Գլխավոր տեղեկություն
Номер
N 246
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.04.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.04.30/10(76)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.04.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.04.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.04.1999
Дата вступления в силу
21.04.1999

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 ապրիլի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

21 ապրիլի 1999 թվականի N 246

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման հայեցակարգային ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին (կցվում են):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 21-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության սահմանամերձ եվ բարձր լեռնային բնակավայրերի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման

 

1. Հայեցակարգային ծրագրի էությունն ու նպատակը

 

Հայաստանի Հանրապետության սահմանամերձ (ՍՄ) և բարձր լեռնային (ԲԼ) բնակավայրերի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման հայեցակարգային ծրագիրը (այսուհետև` հայեցակարգային ծրագիր) որոշակի սկզբունքների, միջոցառումների և մեխանիզմների ամբողջական համակարգ է, որի նպատակը նշված բնակավայրերի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման հիմքերի ստեղծումն է, ինչպես նաև համալիր միջոցառումների իրականացման միջոցով սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի ամրապնդումն ու կայուն զարգացման ապահովումը:

 

2. Սահմանամերձ եվ բարձր լեռնային բնակավայրերի համառոտ բնութագիրը

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի` Հայաստանի Հանրապետության պետական սահմանագծից Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը մինչև 5 կմ լայնությամբ ծավալվող տարածքը կոչվում է սահմանային գոտի: Իսկ սահմանային գոտու մի մասը, որը հարում է պետական սահմանին մինչև 1 կմ լայնությամբ, կոչվում է սահմանային շերտ:

«Սահմանամերձ բնակավայր» տերմինն օրենքում ամրագրված չէ, սակայն լայն կիրառություն ունի:

Սահմանամերձ բնակավայրերի ցանկերը հաստատելիս հիմք են ընդունվել հետևյալ չափանիշները`

ա) Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանային գոտում գտնվելը.

բ) Հայաստանի Հանրապետության սահմանային շերտում գտնվելը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993-1995 թվականների որոշումներով հաստատված ցանկերում ընդգրկված լինելը:

Նշված չափանիշներին համապատասխանող սահմանամերձ բնակավայրերը 200-ն են, որոնք ընդգրկված են 173 համայնքում:

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշման` բարձր լեռնային բնակավայրերի շարքն են դասվում ծովի մակերևույթից 2000 և ավելի մետր բարձրության վրա գտնվող բնակավայրերը:

 

3. Սահմանամերձ եվ բարձր լեռնային բնակավայրերի հիմնախնդիրները

 

Նշված բնակավայրերի հիմնախնդիրներն են`

- տնտեսական ներուժի անկումը,

- օգտագործվող ցանքատարածությունների կրճատումը,

- ֆինանսական միջոցների բացակայությունը կամ սակավությունը,

- մարտական գործողությունների և տարերային աղետների հետևանքով շարքից դուրս եկած կամ խիստ վնասված ենթակառուցվածքները (բնակարանային ֆոնդ, շինություններ, ճանապարհներ, խմելու ջրագծեր, ոռոգման ցանցեր և կոյուղագծեր),

- տարիներով չնորոգված դպրոցական շենքերը, բուժկետերի, մշակույթի օջախների բացակայությունը կամ քայքայված վիճակը,

- բնակչության թվի զգալի նվազումը,

- երիտասարդության արտահոսքն ու ծնելիության մակարդակի անկումը և այլն:

 

4. Սահմանամերձ եվ բարձր լեռնային բնակավայրերի զարգացման խնդիրներն ըստ առաջնահերթության եվ դրանց լուծման ուղիները

 

Նշված խնդիրներն են`

ա) մարտական գործողություններից և տարերային աղետներից ավերված ու վնասված բնակարանների վերականգնումը, բնակչության արտահոսքի կանխարգելումը, լքված ու սակավ բնակեցված բնակավայրերի վերաբնակեցումը: Այդ նպատակով`

- միջազգային ծրագրերի միջոցով անտոկոս երկարաժամկետ վարկերի տրամադրում` ավերածության հետևանքները վերացնելու, վերաբնակիչների համար նոր բնակարաններ կառուցելու նպատակով,

- սահմանված չափով տնամերձ հողամասերի անհատույց հատկացում,

- Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի` սեփականության իրավունքով անհատույց տրամադրում.

