«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
11 հունվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2001 թվականի N 19
քաղ. Երևան
«ԱՐՄԵՆՊՐԵՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 22-ի N 74 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 504 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 22-ի «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, կանոնադրական հիմնադրամը և հիմնադրի կողմից լիազորված անձանց ցանկը հաստատելու մասին» N 74 որոշման «ա» ենթակետը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության
I. Ընդհանուր դրույթներ
1. «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետև` ընկերություն) շահույթ ստանալու նպատակ հետապնդող առևտրային կազմակերպություն է:
2. Ընկերությունն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետև` օրենսգիրք) և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) պահանջներին համապատասխան և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է օրենսգրքով, օրենքով և սույն կանոնադրությամբ:
3. Ընկերության ֆիրմային անվանումն է`
հայերեն լրիվ` «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերություն
կրճատ` «Արմենպրես» ՓԲԸ
ռուսերեն լրիվ` Закрытое Акционерное общество "Арменпресс"
կրճատ` ЗАО "Арменпресс"
անգլերեն լրիվ` Close joint stock Company «Armenpress»
կրճատ` Co., CGS «Armenpress»
4. Ընկերության գործունեության ժամկետը չի սահմանափակվում:
5. Ընկերության իրավաբանական և փոստային հասցեն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 375009, Իսահակյան 28:
II. ԸՆկերության գործունեության առարկան ու ստեղծման նպատակը
6. Ընկերության ստեղծման նպատակն ապրանքների վաճառքից, աշխատանքներ կատարելուց և ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:
7. Ընկերությունն ունի քաղաքացիական իրավունքներ և կրում է քաղաքացիական պարտականություններ, որոնք նրան անհրաժեշտ են օրենքով չարգելված ցանկացած գործունեություն իրականացնելու համար:
8. Ընկերությունը կարող է օրենքով սահմանված գործունեության առանձին տեսակներով զբաղվել միայն լիցենզիա ձեռք բերելու պահից կամ դրա մեջ նշված ժամկետում: Եթե լիցենզիայով նախատեսվել է, որ ընկերությունը, բացի լիցենզավորվող գործունեությունից, չի կարող զբաղվել այլ գործունեությամբ, կամ լիցենզիայով նախատեսված են գործունեության առանձին տեսակներով զբաղվելու սահմանափակումներ, ապա ընկերությունը լիցենզիայի գործողության ժամկետում իրավունք չունի զբաղվելու այլ գործունեությամբ, բացառությամբ լիցենզիայով նախատեսվածների, և այնպիսի գործունեությամբ, որն արգելված է լիցենզիայով:
III. Ընկերության իրավական կարգավիճակը
9. Ընկերությունն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում պետական գրանցման պահից:
10. Ընկերությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, կարող է հաշվարկային և այլ հաշիվներ բացել բանկերում: Ընկերությունն ունի իր ֆիրմային անվանմամբ կլոր կնիք (հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով), դրոշմակնիք, ձևաթղթեր, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ, ապրանքային, առևտրային, սպասարկման և այլ նշաններ:
11. Ընկերությունն ունի սեփական առանձնացված գույք, կարող է իր անունից մասնակցել գույքային շրջանառությանը, ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
12. Ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:
IV. Ընկերության մասնաճյուղերը, ներկայացուցչությունները եվ հիմնարկները
13. Ընկերությունն իրավունք ունի ստեղծելու մասնաճյուղեր, ներկայացուցչություններ և հիմնարկներ` օրենսգրքին, օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան:
14. Ընկերությունն օտարերկրյա պետություններում ստեղծում է մասնաճյուղեր, ներկայացուցչություններ և հիմնարկներ` մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների գտնվելու վայրի երկրի օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
15. Մասնաճյուղն ընկերության գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումն է, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ նաև ներկայացուցչության գործառույթները:
16. Ներկայացուցչությունն ընկերության գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումն է, որը ներկայացնում է ընկերության շահերը և իրականացնում դրանց պաշտպանությունը:
17. Հիմնարկն ընկերության կողմից ստեղծված կառավարչական, սոցիալ- մշակութային և ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնող կազմակերպություն է:
18. Մասնաճյուղերը, ներկայացուցչությունները և հիմնարկներն իրավաբանական անձինք չեն ու գործում են ընկերության հաստատած կանոնադրությունների հիման վրա:
19. Ընկերությունը մասնաճյուղերին, ներկայացուցչություններին և հիմնարկներին տրամադրում է գույք: Մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների գույքը հաշվառվում է ինչպես դրանց առանձին հաշվեկշիռներում, այնպես էլ` ընկերության հաշվեկշռում:
20. Մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների ղեկավարներին պաշտոնի նշանակում է ընկերությունը, և նրանք գործում են ընկերության լիազորագրի հիման վրա:
21. Մասնաճյուղերը, ներկայացուցչությունները և հիմնարկները գործում են ընկերության անունից: Դրանց գործունեության համար պատասխանատվություն է կրում ընկերությունը:
V. Ընկերության գույքը եվ կանոնադրական կապիտալը
22. Ընկերության գույքը կազմված է հիմնական և շրջանառու միջոցներից, ինչպես նաև արժեթղթերից, որոնց արժեքն արտացոլվում է ընկերության ինքնուրույն հաշվեկշռում:
23. Ընկերության գույքի ձևավորման աղբյուրներն են`
ա) ընկերության բաժնետերերի կողմից որպես ավանդ ներդրված դրամական և նյութական միջոցները,
բ) ընկերության տնտեսական գործունեության արդյունքները (արտադրանքը, ստացված եկամուտները).
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ձևերով ձեռք բերված այլ գույքը:
24. Ընկերության բաժնետերը կարող է ներդնել դրամ, արժեթղթեր, այլ գույք` ներառյալ գույքային և դրամական գնահատում ունեցող մյուս իրավունքները:
Ներդրած գույքի արժեքը որոշվում է ընկերության բաժնետերերի փոխադարձ համաձայնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում այն ենթակա է անկախ փորձագիտական վերստուգման (աուդիտի):
Բաժնետոմսերը գնահատվում են Հայաստանի Հանրապետության դրամով:
25. Եթե գույքը, նյութական արժեքները, ֆինանսական և այլ միջոցներն ընկերությանը հանձնվել են օգտագործման իրավունքով, ապա համապատասխան բաժնետեր-վարձատուի ներդրման չափը որոշվում է այդ գույքի օգտագործման դիմաց տրվող վարձավճարի գումարի չափով: Այդ գույքի պատահական կորստի կամ վնասի ռիսկը կրում է գույքի նկատմամբ իրավունքը ներդրած բաժնետերը:
26. Ընկերության գործունեությունն ապահովելու նպատակով հիմնադիրների ներդրումների հաշվին ստեղծվում է կանոնադրական կապիտալ: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմված է ընկերության բաժնետերերի ձեռք բերած բաժնետոմսերի անվանական արժեքից:
27. Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը:
28. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 12180000 դրամ: Թողարկված է 1218 բաժնետոմս` յուրաքանչյուր բաժնետոմսի անվանական արժեքը 10000 դրամ է:
29. Ընկերության կանոնադրական կապիտալը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված չափից:
30. Ընկերության 1218 բաժնետոմսերը տեղաբաշխված են և պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:
31. Ընկերությունը կարող է բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ ավելացնել իր կանոնադրական կապիտալի չափը` բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու կամ լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով:
32. Ընկերությանը չի թույլատրվում վնասները ծածկելու համար ավելացնել ընկերության կանոնադրական կապիտալը:
33. Ընկերությունը կարող է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ նվազեցնել իր կանոնադրական կապիտալի չափը` բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու և ընկերության բաժնետոմսերի ընդհանուր թիվը պակասեցնելու նպատակով դրանց մի մասը գնելու միջոցով:
34. Ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու մասին որոշում ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում ընկերությունը պարտավոր է բոլոր պարտատերերին տեղեկացնել ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություններ հրապարակել կանոնադրական կապիտալի նոր չափի մասին: Ընկերության պարտատերերն իրավունք ունեն ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու մասին տեղեկություններն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում ընկերությունից պահանջելու վաղաժամկետ կատարել կամ դադարեցնել իրենց նկատմամբ ունեցած պարտավորությունները և հատուցել դրա հետևանքով պատճառված վնասները:
35. Ընկերությունն իրավունք չունի նվազեցնելու իր կանոնադրական կապիտալը, եթե նվազեցման պատճառով կանոնադրական կապիտալի չափը պակաս կլինի օրենքով սահմանված նվազագույն չափից:
VI. Ընկերության կապիտալները եվ զուտ ակտիվները
36. Ընկերությունը Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կարող է թողարկել ու բաշխել բաժնետոմսեր և այլ արժեթղթեր:
37. Ընկերությունն իրավունք ունի թողարկելու և բաշխելու միայն անբաժանելի, միևնույն արժեքն ունեցող հասարակ բաժնետոմսեր:
38. Ընկերության բաժնետոմսերը բաշխվում են ընկերության բաժնետերերի ռեեստրում` նրանց անձնական հաշիվներում գրանցման տեսքով:
Այս դեպքում բաժնետերերին տրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տպագրված բաժնետոմսերի հավաստագրեր (սերտիֆիկատներ):
39. Ընկերությունն իրավասու է թողարկելու բաժնետոմսեր` միայն ընկերության կանոնադրության մեջ հայտարարված բաժնետոմսերի թվի սահմաններում:
40. Ընկերությունը կարող է թողարկել լրացուցիչ բաժնետոմսեր` միայն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, գույքային կամ դրամական ներդրման միջոցով ավելացվում է նախապես հայտարարված կանոնադրական կապիտալի չափը կամ նվազեցվում է մեկ բաժնետոմսի նախապես հայտարարված գինը:
41. Ընկերությունն իրավասու չէ թողարկելու և բաշխելու լրացուցիչ բաժնետոմսեր` իր տնտեսական գործունեության արդյունքում առաջացած պարտքերի մարման համար:
42. Ընկերությունն իրավասու չէ անցկացնելու իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ այն օտարելու երրորդ անձի, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
43. Ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել պահուստային կապիտալ:
Պահուստային կապիտալն ստեղծվում է ընկերության ստացած շահույթից, կանոնադրական կապիտալի 15 տոկոսից (182700 դրամից) ոչ պակաս չափով, մասհանումների կատարման միջոցով:
Եթե ստեղծված պահուստային կապիտալի փաստացի չափն ընկերության կանոնադրությամբ սահմանվածից փոքր է, ապա այդ կապիտալին հատկացումները կատարվում են շահույթի 5 տոկոսից ոչ պակաս չափով:
44. Պահուստային կապիտալը, ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, կարող է օգտագործվել ընկերության վնասները ծածկելու և քաղաքացիական-իրավական այլ պարտավորությունները կատարելու նպատակով:
Ընկերության պահուստային կապիտալը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար:
45. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ կարող են ստեղծվել նաև սպառման, կուտակման, սոցիալական զարգացման, հատուկ նշանակության և այլ կապիտալներ, որոնք հետագայում օգտագործվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ սահմանված կարգով: Ընկերության զուտ շահույթի չօգտագործված մասի նպատակային օգտագործման մասին որոշումներն ընդունվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից:
VII. Ընկերության բաժնետերերի իրավունքները եվ պարտականությունները
46. Ընկերության յուրաքանչյուր հասարակ բաժնետոմս իր սեփականատերը հանդիսացող բաժնետիրոջը տալիս է միևնույն իրավունքները:
47. Ընկերության բաժնետերերն իրավունք ունեն`
ա) մասնակցելու ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին` այնտեղ քննարկվող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով.
բ) մասնակցելու ընկերության գործերի կառավարմանը.
գ) ստանալու տեղեկատվություն ընկերության գործունեության մասին և սահմանված կարգով ծանոթանալու հաշվապահական հաշվառման ու այլ փաստաթղթերի.
դ) մասնակցելու ընկերության ստացած շահույթի բաշխմանը և դրա մասին որոշումների ընդունմանը.
ե) ընկերության լուծարման դեպքում նրա պարտատերերի հետ կատարված հաշվարկներից հետո ստանալու գույքի մնացած մասը.
զ) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում հանդես գալու համապատասխան առաջարկություններով, քվեարկելու իրեն պատկանող բաժնետոմսերի թվին համապատասխան ձայների չափով.
է) պահանջելու աուդիտի անցկացում` ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով.
ը) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից:
48. Ընկերության բաժնետերերը պարտավոր են`
ա) չհրապարակել ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն.
բ) օժանդակել ընկերության գործադիր մարմիններին` ընկերության գործունեության հստակ և արդյունավետ կազմակերպման գործում.
գ) ընկերության գործունեության կազմակերպման և կառավարման մասին չընդունել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության պահանջներին հակասող որոշումներ.
դ) մասնակցել յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո կամ ընկերության բաժնետերերի արտահերթ հրավիրվող ընդհանուր ժողովներին:
VIII. Ընկերության շահաբաժինների վճարման կարգը
49. Ընկերությունն իրավունք ունի ֆինանսական տարվա արդյունքների ամփոփման հիման վրա հայտարարելու իր տնօրինության տակ գտնվող զուտ շահույթից շահաբաժիններ վճարելու մասին:
50. Շահաբաժնի վճարման չափի, ժամկետի, կարգի և պայմանների մասին որոշումն ընդունվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից` ընկերության տնօրենի ներկայացմամբ:
51. Ընկերությունն իրավունք չունի հայտարարելու (որոշում ընդունելու) շահաբաժինների վճարման մասին, եթե`
ա) շահաբաժիններ վճարելու մասին որոշման ընդունման պահի դրությամբ ընկերության տնտեսական վիճակում առկա են անվճարունակության (սնանկացման) հատկանիշներ կամ նշված հատկանիշներն ի հայտ կգան շահաբաժինների վճարման հետևանքով.
բ) ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է ընկերության կանոնադրական կապիտալի և պահուստային կապիտալի ընդհանուր գումարից կամ այդ գումարից կփոքրանա շահաբաժինների վճարման հետևանքով:
IX. Բաժնետիրական ընկերության կառավարումը
52. Բաժնետիրական ընկերության կառավարման բարձրագույն մարմինն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն է:
53. Ընկերությունը պարտավոր է յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո 2-6 ամսվա ընթացքում հրավիրել ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողով:
Անհրաժեշտության դեպքում ֆինանսական տարվա ընթացքում կարող են հրավիրվել ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովներ:
54. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հրավիրման ժամկետի, տեղի և օրակարգի մասին որոշումն ընդունվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից:
Ընկերության բաժնետերերն իրավասու են հիմնադրին ներկայացնելու առաջարկություն ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու վերաբերյալ:
55. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86 հոդվածի համաձայն, ընկերության խորհրդի իրավասություններն իրականացնում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը:
56. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություններն են`
ա) ընկերության կանոնադրությունը և նրա կանոնադրական կապիտալի չափի փոփոխելը.
բ) ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) անդամների ընտրությունների անցկացումը և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը.
գ) ընկերության գործադիր մարմիններ կազմավորելը և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը.
դ) ընկերության տարեկան հաշվետվությունները, հաշվապահական հաշվեկշիռները, շահույթների և վնասների հաշիվները հաստատելն ու բաշխելը, ամենամյա նախահաշիվները հաստատելը.
ե) ընկերության վերակազմակերպման, լուծարման, լուծարային հանձնաժողովի անդամների նշանակման, լուծարային հաշվեկշիռների հաստատման մասին որոշումներ ընդունելը.
զ) պահուստային և մյուս կապիտալների ստեղծման, ձևավորման ու այդ միջոցների օգտագործման ուղղությունների հաստատումը.
է) ընկերության աուդիտն իրականացնող անձի և նրա վարձատրության չափի հաստատումը.
ը) ընկերության գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքման մասին որոշում ընդունելը` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում.
թ) ընկերության ու գործադիր մարմինների կառուցվածքի հաստատումը և ընկերության գործունեության հիմնական ուղղությունների մասին որոշում ընդունելը.
ժ) ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.
ժա) ընկերության կողմից դուստր ընկերությունների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծումը, դուստր և կախյալ ընկերությունների աշխատանքներին նրա մասնակցությունը.
ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:
57. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը Հայաստանի Հանրապետության օրենքով վերապահված հարցերը չեն կարող նրա կողմից փոխանցվել ընկերության գործադիր մարմնի իրավասությանը:
58. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասություններն իրականացնում է հիմնադրի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված լիազոր ներկայացուցիչների ընդհանուր ժողովը:
59. Սույն կանոնադրության 56-րդ կետի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «ը» և «ժ» ենթակետերով նախատեսված հարցերի քննարկման մասին որոշումներն ընդունվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցող բաժնետերերի ձայների 3/4-ով, իսկ նույն կետի մնացած ենթակետերով նախատեսված հարցերի մասին որոշումները` լիազոր ներկայացուցիչների ձայների պարզ մեծամասնությամբ:
60. Ընկերության տնօրենը, վերստուգող հանձնաժողովի անդամները և աուդիտ իրականացնող անձն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:
61. Ընկերության ընթացիկ գործունեությունը միանձնյա կարգով կազմակերպում և ղեկավարում է ընկերության տնօրենը, որը պայմանագրային հիմունքներով պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ և հաշվետու է նրա առջև:
62. Ընկերության տնօրենը`
ա) տնօրինում է ընկերության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, ընկերության անունից կնքում է պայմանագրեր, կատարում համապատասխան գործարքներ.
բ) ներկայացնում է ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
գ) գործում է առանց լիազորագրի, տալիս է լիազորագրեր.
դ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բանկերում բացում է ընկերության բանկային հաշիվներ` ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով.
ե) սահմանված կարգով աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է ընկերության տնօրենի տեղակալին (տեղակալներին) և աշխատողներին, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
զ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման հրահանգներ, ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
է) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացնում ընկերության կառուցվածքը, աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդը, ընթացիկ գործունեության իրականացման համար անհրաժեշտ կանոնակարգերը, ամենամյա նախահաշիվները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր ու միջոցառումների նախագծեր.
ը) մշակում և ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացնում ընկերության գույքի տնօրինման և օգտագործման, հետագա գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ ու ընկերության սոցիալ-տնտեսական զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը:
63. Ընկերության տնօրենի իրավասությանն է պատկանում ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությունը չհանդիսացող նրա ընթացիկ գործունեության կառավարմանը վերաբերող բոլոր հարցերի լուծումը:
X. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը
64. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգումն ու վերահսկումն իրականացնելու նպատակով ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն ընտրում է ընկերության վերստուգող հանձնաժողով, որի կազմում պետք է լինի առնվազն 3 մարդ:
65. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ վերստուգող հանձնաժողովի իրավասությունները կարող են դրվել վերստուգող անձի վրա:
66. Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) վերահսկողություն է իրականացնում ընկերության կառավարման մարմինների որոշումների կատարման նկատմամբ, ստուգում ընկերության ֆինանսական փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերի և ընկերության կանոնադրությանը:
67. Վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) գործունեության կարգը սահմանվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատվող վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) կանոնակարգով:
68. Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) իրավունք ունի ստուգելու ընկերության ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքները և ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը` սեփական նախաձեռնությամբ, ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ:
69. Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) իրավունք ունի պահանջելու ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարում:
70. Վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) պահանջով նրան պետք է ներկայացվեն ընկերության, դրա մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերն ու բացատրությունները:
71. Վերստուգող հանձնաժողովի անդամները (վերստուգողը) ընտրվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից` 3 տարի ժամկետով:
72. Վերստուգող հանձնաժողովի անդամները (վերստուգողը) հաշվետու են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին:
73. Վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) վարձատրության կամ վճարվող փոխհատուցման չափերը և պայմանները սահմանվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ:
74. Վերստուգող հանձնաժողովի անդամ (վերստուգող) կարող են լինել ընկերության կառավարման մարմիններում չընդգրկված ֆիզիկական անձինք:
75. Վերստուգող հանձնաժողովի նախագահն ընտրվում է վերստուգող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
76. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով ընկերությունը կարող է ներգրավել արտաքին աուդիտորների (կազմակերպություն կամ ֆիզիկական անձի)` նրանց հետ կնքելով համապատասխան պայմանագրեր: Ընկերության աուդիտն իրականացնող անձն ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքում ներկայացնում է գրավոր եզրակացություն:
77. Ընկերության աուդիտն իրականացնող անձը հաստատվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից: Ընկերության աուդիտն իրականացնող անձի հետ պայմանագիրը կնքվում է ընկերության տնօրենի, իսկ աուդիտն իրականացնող անձի ծառայությունների դիմաց վճարվող գումարի չափը որոշվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից:
XI. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելը
78. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև կանոնադրական կապիտալի չափի, բաժնետոմսերի գնի ու թվի փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:
79. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունները և լրացումները կատարվում են հիմնադրի կամ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, որն ընդունվում է ժողովին մասնակցած քվեարկող բաժնետերերի ձայների 3/4-ով, իսկ կանոնադրական կապիտալի չափի ավելացման դեպքում` ձայների պարզ մեծամասնությամբ:
80. Մասնաճյուղի և (կամ) ներկայացուցչության ստեղծման կամ գործունեության դադարեցման մասին տեղեկությունները մտցվում են ընկերության կանոնադրության մեջ: Ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունները և լրացումները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
XII. Ընկերության վերակազմակերպումը եվ լուծարումը
81. Ընկերությունը կարող է վերակազմակերպվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման և վերակազմավորման միջոցով:
82. Ընկերությունը վերակազմակերպված է համարվում, բացառությամբ միացման միջոցով վերակազմակերպման դեպքերի, վերակազմակերպման արդյունքում ստեղծված իրավաբանական անձանց (անձի) պետական գրանցման պահից: Ընկերությունն այլ ընկերության միացման միջոցով վերակազմակերպման դեպքում առաջինը համարվում է վերակազմակերպված` պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից այդ ընկերության գործունեության դադարեցման մասին գրառման կատարման պահից:
83. Վերակազմակերպման արդյունքում ստեղծված ընկերության (ընկերությունների) պետական գրանցումը և վերակազմակերպման արդյունքում իր գործունեությունը դադարեցրած ընկերության (ընկերությունների) գործունեության դադարեցման մասին գրառումը կատարվում է պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
84. Ընկերության լուծարումը հանգեցնում է ընկերության գործունեության դադարեցմանը` առանց ընկերության իրավունքների և պարտականությունների` իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցման:
85. Ընկերության լուծարման հիմքերն են`
ա) հիմնադրի կամ նրա կողմից լիազորված պետական կառավարման մարմնի որոշումը.
բ) դատարանի կողմից ընկերության գրանցման անվավեր ճանաչումը` կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված Հայաստանի Հանրապետության օրենքի կամ այլ իրավական ակտերի խախտումների հետ.
գ) դատարանի վճիռը` առանց լիցենզիայի կամ Հայաստանի Հանրապետության օրենքով արգելված գործունեություն իրականացնելու, Հայաստանի Հանրապետության օրենքի կամ այլ իրավական ակտերի բազմակի կամ կոպիտ խախտումների, պարբերաբար` իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն իրականացնելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
86. Ընկերության լուծարման պահանջը սույն կանոնադրության 85-րդ կետի «գ» ենթակետում նշված հիմքերով կարող է դատարան ներկայացնել այն մարմինը, որին վերապահված է օրենքով նման պահանջ ներկայացնելու իրավունք:
87. Դատարանի վճռով ընկերության հիմնադիրների (բաժնետերերի) կամ ընկերության լուծարման լիազորություն ունեցող մարմնի վրա կարող են դրվել ընկերությունը լուծարելու պարտականությունները:
88. Ընկերությունը կարող է լուծարվել նաև սնանկացման հետևանքով:
89. Եթե լուծարման պահին ընկերության գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա այն կարող է լուծարվել միայն սնանկության հիմքով:
90. Բաժնետիրական ընկերության լուծարման գործառույթներն իրականացվում և ավարտվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|