Գլխավոր տեղեկություն
Номер
N 589
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (20.05.2002-17.07.2003)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2001.07.12/22(154) Հոդ.425
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.05.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.05.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.05.2002
Дата вступления в силу
20.05.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.07.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2002 թվականի N 589
քաղ. Երևան

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը շարունակելու կարգը (կցվում է)` դրա գործողությունը տարածելով 1999 թվականին և հետագա տարիներին Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ ընդունված սովորողների վրա:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել այն մասնագիտությունների ցանկը` ըստ Հայաստանի Հանրապետության պետական ու հավատարմագրված ոչ պետական միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների և ուսուցման ձևերի, որոնց գծով թույլատրվում է տեղափոխություն:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների` պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությունը շարունակելու մասին» N 490 որոշման 1-ին կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 20-ի N 589 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ու բարձրագույն պետական ուսումնական հաստատություններում միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսում ստացած և բարձր առաջադիմություն ցուցաբերած (միայն «Լավ» և «Գերազանց» գնահատականներ ունեցող) շրջանավարտների` Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը շարունակելու ընթացակարգը:

2. Այն մասնագիտությունների ցանկը` ըստ Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ու ուսուցման ձևերի, որոնց գծով թույլատրվում է տեղափոխություն, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը կազմակերպվում է`

ա) ըստ միջին ու բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնական պլանների համապատասխանության` 2-րդ կամ 3-րդ կուրսից` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության որոշմամբ` համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության ներկայացմամբ.

բ) վճարովի հիմունքով` բացառությամբ սույն կարգի 14-րդ կետով սահմանված դեպքերի:

4. Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների` բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխվող շրջանավարտների թիվը յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` համաձայնեցնելով համապատասխան նախարարությունների հետ: Այդ թիվը չի կարող գերազանցել միջին մասնագիտական կրթական ծրագրի տվյալ մասնագիտությամբ և ուսուցման տվյալ ձևով ուսում ստացած շրջանավարտների 10 տոկոսը, ինչպես նաև համապատասխան բուհի տվյալ մասնագիտությամբ ընդունելության տեղերի 10 տոկոսը:

 

II. ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄԸ

 

5. Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ամփոփիչ պետական ատեստավորման քննաշրջանի սկզբից առնվազն մեկ ամիս առաջ հրապարակում են համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը շարունակելու համար հատկացված տեղերի թիվը` նշելով մասնագիտությունը և ուսուցման ձևը:

6. Հավակնորդի կողմից բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխման մասին դիմումը միջին մասնագիտական ուսումնական հաստատության (միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատության) ղեկավարությանն է ներկայացվում ամփոփիչ պետական ատեստավորման քննաշրջանի սկզբից առնվազն մեկ շաբաթ առաջ` նշելով բարձրագույն ուսումնական հաստատությունը, մասնագիտությունը, ուսուցման ձևը:

7. Բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխման հավակնորդների մրցութային ընտրությունը` միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառության ամբողջ ընթացքում նրանց ցուցաբերած առաջադիմության արդյունքների հիման վրա կատարում է տվյալ միջին մասնագիտական ուսումնական հաստատության (միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատության) պետական որակավորող հանձնաժողովը: Մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը ներկայացվում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն:

8. Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատության պետական որակավորող հանձնաժողովի նախագահի թեկնածությունը համապատասխան նախարարության հաստատմանն է ներկայացվում միջին մասնագիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից` նախապես համաձայնեցվելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են միջին մասնագիտական և համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները` հավասար թվով:

9. Մրցույթով անցածներին բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորի հրամանով թույլատրվում է մասնակցել ուսումնական պարապմունքներին:

10. Մրցույթով անցածների անձնական գործերը համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն են հանձնվում մինչև տվյալ տարվա օգոստոսի 30-ը:

11. Մրցույթով անցածների` որպես ուսանող հրամանագրումը կատարվում է միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնական պլանների առարկայական տարբերությունների հանձնումից հետո` մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը:

12. Մրցույթից դուրս բարձրագույն ուսումնական հաստատության անվճար ուսուցման համակարգ են տեղափոխվում`

ա) 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար, համաձայն բժշկական աշխատանքային փորձաքննական հանձնախմբի եզրակացության, տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ.

բ) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, զոհված (մահացած) զինծառայողների երեխաները` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության կողմից տրված վկայականների:



* - Ծանոթություն -

2002 թ. մայիսի 20-ի N 589 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի «բ» ենթակետը հղում է կատարում կարգի 14-րդ կետին, որը բացակայում է: