ գույքի շուկայի, այդ թվում՝ գնային իրավիճակի վերլուծությունների իրականացում:

Նշված գործառույթներից յուրաքանչյուրն առանձին` ոչ ամբողջության մեջ, կարող է իրականացվել նաև այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից:

17. Հայաստանի Հանրապետությունում ռիելթորությամբ կարող են զբաղվել իրավաբանական ու ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

Լիցենզիա ստացած ֆիզիկական անձն իրավունք ունի զբաղվելու այդ բնագավառում ձեռնարկատիրական գործունեությամբ՝ միայն որպես անհատ ձեռնարկատեր:

18. Ռիելթորը պարտավոր է`

ա) անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների հիման վրա ստեղծել տեղեկատվական բանկ.

բ) պահպանել ռիելթորության ընթացքում ի հայտ եկած պետական և առևտրային գաղտնիքները.

գ) անշարժ գույքի մասին տեղեկատվությունն այլ անձանց տրամադրել և անշարժ գույքը գովազդել սեփականատիրոջ կամ օգտագործողի համաձայնությամբ.

դ) պատվիրատուի պահանջի դեպքում ներկայացնել լիցենզիայի բնօրինակը.

ե) պայմանագրերում, գովազդային ցուցանակներում, հրապարակումներում, մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հանդես գալիս պարտադիր նշել լիցենզավորված անձի անունը, ազգանունը (կամ լիցենզավորված կազմակերպության անվանումը) և լիցենզիայի համարը:

19. Ռիելթորը կարող է՝

ա) մասնակցել կոմիտեում իր գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և ծանոթանալ հարցերին առնչվող բոլոր փաստաթղթերին,

բ) օգտվել կոմիտեի տեղեկատվական բանկի ծառայություններից` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 155 որոշման պահանջների համաձայն: