040.0640.12.07.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հուլիսի 2001 թվականի N 640
քաղ. Երևան
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի, ինչպես նաև ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության բարձրացման գործընթացը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների և աշխատանքների անկախ գնահատումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության փորձաքննության կազմակերպման և անցկացման կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 12-ից:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության փորձաքննության (այսուհետև` փորձաքննություն) իրականացման նպատակն է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ու աշխատանքների անվտանգության վերաբերյալ փաստաթղթերի և այլ նյութերի գնահատումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջուկային և ճառագայթային անվտանգության չափանիշներին, նորմերին և կանոններին դրանց համապատասխանությունը պարզելը:
2. Փորձաքննության ենթակա են միջուկային և ճառագայթային վտանգ ներկայացնող օբյեկտների և աշխատանքների անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերը, նախագծային փաստաթղթերը և այլ տեղեկություններ:
Պարտադիր փորձաքննության ենթակա անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի ցանկը կցվում է:
Ցանկում չընդգրկված` անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի փորձաքննության անհրաժեշտությունը որոշում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմինը (այսուհետև` կարգավորող մարմին):
3. Փորձաքննության արդյունքներն օգտագործվում են միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերն ու կանոնները սահմանված կարգով գործողության մեջ դնելու, լիցենզիա տալու կամ մերժելու, լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու, անվտանգության մասին որոշումներ ընդունելու համար:
4. Սույն կարգի դրույթները տարածվում են կարգավորող մարմնի և նրանից լիցենզիա (թույլտվություն) ստացած իրավաբանական ու ֆիզիկական անձանց վրա:
5. Փորձաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված և կարգավորող մարմնից լիցենզիա ստացած կազմակերպությունը` «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետև` փորձագիտական կազմակերպություն):
Անհրաժեշտության դեպքում փորձաքննության աշխատանքներում կարող են ներգրավվել այլ կազմակերպություններ կամ մասնագետներ:
II. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
6. Լիցենզավորված անձը փորձաքննություն անցկացնելու համար կազմում է փորձաքննության տեխնիկական առաջադրանք, որի կազմմանը կարող է մասնակցել փորձագիտական կազմակերպությունը: Փորձաքննության տեխնիկական առաջադրանքում նշվում են փորձաքննության ծավալը և նպատակը:
Փորձաքննության տեխնիկական առաջադրանքը համաձայնեցվում է կարգավորող մարմնի հետ:
Փորձաքննության ենթակա` անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի օրինակների թիվը սահմանում է կարգավորող մարմինը:
7. Համաձայնեցված առաջադրանքի հիման վրա լիցենզավորված անձը 10-օրյա ժամկետում փորձագիտական կազմակերպության հետ կնքում է փորձաքննություն անցկացնելու պայմանագիր:
Վճարման կարգն ու ժամանակացույցը սահմանվում են լիցենզավորված անձի և փորձագիտական կազմակերպության միջև կնքված պայմանագրով:
Պետական մարմինների կողմից պատվիրված փորձաքննության ֆինանսավորումը կատարվում է պետական մարմինների պահպանման ծախսերի հաշվին:
8. Լիցենզավորված անձի կողմից ներկայացված անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերում թերություններ, անճշտություններ հայտնաբերելու կամ լրացուցիչ փաստաթղթերի անհրաժեշտության դեպքում փորձագիտական կազմակերպությունը լիցենզավորված անձից պահանջում է դրանք վերանայել և լրացումներ կատարել:
9. Փորձագիտական կազմակերպությունն իրականացնում է անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի փորձաքննություն, մշակում է փորձաքննության տեխնիկական առաջադրանքով նախատեսված անվտանգությունը հիմնավորող առանձին փաստաթղթերի վերաբերյալ եզրահանգումներ և ամփոփ հաշվետվություն (եզրակացություն):
10. Փորձաքննությանը չեն կարող մասնակցել անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի հեղինակները և համահեղինակները:
11. Փորձաքննության անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերում պետական կամ ծառայողական գաղտնիքի առկայության դեպքում փորձաքննության աշխատանքներին մասնակցում են այդ փաստաթղթերի հետ աշխատելու իրավունք ունեցող անձինք:
12. Փորձագիտական եզրակացությունը մշակելիս գնահատվում են`
ա) ներկայացված տեղեկատվության ծավալը, անվտանգության չափանիշները,
բ) կիրառված գնահատման մեթոդները,
գ) հաշվարկների և վերլուծությունների արդյունքների համապատասխանությունն անվտանգության նորմերին, կանոններին և չափանիշներին:
13. Փորձագիտական եզրակացության ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է կարգավորող մարմինը:
14. Փորձաքննությունն ավարտելուց հետո փորձագիտական կազմակերպությունը փորձագիտական եզրակացության մեկ օրինակն անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է կարգավորող մարմին, իսկ մյուսը` լիցենզավորված անձին:
III. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
15. Լիցենզավորված անձը պատասխանատու է փորձաքննության ֆինանսավորման, ներկայացված փաստաթղթերի հավաստիության և ամբողջական տեղեկատվության համար:
16. Փորձագիտական կազմակերպությունը պատասխանատու է փորձաքննության որակի և եզրակացության համար:
Ց Ա Ն Կ
ՊԱՐՏԱԴԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ նորմատիվ ու կարգավորող փաստաթղթերի նախագծերը և դրանցում կատարվող փոփոխությունները:
2. Միջուկային և ճառագայթային անվտանգության տեսակետից կարևոր արտադրանքին, ծառայություններին և գործունեությանը վերաբերող նորմատիվ ու կարգավորող փաստաթղթերի նախագծերը:
3. Միջուկային և ճառագայթային անվտանգության տեսակետից կարևոր արտադրանքների տեխնիկական պայմանների նախագծերը:
4. Միջուկային տեղակայանքների և ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների (այսուհետև` տեղակայանք) անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերը, որոնք ընդգրկում են`
ա) հրապարակների ընտրությունը,
բ) անվտանգության տեսակետից կարևոր համակարգերի և տարրերի նախագծային ու կոնստրուկտորական փաստաթղթերը,
գ) վթարային իրավիճակների վերլուծությունը,
դ) օբյեկտների շահագործման հանձնման ծրագրերը,
ե) շահագործման փաստաթղթերը, այդ թվում`
ռեակտորային տեղակայանքի անձնագիրը,
տեխնոլոգիական աշխատակարգերը,
անվտանգ շահագործման սահմաններն ու պայմանները,
շահագործող անձնակազմի պատրաստման ծրագրերը,
անվտանգության տեսակետից կարևոր համակարգերի և տարրերի փորձարկման ծրագրերը,
տեղակայանքի վթարի դեպքում աշխատակազմի և բնակչության պաշտպանության միջոցառումների պլանը,
սույն կետում նախատեսված շահագործման փաստաթղթերում կատարված փոփոխությունները:
5. Լիցենզիայի պայմաններում նախատեսված փաստաթղթերը:
6. Լիցենզավորվող աշխատանքների որակի ապահովման ծրագրերը:
7. Տեղակայանքները շահագործումից հանելու նախագծերը և ծրագրերը:
8. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անվտանգության վերլուծությունների մասին հաշվետվությունները:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.05.2023, N 698-Ն | 12.05.2023, N 640 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|