Գլխավոր տեղեկություն
Номер
N 10
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (01.03.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.05.15/13(426)
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
01.03.2012
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
01.03.2012

Համաձայնեցված է
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարար
_____________ Վ. Գաբրիելյան
 25 ապրիլի 2012 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահ
_____________ Գ. Խաչատրյան
1 մարտի 2012 թ.

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ  N  10

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի համաձայն անհատ ձեռնարկատերերի համար արտոնագրային վճարը փոխարինում է եկամտահարկին և (կամ) ավելացված արժեքի հարկին (այսուհետ` ԱԱՀ): Արտոնագրային վճարի գումարի մեջ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60%-ի չափով:

 Օրենքի հավելվածներ N 1-ով և N 2-ով սահմանվել են գործունեության այն տեսակները, որոնցով զբաղվելու դեպքում անհատ ձեռնարկատերերը կարող են համարվել արտոնագրային վճար վճարող (այսուհետ՝ կամավոր արտոնագրային վճար վճարող), իսկ հավելված N 7-ով՝ գործունեության այն տեսակները, որոնցով զբաղվելու դեպքում անհատ ձեռնարկատերերը համարվում են արտոնագրային վճար վճարող (այսուհետ՝ պարտադիր արտոնագրային վճար վճարող): Հավելվածներ N 2-ում և N 7-ում նշված գործունեության տեսակներից են՝ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումը, վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեությունը, ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը և բիլիարդ խաղի կազմակերպումը:

2. Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված են պայմաններ, որոնք բավարարելու դեպքում անհատ ձեռնարկատերը համարվում է կամավոր արտոնագրային վճար վճարող:

Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի համաձայն ընթացիկ տարում Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը` դադարում են համարվել արտոնագրային վճար վճարող և այդ պահից մինչև ընթացիկ տարվա վերջը չեն կարող հանդիսանալ արտոնագրային վճար վճարող, այդ պահից մինչև ընթացիկ տարվա վերջն ընկած ժամանակահատվածի համար հարկերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները (այսուհետ` սոցիալական վճարներ) հաշվարկում և վճարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Ընթացիկ տարում արտոնագրային վճար վճարող հանդիսանալուց դադարելու դեպքում Օրենքով սահմանված կարգով վճարված արտոնագրային վճարները չեն հաշվանցվում տվյալ տարվա եկամտահարկի և (կամ) ԱԱՀ-ի գումարներից և չեն վերադարձվում (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է վճարվել արտոնագրային վճարը):

Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը համարվում է ապահովագրական ստաժ միայն վճարողի կողմից «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքով անհատ ձեռնարկատերերի համար սահմանված ամսական նվազագույն սոցիալական վճարները կատարելու դեպքում (հաշվի առնելով արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը), որն արտոնագիրն ստանալիս վճարողի կողմից կարող է վճարվել իր հայեցողությամբ և որն արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածի համար հանդիսանում է սոցիալական վճարների պարտավորության վերջնական գումար:

Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն վճարողներն արտոնագրային վճարը, ինչպես նաև Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասում նշված դեպքում սոցիալական վճարները վճարում են արտոնագիրն ստանալիս:

3. Օրենքի 4-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն հավելված N 7-ում նշված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերը համարվում է պարտադիր արտոնագրային վճար վճարող:

Օրենքի հավելված N 8-ի 15-րդ կետի համաձայն ընթացիկ տարում արտոնագրային վճար վճարող հանդիսանալուց դադարելու, գործունեությունը դադարեցնելու կամ ժամանակավոր կասեցնելու դեպքերում վճարված արտոնագրային վճարները չեն հաշվանցվում և չեն վերադարձվում (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է վճարվել արտոնագրային վճարը):

Օրենքի հավելված N 8-ի 19-րդ կետի համաձայն արտոնագրային վճար վճարողները սոցիալական վճարները կատարում են «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Օրենքի հավելված N 8-ի 16-րդ կետի համաձայն արտոնագրային վճար վճարողներն արտոնագրային վճարը վճարում են մինչև արտոնագիր ստանալը:

Օրենքի կիրառության հետ կապված որոշ հարցերի հստակեցման նպատակով, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ.

1) Եթե անհատ ձեռնարկատերը իրականացնում է թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում, վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն, ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն կամ բիլիարդ խաղի կազմակերպում և բավարարում է Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմաններին, ապա համարվում է կամավոր արտոնագրային վճար վճարող` Օրենքի հավելված N 4-ով սահմանված ձևով դիմում-հայտարարություն իր հաշվառման վայրի հարկային տեսչություն ներկայացնելու դեպքում:

Այդ դեպքում արտոնագրային վճարները վճարվում են, իսկ սոցիալական վճարները կարող են վճարվել միայն միանվագ կարգով՝ արտոնագիրը ստանալիս (հաշվի առնելով արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը):

2) Եթե անհատ ձեռնարկատերը իրականացնում է թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում, վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն, ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն կամ բիլիարդ խաղի կազմակերպում և բավարարում է Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմաններին, սակայն իր հաշվառման վայրի հարկային տեսչություն չի ներկայացրել Օրենքի հավելված N 4-ով սահմանված ձևով դիմում-հայտարարություն, ապա համարվում է պարտադիր արտոնագրային վճար վճարող:

Այդ դեպքում արտոնագրային վճարները վճարվում են միանվագ կարգով` արտոնագիրը ստանալիս (հաշվի առնելով արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը), իսկ սոցիալական վճարները վճարվում են «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

3) Եթե անհատ ձեռնարկատերը համարվում է կամավոր արտոնագրային վճար վճարող՝ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրման, վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության, ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության կամ բիլիարդ խաղի կազմակերպման մասով և դադարել է բավարարել Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմաններին, ապա այդ պահից համարվում է պարտադիր արտոնագրային վճար վճարող:

Այդ դեպքում Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմաններին չբավարարելու ամսվա 1-ից մինչև արտոնագրում նշված ժամանակահատվածի ավարտը կատարվում է արտոնագրային վճարների և սոցիալական վճարների վերահաշվարկ`

ա. այդ ժամանակահատվածի համար պարտադիր և կամավոր արտոնագրային վճարների դրական տարբերությունը վճարվում է մինչև Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմաններին չբավարարելու ամսվա վերջին օրը, որի հիման վրա անհատ ձեռնարկատիրոջը տրվում է Օրենքի հավելված N 8-ով սահմանված ձևի արտոնագիր (Ձև N 2).

բ. եթե կամավոր արտոնագրային վճար վճարողը չի վճարել սոցիալական վճարներ, ապա պարտադիր արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածի համար սոցիալական վճարները կատարում է «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով.

գ. եթե կամավոր արտոնագրային վճար վճարողը վճարել է սոցիալական վճարներ, ապա պարտադիր արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածի համար սոցիալական վճարները կատարում է «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով` հաշվանցելով Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմաններին չբավարարելու ամսվա 1-ից մինչև արտոնագրում նշված ժամանակահատվածի ավարտը ներառող ժամանակաշրջանի համար միանվագ կարգով վճարած սոցիալական վճարները: