Գլխավոր տեղեկություն
Номер
N 950
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.10.2001-29.08.2002)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.10.18/32(164) Հոդ.793
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.10.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.10.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.10.2001
Дата вступления в силу
05.10.2001

040.0950.05.10.01

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հոկտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հոկտեմբերի 2001 թվականի N 950
քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԳՆԵԼՈՒ, ՎԵՐՑՆԵԼՈՒ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման գոտում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը գնելու, վերցնելու կապակցությամբ քաղաքացիներին և իրավաբանական անձանց հատուցում տրամադրելու հետ կապված խնդիրները լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Երևանի Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասերը և անշարժ գույքը գնելու, վերցնելու կապակցությամբ քաղաքացիներին ու իրավաբանական անձանց գնային առաջարկի ձևավորման և իրացման կարգը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 16-ի «Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման միջոցառումների մասին» N 645 որոշման 3-րդ կետի «գ» ենթակետի երկրորդ պարբերությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 5-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հոկտեմբերի 5-ի N 950 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԵՐԵՎԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԳՆԵԼՈՒ, ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՈՒ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը (այսուհետև` կարգ) կարգավորվում է «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետև` ԾԻԳ)` Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման գոտում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետև` անձինք) պատկանող անշարժ գույքը (բնակելի և ոչ բնակելի շինություններ, հողամասեր) գնելու, վերցնելու և իրացնելու հետ կապված գործառույթները: Սույն կարգը վերաբերում է Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրին:

 

II. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԳՆԵԼՈՒ, ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

2. Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման գոտում գտնվող անձանց անշարժ գույքը գնելու, վերցնելու և իրացնելու հետ կապված աշխատանքների, գնային առաջարկների կազմակերպումն իրականացնում է Երևանի քաղաքապետը` ԾԻԳ-ի միջոցով (այսուհետև` իրացնող) պայմանագրի համաձայն:

3. Իրացնողը սույն կարգի համաձայն պարտավոր է անշարժ գույքը և հողամասը տիրապետող անձանց հետ կնքել իրացվող անշարժ գույքը գնելու, վերցնելու և դրանց դիմաց հատուցման պայմանների և իրացման աշխատանքների իրականացման ժամկետների վերաբերյալ պայմանագիր:

4. Սույն կարգը նպատակ ունի սահմանելու անշարժ գույքի գնային առաջարկ, որը կստեղծի կառուցապատման գոտում գտնվող անշարժ գույքի գնմանը, վերցնելուն և իրացմանը նպաստող պայմաններ:

 

III. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԳՆԵԼՈՒ, ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

5. Գնվող, վերցվող անշարժ գույքի համար հատուցումը բացի դրամականից, կարող է կատարվել նաև այլ գույքով` հողամասի, բնակելի կամ ոչ բնակելի շինության, այլ անշարժ գույքի սեփականության իրավունքով տրամադրմամբ` հատուցման գնի մեջ դրա արժեքի հաշվանցմամբ:

6. Պետության կողմից անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալությամբ (սահմանված կարգով գրանցված իրավունքով) տրված հողամասերի դիմաց տրվում է հատուցում` վարձակալության (օգտագործման) իրավունքի վաղաժամկետ դադարեցման համար:

7. Քաղաքացիների բնակարան գնելու պահանջը կիրականացվի բնակարանի նկատմամբ յուրաքանչյուր բնակտարածության օգտագործման իրավունք ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով բնակտարածքի հատկացմամբ. սեփականատերերին` Երևանի Կենտրոն համայնքի վարչական տարածքի սահմաններում, օգտագործողներին և վարձակալներին` Երևան քաղաքի վարչական տարածքում կամ հատկացվելիք բնակտարածքի դիմաց դրամական հատուցմամբ:

 8. Իրացման գոտում գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի և հողամասի շուկայական արժեքը եթե կազմում է մինչև 3500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ապա նրանց որպես հատուցում, տրամադրվում է 7000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

9. Իրացման աշխատանքները սեղմ ժամկետներում իրականացնելու նպատակով կիրառվում է ֆինանսական խրախուսում հետևյալ կարգով`

ա) եթե անշարժ գույքի սեփականատերն օտարման պայմանագիրը կնքելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ազատում է տարածքը, ապա խրախուսման գումարը հաշվարկվում է`

եթե անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է 3500-5000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` խրախուսման գումարը կազմում է շուկայական արժեքի 100 տոկոսը,

անշարժ գույքի շուկայական արժեքի 5000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը գերազանցող յուրաքանչյուր 1000 ԱՄՆ-ի դոլարի համար խրախուսման գումարը նվազում է 2 տոկոսով,

անշարժ գույքի շուկայական արժեքը 40000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը գերազանցելու դեպքում խրախուսման գումարը կկազմի շուկայական արժեքի 30 տոկոսը.

բ) եթե անշարժ գույքի սեփականատերն օտարման պայմանագիրը կնքելուց 10 աշխատանքային օրվա ընթացքում չի ազատում տարածքը, ապա պայմանագրով սահմանված գինը նվազում է ժամկետանց յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար 1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան պայմանագրային գնի 30 տոկոսը:

10. Եթե իրացնողն անշարժ գույքի դիմաց տրամադրում է բնակարան կամ ոչ բնակելի տարածք, ապա անշարժ գույքի իրացման պայմանագիրը կնքելուց հետո, ընդունելի ժամկետներում գտնում է օտարվող գույքի գնին համարժեք բնակարան կամ ոչ բնակելի տարածք, որոնց օտարումը պետք է իրականանա եռակողմ պայմանագիր կնքելու միջոցով:

11. Եթե իրացվող գույքը ոչ հիմնական շինություն է, որը տեղադրվել է օրենքով սահմանված կարգով այդ նպատակի համար հատկացված հողամասում` անհրաժեշտ քաղաքաշինական և տեխնիկական նորմերի պահպանմամբ, ապա վերջինիս փոխարեն համարժեք հողամաս է հատկացվում Երևան քաղաքի Կենտրոն համայնքում, եթե չի լրացել հողամասի վարձակալության ժամկետը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.05.2005, N 759-Ն 07.07.2005, N 950
29.01.2004, N 57-Ն 14.02.2004, N 950
01.08.2002, N 1169-Ն 29.08.2002, N 950
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան