Գլխավոր տեղեկություն
Номер
N 502
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (28.06.2001-25.02.2010)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.06.18/18(150) Հոդ.475
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.06.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.06.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.06.2001
Дата вступления в силу
28.06.2001

040.0502.09.06.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

9 հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 2001 թվականի N 502

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հունիսի 9-ի N 502 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների (այսուհետև` աշխարհագրական օբյեկտների անվանումներ) հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումները (այսուհետև` աշխարհագրական անվանումներ) հաշվառվում ու գրանցվում են դրանց կանոնավորման, միօրինականացման, օգտագործման, ինչպես նաև նշված անվանումների մասին պաշտոնական տեղեկատվության ստեղծման և տրամադրման նպատակով:

3. Աշխարհագրական անվանումները հաշվառվում և գրանցվում են հայերենով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետև` կադաստրի պետական կոմիտե) կողմից: Աշխարհագրական անվանումները հաշվառվում և գրանցվում են ավանդական (թղթային) և էլեկտրոնային եղանակներով:

4. Աշխարհագրական օբյեկտներ են`

մայրցամաքները, աշխարհամասերը, օվկիանոսները, ծովերը, լեռները, գետերը, լճերը, դաշտավայրերը, բարձրավանդակները և այլ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտներ,

պետությունները, դրանց վարչատարածքային միավորները և գործառական տարածքները,

երկաթուղային կայանները, օդանավակայանները, ջրամբարները, ջրանցքները և այլ ինժեներատեխնիկական կառույցներ,

փողոցները, հրապարակները, պուրակները, զբոսայգիները և այլ ներբնակավայրային օբյեկտներ:

5. Հաշվառման համար հիմք են հանդիսանում`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքի` 1:10000, 1:25000, 1:50000, 1:100000, 1:200000, 1:500000 և 1:1000000 մասշտաբի տեղագրական քարտեզները և 1:500, 1:1000, 1:2000 և 1:5000 մասշտաբի տեղագրական հատակագծերը,

բ) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների պաշտոնական տեղեկատուներում (գազետիրներ), ընդհանուր և թեմատիկ բառարաններում, ցանկերում և ցուցակներում ընդգրկված աշխարհագրական անվանումները,

գ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված աշխարհագրական անվանումները.

դ) տեղագրական, աշխարհագրական, երկրագիտական, ազգագրական, պատմական և այլ ուսումնասիրություններում, գիտական աշխատություններում օգտագործված աշխարհագրական անվանումները.

ե) քարտեզագրական աշխատանքների կատարման ժամանակ բացահայտված աշխարհագրական անվանումները.

զ) դաշտային հետազոտությունները, տեղազննման աշխատանքները, բանավոր և գրավոր հարցումները:

6. Հաշվառման արդյունքում ստացված տվյալները լրացվում են համապատասխան ձևաթղթերում, որոնց ձևը սահմանվում է կադաստրի պետական կոմիտեի կողմից: Լրացված հաշվառման ձևաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով)` հաշվառված աշխարհագրական օբյեկտների անվանումների գրանցման մասին եզրակացություն ստանալու համար:

7. Գրանցված աշխարհագրական անվանումներն արտացոլվում են 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզների թերթերի կամ դրանց պատճենների վրա: Եթե քարտեզի մասշտաբը հնարավորություն չի տալիս արտացոլելու տվյալ վայրի բոլոր աշխարհագրական անվանումները, ապա թույլատրվում է օգտագործել սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված տեղագրական քարտեզները և հատակագծերը:

8. Գրանցման մատյանները վարվում են ըստ աշխարհագրական օբյեկտների տեսակների:

9. Գրանցման մատյանում գրանցվում են աշխարհագրական անվանումների մասին հետևյալ տվյալները`

ա) աշխարհագրական օբյեկտի անվանումը,

բ) աշխարհագրական օբյեկտի գտնվելու վայրը,

գ) աշխարհագրական օբյեկտի անվանման ծածկագիրը,

դ) աշխարհագրական օբյեկտի անվանման գրանցման թվականը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը),

ե) աշխարհագրական օբյեկտի անվանակոչման և անվանափոխման համար հիմք հանդիսացող փաստաթղթի անվանումը,

զ) աշխարհագրական օբյեկտի աշխարհագրական կոորդինատները,

է) քարտեզի այն թերթի (թերթերի) համարը (համարները), որի (որոնց) վրա պատկերված է տվյալ աշխարհագրական օբյեկտը,

ը) այլ տվյալներ:

10. Աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման աշխատանքները կատարվում են անընդհատ` հաշվառման և գրանցման տվյալների հիման վրա` կատարված փոփոխություններն արտացոլելով հաշվառման ձևաթղթերում, գրանցման մատյաններում և քարտեզներում (հատակագծերում):

11. Աշխարհագրական օբյեկտների անվանումների հաշվառման և գրանցման տվյալները հավաքվում են կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բանկում:

12. Աշխարհագրական օբյեկտների անվանումների մասին տեղեկատվության տրամադրումը բաց է:

Աշխարհագրական օբյեկտների անվանումների մասին տեղեկատվությունից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական և ֆիզիկական անձինք, օտարերկրյա իրավաբանական անձինք և քաղաքացիները:

13. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը (այսուհետև` պետական քարտադարան) բաղկացած է յուրաքանչյուր աշխարհագրական օբյեկտի վերաբերյալ հետևյալ փաստաթղթերից`

ա) տեղագրական քարտեզի հատվածի պատճենը` տվյալ աշխարհագրական օբյեկտի սահմաններով,

բ) աշխարհագրական օբյեկտի անվանումը սահմանող փաստաթղթերը,

գ) հանձնաժողովի առաջարկություններն ու եզրակացությունները,

դ) հաշվառման ձևաթղթերը: Փաստաթղթերն ամփոփվում են ըստ համայնքների:

14. Հաշվառման ձևաթղթերում, գրանցման մատյաններում և պետական քարտադարանում պարունակվող տվյալները պահպանվում, թարմացվում ու տրամադրվում են ավանդական (թղթային) և էլեկտրոնային եղանակներով:

15. Պետական քարտադարանի ստեղծման և վարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետող ֆիզիկական ու իրավաբանական անձինք կադաստրի պետական կոմիտեին տրամադրում են անհրաժեշտ տվյալներ` համաձայն կնքված պայմանագրի:

16. Աշխարհագրական օբյեկտների անվանումների մասին պաշտոնական տեղեկատվությունը նախապատրաստվում է պետական քարտադարանի տվյալների հիման վրա և հրատարակվում է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների պաշտոնական տեղեկատուի (գազետիր), բառարանների և տեղեկատուների տեսքով: