Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների նախարարության հետ
__________________ Վ. Գաբրիելյան |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ _____________________ Գ. Խաչատրյան 12 սեպտեմբերի 2012 թ. N 24 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
SMS ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերության համաձայն` «հանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա հանձնակատարի կամ գործակալի կողմից մատուցվող ծառայությունների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում համապատասխանաբար` հանձնակատարին, գործակալին հասանելիք գումարը (վարձատրության և հանձնակատարի կամ գործակալի կողմից իր անունով կատարած ծախսերի դիմաց որպես փոխհատուցում վճարվող գումարը` առանց ԱԱՀ-ի), իսկ հանձնարարողի, պրինցիպալի համար ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում հանձնարարության կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքը` առանց ԱԱՀ-ի:»:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի հանձնարարության և գործակալության պայմանագրերին վերաբերող դրույթները, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարի 14.12.2011թ. N 1 պաշտոնական պարզաբանման բովանդակությունը` պաշտոնապես պարզաբանում եմ.
SMS հաղորդագրությունների միջոցով վիճակախաղի կազմակերպման դեպքում, եթե`
1) SMS հաղորդագրությունների միջոցով վիճակախաղի կազմակերպչի և բջջային կապի օպերատորի միջև կնքված` հանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալական պայմանագրի հիման վրա, որով որպես հանձնարարող կամ պրինցիպալ հանդես է գալիս վիճակախաղի կազմակերպիչը, իսկ որպես հանձնակատար կամ գործակալ` բջջային կապի օպերատորը,
2) գործարքի պայմանները փաստացի համապատասխանում են հանձնարարության կամ գործակալության պայմանագրի օրենքով սահմանված պայմաններին,
3) ըստ վիճակախաղի կազմակերպչի և բջջային կապի օպերատորի միջև կնքված պայմանագրի` քաղաքացու ուղարկած SMS հաղորդագրության հիման վրա բջջային կապի օպերատորը քաղաքացուց գանձում է (գանձման է ներկայացնում) վիճակախաղի կազմակերպման պայմաններով սահմանված` SMS հաղորդագրության միջոցով կազմակերպվող վիճակախաղին մասնակցության ամբողջ արժեքը, ապա բջջային կապի օպերատորի կողմից վիճակախաղի կազմակերպչին մատուցվող ծառայության ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, կհամարվի բջջային կապի օպերատորի կողմից կազմակերպչից գանձված (գանձման ենթակա) գումարի այն մասը, որը հանձնարարության կամ գործակալության պայմանագրով ենթակա է վճարման բջջային կապի օպերատորին` որպես մատուցված ծառայության դիմաց հատուցում (վարձատրություն), եթե «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ: