«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 1999 թվականի N 734
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային ապահովության ռազմավարության հիմնադրույթները (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` կենսաթոշակային համակարգի կատարելագործման շրջանակներում կազմակերպական միջոցառումների ծրագրով նախատեսված ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան օրենքների նախագծերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 2-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Սարգսյան |
Հաստատված է |
Հ Ի Մ Ն Ա Դ Ր ՈՒ Յ Թ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ
1. Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային ապահովության համակարգի առկա իրավիճակը եվ կատարելագործման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետությունում կատարված հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական արմատական փոփոխությունները կյանքի բոլոր ոլորտներում ստեղծել են նոր պայմաններ և նշված ոլորտների առջև դրվել է դրանց հարմարվելու հրամայականը: Դա անդրադարձել է նաև կենսաթոշակային ապահովության համակարգի վրա, որտեղ գոյություն ունեցող իրավիճակը թելադրում է համակարգի կատարելագործման համար իրականացնել էական փոփոխություններ:
Կենսաթոշակային ապահովության համակարգի նման իրավիճակը պայմանավորված է մի շարք պատճառներով`
ժողովրդագրական փոփոխություններ,
արտադրության ծավալների անկում, զբաղվածության մակարդակի կրճատում,
բնակչության դրամական եկամուտների կառուցվածքում աշխատավարձի տեսակարար կշռի նվազում,
ստվերային տնտեսության առկայություն,
կենսաթոշակային ապահովության համակարգի ոչ ապահովագրական ծանրաբեռնվածություն,
արտոնյալ պայմաններով և երկարամյա ծառայության կենսաթոշակային համակարգերի առկայություն,
պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այսուհետև` սոցիալական վճարներ) հավաքագրման մեխանիզմների անկատարություն,
կենսաթոշակների հաշվարկման հիմքում սոցիալական արդարության սկզբունքի բացակայություն:
Ժողովրդագրական փոփոխությունները մեծ ազդեցություն ունեցան Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային ապահովության համակարգի վրա (NN 1, 2 և 4 հավելվածներ): Հայաստան առավելապես ներգաղթեց կենսաթոշակային տարիքի և այդ տարիքին մոտ բնակչությունը, իսկ արտագաղթեց հիմնականում աշխատունակ տարիքի բնակչությունը: Այս իրադարձությունները խախտեցին բնակչության սեռատարիքային համամասնությունը: Զգալիորեն ավելացավ 60 և ավելի տարիք ունեցող բնակիչների թիվը, որը մեծացրեց աշխատունակ տարիք ունեցող բնակչության սոցիալական ծանրաբեռնվածությունը և լրացուցիչ դժվարություններ ստեղծեց կենսաթոշակային ապահովության համակարգի համար: 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակառուների թիվը կազմում է 583 հազ. մարդ (աղյուսակ 1), որոնց մոտ 70 տոկոսը 60-ից ավելի բարձր տարիք ունեցողներն են: Տնտեսության մեջ զբաղվածների և կենսաթոշակառուների թվի հարաբերակցությունը` համակարգի բեռնվածության գործակիցը, պաշտոնական տվյալներով կազմում է 2, 3:1 (ճշտված փորձագիտական գնահատումներով` 1,9:1), իսկ արդյունավետ վճարումներ կատարողների և կենսաթոշակառուների թվի հարաբերակցությունը` 1:1:
Ներկայումս Հայաստանի Հանրապետության միջին կենսաթոշակը (մոտ 4000 դրամ) չի ապահովում կենսաթոշակառուի գոյամիջոցի անգամ նվազագույնը, իսկ համակարգի փոխհատուցման գործակիցը (միջին կենսաթոշակի հարաբերությունը միջին աշխատավարձին) կազմում է ընդամենը 23 տոկոս: Այս ցուցանիշը ԽՍՀՄ-ի վերջին տարիներին կազմում էր 50 տոկոս, իսկ Հայաստանի Հանրապետությունում այն չի գերազանցել 35 տոկոսը1:
Բնակչության դրամական եկամուտների կառուցվածքի փոփոխությունը մեծ ազդեցություն ունի կենսաթոշակային միջոցների ձևավորման վրա: Աշխատուժի գինը հանրապետության աշխատանքի շուկայում բավականին ցածր է, որը բնակչության դրամական եկամուտների կառուցվածքում հանգեցնում է աշխատավարձի ծավալի նվազմանը: Եթե 1985 թվականի եկամուտների կառուցվածքում աշխատավարձի բաժինը կազմել է 76 տոկոս, 1992-1993 թվականներին 56-58 տոկոս1, ապա 1995-1996 թվականներին` արդեն 35-40 տոկոս1: Եկամուտներում աշխատավարձի տեսակարար կշռի նվազմանը զուգընթաց աճել է սոցիալական բնույթի այն եկամուտների բաժնեմասը (մարդասիրական օգնություն, դրամական փոխանցումներ հարազատներից, բարեգործություն և այլն), որից սոցիալական վճարներ չեն գանձվում:
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային օրենսդրության մեջ գործում են բավականին վաղ կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու բազմաթիվ արտոնություններ: Այդ պատճառով հանրապետությունում կենսաթոշակի անցնելու միջին տարիքն արդեն երկար տարիներ սահմանվածից բավականին ցածր է:
Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային ապահովության համակարգի վրա բացասական ազդեցություն ունեցող գործոններից մեկը ստվերային տնտեսությունն է: Դա էականորեն սահմանափակում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այսուհետև` հիմնադրամ) սոցիալական վճարներ գանձելու հնարավորությունը, որն էլ առաջ է բերում հիմնադրամի ֆինանսական միջոցների անբավարարություն: Այն պայմանավորված է նաև հիմնադրամին ապահովադիրների ունեցած ժամկետանց պարտքերով:
1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական կենսաթոշակ է ստանում կենսաթոշակառուների 8,3 տոկոսը, այսինքն` նրանք, ովքեր համակարգի ֆինանսական միջոցների գոյացման գործում անհրաժեշտ մասնակցություն չեն ունեցել, իսկ դրա վճարման համար ծախսվող գումարը կազմում է կենսաթոշակների վճարմանն ուղղված միջոցների 6 տոկոսը (աղյուսակ 2, 3):
Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքում վերջին 4-5 տարվա ընթացքում նվազման միտում ունեն սոցիալական ոլորտին տրամադրվող միջոցները, իսկ սոցիալական ապահովությանը տրամադրվող միջոցների տեսակարար կշիռը տատանվում է 3,0-4,5 տոկոսի1 սահմաններում:
Ամփոփելով կարելի է եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային ապահովության համակարգը լուրջ կատարելագործման կարիք ունի: Անհրաժեշտ է ներդնել այնպիսի համակարգ, որում պետությունը կունենա նոր դեր, քանի որ նա պետք է պայմաններ ստեղծի հասարակության բոլոր անդամների համար, որպեսզի նրանք կարողանան «վաստակել» իրենց կենսաթոշակը, և միաժամանակ հոգ տանի նրանց մասին, ովքեր ի վիճակի չեն դա անելու:
Չնայած վերջին տասնամյակում կատարված դրական տեղաշարժերին` կենսաթոշակային ապահովության առումով իրավիճակը հանրապետությունում դեռևս մնում է լարված, քանի որ կենսաթոշակային համակարգում տեղի ունեցող փոփոխությունները հետ են մնում հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքի դինամիկ փոփոխություններից:
Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային բարեփոխումների գաղափարախոսությունը պատկանում է սոցիալական պետության կառուցման ուղենիշներին և դրա հիմնական նպատակն է նաև նպաստել աղքատության կրճատմանը: Սկզբունքորեն անհրաժեշտ է ստեղծել կենսաթոշակային ապահովության նոր ինստիտուտներ, որոնք հաշվի կառնեն բնակչության տնտեսական ու սոցիալական պայմանների փոփոխությունները, կազմակերպական-իրավական և աշխատանքային գործունեության ձևերի բազմազանությունը, կյանքի սպասվելիք միջին տևողությունը, սոցիալական տարբեր վտանգների առկայությունը:
___________________________
1 «Սոցիալ-տնտեսական իրավիճակը և աղքատությունը Հայաստանում» ազգային զեկույց, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն, 1998 թ.
2. Կենսաթոշակային ապահովության համակարգի կատարելագործման նպատակներն ու սկզբունքները
Կենսաթոշակային համակարգի կատարելագործման հիմնական նպատակներն են`
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և օրենքով նախատեսված այլ դեպքերում յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական ապահովության իրավունքի իրականացումը.
Հայաստանի Հանրապետության փոփոխվող տնտեսական պայմաններին կենսաթոշակային ապահովության համակարգի համապատասխանեցումը.
կենսաթոշակների վճարմանն ուղղվող միջոցների օգտագործման և վերաբաշխման արդյունավետության բարձրացումը.
պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգի զարգացումը.
կամավոր կենսաթոշակային ապահովագրության ներդրումը:
Նշված նպատակներն իրականացնելու համար կենսաթոշակային համակարգի կատարելագործման հիմքում պետք է դրվեն հետևյալ սկզբունքները`
կենսաթոշակների հաշվարկման հիմքում սոցիալական հավասարության և սոցիալական արդարության սկզբունքների զուգորդում*.
համակարգի մասնակիցների իրավասությունների սահմանազատում.
գործատուների հետ (անկախ կազմակերպական-իրավական ձևից) աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց, անհատ ձեռներեցների (ձեռնարկատերերի), մտավոր գործունեությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց համար պարտադիր կենսաթոշակային ապահովագրության իրականացում.
սերունդների, տնտեսության ճյուղերի, տարածքների և տարբեր կազմակերպությունների միջև սոցիալական համերաշխության ապահովում.
կամավոր կենսաթոշակային ապահովագրության հիմնական դրույթների և նորմերի օրենսդրական կարգավորում.
պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում բաշխման և կուտակման համակարգերի տարրերի զուգակցում:
Ներկայացվող հիմնադրույթներն առաջարկում են համակարգի կատարելագործումն սկսել գործող համակարգի բարելավումից, որը ենթադրում է կենսաթոշակային օրենսդրության մեջ այնպիսի նորմերի ու դրույթների ներդրում, որոնք կբարձրացնեն կենսաթոշակային ապահովությանը տրամադրվող ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը:
Կենսաթոշակային ապահովության համակարգի կատարելագործման ուղղություններն են.
1. Անցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից այն ծախսերի ֆինանսավորմանը, որոնք կապված չեն աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակների վճարման հետ (աղյուսակ 6):
2. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամության կենսաթոշակների նշանակման կարգավորումը` «Պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվող «Արտադրությունում աշխատանքային խեղման, դժբախտ պատահարի և մասնագիտական հիվանդության դեպքերից պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ (աղյուսակ 6):
3. Արտոնյալ պայմաններով և երկարամյա ծառայության կենսաթոշակային ապահովության համակարգերի կարգավորումը (աղյուսակ 6):
4. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման բազան մեծացնելու նպատակով միջոցառումների մշակումը:
5. Անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի ներդրումը:
6. Համընդհանուր բաշխման համակարգից կենսաթոշակային ապահովության խառը համակարգին անցումը:
7. Կենսաթոշակային ապահովության կառավարման համակարգի կատարելագործումը և հիմնադրամի իրավական կարգավիճակի հստակեցումը:
8. Կամավոր կենսաթոշակային ապահովագրության զարգացման համալիր միջոցառումների մշակումը:
Կենսաթոշակային նոր համակարգը կընդգրկի`
պարտադիր կենսաթոշակային ապահովագրությունը,
պետական կենսաթոշակային ապահովությունը, կամավոր կենսաթոշակային ապահովագրությունը:
___________________________
* Ելնելով կատարած ապահովագրական վճարների մեծությունից` կենսաթոշակի հաշվարկը կիրականացվի պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում:
3. Անհատական (անձնավորված) հաշվառման դերը
Անհատական հաշվառման էությունը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ապահովագրված քաղաքացու համար նրա ստաժի, աշխատավարձի և կատարված հատկացումների վերաբերյալ տվյալներ պարունակող անձնական հաշվի ներդրումն է, որը վարվում է մարդու ամբողջ ակտիվ աշխատանքային գործունեության ընթացքում, և նրա կենսաթոշակային իրավունքի երաշխիքն է: Անհատական հաշվառման նպատակներից է կենսաթոշակային համակարգի կատարելագործման համար տեղեկատվական բազայի ստեղծումը:
Յուրաքանչյուր ապահովագրված անձի անհատական հաշվում (որը պայմանական կուտակման հաշիվ է) կհավաքագրվեն աշխատողի և գործատուի կատարած հատկացումները: Ապահովագրական դեպքի վրա հասնելու ժամանակ անհատական հաշվում պահպանվող տվյալների հիման վրա ապահովագրված անձին կնշանակվի կենսաթոշակ:
4. Պարտադիր կենսաթոշակային ապահովագրությունը
4.1. Կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության ապահովումը, ֆինանսական միջոցների ձևավորման աղբյուրները
Անցման ժամանակաշրջանում պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգի ֆինանսական վիճակի կայունությունն ապահովելու համար անհրաժեշտ է`
ա) վերանայել արտոնյալ պայմաններով և երկարամյա ծառայության կենսաթոշակների նշանակման մեխանիզմները.
բ) բարձրացնել սոցիալական վճարների հավաքագրման արդյունավետությունը` անհատական հաշիվների ներդրման միջոցով.
գ) օրենսդրորեն ամրագրել պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում ոչ ապահովագրական ժամանակաշրջանները (պարտադիր զինվորական ծառայություն, ցերեկային ուսուցում և այլն) սահմանելով դրանց ֆինանսավորման աղբյուրները.
դ) տեղափոխել սոցիալական կենսաթոշակները պետական նպաստների համակարգ` այն կարգավորելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ.
ե) մինչև համապատասխան օրենքի ընդունումը` արտադրության մեջ աշխատանքային պարտականությունների հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամների և կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակների ֆինանսավորումն իրականացնել գործատուների միջոցներից:
Հիմնադրամի ֆինանսական միջոցների ձևավորման գործում անհրաժեշտ է վերաբաշխել գործատուի և աշխատողի մասնակցության չափերը` աստիճանաբար փոքրացնելով գործատուի բաժնեմասը և ավելացնելով աշխատողի բաժնեմասին: Դա հնարավորություն կտա կատարելագործել տարիֆային քաղաքականությունն անհատ ձեռներեցների, գյուղատնտեսությամբ և մտավոր գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ, որոնց մասնակցությունը կենսաթոշակային համակարգի ֆինանսավորմանն այսօր համարժեք չէ այդ համակարգից նրանց ստացած կենսաթոշակներին:
4.2. Աշխատանքային կենսաթոշակի նշանակման պայմանները
Աշխատանքային կենսաթոշակը երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու նյութական ապահովումը` կենսաթոշակային տարիքի հասնելու, հաշմանդամ դառնալու կամ կերակրողին կորցնելու դեպքում: Աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն գործատուների հետ (անկախ կազմակերպական-իրավական ձևից) աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, անհատ ձեռներեցները, մտավոր գործունեությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք* (աղյուսակ 7):
Անցման ժամանակաշրջանում աշխատանքային կենսաթոշակը կազմված կլինի հետևյալ երեք մասից.
1. Բազային կենսաթոշակ, որը պետությունը երաշխավորում է այն անձանց, ովքեր ունեն պարտադիր ապահովագրական ստաժ (կանանց համար` 20 տարի, տղամարդկանց համար` 25) և կենսաթոշակի նշանակման համար ապահովագրական սկզբունքներից բխող բավարար պայմաններ: Պարտադիր ապահովագրական ստաժից պակաս ստաժ ունեցող անձանց բազային կենսաթոշակի չափը կորոշվի` ելնելով փաստացի ստաժի տևողությունից:
2. Ապահովագրական ստաժի յուրաքանչյուր տարվա համար տրվող հավելում` մինչև անհատական (անձնավորված) հաշվառման ներդրումը:
Աշխատանքային կենսաթոշակի առաջին և երկրորդ մասերն իրենցից ներկայացնում են ներկայումս գործող հասույթային բանաձևով հաշվարկված կենսաթոշակը:
3. Ապահովագրական կենսաթոշակ, որն անհատական հաշվառման ներդրումից հետո հաշվի կառնի կուտակված ապահովագրական վճարները և կենսաթոշակի անցնելու պահին կյանքի սպասվելիք միջին տևողությունը: Այն բաղկացած կլինի երկու բաղադրիչից:
Առաջին բաղադրիչը կգործի բաշխման համակարգի ռեժիմում, որում կկուտակվի ապահովագրության վճարների մեծ մասը և կկազմի անվանական կապիտալ ու կհավաքագրվի յուրաքանչյուր ապահովագրված անձի պայմանական կուտակման հաշվում: Կենսաթոշակային այդ գումարը յուրաքանչյուր տարի, կապված տնտեսական իրավիճակի փոփոխությունների հետ, պայմանականորեն կինդեքսավորվի: Անցման ժամանակաշրջանում անհրաժեշտ է ապահովել ներկայիս կենսաթոշակառուների իրավունքների պահպանումը` կենսաթոշակներն ըստ աշխատավարձի ինդեքսավորման, իսկ ապագա կենսաթոշակառուներինը` ըստ գների` ինդեքսավորման:
Ապահովագրական կենսաթոշակի երկրորդ բաղադրիչը կգործի կուտակման համակարգի ռեժիմում և կձևավորվի ապահովագրական վճարների մնացած մասից, որը կհավաքագրվի ապահովագրական վճարների հատուկ ենթահաշվում, որում կարտացոլվեն իրական կուտակումները:
Նման մեխանիզմը կգործի անցման շրջանում և հնարավորություն կտա նոր համակարգում սահուն ձևով ընդգրկել բոլոր քաղաքացիներին` հաշվի առնելով նրանց աշխատանքային ստաժը մինչև անհատական ապահովագրական հաշիվների ներդրումը և դրանից հետո կուտակված ապահովագրական վճարները:
______________________
* Պարտադիր կենսաթոշակային ապահովագրության մեջ ընդգրկվում են հողի սեփականատերերը և նրանց ընտանիքի այն չափահաս անդամները, որոնք զբաղված են գյուղատնտեսությամբ: Նրանց կենսաթոշակների հաշվարկման հիմքում դրվում է վերջիններիս կողմից իրենց համար կատարվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները:
4.3. Արտոնյալ պայմաններով և երկարամյա ծառայության կենսաթոշակային արտոնությունների կարգավորումը
Կենսաթոշակային ապահովության համակարգում կարևոր տեղ ունի ժամկետից շուտ կենսաթոշակի ինստիտուտն այն անձանց համար, ովքեր արտադրության վնասակար պայմաններում զբաղված են մասնագիտական գործունեությամբ: Անբարենպաստ արտադրական միջավայրում երկարատև աշխատանքը հանգեցնում է նրան, որ աշխատողը, ելնելով առողջական վիճակից, չեն կարող կամ դժվարանում են շարունակել իրենց աշխատանքային գործունեությունը:
Տարիքի իջեցմամբ կենսաթոշակային ապահովության իրավունքը մի շարք մասնագիտական խմբերի աշխատողների աշխատունակության ավելի վաղ կորստի օրենսդրորեն ճանաչումն է:
Անհրաժեշտ են համակարգված փոփոխություններ, որոնց նպատակն ապահովագրական մեխանիզմների հաստատումն է:
Արտոնյալ կենսաթոշակային համակարգի վերացումը միանգամից չի կատարվի.
1. Այն անձինք, ովքեր մինչև նոր համակարգի ներդրումն ունեն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու պահանջվող ստաժ և համապատասխան տարիք կպահպանեն այդ կենսաթոշակն ստանալու իրավունքը` ըստ գործող կարգի:
2. Այն անձինք, ովքեր մինչև նոր համակարգի ներդրումն ունեն ժամկետից շուտ կենսաթոշակի անցնելու պահանջվող արտոնյալ ստաժի առնվազն կեսը, համապատասխան տարիքի հասնելու դեպքում կստանան փոխհատուցում: Այդ փոխհատուցումները կնշանակվեն համամասնական չափով, ըստ ունեցած արտոնյալ ստաժի, և կվճարվեն մինչև ընդհանուր հիմունքներով կենսաթոշակային տարիքը լրանալը:
3. Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո փոխհատուցում նշանակելիս վնասակար պայմաններում աշխատելու ժամանակաշրջանը հաշվի չի առնվի:
4. Կենսաթոշակները և փոխհատուցումները կվճարվեն հիմնադրամի միջոցներից:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կսահմանի փոխհատուցումների չափերը, վճարման ժամկետներն ու կարգը:
Վերանայման կարիք ունեն նաև երկարամյա ծառայության կենսաթոշակային արտոնությունները:
Երկարամյա ծառայության կենսաթոշակային արտոնությունների սահմանափակումն անհրաժեշտ է իրականացնել այն սկզբունքներով, ինչ սկզբունքով իրականացվում է արտոնյալ կենսաթոշակային ապահովությունը: Միաժամանակ, եթե նրանք շարունակում են աշխատել նույն պաշտոններում, ապա փոխհատուցման վճարումը կդադարեցվի:
Նշված փոփոխությունների համար պահանջվում է նախապատրաստական համալիր միջոցառումների իրականացում: Այդ նպատակով անհրաժեշտ է մշակել`
ա) սոցիալական սուբյեկտների միջև ֆինանսական ծանրաբեռնվածության բաշխման մեթոդները,
բ) նոր համակարգին անցման սոցիալ-հոգեբանական հիմքի ապահովման համալիր միջոցառումների ծրագիրը (ուսումնական, քարոզչական, տեղեկատվական և սոցիոլոգիական աշխատանք):
4.4. Պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգի կառավարման կազմակերպական հիմքերը
Կենսաթոշակային ապահովության համակարգն իրենից ներկայացնում է բարդ համալիր, որում համագործակցում են պետական և մասնավոր ոլորտի բազմաթիվ ինստիտուտներ: Այդ տեսանկյունից այն անհրաժեշտ է կառուցել այնպես, որպեսզի նշված ինստիտուտները սերտ համագործակցությամբ, արդյունավետ և ռացիոնալ ձևով իրականացնեն որոշակի վարչական ընթացակարգեր:
Կենսաթոշակային բարեփոխումներն իրականացնելիս անհրաժեշտ է լուծել երկու կարևոր հիմնախնդիր` ծրագրային քաղաքականության (ռազմավարություն) մշակումը և վարչական կառավարման համակարգի կատարելագործումը:
Կենսաթոշակային համակարգի կառավարման նոր մեխանիզմի տնտեսական բովանդակությունը ենթադրում է ապահովագրության համար տնտեսական պատասխանատվության բաշխում կենսաթոշակային համակարգի տարբեր սուբյեկտների, պետության, գործատուների և հասարակության (ապահովագրվածների) միջև, որը կնպաստի աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը, կխթանի արհմիություններին և վարձու աշխատողների այլ հասարակական կազմակերպություններին սոցիալական ապահովության ոլորտում ակտիվորեն համագործակցելու պետության և գործատուների հետ:
Կենսաթոշակային համակարգի կառավարումը պետք է զարգանա միայն ժողովրդավարական հիմքի վրա` կիրառելով հիմնադրամի միջոցների օգտագործման «թափանցիկության» սկզբունքը:
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը ձևավորում է կենսաթոշակային քաղաքականությունը, օրենսդրության կատարելագործման նպատակով նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, իրականացնում կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման և վճարման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունը:
Կենսաթոշակային համակարգի կառավարման կատարելագործումն անհրաժեշտ է սկսել գործող համակարգի բարելավումից և դրա արդյունավետության բարձրացումից, քանի որ նշված հիմնախնդիրներն ապագայում տնտեսական և ֆինանսական բարդությունների հետ միաժամանակ ավելի կմեծացնեն լարվածությունը կենսաթոշակային ապահովության ոլորտում: Անհրաժեշտ է «Պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հստակ սահմանել հիմնադրամի կառավարման և գործադիր մարմինների լիազորություններն ու իրավասությունները:
Հիմնադրամի կառավարման մարմնի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար դրա կազմում նպատակահարմար է ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության, արհմիությունների և գործատուների ներկայացուցիչներին:
Կառավարման նման կառուցվածքը հնարավորություն կտա բնակչության կենսաթոշակային ապահովության ոլորտում իրականացնել միասնական մեթոդական ղեկավարում, հստակ տարանջատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության և հիմնադրամի գործառույթները, համակարգում ներդնել գերատեսչական ստուգումների մեխանիզմ` ըստ տարբեր աղբյուրների, որը կիրականացվի ֆինանսական և տեղեկատվական հոսքերի խիստ առանձնացման ճանապարհով:
5. Պետական կենսաթոշակային ապահովությունը
Կենսաթոշակային ապահովության համակարգի կատարելագործման հայեցակարգային ուղղություններից մեկը պետական կենսաթոշակային ապահովության զարգացումն է: Պետական կենսաթոշակային ապահովությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին երաշխավորում է հանրապետության բնակչության այն կատեգորիաների նյութական ապահովությունը, որոնք ընդգրկված չեն պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում:
Այդ համակարգն ընդգրկում է զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին և կարգավորվում է համապատասխան օրենքով: Ներկայացվող ռազմավարությունը զինծառայողների կենսաթոշակային ապահովության համակարգում փոփոխություններ չի նախատեսում:
6. Կամավոր կենսաթոշակային ապահովագրությունը
Կամավոր կենսաթոշակային ապահովագրությունը լրացուցիչ ապահովագրություն է եվ հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա
ա) ապահովագրության նորմերի և պայմանների օրենսդրական կարգավորում.
բ) գործատուների և քաղաքացիների կամավոր մասնակցություն.
գ) պետական աջակցության և հսկողության ապահովում:
Կամավոր կենսաթոշակային ապահովագրության համակարգը կֆինանսավորվի գործատուների (անհատական և կոլեկտիվ պայմանագրերի շրջանակներում) և ապահովագրվածների կամավոր վճարումների, ինչպես նաև հավաքագրված միջոցների մի մասի ներդրումից ստացված եկամուտների հաշվին:
Կենսաթոշակային համակարգի կատարելագործման գործընթացում անհրաժեշտ է ստեղծել ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների ձևավորման խթաններ և նախադրյալներ:
Կամավոր կենսաթոշակային ապահովագրության համակարգի կայունությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ձևավորել ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների գործունեության վերահսկողության արդյունավետ մեխանիզմ, ապահովել համակարգի տեղեկատվական թափանցիկությունը: Միաժամանակ, անհրաժեշտ է մշակել ապահովագրական ընկերությունների լիցենզավորման պայմաններ, ինչպես նաև ներդրումների խիստ նորմատիվներ, որոնք հնարավորություն կտան նվազեցնելու հնարավոր վտանգները:
Ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների ստեղծման պարտադիր պայմաններն են`
ա) հիմնադրամի կանոնադրական կապիտալը.
բ) կենսաթոշակային ակտիվների կառավարող վարչությունների, ավանդատուների և ոչ պետական հիմնադրամների սեփական կապիտալը.
գ) վերաապահովագրական հիմնադրամին պարտադիր մասնակցությունը:
Նշված հիմնադրամը կստեղծվի պետության կողմից ուղղակի ու խիստ վերահսկողության ենթակա ինքնակարգավորվող կազմակերպության ձևով և կձևավորվի ոչ պետական հիմնադրամների կատարած հատկացումների հաշվին` նպատակ ունենալով փոխհատուցել կամավոր կենսաթոշակային ապահովագրության մասնակիցների հնարավոր կորուստները (N 4 հավելված):
Ոչ պետական հիմնադրամների տեսչությունը կիրականացնի ոչ պետական հիմնադրամների գործունեության պետական կարգավորումը:
7. Կենսաթոշակային համակարգի կատարելագործման փուլերը
Կենսաթոշակային համակարգի կատարելագործումը նախատեսվում է իրականացնել 3 փուլով միաժամանակ պահպանելով գործող կենսաթոշակային համակարգում ձեռք բերված իրավունքները:
1-ին փուլ` գործող կենսաթոշակային համակարգի համապատասխանեցումը ապահովագրական սկզբունքներին:
Նախատեսվում է համակարգի կատարելագործման համար իրականացնել կենսաթոշակային օրենսդրության փոփոխություններ, մշակել «Պարտադիր կենսաթոշակային ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որում կճշգրտվեն ռազմավարության հիմնական դրույթները և կամրագրվեն պարտադիր կենսաթոշակային ապահովագրությունը, անցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից այն ծախսերի ֆինանսավորմանը, որոնք անմիջականորեն կապված չեն ապահովագրական կենսաթոշակների վճարման հետ և քաղաքացիների սոցիալական ապահովագրության անհատական ծածկագրային համակարգի մշակումն ու ներդրումը:
2-րդ փուլ` պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց անհատական հաշիվներում պարտադիր ապահովագրական վճարների հաշվառումը (պայմանական կուտակման անհատական հաշիվների ներդրում):
Այս փուլում կսկսվեն քաղաքացիների անհատական հաշիվներում պարտադիր ապահովագրական վճարների հաշվառման, պարտադիր և կամավոր կենսաթոշակային ապահովագրության իրականացման գործընթացները:
3-րդ փուլ` անցումը կենսաթոշակային լրիվ ապահովագրական համակարգին և դրա վերջնական ձևավորումը:
Այս փուլում նախատեսվում է կենսաթոշակների նշանակման իրականացում` պայմանական կուտակման անհատական հաշիվների միջոցով, պլանավորվում է ավարտել կենսաթոշակային համակարգի կատարելագործումը, ինչպես նաև անցնել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, որոնք հնարավորություն կտան երկարաժամկետ հեռանկարում ապահովել կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունությունը և դրա արդյունավետ գործունեությունը:
Այս աշխատանքները, որոնք շոշափում են ամբողջ բնակչության շահերը, կիրականացվեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ համատեղ և կքննարկվեն զանգվածային լրատվամիջոցներով:
Կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված աշխատանքները հետագայում կճշգրտվեն օրենքների և նորմատիվային ակտերի նախագծերի պատրաստման աշխատանքներում:
Ծ Ր Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի կատարելագործման շրջանակներում կազմակերպական միջոցառումների
«Պարտադիր կենսաթոշակային ապահովագրության մասին» ՀՀ օրենք
Գործող կենսաթոշակային համակարգի համապատասխանեցումն ապահովագրական սկզբունքներին
«Պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենք
1999 թ.
«ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք
2000 թ.
«Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակելու պայմանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք
2000 թ.
«Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների անհատական ծածկագրային համակարգի մասին» ՀՀ օրենք
2000 թ.
«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք
2001 թ.
«Կամավոր կենսաթոշակային ապահովագրության մասին» ՀՀ օրենք
2001 թ.
2002 թ.
«Պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
2002 թ.
Հավելված N 1 |
Հայաստանի բնակչության հիմնական ժողովրդագրական ցուցանիշների շարժը
(1000 բնակչի հաշվով)
Հավելված N 2 |
Հայաստանի բնակչության 1998 թ. սեռատարիքային բուրգը (ըստ ճշտված փորձագիտական գնահատականների)
Հավելված N 3 |
Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգը բնութագրող ցուցանիշները
Աղյուսակ 1
Կենսաթոշակառուների թվի դինամիկան Հայաստանի Հանրապետությունում (մարդ)
NN
ը/կԺամանակաշրջանը
1995 թ.
1996 թ.
1997 թ.
1998 թ.
1.
Կենսաթոշակառուների թիվը
այդ թվում`641852
607111
587739
583047
- աշխատանքային կենսաթոշակառուներ
559906
536505
526328
524783
- սոցիալական կենսաթոշակառուներ
65847
51075
50701
48149
- զինվորական ծառայության հետ կապված կենսաթոշակառուներ
16099
19531
23123
22598
2.
Կենսաթոշակառուների թվի աճը (տոկոս)
այդ թվում`-
94,6
96,8
98,4
- աշխատանքային կենսաթոշակառուներ
-
95,8
98,1
98,1
- սոցիալական կենսաթոշակառուներ
-
77,5
99,2
95,0
- զինվորական ծառայության հետ կապված կենսաթոշակառուներ
-
121,3
118,4
98,0
Աղյուսակ 2
Սոցիալական կենսաթոշակ ստացողների թվի դինամիկան (մարդ)
NN
ը/կԺամանակաշրջանը
1995 թ.
1996 թ.
1997 թ.
1998 թ.
1.
Սոցիալական կենսաթոշակ ստացողների թիվը
այդ թվում`65847
51075
50701
48149
- ծերության
11953
15887
14223
12507
- հաշմանդամության
2885
8047
8866
6648
- մանկուց հաշմանդամներ
15187
16007
16836
18597
- կերակրողին կորցրած կենսաթոշակառուների ընտանիքներ
19977
11134
10776
10397
2.
Սոցիալական կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների թվի աճը (տոկոս)
-
77,5
99,2
95,0
այդ թվում`
-
132,9
89,5
87,9
- ծերության
-
278,9
110,1
75,0
- հաշմանդամության
-
105,4
105,1
110,4
- կերակրողին կորցրած կենսաթոշակառուների ընտանիքներ
-
55,7
96,8
96,5
Աղյուսակ 3
Մինչեվ 16 տարեկան սոցիալական կենսաթոշակ ստացող հաշմանդամ երեխաների թիվը (մարդ)
NN
ը/կԺամանակաշրջանը
1995 թ.
1996 թ.
1997 թ.
1998 թ.
1.
Ընդամենը
6788
7048
7754
8536
2.
Թվի աճը (տոկոս)
-
103,8
110,0
110,0
3.
10000 երեխայի հաշվով
-
70,5
77,5
85,3
Աղյուսակ 4
Արտոնյալ (աշխատանքի վնասակար պայմանների հետ կապված) պայմաններով կենսաթոշակ ստացողների թիվը (մարդ)
NN ը/կ |
Ժամանակաշրջանը | 1995 թ. | 1996 թ. | 1997 թ. | 1998 թ. |
1. |
Ընդամենը |
28824 | 28263 | 26785 | 27031 |
այդ թվում` |
|||||
ըստ 1-ին ցուցակի |
12590 | 11498 | 10952 | 11010 | |
ըստ 2-րդ ցուցակի |
16234 | 16765 | 15833 | 16021 | |
2. |
Թվի աճը (տոկոս) |
- | 98,0 | 94,8 | 100,9 |
- ըստ 1-ին ցուցակի |
- | 91,3 | 95,2 | 100,5 | |
- ըստ 2-րդ ցուցակի |
- | 103,3 | 94,4 | 101,2 |
Աղյուսակ 5
Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակառուներ (մարդ)
NN ը/կ |
Ժամանակաշրջանը | 1995 թ. | 1996 թ. | 1997 թ. | 1998 թ. |
1. |
Ընդամենը |
20518 | 18924 | 18171 | 18258 |
2. |
Կենսաթոշակառուների թվի աճը (տոկոս) |
- | 92,2 | 96,0 | 100,5 |
Աղյուսակ 6
Կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության ապահովման միջոցառումների արդյունքում հիմնադրամի միջոցների տնտեսումը (1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ)
Կենսաթոշակի տեսակը | Կենսաթոշակառուների թիվը (մարդ) | Տարեկան ընդհանուր գումարը (մլն դրամ) | Հաշվետու տարում նոր նշանակվող | Փոստային ծախսերը (մլն դրամ) (3)x1.7% |
Ընդամենը(մլն դրամ) (3+5+6) |
Ծանոթագրություն | |
կենսաթոշակառուների թիվը (մարդ) | տարեկան ընդհանուր գումարը (մլն դրամ) | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. Սոցիալական կենսաթոշակառուներ | 48149 | 1554 | - | - | 26.42 | 1580.42 | ֆինանսավորվելու է ՀՀ պետբյուջեից |
2. Արտոնյալ պայմաններով | 47906* | 1967,2 | 554 | 25,3 | 33.9 | 2026.4 | |
այդ թվում, ըստ` ա) 1-ին ցուցակի բ) 2-րդ ցուցակի |
216 338 |
10,2 15.1 |
0.2 0.3 |
10.4 15.4 |
անցման շրջանում ֆինանսավորվելու է հիմնադրամի միջոցներից | ||
գ) բազմազավակ մայրեր | 47703 | 1959,0 | - | - | 33.3 | 1992.3 | ֆինանսավորվելու է ՀՀ պետբյուջեից մինչև ընդհանուր հիմունքներով կենսաթոշակային տարիքը լրանալը |
դ) մանկուց հաշմանդամ երեխա խնամած մայրեր | 203 | 8.2 | - | - | 0.1 | 8.3 | |
3. Երկարամյա ծառայության կենսաթոշակառուներ | 320 | 13.7 | 0.2 | 13.9 | անցման շրջանում ֆինանսավորվելու է հիմնադրամի միջոցներից | ||
4.Աշխատանքայինխեղման հետևանքով հաշմանդամ կենսաթոշակառուներ | 77 | 2,7 | 0.05 | 2.75 | ֆինանսավորելու են գործատուները | ||
5. Մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ կենսաթոշակառուներ | 67 | 2,3 | 0.04 | 2.34 | ֆինանսավորելու են գործատուները | ||
Ընդամենը | 3521,2 | 44,0 | 60.61 | 3625.81 |
______________
* Հաշվարկվել է միայն այն կենսաթոշակառուների թիվը, որոնց կենսաթոշակների ֆինանսավորման աղբյուրը ենթակա է փոփոխության:
Աղյուսակ 7
Կենսաթոշակների նշանակման հին եվ նոր (ըստ պայմանական կուտակման հաշիվների) կարգը
Սկզբունքը |
Հին կարգը |
Նոր կարգը | ||||||
Կենսաթոշակի հաշվարկման բանաձևը | Կ= 2860+nxX, որտեղ` Կ-ն` աշխատանքային կենսաթոշակի չափը 2860-ը` բազային կենսաթոշակի չափը n-ն` աշխատանքային տարիների թիվը(ստաժը) X-ը` յուրաքանչյուր տարվա համար տրվող հավելման չափը |
Կ-ն` կենսաթոշակի չափը | ||||||
Մասնակցության նվազագույն ժամանակաշրջանը | 5 տարի | 20 տարի` կանանց համար, 25 տարի` տղամարդկանց համար | ||||||
Առանց հատկացումների մասնակցության ժամանակաշրջանի հաշվառումը | նախատեսված էր | չի նախատեսվում | ||||||
Կենսաթոշակի գնալու տարիքը | 55` կանանց համար 60` տղամարդկանց համար |
63` կանանց համար 65` տղամարդկանց համար | ||||||
Կենսաթոշակների ինդեքսավորումը | Ինդեքսավորումը կատարվում է ըստ գների, հնարավոր էր նաև ինդեքսավորում ըստ աշխատավարձի | ինդեքսավորումը պետք է կատարվի ըստ գների և աշխատավարձի (անցման ժամանակաշրջանում) | ||||||
Հարկային քաղաքականությունը | կենսաթոշակային հատկացումները և կենսաթոշակներն ազատված են հարկերից | կենսաթոշակային հատկացումները և կենսաթոշակներն ազատված են հարկերից | ||||||
Ժամկետից շուտ կենսաթոշակի գնալու իրավունքը | արտոնյալ և երկարամյա ծառայության համար ժամկետից շուտ կենսաթոշակի իրավունքի ձեռքբերման բարդ համակարգ | չի նախատեսվում |
Հավելված N 4 |
Կամավոր կենսաթոշակային ապահովագրության կառավարման սխեմա
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|