բ) տնտեսական և ֆինանսական պայմանների բարելավումը, նոր աշխատատեղերի ստեղծումը: Այդ նպատակով`

- մինչև 5 տարի ժամկետով հողի հարկից ազատում, համայնքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարների հատկացում,

- ազատ ձեռներեցությամբ զբաղվելու համար համայնքի անդամներին ու վերաբնակիչներին արտոնյալ պայմաններով վարկերի հատկացում, միջազգային տարբեր ծրագրերով ստացված ֆինանսական միջոցներից որոշակի մասի նպատակաուղղում արտադրության կազմակերպմանը,

- օժանդակություն համայնքներին` գյուղատնտեսական, արդյունաբերական, վառելիքաէներգետիկ համակարգի, սննդի և վերամշակող ձեռնարկությունների վերագործարկման, նոր աշխատատեղերի ստեղծման գործում,

- կապի և գազամատակարարման խնդիրների լուծում` տնտեսավարող սուբյեկտների գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու միջոցով.

գ) բնակավայրերի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների վերականգնումը`

- խմելու ջրի հիմնախնդրի լուծում,

- դպրոցական շենքերի վերականգնում կամ նորերի հիմնում, 

- բուժկետերի վերականգնում կամ հիմնում,

- ոռոգման ցանցի վերակառուցում,

- ճանապարհների, հաղորդակցուղիների վերականգնում կամ հիմնում,

- հեռախոսակապի ապահովում,

- էլեկտրամատակարարման ապահովում,

- հեռուստակապի ապահովում:

Այս ոլորտների ֆինանսավորման աղբյուր կարող են ծառայել ոչ միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցները, այլև միջազգային կազմակերպությունների տրամադրած վարկերն ու գրանտները, այդ թվում` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) միջոցները:

 

5. Սահմանամերձ եվ բարձր լեռնային բնակավայրերի զարգացման հայեցակարգային ծրագրի իրականացման հիմնական սկզբունքները

 

Նշված հիմնական սկզբունքներն են`

ա) հայեցակարգային ծրագրով նախատեսվող միջոցառումների կենսագործման և արտոնությունների տրամադրման նկատմամբ տարբերակված մոտեցումը` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի ու կոնկրետ բնակավայրերի ռազմավարական նշանակությունը.

բ) սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի` արտակարգ իրավիճակներում պաշտպանության ապահովման, տնտեսական, սոցիալական, քաղաքաշինական և բնապահպանական խնդիրների լուծման նկատմամբ համակարգված մոտեցումը: Այդ նպատակով`

- սակավաբնակ բնակավայրերի ամրապնդում,

- սահմանային գոտու թույլ զարգացած տարածքներում քաղաքաշինական-տնտեսական առաջնահերթ զարգացման ռեժիմի սահմանում,

- տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների կրկնակված ցանցի, տեղական նշանակության ճանապարհների ցանցի տեղաբաշխում,

- սահմանամերձ գոտու արդյունաբերական ներուժի պահպանման նպատակով ռեսուրսաօգտագործման հատուկ ռեժիմի սահմանում,

- սահմանային գոտում գտնվող` ռազմավարական նշանակության աղբյուրների և արտեզյան ջրերի պահպանության ապահովում:

 

6. Սահմանամերձ ու բարձր լեռնային բնակավայրերի զարգացման հայեցակարգային ծրագրի կենսագործումը

 

Սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի հիմնախնդիրների համալիր լուծումները նախատեսվում են Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ամենամյա ծրագրերով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով, ինչպես նաև համապատասխան համայնքների բյուջեներով, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների ծրագրերով: Այդ նպատակով`

- համապատասխան օրենսդրական դաշտի ստեղծում,

- սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի զարգացման համալիր միջոցառումների ծրագրերի մշակում` ըստ մարզերի ու առանձին բնակավայրերի, ձեռնարկվող միջոցառումների առաջնահերթության ճշգրտում,

- միջոցառումների ծրագրի և ժամանակացույցի նկատմամբ մշտական վերահսկողության ապահովում:



* - Ծանոթություն - Ծրագրերը չեն բերվում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան