Գլխավոր տեղեկություն
Номер
N 695
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.12.1999-24.09.2000)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1999.12.06/30(96)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.11.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.11.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.11.1999
Дата вступления в силу
16.12.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.01.2010

040.0695.20.11.99

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 նոյեմբերի 1999 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 1999 թվականի N 695
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ժնևի 1951 թվականի «Փախստականի կարգավիճակի մասին» կոնվենցիային և «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձանց փախստականի վկայական տալու կարգը և վկայականի նկարագիրը (կցվում են).

բ) Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձանց ճամփորդական փաստաթուղթ տալու կարգը և փաստաթղթի նկարագիրը (կցվում են):

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`

ա) եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշման 1-ին կետում նշված փախստականի վկայականի և ճամփորդական փաստաթղթի պատրաստման աշխատանքները.

բ) մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը ապահովել փախստականի կարգավիճակ ստացած անձանց նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական անձնագրերի փոխարինումը փախստականի վկայականներով:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված փախստականի վկայականի և ճամփորդական փաստաթղթի պատրաստման աշխատանքները ֆինանսավորելու վերաբերյալ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստանած փախստականներին «Փախստականի ընտանիքի վկայական» տալու մասին» N 524 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
նոյեմբերի 20-ի N 695 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձանց փախստականի վկայական տալու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Փախստականների վկայականը (այսուհետև` վկայական) Հայաստանի Հանրապետությունում փախստականի անձը հաստատող փաստաթուղթ է:

2. Վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի կարգավիճակ ստացած` 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց:

3. Վկայականը տրվում է 3 տարի ժամկետով: Գործածության համար պիտանի վկայականի ժամկետը կարող է երկարաձգվել ևս 2 տարի:

4. Ժամկետանց վկայականներն անվավեր են և ենթակա փոխանակման` սահմանված կարգով:

5. Վկայականը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն:

6. Վկայականում փախստականի անձի մասին նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա) ազգանունը, անունը, հայրանունը,

բ) սեռը,

գ) ծննդյան վայրը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

դ) քաղաքացիությունը (կամ դրա բացակայությունը):

7. Վկայականում կարող են կատարվել հետևյալ նշումները`

ա) վկայականի վավերականության ժամկետը երկարաձգելու մասին` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից.

բ) Հայաստանի Հանրապետության բնակության վայրի մասին` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից.

գ) անչափահաս երեխաների մասին` քաղաքացիական ակտերի գրանցման տարածքային մարմինների կողմից.

դ) արյան խմբի և ռեզուսի մասին` փախստականի ցանկությամբ` առողջապահության մարմինների կողմից.

ե) ընտանեկան դրության մասին` քաղաքացիական ակտերի գրանցման տարածքային մարմինների կողմից:

 

II. Վկայական տալու, փոխանակելու եվ դրանից օգտվելու կարգը

 

8. Փախստականներին վկայական տալիս կամ փոխանակում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինները` ըստ նրանց մշտական, ժամանակավոր կամ փաստացի բնակության վայրի:

9. Վկայական ստանալու համար փախստականը ներկայացնում է`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության որոշումն անձին փախստականի կարգավիճակ տալու վերաբերյալ, իսկ 1988 թվականից մինչև 1999 թվականը Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված անձը` փախստականի ընտանիքի վկայականը.

բ) անձնագիրը.

գ) ծննդյան վկայականը (16 տարին նոր լրացած անձի համար).

դ) 35x45 մմ չափսի 2 լուսանկար (գունավոր).

ե) անձը հաստատող այլ փաստաթուղթ, եթե փախստականը չի կարող ներկայացնել սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերը:

10. Վկայական տալիս 1988-1992 թվականների ընթացքում հանրապետություն բռնագաղթված անձանցից հետ են վերցվում նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական անձնագրերը և փախստականի ընտանիքի վկայականները: Դրանք Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից հանձնվում են ի պահ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը:

11. Վկայականը կարող է փոխանակվել դրանում պարունակվող տեղեկությունները փոխելու, գրառումներում անճշտություններ հայտնաբերելու և օգտագործվելու համար ոչ պիտանի լինելու դեպքերում:

12. Փախստականը վկայականի փոխանակման համար ներկայացնում է փոխանակման ենթակա վկայականը, սահմանված ձևի դիմում և երկու գունավոր լուսանկար:

Փախստականը վկայականում որևէ տեղեկություն փոխելու կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելու պատճառով այն փոխանակելիս ներկայացնում է նաև փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթուղթ:

13. Փախստականը վկայականը կորցնելու դեպքում 10-օրյա ժամկետում պարտավոր է հայտնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմնին:

14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կամ այլ պատճառով փախստականի կարգավիճակը կորցնելու կամ դրանից զրկվելու դեպքում անձը պարտավոր է վկայականը հանձնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմնին:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը փախստականի կարգավիճակը դադարեցնելու կամ դրանից զրկելու որոշում ընդունելիս տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի համապատասխան մարմնին:

15. Մահացած փախստականի վկայականը հանձնվում է մահվան գրանցումը կատարող մարմնին: Մահվան գրանցումը կատարելուց հետո վկայականն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմնին, որն այնուհետև ի պահ է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը:

16. Գտնված վկայականները հանձնվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմնին:

17. Կասկածյալների, մեղադրյալների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, ինչպես նաև ազատազրկման դատապարտված փախստականների վկայականները ժամանակավորապես վերցվում են հետաքննության` նախաքննության մարմինների կամ դատարանի կողմից:

Խափանման միջոցի վերացման դեպքում կամ պատիժը կրելուց հետո կասկածյալների և մեղադրյալների վկայականները վերադարձվում են տերերին:

Փախստականի վկայականը վերացնելը (բացառությամբ սույն կետում նշված դեպքերի), այլ անձանց հանձնելը և գրավ դնելն արգելվում է:

18. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինները կատարում են վկայականների հաշվառում և վարում են տրված, անվավեր ճանաչված, փոխանակված վկայականների գրանցման մատյանները:

19. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինները փախստականին վկայական տալու մասին տեղեկությունները հայտնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
նոյեմբերի 20-ի N 695 որոշմամբ

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձանց փախստականի վկայականի

 

Հայաստանի Հանրապետությունում փախստականի վկայականը (այսուհետև` վկայական) 88x125 մմ չափսի, 8 էջից բաղկացած փաստաթուղթ է:

Վկայականի շապիկը մուգ կարմիր գույնի է: Շապիկի երեսի վերևի մասում հայերեն տպագրվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանից ներքև տպագրվում է «ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը:

Վկայականի շապիկի հակառակ երեսի կենտրոնում գունավոր պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», ներքևի մասում` «ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը, իսկ ներքևում` «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» նախադասությունը:

Վկայականի 1-ին էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը, էջի ձախ մասից (մինչև լուսանկարի համար հատկացված տեղը, իսկ այնուհետև` լուսանկարի աջ կողմից) դեպի ներքև ըստ հաջորդականության`

Ազգանունը

Անունը

Հայրանունը

Սեռը

Ազգությունը

Քաղաքացիությունը

Ծննդավայրը

Ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

Վկայականի տիրոջ ստորագրությունը

Վերևի աջ մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերից ներքև տպագրվում են վկայականի սերիան և համարը:

Նույն էջի ներքևի ձախ անկյունում տեղ է հատկացվում (35x45 մմ չափսով) վկայականի տիրոջ լուսանկարի համար:

Վկայականի 2-րդ էջում, ըստ հերթականության, տպագրվում են «ԵՐԲ Է ՏՐՎԵԼ», «ՈՒՄ ԿՈՂՄԻՑ Է ՏՐՎԵԼ» և «ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻՆՉԵՎ» բառերը:

Վկայականի 3-րդ էջի վերևի մասում տպագրվում են «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ», 4-րդ էջում` «ԵՐԵԽԱՆԵՐԸ» բառերը, որից ներքև «ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ, ԾՆՆԴՅԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ, ԱՄԻՍԸ, ՏԱՐԵԹԻՎԸ», 5-6-րդ էջերում` «ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ», 7-8-րդ էջերում` «ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ» բառերը:

Վկայականի շապիկի վերջին էջի ներսի վերևի մասում տպագրվում է

«ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ 16 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ», «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է», իսկ ներքևի մասում` «ՎԿԱՅԱԿԱՆԸ ԿԱԶՄՎԱԾ Է 8 ԷՋԻՑ» բառերը:

Լուսանկարը փակցնելուց հետո վկայականը կնքվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմնի կնիքով:

Վկայականի բոլոր էջերը համարակալվում են:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
նոյեմբերի 20-ի N 695 որոշմամբ

 

Կ Ա ՐԳ  

 

Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձանց ճամփորդական փաստաթուղթ տալու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Ճամփորդական փաստաթուղթը (այսուհետև` փաստաթուղթ) օտարերկրյա պետությունում փախստականի անձը հաստատող փաստաթուղթ է:

2. Ճամփորդական փաստաթուղթը տրվում է Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած 16 տարին լրացած անձանց:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինները փախստականներին փաստաթուղթը տալիս են ըստ նրանց մշտական, ժամանակավոր կամ փաստացի բնակության վայրի` 1 տարի ժամկետով: Ժամկետը կարող է երկարաձգվել ևս 1 տարով` Հայաստանի Հանրապետությունում ներքին գործերի մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից, եթե անձը չի կորցրել փախստականի կարգավիճակը:

4. ժամկետանց փաստաթուղթն անվավեր է և ենթակա փոխանակման` սահմանված կարգով:

5. Փաստաթուղթը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն, ռուսերեն և անգլերեն:

6. Փաստաթղթում փախստականի անձի մասին նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա) ազգանունը, անունը, հայրանունը,

բ) սեռը,

գ) ծննդյան վայրը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

դ) քաղաքացիությունը (կամ դրա բացակայությունը):

7. Փաստաթղթում կարող են կատարել հետևյալ նշումները`

ա) փաստաթղթի վավերականության ժամկետը երկարաձգելու մասին` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից:

բ) օտարերկրյա պետություններ ժամանակավորապես մեկնելու և վերադառնալու մասին` սահմանային ծառայությունների կողմից:

Փախստականի փաստաթղթերում այլ նշումներ կատարելն արգելվում է:

8. Փախստականը փաստաթուղթ ստանալու համար վճարում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

 

II. Փաստաթուղթ տալու, փոխանակելու եվ դրանից օգտվելու կարգը

 

9. Փախստականը փաստաթուղթ ստանալու համար ներքին գործերի մարմին է ներկայացնում`

ա) դիմում` Հայաստանի Հանրապետությունից ժամանակավոր մեկնելու համար.

բ) փախստականի վկայականը.

գ) 35x45 մմ չափսի 2 լուսանկար (գունավոր).

դ) անդորրագիր` պետական տուրքը վճարելու մասին:

Փախստականի հետ ճամփորդող յուրաքանչյուր երեխայի համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) ծննդյան վկայականը.

բ) 35x45 մմ չափսի 2 լուսանկար (գունավոր):

10. Փաստաթուղթը տրվում է դիմումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:

11. «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածով սահմանված դեպքերում փաստաթուղթ տալը կարող է մերժվել:

12. Փաստաթուղթը փոխանակվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից:

13. Փաստաթուղթը կարող է փոխանակվել դրանում պարունակվող տեղեկությունները փոխվելու, գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու, օգտագործվելու համար ոչ պիտանի լինելու դեպքում:

14. Փախստականը փաստաթղթի փոխանակման համար ներկայացնում է փոխանակման ենթակա փաստաթուղթը, սահմանված ձևի դիմում, փախստականի վկայականը և երկու 35x45 մմ չափսի լուսանկար (գունավոր): Փախստականը փաստաթղթում որևէ տեղեկություն փոխելու կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելու պատճառով այն փոխանակելիս ներկայացնում է նաև փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթուղթ:

15. Փախստականը պարտավոր է փաստաթուղթը կորցնելու դեպքում 10-օրյա ժամկետում հայտնել ներքին գործերի մարմնին, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:

16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կամ այլ պատճառով փախստականի կարգավիճակը կորցնելու դեպքում անձը փաստաթուղթը հանձնում է ներքին գործերի մարմնին, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:

17. Օտարերկրյա պետությունում մշտական բնակություն հաստատելու դեպքում անձը փաստաթուղթը հանձնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:

18. Մահացած փախստականի փաստաթուղթը փախստականի վկայականի հետ հանձնվում է մահվան գրանցումը կատարող մարմնին: Մահվան գրանցումը կատարելուց հետո փաստաթուղթն ուղարկվում է ներքին գործերի համապատասխան մարմնին:

19. Օտարերկրյա պետություններում մահացած փախստականի փաստաթուղթը հանձնվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին, որն այն հանձնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը: Վերջինս դրա մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը:

20. Գտնված փաստաթղթերը հանձնվում են ներքին գործերի մարմնին:

21. Կասկածյալների, մեղադրյալների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը կամ կալանքը, ինչպես նաև ազատազրկման դատապարտված փախստականների փաստաթղթերը վերցվում են հետաքննության` նախաքննության մարմինների կամ դատարանի կողմից:

Խափանման միջոցի վերացման դեպքում կասկածյալների և մեղադրյալների փաստաթղթերը վերադարձվում են տերերին:

Պատիժը կրելուց հետո փախստականին կարող է տրվել նոր փաստաթուղթ` սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով:

Փաստաթուղթը վերցնելը (բացառությամբ սույն կետում նշված դեպքերի), այլ անձանց հանձնելը և գրավ դնելն արգելվում է:

22. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինները փախստականին փաստաթուղթ տալու մասին տեղեկությունները հայտնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
նոյեմբերի 20-ի N 695 որոշմամբ

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձանց ճամփորդական փաստաթղթի

 

Հայաստանի Հանրապետությունում փախստականի ճամփորդական փաստաթուղթը (այսուհետև` փաստաթուղթ) (88x125 մմ չափսի, 32 էջից բաղկացած) անձը հաստատող փաստաթուղթ է:

Փաստաթղթի բովանդակությունը կազմող բոլոր կետերը տպագրվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն:

Փաստաթղթի շապիկը կապույտ գույնի է: Շապիկի երեսի վերևի մասում տպագրվում են «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» (Ժնևի 1951 թ. հուլիսի 28-ի «Փախստականի կարգավիճակի մասին» կոնվենցիա), իսկ ներքևում` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը:

Փաստաթղթի շապիկի ներսում գրվում է`

«Սույն փաստաթուղթը տրված է ճամփորդելու իրավունք ունեցող փախստականին և օտարերկրյա պետությունում փոխարինում է նրա անձնագրին:

Սույն ճամփորդական փաստաթղթի տերը կարող է մեկնել օտարերկրյա պետություններ և իրավունք ունի վերադառնալ Հայաստանի Հանրապետություն` մինչև փաստաթղթի ժամկետի ավարտը:

Եթե սույն ճամփորդական փաստաթղթի տերը բնակություն հաստատի Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ երկրում և ցանկանա այդ երկրից կրկին ճամփորդել, ապա նոր ճամփորդական փաստաթղթի համար պետք է դիմի նոր բնակության երկրի իրավասու մարմիններին: Նախկին փաստաթուղթը պետք է հետ վերցվի իրավասու մարմինների կողմից և վերադարձվի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:»

Փաստաթղթի 1-ին էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը, իսկ էջի ձախ մասին, ըստ հերթականության, «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ», «ՏԻՊԸ», «ԾԱԾԿԱԳԻՐԸ», «ԱԶԳԱՆՈՒՆԸ», «ԱՆՈՒՆԸ», «ԾՆՎԵԼ Է», «ԾՆՆԴԱՎԱՅՐԸ», «ՍԵՌԸ», «ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ», «ՀԱՍԱԿԸ», «ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԻՐՈՋ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերը: Էջի ներքևի ձախ մասում տեղ է հատկացված փաստաթուղթ ստացող փախստականի 35x45 մմ չափսի գունավոր լուսանկարի համար:

Փաստաթղթի 2-րդ էջում, ըստ հերթականության, գրվում են «ԵՐԲ Է ՏՐՎԵԼ», «ՈՒՄ ԿՈՂՄԻՑ Է ՏՐՎԵԼ», «ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻՆՉԵՎ» և «ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ԲՈԼՈՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ----------------------» բառերը:

Փաստաթղթի 3-րդ էջում տպագրվում են «ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԱԾ Է» բառերը:

Փաստաթղթի 4-րդ և 5-րդ էջերում տպագրվում են «ԵՐԵԽԱՆԵՐԸ», «ԱԶԳԱՆՈՒՆԸ», «ԱՆՈՒՆԸ», «ԾՆՎԵԼ Է», «ՍԵՌԸ» բառերը, յուրաքանչյուր էջի վրա տեղ է հատկացվում երկու երեխայի 35x45 մմ չափի գունավոր լուսանկարի և տվյալները լրացնելու համար:

Փաստաթղթի 6-րդ և 7-րդ էջերի վերևի մասում տպագրվում է «ՆՇՈՒՄՆԵՐ» բառը:

Փաստաթղթի 8-32-րդ էջերի վերևի մասում տպագրվում է «ՎԻԶԱ» բառը:

Փաստաթղթի 2-32-րդ էջերի ներքևի մասում տպագրվում է «ԺՆԵՎԻ 1951 Թ. ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱ» բառերը և տեղ է թողնվում սերիան ու համարը դակելու համար:

Փաստաթղթի շապիկը վերջին էջի ներսի կողմում տպագրվում են` «ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑԵԼ Է ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ», «ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է» և «ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԱԶՄՎԱԾ Է 32 ԷՋԻՑ, ՉՀԱՇՎԱԾ ՇԱՊԻԿԸ» բառերը:

Փաստաթղթի բոլոր էջերը համարակալվում են: