Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Исходный акт (13.09.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.10.17/24(407)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
13.09.2011
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
16.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 13 սեպտեմբերի 2011 թ.

թիվ 1

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

««ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի «ժթ» կետի համաձայն հայաստանյան վճարահաշվարկային համակարգը Հայաստանի Հանրապետության տարածքում վճարումների կատարումը ապահովող վճարահաշվարկային համակարգն է կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վճարումների կատարումը ապահովող վճարահաշվարկային համակարգը, որի օպերատորը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է, իսկ Օրենքի 3-րդ հոդվածի «ի» կետի համաձայն արտասահմանյան վճարահաշվարկային համակարգը` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վճարումների կատարումը ապահովող օտարերկրյա կամ միջազգային վճարահաշվարկային համակարգն է, որի օպերատորը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չէ:

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, հայաստանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ` Կենտրոնական բանկ), Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերն ու օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը, վճարահաշվարկային կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավասություն ունեցող այլ անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ այն կազմակերպությունները, որոնք իրենց երկրում իրավունք ունեն իրականացնել սույն օրենքով սահմանված վճարահաշվարկային և (կամ) նմանատիպ ծառայություններ:

Օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում է, որ հայաստանյան վճարահաշվարկային համակարգերը ստեղծվում և գործունեություն են իրականացնում Կենտրոնական բանկի խորհրդի թույլտվությամբ, որը տրվում է Օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: Ներբանկային վճարահաշվարկային համակարգ ստեղծելու համար Կենտրոնական բանկի թույլտվությունը չի պահանջվում: Սույն մասով սահմանված թույլտվություն ստանալու պահանջը չի տարածվում այն վճարահաշվարկային համակարգերի վրա, որոնցում Կենտրոնական բանկը հանդիսանում է համակարգի օպերատոր:

Բանկերը և այլ կազմակերպությունները, որոնք իրավասու մարմնի կողմից տրված լիցենզիայի համաձայն իրավասու են մատուցել վճարահաշվարկային ծառայություններ, կարող են մասնակցել արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում Կենտրոնական բանկի խորհրդի թույլտվությամբ, որը տրվում է Օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

2011 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ««Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-131-Ն): Այդ օրենքի փոփոխությունների նպատակներից են վճարահաշվարկային համակարգերի (հայաստանյան և արտասահմանյան) կարգավորման և վերահսկողության պահանջների խստացման միջոցով այդ համակարգերի, ինչպես նաև ֆինանսական կայունության ամրապնդումը և հուսալիության բարձրացումը:

Օրենքի և վերը նշված օրենքի փոփոխությունների նպատակը Կենտրոնական բանկի կողմից հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի անդամակցության համար թույլտվությունների տրամադրման միջոցով այդ համակարգերում առաջացող ռիսկերի բացահայտումն ու կանխարգելումն է:

Մինչև համապատասխան թույլտվությունների տրամադրումը Կենտրոնական բանկը պետք է կատարի մի շարք գործողությունների ամբողջություն, այն է` վերլուծի և գնահատի այն բոլոր ռիսկերը (իրավական, ֆինանսական, գործառնական, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության), որոնք կարող են պայմանավորված լինել համակարգի կանոններով և վերջինիս գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերով կամ դրանցում առկա թերություններով և բացերով և որոնց իրականացումը կարող է բերել ինչպես համակարգում մասնակցող ՀՀ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների (ֆինանսական կազմակերպությունների) ֆինանսական վիճակի վատթարացմանը, այնպես էլ բացասաբար անդրադառնալ հանրության վստահության վրա, կապված համակարգով վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ: Վերջինս իր հերթին կարող է արտասահմանյան համակարգերի միջոցով Հայաստանի Հանրապետությունում մատուցվող ծառայությունների ծավալից կախված վտանգել նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը: Այսինքն` Կենտրոնական բանկը վճարահաշվարկային համակարգերի ստեղծման, գործունեության և մասնակցության համար թույլտվություններ տրամադրելու միջոցով կանխարգելում և/կամ վերահսկում է այն բոլոր ռիսկերը, որոնք կարող են վտանգել Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը:

Հիմք ընդունելով Օրենքի, վերը նշված օրենքի փոփոխությունների կարգավորումները,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի քաղաքականությունը, այն է` վերը նշված նկատառումներից ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում խիստ վերահսկողություն իրականացնել վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության նկատմամբ,

ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով`

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերաբերյալ պարզաբանում է.

1. Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերն ստեղծվում և գործունեություն են իրականացնում Կենտրոնական բանկի խորհրդի թույլտվությամբ, որը տրվում է Օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: Թույլտվություն ստանալու պահանջը չի տարածվում այն վճարահաշվարկային համակարգերի վրա, որոնցում Կենտրոնական բանկը հանդիսանում է համակարգի օպերատոր:

Ներբանկային վճարահաշվարկային համակարգ ստեղծելու համար Կենտրոնական բանկի թույլտվությունը չի պահանջվում:

2. Բանկերը և այլ կազմակերպությունները, որոնք, իրավասու մարմնի կողմից տրված լիցենզիայի համաձայն, իրավասու են մատուցելու վճարահաշվարկային ծառայություններ, կարող են մասնակցել արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում Կենտրոնական բանկի խորհրդի թույլտվությամբ, որը տրվում է Օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

3. Սույն պաշտոնական պարզաբանման հրապարակման օրվան հաջորդող օրվանից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի նոյեմբերի 4-ի «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների կիրառման մասին» թիվ 2 պաշտոնական պարզաբանումը ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

 2011 թ. սեպտեմբերի 16
ք. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան