Գլխավոր տեղեկություն
Номер
N 1281
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.12.2001-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.01.18/5(180) Հոդ.43
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.12.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.12.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.12.2001
Дата вступления в силу
27.12.2001

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2001 թվականի N 1281

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2002 թվականի պետական ծրագիրը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 27-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1281 որոշմամբ

 

Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

Հայաստանում փոքր ԵՎ միջին ձեռնարկատիրության զարգացման 2002 թվականի

 

I. Ծրագրի մշակման հիմքերը

 

Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման 2002 թվականի պետական ծրագրի (այսուհետև` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է:

Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագիրը.

բ) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2001 թվականի պետական ծրագիրը.

գ) Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթները.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի բյուջետային ուղերձը.

ե) Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեն:

 

II. Ծրագրի խնդիրները

 

Ծրագրի խնդիրներն են`

ա) ՓՄՁ-ի սուբյեկտների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը և զարգացումը.

բ) ՓՄՁ-ի սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության ընդլայնումը և արտահանման խթանումը.

գ) իրավական դաշտի հետագա բարելավումը.

դ) ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային աջակցության հնարավորությունների ընդլայնումը.

ե) ՓՄՁ-ի սուբյեկտների վիճակագրության վարումը.

զ) ՓՄՁ-ի սուբյեկտներին անհրաժեշտ տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններից, ուսուցողական ու կադրերի վերապատրաստման համակարգի ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովումը:

 

III. Ծրագրային միջոցառումների համակարգը

 

2002 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է ՓՄՁ-ի ոլորտի զարգացման և պետական աջակցության հետևյալ հիմնական ուղղությունները՝

 

1. ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոնի հիմնադրումը

 

Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի պետական քաղաքականության և ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար կհիմնադրվի «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» ոչ առևտրային կազմակերպություն՝ իրավաբանական անձի կարգավիճակով (այսուհետև՝ կենտրոն): Կենտրոնը կունենա հիմնադրամի կարգավիճակ:

Կենտրոնը կմասնակցի պետության կողմից իրականացվող ՓՄՁ-ի ոլորտի համակարգման ու կարգավորման գործընթացներին՝ համապատասխան առաջարկություններ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Հաշվի առնելով առկա հնարավորությունները՝ սկզբնական փուլում կենտրոնի գործունեությունը հիմնականում կուղղվի խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների դաշտի ընդլայնմանը, կրթական ծրագրերի մշակմանը:

Բանակցություններ կվարվեն միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ (Համաշխարհային բանկ (WB), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն (JICA), Գերմանիայի տեխնիկական համագործակցության կազմակերպություն (GTZ), Հունաստանի զարգացման նախարարություն և այլն)՝ 2002 թվականին և հետագայում համատեղ ծրագրերի իրականացման նպատակով: Դրանք Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի զարգացման պետական քաղաքականության և տարեկան ծրագրերի մասը կկազմեն: Կենտրոնը կիրականացնի «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային աջակցությունը, երաշխիքների տրամադրումը:

ՓՄՁ-ի ոլորտում կհիմնադրվեն կենտրոնի մասնաճյուղեր՝ Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

 

2. ՓՄՁ-ի տեղեկատվական և խորհրդատվական ապահովումը

 

Պետական կառավարման մարմինները, բիզնես-աջակցող կառույցները և ՓՄՁ-ի սուբյեկտները պետք է ապահովվեն համապատասխան տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ:

Կենտրոնի աջակցությամբ նախատեսվում է ՓՄՁ-ի սուբյեկտներին խորհրդատվական ծառայությունների մատուցում հետևյալ ուղղություններով՝

իրավական,

ընկերությունների կառավարման,

ֆինանսական/վարկային և ներդրումային,

շուկաների (ներքին և արտաքին) ուսումնասիրման,

գործարար ծրագրերի կազմման,

որակի կառավարման,

այլ խորհրդատվական ծառայություններ:

Ձեռնարկատերերի արդյունավետ գործունեության ապահովման համար անհրաժեշտ է օպերատիվ տեղեկատվություն Հայաստանում արդեն իսկ գործող միջազգային ծրագրերի վերաբերյալ, որոնք աջակցում են ՓՄՁ-ի սուբյեկտներին իրենց գործունեության տարբեր բնագավառներում:

Ծրագրով` կենտրոնի կողմից՝

կիրականացվեն աշխատանքներ գործող տեղեկատվական համակարգերում Հայաստանի Հանրապետության ՓՄՁ-ի սուբյեկտներին ներկայացնելու և այդ համակարգերի տեղեկատվությունը նրանց տրամադրելու ուղղությամբ.

կհրատարակվի ՓՄՁ-ին աջակցող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու ծրագրերի տեղեկագիր:

 

3. ՓՄՁ-ների վիճակագրություն

 

ՓՄՁ-ի սուբյեկտները յուրաքանչյուր երկրի տնտեսական և սոցիալական կայունության հիմնական երաշխիքն են: Սակայն դրանց ազդեցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման վրա դժվար է գնահատել առանց այդ ոլորտի առանձնացված վիճակագրական հաշվառման: Նման վիճակագրական տեղեկատվության առկայությունը հնարավորություն կընձեռի ոչ միայն գնահատել ոլորտի դերը երկրի տնտեսական և սոցիալական զարգացման գործում, այլ նաև հաշվի առնել այդ տվյալները ոլորտի զարգացման և աջակցման պետական ծրագրեր մշակելիս:

Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից ՓՄՁ-ի սուբյեկտների վիճակագրության վարման նախապատրաստում: Աշխատանքներ կիրականացվեն վիճակագրության վարման գործընթացը և դրա շարունակականությունն ապահովելու համար:

 

IV. Ծրագրի իրականացման սկզբունքները

 

Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման 2002 թվականի պետական ծրագիրն իրականացվում է սույն ծրագրով նախատեսված ՓՄՁ-ին աջակցող կառույցների միջոցով՝

1. Նպատակային ենթածրագրերը մշակվում են Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից` համապատասխան այլ պետական մարմինների և նոր ստեղծվող ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոնի մասնակցությամբ: Ենթածրագրերի մշակման աշխատանքներում կներգրավվեն նաև շահագրգիռ հասարակական կազմակերպությունները:

2. Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ ՓՄՁ-ի զարգացման տարեկան ծրագրի իրականացման ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, որն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում՝ առանձին տողով:

3. Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման 2002 թվականի պետական ծրագրի իրականացման միջոցառումները (ցանկը կցվում է) մշակում և համակարգում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը:

4. 2002 թվականի ընթացքում միջազգային դոնոր կազմակերպությունների հետ ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում կարող են իրականացվել ՓՄՁ-ի աջակցման համատեղ ծրագրեր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման 2002 թվականի պետական ծրագրի իրականացման միջոցառումների

 

NN ը/կ Միջոցառման անվանումը Կատարողը Կատարման ժամկետը
1. Իրավաբանական անձի կարգավիճակով, որպես ոչ առևտրային կազմակերպություն, ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոնի հիմնադրում: Կենտրոնի 2002 թ. աշխատանքների կազմակերպում ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն 2002 թ. հունվար
2. ՓՄՁ-ի զարգացմանը նպաստող իրավական ակտերի ընդունում ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն, ՀՀ շահագրգիռ նախարարություններ և գերատեսչություններ 2002 թ.
3. ՓՄՁ-ի սուբյեկտների վիճակագրության վարման նախապատրաստում ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ) 2002 թ. I-ին կիսամյակ
4. ՓՄՁ-ին աջակցող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու ծրագրերի տեղեկագրի հրատարակում ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոն   2002 թ. II-րդ եռամսյակ
5. ՓՄՁ-ի սուբյեկտներին խորհրդատվական, տեղեկատվական և մարքետինգային ծառայությունների տրամադրում, ներքին և արտաքին շուկաներում ապրանքների ու ծառայությունների իրացմանն աջակցություն ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոն 2002 թ.
6. Տեղեկատվական համակարգերին ՓՄՁ-ի ոլորտի ինտեգրացման աշխատանքների իրականացում ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոն 2002 թ.
7. ՓՄՁ-ի զարգացման ծրագրերի մշակում՝ միջազգային դոնորներին ներկայացնելու համար ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն, ՀՀ շահագրգիռ նախարարություններ և գերատեսչություններ
ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոն
2002 թ.
8. Միջազգային կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ ծրագրերի մշակում և իրականացում ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն,
ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոն
2002 թ.