Գլխավոր տեղեկություն
Номер
N 695
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.10.2000-05.06.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2000.11.15/26(124)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.10.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.10.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.10.2000
Дата вступления в силу
19.10.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.06.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
19 հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 2000 թվականի N 695
քաղ. Երևան

 

«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու և «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հուլիսի 10-ի «Երևանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոնական էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 407 որոշմանը (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 13-ի N 563 որոշման խմբագրությամբ) համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մրցութային հանձնաժողովի գործունեության կանոնակարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 19-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հոկտեմբերի 19-ի N 695 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

«ԵրԵՎանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» եվ «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մրցութային հանձնաժողովի գործունեության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետև` էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններ) մասնավորեցման մրցութային հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու և «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հուլիսի 10-ի «Երևանի էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոնական էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 407 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 13-ի N 563 որոշման խմբագրությամբ) համաձայն:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն կանոնակարգով և հանձնաժողովի որոշումներով:

3. Հանձնաժողովը լիազորված է կազմակերպել և կարգավորել`

ա) յուրաքանչյուր փաթեթում ընդգրկված` էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների բաժնետոմսերի առնվազն 51 տոկոսի վաճառքը միջազգային մրցույթով.

բ) յուրաքանչյուր փաթեթում ընդգրկված` էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների բաժնետոմսերի մինչև 20 տոկոսի ուղղակի վաճառքը միջազգային ֆինանսական հաստատությանը:

 

II. Հանձնաժողովի խնդիրները եվ գործառույթները

 

4. Հանձնաժողովը`

ա) իրականացնում է էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման միջազգային մրցույթի նախապատրաստումն ու անցկացումը, կազմում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում աշխատանքների իրականացման ժամանակացույցը.

բ) կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության իրավական խորհրդատուի ընտրությունը.

գ) քննարկում և համաձայնություն է տալիս Հայաստանի Հանրապետության կառավարության իրավական խորհրդատուի կողմից ներկայացված մրցութային փաստաթղթերի նախագծերին.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի (իր իրավասության սահմաններում) և մրցույթի` որակավորված մասնակիցների քննարկմանն է ներկայացնում մասնավորեցման մրցութային փաստաթղթերի (բաժնետոմսերի առուվաճառքի վերաբերյալ առաջարկություն, սակագնային համաձայնագիր, գործունեության լիցենզիա, էլեկտրաէներգիա մատակարարող և բաշխող ընկերությունների միջև կնքվելիք օրինակելի պայմանագիր, էլեկտրաէներգիա բաշխողների և սպառողների միջև կնքվելիք օրինակելի պայմանագիր և այլն) նախագծերը.

ե) ուսումնասիրում է մրցութային առաջարկների փաթեթները և որոշում մրցույթի հաղթողին.

զ) հայտարարում է մրցույթի արդյունքները:

 

III. Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը

 

5. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի և խորհրդակցությունների միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության` հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ, բայց առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:

6. Հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի քարտուղար:

7. Հանձնաժողովի օրակարգում ընդգրկված` հրապարակման ոչ ենթակա հարցերի մասին արձանագրությունները կազմվում են առանձին: Պետական գաղտնիք պարունակող հարցերի քննարկումը և որոշումների ընդունումը կարգավորվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Նշված հարցերը հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում քննարկվում են բացառապես հանձնաժողովի անդամների կողմից, անհրաժեշտության դեպքում ներգրավելով համապատասխան մասնագետների, որոնք պատասխանատվություն են կրում քննարկված հարցերի գաղտնիության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանման համար:

8. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

9. Հանձնաժողովի նիստի օրակարգը կազմում է նախագահը` հաշվի առնելով հանձնաժողովի անդամներից ստացված առաջարկությունները:

Օրակարգը հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

10. Հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի նիստերի հրավիրման, դրանց տեղի և ժամանակի մասին նիստի հրավիրման օրվանից մեկ օր առաջ իրազեկում է հանձնաժողովի քարտուղարը` նրանց առաքելով համապատասխան նյութերը, որոնք հասցեատիրոջն են տրամադրվում առձեռն կամ ֆաքսիմիլային կապի միջոցով:

11. Հանձնաժողովի նիստերում քննարկվում են օրակարգում ընդգրկված հարցերը:

12. Հանձնաժողովի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

14. Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել նաև այլ անձինք` նախագահի նախաձեռնությամբ, ինչպես նաև հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:

15. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում են անվանական քվեարկության արդյունքները:

16. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները: Հատուկ կարծիքի դեպքում այն գրավոր ներկայացվում է հանձնաժողովի նախագահին և կցվում արձանագրությանը:

17. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում է դրանք.

բ) կազմակերպում և համակարգում է հանձնաժողովի աշխատանքները.

գ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի որոշումներն ու արձանագրությունները, հանձնաժողովի գործունեությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերն ու գրությունները:

18. Հանձնաժողովի անդամները`

ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին և իրականացնում հանձնաժողովի առջև դրված խնդիրների լուծման հետ կապված աշխատանքները.

բ) ստորագրում են հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

գ) հանձնաժողովի նիստին մասնակցել չկարողանալու (հարգելի պատճառով) դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին:

19. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

բ) հանձնաժողովին տրամադրում է վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկատվությունը.

գ) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանք ներկայացնում նիստին մասնակցած հանձնաժողովի անդամներին` ստորագրության.

դ) հաղորդագրություն է տրամադրում լրատվության միջոցներին:

 

IV. Հանձնաժողովի գործունեության դադարումը

 

20. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

21. Հանձնաժողովի լուծարումից հետո` հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և մյուս նյութերը ենթակա են պահպանման` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: