040.0236.24.03.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2001 թվականի N 236
քաղ. Երևան
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ կետին և 148-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան (կցվում է):
|
Ա. Մարգարյան |
|
Մ Ե Թ Ո Դ Ի Կ Ա
մաքսային հսկողության իրականացման
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հսկողությունն իրականացվում է սույն մեթոդիկային համապատասխան:
2. Մաքսային հսկողությունն իրականացվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից՝
ա) մաքսային նպատակներով անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի ստուգմամբ,
բ) մաքսային զննմամբ,
գ) ապրանքների և տրանսպորտային միջոցների հաշվառմամբ,
դ) ֆիզիկական անձանց բանավոր հարցմամբ,
ե) հաշվառման և հաշվետվության համակարգերի կիրառման ստուգմամբ,
զ) մաքսային հսկողության ենթակա ապրանքների և տրանսպորտային միջոցների գտնվելու կամ մաքսային հսկողության ենթակա գործողությունների իրականացման վայրերի զննմամբ,
է) մաքսային ապահովումների կիրառմամբ:
3. Ապրանքների և տրանսպորտային միջոցների զննումն ընտրողականությամբ կիրառվում է միայն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից սահմանված մաքսային մարմիններում:
II. Մաքսային նպատակներով ներկայացվող անհրաժեշտ տեղեկությունների ԵՎ փաստաթղթերի ստուգումը
4. Մաքսային նպատակներով ներկայացվող փաստաթղթերի ստուգումն իրականացվող ընթացակարգ է, որով ստուգվում են փաստաթղթում նշված տեղեկությունների լրիվությունը և արժանահավատությունը, փաստաթուղթը վավերացնող կնիքների, դրոշմակնիքների, ստորագրությունների և համանման այլ տվյալների առկայությունը:
5. Մաքսային նպատակներով ներկայացվող տեղեկություններն ստուգվում են ապրանքներ տեղափոխող անձանց կողմից ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների և մաքսային մարմինների տրամադրության տակ եղած այլ տեղեկատվության համադրմամբ:
6. Սույն մեթոդիկայի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված գործողությունների իրականացման նպատակով մաքսային մարմինները կարող են համագործակցել Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմինների և իրավասու օտարերկրյա մարմինների հետ:
III. Մաքսային զննումը, մաքսային զննման ընտրողականությունը, ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողության իրականացումը
7. Մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային զննումը ներառում է՝
ա) ապրանքների զննումը,
բ) տրանսպորտային միջոցների զննումը,
գ) անձի քննումը:
8. Մաքսային մարմինները մաքսային զննումն իրականացնելու նպատակով կարող են այդ գործում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավել իրավասու պետական մարմինների մասնագետների և փորձագետների։
9. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների զննումը, ելնելով մաքսային ձևակերպումների և մաքսային հայտարարագրման ընթացակարգերից, ինչպես նաև ապրանքների և տրանսպորտային միջոցների զննումն ընտրողականությամբ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից սահմանված չափանիշներից, իրականացվում է հետևյալ եղանակներով՝
ա) տրանսպորտային միջոցների նախնական արտաքին զննում,
բ) ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողում՝ առանց զննման,
գ) ապրանքների մասնակի զննում,
դ) ապրանքների և տրանսպորտային միջոցների մանրակրկիտ զննում:
10. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների համար մաքսային մարմիններ հայտարարագիր ներկայացվելուց հետո, մինչև մաքսային մարմինների կողմից ներկայացված հայտարարագրի ընդունումը, իրականացվում է տրանսպորտային միջոցների նախնական արտաքին զննում:
11. Տրանսպորտային միջոցների նախնական արտաքին (տեսողական) զննման ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում՝
ա) կապարակնիքների առկայության և դրանց պահպանվածության վրա,
բ) բեռնախցիկների վրա, որպեսզի դրանք վնասված չլինեն,
գ) բեռնարկղերի վրա, որպեսզի դրանք վնասված չլինեն,
դ) տրանսպորտային միջոցի դռնակների մոտակայքում հետքերի կամ երևացող մատնահետքերի առկայության վրա,
ե) տրանսպորտային միջոցի արտաքին զննման ժամանակ ակնհայտ կասկած հարուցող այլ հանգամանքների վրա:
12. Տրանսպորտային միջոցների նախնական արտաքին զննումն իրականացնող պաշտոնատար անձը մաքսային կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում կազմում է համապատասխան արձանագրություն:
13. Տրանսպորտային միջոցների նախնական արտաքին զննման ժամանակ մաքսային կանոնների խախտման և կասկածների բացակայության դեպքում՝ զննումն իրականացնող պաշտոնատար անձը համապատասխան նշում է կատարում («Նախնական զննման ժամանակ մաքսային կանոնների խախտում չի հայտնաբերվել, այլ կասկած հարուցող հանգամանքներ չկան») ներքին տարանցման փաստաթղթի համապատասխան սյունակում՝ նշումը հաստատելով անձնական կնիքով: Կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում դրանց մասին կատարվում է համապատասխան նշում: Եթե ապրանքների համար ներքին տարանցման փաստաթուղթ չի լրացվում, ապա համապատասխան նշումները կատարվում են ապրանքներն ուղեկցող փաստաթղթում:
14. Ապրանքների համար ներկայացված մաքսային հայտարարագրի և փաստաթղթերի հիման վրա իրականացվող փաստաթղթային ձևակերպումների ընթացքում, ելնելով ապրանքների զննումն ընտրողականությամբ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից սահմանված չափանիշներից, ավտոմատացված համակարգչային ծրագրի միջոցով ապրանքների զննումն իրականացնելու համար ընտրվում է հետևյալ ընթացակարգերից որևէ մեկը՝
ա) ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողում՝ առանց զննման,
բ) ապրանքների մասնակի զննում,
գ) ապրանքների և տրանսպորտային միջոցների մանրակրկիտ զննում:
15. Եթե ընտրվում է «Ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողում՝ առանց զննման» ընթացակարգը, ապա փաստաթղթային ձևակերպումներն իրականացնող պաշտոնատար անձը կատարում է համապատասխան ձևակերպումներ՝ ավտոմատացված համակարգչային ծրագրով: Ապրանքը տեղափոխող անձի կողմից՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից սահմանված կարգով կատարվում են մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ այլ գործողություններ: Ապրանքների զննումն իրականացնող պաշտոնատար անձը հայտարարագրում կատարում է «Ապրանքը բաց է թողնված առանց զննման» նշումը, այն հաստատում անձնական կնիքով, և ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բաց են թողնվում առանց զննման՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ապրանքների մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմնի ղեկավարը (նրա տեղակալը) ընդունում է որոշում ապրանքները և տրանսպորտային միջոցները մասնակի կամ մանրակրկիտ զննումից հետո բաց թողնելու մասին, որի դեպքում ապրանքները և տրանսպորտային միջոցները բաց են թողնվում սույն մեթոդիկայով՝ այլ ընթացակարգերով ապրանքները և տրանսպորտային միջոցները բաց թողնելու համար սահմանված կարգով:
16. Եթե ընտրվում է «Ապրանքների մասնակի զննում» ընթացակարգը, ապա ավտոմատացված համակարգչային ծրագրով փաստաթղթային ձևակերպումները չեն շարունակվում, ապրանքների փաստաթղթային ձևակերպումներն իրականացնող պաշտոնատար անձը հայտարարագրի վրա կատարում է համապատասխան նշում, այն հաստատում անձնական կնիքով և փաստաթղթերը հանձնում ապրանքների զննման ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձին: Վերջինս կազմում է ապրանքների զննման մասին հանձնարարական (N 1 ձևը կցվում է):
17. Ապրանքը տեղափոխող անձի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած կարգով կատարվում են մաքսային ձևակերպման այլ գործողություններ:
18. Հայտարարագիրը, մասնակի զննման մասին հանձնարարականը և փաստաթղթերը հանձնվում են ապրանքների զննումն իրականացնող պաշտոնատար անձին:
19. Ապրանքների զննումն իրականացնող պաշտոնատար անձը կատարում է ապրանքների մասնակի զննում հետևյալ կարգով՝
ա) պայմանական կարգով ընտրվում և զննվում է հայտարարագրված բոլոր ապրանքատեսակներից առնվազն երեքական փաթեթ (միավոր), բացառությամբ այն դեպքերի, երբ տեղափոխվող ապրանքների խմբաքանակը բաղկացած է երեքից պակաս փաթեթից, որի դեպքում ընտրվում է մեկ փաթեթ,
բ) համեմատվում են փաստաթղթերում առկա տեղեկությունները (ապրանքի նկարագիրը) փաստացի առկա ապրանքների չափանիշների հետ,
գ) հաշվառում է ապրանքը՝ ելնելով տրանսպորտային միջոցի ծավալային տարողությունից,
դ) կատարում է այլ անհրաժեշտ գործողություններ:
20. Զննման արդյունքների մասին այն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կազմվում է զննման արձանագրություն (N 2 ձևը կցվում է):
21. Զննման արձանագրությունը խիստ հաշվառման փաստաթուղթ է և լրացվում է երկու օրինակից: Զննման արձանագրության առաջին օրինակը տրվում է ապրանքը տեղափոխող անձին, իսկ երկրորդ օրինակը՝ ապրանքների զննման ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձին: Զննման արձանագրությունում ջնջումներ և ուղղումներ կատարել չի թույլատրվում:
22. Մասնակի զննումն իրականացնող պաշտոնատար անձը մաքսային կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում կազմում է համապատասխան արձանագրություն:
23. Ապրանքների զննման ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձը զննման արձանագրության հիման վրա թույլատրում է շարունակել ավտոմատացված համակարգչային ծրագրով փաստաթղթային ձևակերպումները՝ մաքսային հայտարարագրի հակառակ կողմում կատարելով «Ընտրողականությունն իրականացված է» գրառումը և հաստատելով անձնական կնիքով:
24. Ապրանքը տեղափոխող անձի կողմից կատարվում են մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ այլ գործողություններ, ապրանքների զննումն իրականացնող պաշտոնատար անձը հայտարարագրում կատարում է «Ապրանքի բացթողումը թույլատրվում է» նշումը, որը հաստատում է անձնական կնիքով, և ապրանքը բաց է թողնվում:
25. Եթե ընտրվում է «Ապրանքների և տրանսպորտային միջոցների մանրակրկիտ զննում» ընթացակարգը, ապա ավտոմատացված համակարգչային ծրագրով փաստաթղթային ձևակերպումները չեն շարունակվում, ապրանքների փաստաթղթային ձևակերպումներն իրականացնող պաշտոնատար անձը հայտարարագրի վրա կատարում է համապատասխան նշում, այն հաստատում անձնական կնիքով և փաստաթղթերը հանձնում ապրանքների զննման ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձին: Վերջինս կազմում է ապրանքների զննման մասին հանձնարարական (N 1 ձև):
26. Մանրակրկիտ զննումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից որոշված այն վայրերում, որոնք բավարարում են հետևյալ չափանիշները՝
ա) առկա է առնվազն 80 տոննա կշռելու հնարավորությամբ բեռնային կշեռք,
բ) առկա է բեռնատար տրանսպորտային միջոցների զննման համապատասխան կայանատեղ (ամբարձիչ կամ փոսորակ),
գ) առկա է առնվազն 200 քառ. մ փակ հարմարեցված տարածք,
դ) տարածքը տնօրինողը մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կարող է տրամադրել անհրաժեշտ գործիքներ և պարագաներ (լուսավորիչներ, բանալիներ և այլն),
ե) առկա են ապրանքները փոխաբեռնելու տեխնիկական միջոցներ,
զ) տարածքը տնօրինողը մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կարող է տրամադրել կոմունալ-կենցաղային պայմաններով ապահովված սենյակներ,
է) առկա են ապրանքների տեխնիկական զննման (ռենտգենային) սարքավորումներ,
ը) առկա է երկաթուղային բեռնատար վագոնների համար առանձնացված փակուղի՝ ապահովված անվտանգության ապահովման անհրաժեշտ միջոցներով:
27. Այն դեպքում, երբ ապրանքներն իրենց չափերով կամ բնույթով չեն կարող զննվել նախատեսված վայրերում, մաքսատան պետը կամ նրա տեղակալը կարող է թույլատրել այդպիսի ապրանքների զննումը հատուկ մասնագիտացված վայրերում (ապրանքը տեղափոխող անձի կողմից հատկացված)՝ դրա մասին նշելով ապրանքների զննման մասին հանձնարարականի մեջ:
28. Ապրանքը տեղափոխող անձի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած կարգով կատարվում են մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ այլ գործողություններ:
29. Հայտարարագիրը, մանրակրկիտ զննման հանձնարարականը և փաստաթղթերը հանձնվում են ապրանքների զննումն իրականացնող պաշտոնատար անձին:
30. Ապրանքների զննումն իրականացնող պաշտոնատար անձը կատարում է ապրանքների և տրանսպորտային միջոցների մանրակրկիտ զննում հետևյալ կարգով՝
ա) հայտարարագրված բոլոր ապրանքատեսակներից պայմանական կարգով ընտրվում և զննվում է առնվազն 10 տոկոսը,
բ) տեխնիկական միջոցներով զննվում է ապրանքների մնացած մասը,
գ) մանրամասն հաշվառվում է ապրանքը,
դ) մանրամասն ուշադրություն է դարձվում և համեմատվում են փաստաթղթերում առկա տեղեկությունները (ապրանքի նկարագիրը) փաստացի առկա ապրանքների չափանիշների հետ,
ե) մանրամասն ստուգվում են տրանսպորտային միջոցի պատերի երեսապաստառը, հատակի մասը, առաստաղի մասը,
զ) ուշադրություն է դարձվում հնարավոր թաքստոցներին՝ պահեստամասերի և այլ նմանատիպ պարագաների համար նախատեսված խցիկներին,
է) կատարվում են այլ անհրաժեշտ գործողություններ:
31. Զննման արդյունքների մասին այն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կազմվում է զննման արձանագրություն (N 2 ձև):
32. Զննման արձանագրությունը լրացվում է երկու օրինակից: Զննման արձանագրության առաջին օրինակը տրվում է ապրանքը տեղափոխող անձին, իսկ երկրորդ օրինակը՝ ապրանքների զննման ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձին:
33. Զննումն իրականացնող պաշտոնատար անձը մաքսային կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում կազմում է համապատասխան արձանագրություն:
34. Ապրանքների զննման ընտրողականությունը ղեկավարող պաշտոնատար անձը զննման արձանագրության հիման վրա թույլատրում է շարունակել ավտոմատացված համակարգչային ծրագրով փաստաթղթային ձևակերպումները՝ մաքսային հայտարարագրի հակառակ կողմում կատարելով «Ընտրողականությունն իրականացված է» գրառումը և հաստատելով անձնական կնիքով:
35. Ապրանքը տեղափոխող անձի կողմից կատարվում են մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ այլ գործողություններ, ապրանքների զննումն իրականացնող պաշտոնատար անձը հայտարարագրում կատարում է «Ապրանքի բացթողումը թույլատրվում է» նշումը, այն հաստատում անձնական կնիքով, և ապրանքը բաց է թողնվում:
36. Անկախ ապրանքների զննման համար սույն կարգով սահմանված ընթացակարգից, ապրանքը տեղափոխող անձի խնդրանքով, մինչև մաքսային մարմինների կողմից ապրանքների համար ներկայացված մաքսային հայտարարագրի ընդունումը ապրանքները կարող են մանրակրկիտ զննվել:
37. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխող կամ դրանց պահպանումն ու փոխադրումն իրականացնող անձի ներկայացուցիչը պարտավոր է ներկա գտնվել ապրանքների և տրանսպորտային միջոցների զննմանը:
38. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող ֆիզիկական անձանց նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելիս ուշադրություն են դարձնում նրանց պահվածքին, կատարում բանավոր հարցումներ և դրանց միջոցով ստանում մաքսային հսկողության համար անհրաժեշտ տեղեկություններ:
39. Անձի քննումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված մեթոդիկային համապատասխան:
IV. Ապրանքների ԵՎ տրանսպորտային միջոցների հաշվառումը, հաշվառման ԵՎ հաշվետվության համակարգերի կիրառման ստուգումը
40. Մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից ապրանքների և տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացվում է մաքսային ձևակերպումների և (կամ) ապրանքները մաքսային հսկողության տակ գտնվելու ժամանակ:
41. Ապրանքներ տեղափոխող անձինք մաքսային հայտարարագրերում, իսկ մաքսային և ազատ մաքսային պահեստներում, ինչպես նաև անմաքս առևտրի խանութներում ապրանքների շարժի վերաբերյալ վարվող գրանցամատյաններում ու հաշվետվություններում ներկայացնում են համապատասխան տեղեկություններ, որոնք հիմք են հանդիսանում մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող (տեղափոխված) ապրանքների և տրանսպորտային միջոցների հաշվառման համար:
42. Հաշվառման և հաշվետվության համակարգերի կիրառման ստուգումը մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվող անձանց ներկայացրած հաշվետվությունների հիման վրա մաքսային մարմնում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների շարժը և լիցենզավորված փաստացի գործունեության վիճակը պարզաբանելու նպատակով մաքսային մարմնի կողմից իրականացվող ներքին ընթացակարգ է:
V. Մաքսային հսկողության այլ ձԵՎերի իրականացման մեթոդիկան
43. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք, մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով մաքսային մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, իրավունք ունեն մուտք գործելու անձանց այն շինություններն ու տարածքները, որտեղ պահպանվում են մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներ և տրանսպորտային միջոցներ, մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթեր կամ իրականացվում են մաքսային հսկողության ենթակա գործողություններ:
44. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք մինչև սույն կարգի 43-րդ կետում նշված տարածքներ մուտք գործելը պարտավոր են ներկայացնել համապատասխան հրամանը, այդ շինությունները տնօրինողներին ծանոթացնել հրամանի հետ, առաջարկել ինքնակամ մաքսային մարմիններ ներկայացնել մաքսային հսկողությունից թաքցված ապրանքները և տրանսպորտային միջոցները:
45. Մաքսային մարմիններն իրականացնում են նշված վայրերի զննումը, հաշվառում և զննում նշված վայրերում մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքները, ստուգում մաքսային հսկողության ենթակա գործողությունների իրականացման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
46. Մաքսային մարմինների պաշտոնատար անձինք մաքսային հսկողության իրականացման նպատակով կարող են մուտք գործել ֆիզիկական անձանց բնակարաններ՝ օրենքով սահմանված կարգով:
47. Սույն մեթոդիկայի 43, 44, 45 և 46-րդ կետերում նշված գործողությունների արդյունքում կազմվում են համապատասխան արձանագրություններ:
48. Մաքսային հսկողության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված դեպքերում մաքսային մարմինների պաշտոնատար անձինք կարող են կիրառել մաքսային ապահովումներ՝ կնիքներ, կապարակնիքներ, դրոշմելու, թվային, տառային և այլ դրոշմավորման, նույնականացնող նշաններ:
49. Մաքսային ապահովումներ կիրառվում են ապրանքների փաթեթավորման, տրանսպորտային միջոցների, շինությունների և այլ վայրերի նկատմամբ, որտեղ գտնվում են կամ կարող են գտնվել մաքսային հսկողության ենթակա ապրանքներ կամ տրանսպորտային միջոցներ, և որտեղ իրականացվում են մաքսային մարմինների կողմից վերահսկվող գործողությունները:
50. Մաքսային հսկողության իրականացման ժամանակ սույն կարգի 48-րդ կետում նշված ապահովման միջոցները կիրառվում են՝ դրոշմներ նշելով, նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելով, ապրանքների և տրանսպորտային միջոցների նկարագրությամբ գծագրեր կազմելով, մասշտաբային պատկերների, լուսանկարների, իլյուստրացիաների պատրաստմամբ, ապրանքներն ուղեկցող փաստաթղթերի և մաքսային ապահովման այլ միջոցների օգտագործմամբ:
51. Մաքսային ապահովման միջոցները կարող են փոփոխվել կամ վերացվել միայն մաքսային մարմինների կողմից կամ նրանց թույլտվությամբ՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
__________________ (մաքսատուն (մաքսային կետ) |
______ ____________ 200 թ. |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԶՆՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ N 0 0 0 0 0 0
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ____________________________________ԶՆՆՄԱՆ ՄԱՍԻՆ (մասնակի, մանրակրկիտ) ____________________________________________________________ (ապրանքը տեղափոխող անձի լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման ծածկագիրը, իրավաբանական հասցեն) լիազոր ներկայացուցիչ ____________________________________________ -ի (անունը, ազգանունը, հասցեն) ներկայությամբ մանրակրկիտ զննման ենթարկել __________________________ ԲՄՀ-ով (ԲՄՀ-ի գրանցման համարը) __________________________________________________________ __________________________________________________________ Ապրանքների զննման ընտրողականությունը ղեկավարող ստորաբաժանման պետ _________________ _________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) |
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԶՆՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 00000
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՎԱԾ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ԱՌԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
______ ____________ 200 թ. _____________________ (արձանագրությունը կազմելու վայրը) ___________________________________________ մաքսատան (մաքսային կետի) ______________________________________________________________ (պաշտոնը, անունը, ազգանունը) և ի դեմս ________________________________________________________ (ապրանք տեղափոխող անձի լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը) լիազոր ներկայացուցիչ_____________________________________ մասնակցությամբ (պաշտոնը, անունը, ազգանունը) կազմեցին հայտարարագրված ապրանքների և այլ առարկաների զննման վերաբերյալ N _____________ հանձնարարականով նախատեսված _____________ (զննման տեսակը) զննման արդյունքների մասին սույն արձանագրությունը: ________________________ԲՄՀ-ով հայտարարագրված ապրանքներից և այլ (ԲՄՀ-ի գրանցման համարը, ամսաթիվը) առարկաներից զննման է ենթարկվել _______________________________________ (զննման ենթարկված ապրանքների քանակը, զննման համառոտ նկարագրությունը) _________________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________ Զննման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի հոդվածներով նախատեսված մաքսային կանոնների խախտման դեպքեր չեն հայտնաբերվել: Ապրանքների զննումն իրականացնող տեսուչ ____________________ ____________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) Ապրանքը տեղափոխող անձի լիազոր ներկայացուցիչ ____________________ ____________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) |