040.0125.22.02.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2001 թվականի N 125
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ) ԵՎ ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ (ՏԱՐԱԾՔԻ) ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) և դրանց ենթակայության պետական հիմնարկների գույքի (տարածքի) վարձակալության կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել պետական հիմնարկներին տարածքների տրամադրման նորմատիվները և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
3. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի նոյեմբերի 24-ի «Պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքն առանց գնման իրավունքի վարձակալության տրամադրելիս վարձակալական վճարի որոշման կարգի մասին» N 82 որոշումը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը լիազորություններ տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի նոյեմբերի 24-ի N 82 ու 1998 թվականի մայիսի 21-ի N 311 որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 54 որոշման 4-րդ կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 22-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) և դրանց ենթակայության պետական հիմնարկների գույքի (տարածքի) վարձակալության
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) և դրանց ենթակայության պետական հիմնարկների (այսուհետև` հիմնարկներ) գույքի (տարածքի) վարձակալության հարցերը:
2. Հիմնարկների տնօրինության տակ գտնվող վարձակալության տրվող գույքի (տարածքի) ամսական վարձավճարի նվազագույն մեծությունը որոշվում է`
ա) գույքի յուրաքանչյուր միավորի (բացի տարածքից) համար`
Վգ = (Ագ + ՀԱգ x Դ) բանաձևով,
բ) շենքի, շինության տարածքի համար`
երկաթբետոնե շինությունների դեպքում`
Վտ = 467 x Գտ x Գու x Գհ x Տ բանաձևով,
քարե շինությունների դեպքում`
Վտ = 560 x Գտ x Գու x Գհ x Տ բանաձևով,
որտեղ`
Վգ - ն գույքի յուրաքանչյուր միավորի (բացառությամբ շենքերի և շենքային տարածքների) ամսական վարձավճարի նվազագույն չափն է.
Վտ - ն շենքերի և շենքային տարածքների (այսուհետև` տարածք) ամսական վարձավճարի նվազագույն չափն է.
Ագ - ն որոշվում է գույքի հաշվեկշռային սկզբնական (ձեռքբերման) արժեքի և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով` գույքի տվյալ խմբի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետի հարաբերությունը բաժանելով 12-ի.
ՀԱգ - ն վարձակալության տրամադրված գույքի հաշվեկշռային սկզբնական (ձեռքբերման) արժեքն է.
Դ -ն 0,05 տոկոս` «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ա» ենթակետով հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար սահմանված գույքահարկի դրույքաչափի ամսական մեծությունն է.
Գտ -ն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 29-ի «Բազմաբնակարան բնակելի տների, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների, ավտոտնակների, տնտեսական և դրանց կից օժանդակ շինությունների գնահատման նպատակով դրանց տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» N 323 որոշմամբ հաստատված տարածագնահատման գոտիականության գործակիցն է.
Գու -ն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 29-ի N 323 որոշմամբ հաստատված տարածագնահատման գոտիների նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցն է`
I գոտի` 1
II գոտի` 0,9
III գոտի` 0,8
IV գոտի` 0,7
V գոտի` 0,6
VI-XV գոտիներ` 0,5
Գհ -ն հարկայնության գործակիցն է`
1-ին հարկի համար` 1,1
2-5-րդ հարկերի համար` 1,0
նկուղային հարկի համար` 0,7
6-րդ և ավելի հարկերի համար` 0,8
կիսանկուղային հարկի համար` 0,9.
Տ - ն վարձակալության տրամադրված տարածքն է` քառ. մետրերով:
3. Նախկինում կնքված վարձակալական պայմանագրերով նախատեսված վարձավճարները վերահաշվարկվում են սույն կարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Գույքը (տարածքը) վարձակալության է տրամադրվում ուղղակի կամ աճուրդի ձևով:
5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կողմից վարձակալության տրամադրվող գույքի (տարածքների) վերաբերյալ հայտարարությունները պարբերաբար ներկայացվում են մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև բորսաների միջոցով:
6. Գույքը (տարածքը) ուղղակի ձևով վարձակալության է տրամադրվում, եթե մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հայտարարության հրապարակումից հետո Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն առաջին հայտը ներկայացվելու օրվանից 10-օրյա ժամկետում այլ հայտեր չեն ներկայացվել և դիմողը միանվագ վճարում է առնվազն 3 ամսվա համար հաշվարկված նվազագույն վարձավճարը:
7. Աճուրդ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի հրամանով ստեղծվում է աճուրդային հանձնաժողով:
8. Աճուրդի անցկացման կարգը որոշում է աճուրդային հանձնաժողովը:
9. Աճուրդային հանձնաժողովն իրավասու է որոշում ընդունելու, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումն ընդունվում է ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
10. Գույքը (տարածքը) աճուրդով վարձակալության տրամադրելու դեպքում աճուրդային հանձնաժողովն աճուրդից առնվազն 30 օր առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության մյուս միջոցներով ապահովում է աճուրդի մասին հայտարարության հրապարակումը:
11. Աճուրդի մասին հայտարարությունը պետք է բովանդակի տեղեկություններ աճուրդով վարձակալության տրվող գույքի (տարածքի) մասին (մակնիշը, վիճակը, տարածքի դեպքում` մակերեսը, գտնվելու վայրը և այլն), աճուրդի մասնակցության նախավճարի չափի, աճուրդի անցկացման օրվա, ժամի և տեղի, աճուրդի մասնակցության վերաբերյալ հայտը ներկայացնելու վերջին ժամկետի մասին, ինչպես նաև այլ տեղեկություններ` աճուրդային հանձնաժողովի որոշմամբ:
12. Աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանվում է սույն կարգի 2-րդ կետի համաձայն հաշվարկված` գույքի (տարածքի) մեկ ամսվա վարձավճարի չափով:
13. Աճուրդի մասնակցության հայտի (ձևը կցվում է) ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման պահից 2 ժամ առաջ:
14. Աճուրդի մասնակցության հայտին կից ներկայացվում են`
ա) աճուրդի մասնակցության վճարի կատարման իսկությունը հաստատող վճարային փաստաթղթերի պատճենները.
բ) համաձայնագիր սպասարկման վճարը կատարելու մասին (տարածքների համար).
գ) պետական գրանցման վկայականի և հիմնադիր փաստաթղթի պատճենները (իրավաբանական անձանց համար).
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր (աճուրդի մասնակցի կողմից լիազորված անձանց համար):
15. Աճուրդային հանձնաժողովն աճուրդի անցկացման օրը հրավիրված նիստում ստուգում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի 14-րդ կետի պահանջներին և համապատասխանության դեպքում դիմողին տրվում է աճուրդի մասնակցի քարտ:
16. Աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հայտարարում է վարձակալության ներկայացվող գույքի (տարածքի) տվյալները և վարձավճարի նվազագույն չափը:
17. Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, որն առաջարկել է վարձակալության համար ամենաբարձր գինը:
18. Աճուրդը համարվում է չկայացած, եթե`
ա) աճուրդին ներկայացել է միայն մեկ հայտատու.
բ) աճուրդի ընթացքում վաճառվող գույքի նախնական գնի հավելում չի կատարվել.
գ) աճուրդում հաղթած անձը չի մուծել սույն կարգի 12-րդ կետով սահմանված նախավճարը:
Աճուրդը չկայացած պետք է հայտարարվի ոչ ուշ, քան նշված հանգամանքները վրա հասնելու հաջորդ օրը:
19. Սույն կարգով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը, շահագրգիռ անձի ներկայացրած հայցի հիման վրա, դատարանը կարող է ճանաչել անվավեր:
20. Աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է աճուրդում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության:
21. Աճուրդում չհաղթելու, աճուրդն անվավեր ճանաչվելու կամ աճուրդը չկայացած հայտարարվելու դեպքերում աճուրդային նախավճարը 10-օրյա ժամկետում վերադարձվում է մասնակցին: Աճուրդում հաղթելու դեպքում հաղթողի մուծած աճուրդային նախավճարը հաշվարկվում է որպես վարձավճար:
22. Աճուրդային հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ձև
Հ Ա Յ Տ
հիմնարկների գույքի վարձակալության տրամադրման աճուրդի մասնակցության
____________________________________________________________ |
1. Ծանոթանալով ____ ___________ 200 թ. կայանալիք աճուրդում վարձակալության տրվող գույքի (տարածքի) մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում ենք (եմ) մասնակցել |
___________________________________ աճուրդին: (գույքի (տարածքի) անվանումը, հասցեն) |
2. Աճուրդում հաղթելու դեպքում պարտավորվում ենք (եմ)`
ա) աճուրդի մասին արձանագրությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վճարել վարձակալվող գույքի (տարածքի) համար մեր (իմ) կողմից առաջարկված մեկ ամսվա վարձավճարը.
բ) հաղթող ճանաչվելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայանալ աճուրդային հանձնաժողով, գույքն ընդունելու և վարձակալության պայմանագիր կնքելու համար:
3. Համաձայն ենք (եմ), որ սույն հայտի 2-րդ կետում նշված պայմանների չկատարման դեպքում մեր (իմ) մուծած նախավճարը չվերադարձվի:
4. Մեր (իմ) ռեկվիզիտներն են`
______________________________________________________________ |
5. Կից ներկայացվում են`
ա) հիմնադրի փաստաթղթի և պետական գրանցման վկայականի պատճենները (իրավաբանական անձանց համար).
բ) մուծված նախավճարի անդորրագրի պատճենը (առաջարկված տարածքի մեկ ամսվա նվազագույն վարձավճարի չափով, Հայխնայբանկի գործառնական վարչության ____________________ հաշվի համարով):
Հայտատու |
_______________________________________ |
Կ.Տ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|